Նորություններ

Կորոնավիրուսային վարակի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումներ. Անահիտ Աֆրիկյան «Իզմիրլյան» ԲԿ-ի համաճարակաբան

Կորոնավիրուսային  վարակի  դեմ  ուղղված  կանխարգելիչ  միջոցառումներ. Անահիտ Աֆրիկյան «Իզմիրլյան» ԲԿ-ի  համաճարակաբան

1.Ի՞նչ  է կորոնավիրուսը։

 

Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք հիվանդություններ են առաջացնում թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների շրջանում: Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19) առաջացել է  2019 թվականին  և  նախկինում մարդկանց մոտ չի հայտնաբերվել: Կորոնավիրուսը կարող է առաջացնել  ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ ՝ ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS)  և  Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ  (MERS):

 

2. Որքանո՞վ է վտանգավոր Նոր կորոնավիրուսային վարակը (2019-nCoV): Ինչպե՞ս  է  տարածվում վիրուսը։

 

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է,  որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV)։ Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի: Չինաստանի կողմից հրապարակված առաջին 72,314 դեպքերի համաճարակաբանական հետազոտությունը ենթադրել է, ||շարունակական վարակման ընդհանուր աղբյուրիե առկայություն, որը հիվանդության բռնկման պատճառ է դարձել 2019-ի դեկտեմբերին, ինչը նշանակում է, որ մի քանի կենդանուց մարդկանց վարակման զոոնոտիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հուանանի Ծովամթերքի Մեծածախ Առևտրի Շուկայում: Այս վարկածի համաձայն մարդուց մարդուն փոխանցումը  փոխանցման հիմնական ուղին  է  դարձել  2020-ի հունվարի սկզբում: Մարդկանց շրջանում վիրուսը տարածվում է արդեն վարակված հիվանդի հետ սերտորեն շփվելու արդյունքում՝ հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով կամ կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակ կամ սեղան) դիպչելու, այնուհետև ձեռքով բերանին, աչքերին կամ դեմքին դիպչելու հետևանքով։

 

3. Որո՞նք են ախտանշանները։

 

Վարակված անձինք կարող են անախտանիշ լինել, կամ  նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները ավելի հազվադեպ են հանդիպում։ Սակայն, դրան ավելացան նաև դողը, մկանային ցավը, գլխացավը և կոկորդի ցավը, հոգնածության զգացումը և հոտառության կորուստը: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազմաօրգանային անբավարարության ։

Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է 2-ից 10-ը օր ԱՀԿ-ի կողմից և 2-ից  14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է  մինչև իսկ  24 օր: Աշխարհում  նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր։Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են կարող են լինել, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում  և   հետո  ակտիվացում:

Այսօր դեռևս այս հարցի վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված է այն մտքին, որ կարող է վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն լինել հյուսվածքներում` երբ վիրուսը չի բազմանում, սակայն ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ, ինչը հայտնաբերվում է թեստավորման արդյունքում: Դեռևս այս հարցի վերջնական և ստույգ պատասխան չկա: Ուստի, պետք  է շարունակել պահպանել  անվտանգության  կանոնները:

 

4.Ինչպե՞ս  պաշտպանվել  կորոնավիրուսից։

 

Ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է կանխարգելիչ միջոցառումների ցանկ: Խորհուրդները նման են այլ  կորոնավիրուսների համար առաջարկվածներին.

- օճառով  և  ջրով  հաճախակի լվանալ ձեռքերը.

- չլվացած ձեռքերով  չդիպչել  աչքերին,  քթին  ու  բերանին.

- պահպանել  պատշաճ  շնչառական հիգիենա։

Փոխանցումը կանխարգելելու նպատակով ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ վարակվածները մնան տանը և տնից դուրս գան բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով: Հիվանդանոց այցելելուց առաջ նախապես պետք է զանգել, կրել վիրաբուժական դիմակ (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում բերանն ու քիթը փակել կտորով, պարբերաբար ձեռքերը լվանալ օճառով ու ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերն այլ անձի հետ կիսելուց։

Եթե համաճարակաբանական ցուցումներով անձին ցուցված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը կունենա հետևանքներ՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Եթե դուք վերջին 14 օրվա ընթացքում սերտորեն շփվել եք կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի հետ կամ վերադարձել եք կորոնավիրուսային հիվանդությամբ հայտնի անապահով երկրից և 14 օրվա ընթացքում ի հայտ են եկել ախտանշաններ, ապա անհապաղ դիմեք բժշկի՝  մանրամասնորեն տեղեկացնելով այցելության և շփման մասին։

Կորոնավիրուսի դեմ պայքարում  ծխելը, հակաբիոտիկներ ընդունելը, ինքնաբուժմամբ զբաղվելը արդյունավետ չեն և կարող են վնասակար լինել:

Վիրուսն օդում մնում է մինչև  3 ժամ, ստվարաթղթի վրա՝  մինչև  24 ժամ, պղնձի վրա՝  մինչև 4 ժամ, իսկ պլաստիկի  և  չժանգոտվող մետաղի վրա՝  2-3 օր:

 

5. Ո՞վ է գտնվում  Նոր կորոնավիրուսային վարակի ծանր ախտանշանների զարգացման ռիսկի  խմբում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առանձնացրել է հիվանդության ծանր զարգացման ռիսկային խմբեր.

հղիներ. 70-ից ցածր տարիքային խմբի անձինք,  որոնք համապատասխանում են ստորև թվարկված նկարագրին՝ քրոնիկ (երկարաժամկետ) շնչառական հիվանդություններ ունեցողներ (ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (COPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ). սրտի քրոնիկ հիվանդություն ունեցողներ (սրտի անբավարարություն). երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցողներ.

լյարդի քրոնիկ հիվանդություն ունեցողներ (հեպատիտ). քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ ունեցողներ (Պարկինսոնի հիվանդություն, բազմակի սկլերոզ (MS), ուղեղային կաթված).

շաքարային  դիաբետիկներ:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավարությունը  և համաճարակաբանական ծառայությունն ակտիվ աշխատանք են իրականացնում կորոնավիրուսային համավարակի դեմ՝  կազմակերպելով հակահամաճարակային միջոցառումներ։

 

Անահիտ Աֆրիկյան 

«Իզմիրլյան» ԲԿ-ի  համաճարակաբան

 

13.05.2020