Նորություններ

Վահանաձև գեղձի հիվանդություններ և հղիության պլանավորում

Վահանաձև գեղձի հիվանդություններ և հղիության պլանավորում

Վահանաձե գեղձի հիվանդությունները համարվում են առավել հաճախ հանդիպող էնդոկրին պաթոլոգիաներից մեկը: Դրանք կարող են դիտվել ցանկացած տարիքում, այս հիվանդությամբ ավելի հաճախ հիվանդանում են կանայք: Թիրեոիդ հորմոնները թիրօքսինը և տրիյոդթիրոնինը կատարում են օրգանիզմում մի շարք կարևոր ֆունկցիաներ: Սկսած ներարգանդային կյանքից իրենք կարգավորում են աճը և օրգանիզմի զարգացումը, հյուսվածքների տարբերակումը: Դժվար է օրգանիզմում  անվանել որևէ ֆիզիոլոգիական պրոցես, որի վրա չեն ազդում վահանաձև գեղձի հորմոնները: Թիրեոիդ հորմոնները ազդում են բոլոր տեսակի փոխանակությունների, սիրտ-անոթային, նյարդային, իմունային, վերարտադրողական և այլ համակարգերի վրա: Մեր երկրում առավել հաճախ վահանաձև գեղձի  հիվանդություններից հանդիպում է հիպոթիրեոզը (վահանաձև գեղձի թեր ֆունկցիան), քանի որ մենք  գտնվում ենք էնդեմիկ գոտում: Էնդեմիկ խպիպը վահանաձև գեղձի մեծացումն է, որը զարգանում է յոդի անբավարարության հետևանքով այն անձանց շրջանում, ովքեր բնակվում են շրջակա միջավայրում յոդի անբավարարությամբ, որոշակի աշխարհագրական տեղամասերում: Էնդեմիկ խպիպի զարգացման հիմնական պատճառն է յոդի  անբավարար մուտքը օրգանիզմ: Յոդը միկրոտարր է, որն անհրաժեշտ է թիրեոիդ հորմոնների՝ թիրօքսինի և տրիյոդթիրոնինի կենսասինթեզի համար: Մարդու օրգանիզմ յոդը մտնում է սննդի, ջրի, օդի հետ: Յոդի օրական պահանջի մոտ 90%- ն ապահովվում է սննդամթերքների, մոտ 5%-ը՝ ջրի և մոտ 5%-ը՝ օդի հաշվին: Յոդ պարունակվում է  մսի, ծաղկակաղամբի, ծովամթերքների, կաթի և կաթնամթերքների, ջրի, բազուկի, խաղողի, հազարաթերթիկի և այլ մթերքների մեջ: Հիվանդները ներկայացնում են բնորոշ գանգատներ, որոնք թույլ են տալիս ենթադրել հիվանդության մասին՝ ընդհանուր և մկանային թուլություն, հոգնածության զգացում, մշտական մրսածության զգացում, քնկոտություն, մարմնի զանգվածի մեծացում, հիշողության վատացում, դեմքի, ձեռքերի, երբեմն ամբողջ մարմնի այտուցվածություն, խոսքի դժվարացում, մաշկի չորություն, մազաթափություն, դաշտանային ցիկլի խանգարում, լսողության վատացում, մարմնի ջերմաստիճանի իջեցում, եղունգների փխրունություն, բրադիկարդիա, տախիկարդիա, էքստրասիստոլիկ առիթմիա, քրոնիկական գաստրիտ, ախորժակի վատացում, էպիգաստրալ շրջանում ծանրության զգացում, գխտոց, սրտխառնոց, փսխում, փորկապություն և այլ բազում գանգատներ: 

Վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են առաջացնել չբերություն, ինչպես կանանց այնպես էլ տղամարդկանց շրջանում: Քանի, որ ինչպես  նշեցի, վահանաձև գեղձի  հորմոնները ազդում են  վերարտադրողական   համակարգի վրա, Այդ իսկ պատճառով, խորհուրդ  է տրվում  նախքան հղիություն պլանավորելը  այցելել էնդոկրինոլոգի  խորհրդատվության, հետագա բարդություններից  խուսափելու  համար:

 

 

Սոնա Մանասարյան

Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի էնդոկրինոլոգ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն 

Բժշկի հետ կարող եք կապ հաստատել  հետևյալ  հեռ. +37441810090

 

06.09.2019