Նորություններ

Ի՞նչ է COVID-19-ը

Ի՞նչ է COVID-19-ը

COVID-19-ը SARS-CoV-2 կորոնավիրուսով առաջացող վարակիչ հիվանդություն է, որը հանդիսանում է սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի պաթոգեն: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարել է համավարակ՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ։ COVID-19 տարածման կանխարգելման նպատակով աշխարհում  ձեռնարկվել են մի շարք կանխարգելիչ  և  հակահամաճարակային միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության առողջության պաշտպանությանը:


Որո՞նք են COVID-19-ի ախտանիշները:

 

COVID-19-ի հիմնական կլինիկական արտահայտություններն են

  • տենդ
  • չոր հազ
  • առանց պատճառի հոգնածության զգացողություն։
  • Ընդհանուր նշաններն են.
  • համի և  հոտառության փոփոխություններ կամ  դրանց լիարժեք կորուստ
  • քթի փակվածություն
  • կոնյուկտիվիտ (աչքերի կարմրություն)
  • ցավ կոկորդում
  • գլխացավ  կամ  գլխապտույտ
  • մկանացավեր և  հոդացավեր, մարմնի ընդհանուր ջարդվածության զգացում
  • մաշկի վրա տարբեր բնույթի ցանավորում
  • սրտխառնոց, հնարավոր է  փսխում
  • լուծ, երբեմն փորկապություն
  • դող։

Որպես կանոն ախտանշանները  թույլ  արտահայտված բնույթ են կրում: Որոշ մարդկանց մոտ վարակը դրսևորվում է քողարկված ախտանշաններով կամ  վերջիններս  ընդհանրապես բացակայում են:

 

COVID‑19-ի ծանր ընթացքը դրսևորվում  է  հետևյալ  ախտանշաններով՝

  • հևոց
  • ախորժակի կորուստ
  • կրծքավանդակում ցավեր կամ  սեղմոցի  զգացում

մարմնի բարձր ջերմություն  (38՛C-ից բարձր):

 

Ավելի քիչ տարածված  ախտանշանների թվին  են  պատկանում՝

  • դյուրագրգռությունը
  • գիտակցության մթագնումը
  • գիտակցական մակարդակի նվազումը  (երբեմն ուղեկցվում է ցնցումներով)
  • տագնապի զգացումը
  • ընկճվածությունը
  • քնի խանգարումը:

  

 

 

Ցանկացած տարիքի մարդիկ, ովքեր տենդի և հազի հետ նկատում են շնչառության դժվարացում կամ  հևոց, կրծքավանդակում  ցավ  կամ  սեղմոցի զգացում, պետք է անմիջապես դիմեն բժշկական օգնության: Տեղեկացրեք շտապ օգնության անձնակազմին այն մասին, որ դուք կարող եք վարակված լինել COVID-19-ով: Սակայն, հիշեք, որ  ներկայումս գրիպի սեզոնն է և COVID-19-ի ախտանշաններն, ինչպիսիք են բարձր ջերմությունը  և  հազը, բնորոշում են  նաև  գրիպին կամ սովորական մրսածությանն, որը  համեմատաբար ավելի շատ  է  տարածված:


Ի՞նչ  պետք է անեն,  հիվանդության ծանր ընթացք ունեցող պացիենտները։

 

Մարդկանց մեծամասնության մոտ հիվանդությունն ավարտվում է ապաքինմամբ, ընդ որում բացակայում է հոսպիտալացման անհրաժեշտությունը: COVID-19-ով հիվանդների 20% -ի մոտ զարգանում է հիվանդության ծանր ընթացք, որի ժամանակ անհրաժեշտ է թթվածնային թերապիա, իսկ 5%-ի մոտ` ծայրահեղ ծանր ձև, որը պահանջում է բուժում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Կարող են առաջանալ  մահացու  բարդություններ, ներառյալ` շնչառական անբավարարություն, սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ), սեպսիս  և  սեպտիկ շոկ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա  և  պոլիօրգանային անբավարարություն։


Ու՞մ  է  սպառնում հիվանդության ծանր ընթացք։

 

Հիվանդության ծանր ընթացքի ռիսկին հակված են 60  և  ավելի տարիք ունեցող անձինք, ինչպես նաև այն  անձինք, ովքեր ունեն այնպիսի ուղեկցող հիվանդություններ, ինչպիսիք են բարձր  զարկերակային  ճնշումը,  սրտի  և  թոքերի հիվանդությունները, շաքարային դիաբետը, ճարպակալումը  և  քաղցկեղային հիվանդությունները։

 

Ո՞ր դեպքերում  է  անհրաժեշտ  COVID 19-ի  թեստավորում անցնել:

 

Անհրաժեշտ է, որ հնարավորության դեպքում թեստավորում անցնեն վարակի ախտանշաններ ունեցող  բոլոր անձինք : Բացի այդ, թեստավորումը կարող է անհրաժեշտ լինել վարակի ախտանշաններ չունեցող այն անձանց, ովքեր սերտ շփում են ունեցել հիվանդի կամ պոտենցիալ  վարակված  մարդկանց հետ: Մանրամասն տեղեկություններ հնարավոր է ստանալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուղեցույցներից:  Մինչև  թեստավորման  արդյունքների  ի հայտ գալը հիվանդները պետք է մեկուսացված լինեն շջապատող անձանցից։

Այն դեպքում, երբ թեստավորման հնարավորությունները սահմանափակ են, առաջին հերթին անհրաժեշտ է թեստավորում իրականացնել բարձր ռիսկայնության խմբում, օրինակ առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում, ինչպես նաև հիվանդության ծանր ընթացքի  բարձր  ռիսկ  ունեցողների, օրինակ` տարեց մարդկանց մոտ, ներառյալ` տարեցների երկարատև  խնամքի հաստատություններում։

Համարվու՞մ  է  արդյոք հակաբիոտիկը COVID-19-ի կանխարգելման և   բուժման միջոց:

Հակաբիոտիկները  չեն  ազդում  վիրուսների վրա, նրանք ակտիվ են միայն բակտերիալ վարակի դեպքում: COVID 19 հիվանդությունն ունի վիրուսային ծագում, այդ  իսկ պատճառով հակաբիոտիկներն արդյունավետ չեն: COVID 19-ի կանխարգելման  կամ  բուժման համար պետք  չէ  օգտագործել  հակաբիոտիկներ:

Որոշ դեպքերում բժիշկները հոսպիտալիզացված հիվանդներին նշանակում են հակաբիոտիկային բուժում  երկրորդային բակտերիալ  վարակի  կանխարգելման  կամ  բուժման համար, որոնք կարող են բարդացնել COVID-19-ի ընթացքը ծանր դեպքերում: Այդ միջոցների կիրառումը  թույլ  է  տրվում  միայն  բժշկի ցուցումով  բակտերիալ  վարակի  բուժման համար:


Կորոնավիրուսային վարակից խուսափելու նպատակով ՀՀ Առողջապահության նախարարությունը կոչ է անում`

  • մնալ տանը,
  • սահմանափակել  շփումները,
  • հետևել անձնական հիգիենային,
  • հաճախակի լվանալ ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ,  հատկապես սնունդ ընդունելուց առաջ  և  տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում  նվազեցնե լ հանրային  տրանսպորտից  օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանել առնվազն 1-1.5 մետր հեռավորություն, այսպես կոչված սոցիալական հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • խուճապի չմատնվել  և  հետևել  բժիշկների  խորհուրդներին,
  • եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսանալ  14 օր`  կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
  • պարբերաբար կատարել  ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,
  • կրել պաշտպանիչ դիմակ, հատկապես փակ տարածքներում  և  մարդաշատ վայրերում:

 

Աշխարհում  համաճարակային իրավիճակի  և  Հայաստանում  ձեռնարկվող  միջոցառումների  մասին պարբերաբար տեղեկատվություններ կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղումներով՝

 

https://www.who.int/

https://ncdc.am/

https://www.moh.am/#1/0

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի

Հոսպիտալային համաճարակաբան՝  Անահիտ Աֆրիկյան

18.11.2020