Նորություններ

Հայաստանի 5-րդ բժշկական համագումարի նախագահ՝ Արմեն Չարչյանի ելույթը համագումարին

Հայաստանի 5-րդ բժշկական համագումարի նախագահ՝ Արմեն Չարչյանի ելույթը համագումարին

Մեծարգո պարոն Վարչապետ

 

Հարգարժան գործընկերներ և հյուրեր

 

Հայաստանի 5-րդ բժշկական միջազգային համագումարը, որի նախագահը պատիվ ունեմ լինել ես, հայտարարում եմ բացված:

 

Մեր կարգախոսն է Հայաստան, Սփյուռք, Արցախ միաձուլում ի փառս առողջության:    Միաձուլման գաղափարը համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքում մեզ հուշեց տիկին Սեդա Պողոսյանը  Անգլիայից: Ցանկացած միավորում կարող է  տարանջատվել, կազմաքանդվել, իսկ համաձուլվածքը մասերի բաժանել, առանձնացնել  անհնար է:

 

Մեր համագումարի հայկական ծագումնաբանությամբ, գենետիկ իդենտիֆիկացիայով, հայու գենով  բժիշկների գիտական, ուսումնական, կիրառական և փորձագիտական գործունեության թերևս ամենաբարձր հարթակներից է: Այն տեղի է ունենում յուրաքանչյուր չորս տարի մեկ անգամ հայրենիքում, և չորս տարի մեկ  անգամ Սփյուռքում:

 

Ըստ իս, համագումարը ունի երեք  հիմնական նպատակ․

 

  1. Գիտական և տեխնոլոգիական վերջին նվաճումների և ձեռքբերումների ծանոթանալը և իրազեկ լինելը
  2. Դրանց ներդրման աշխատանքների քննարկումը Հայաստանի Հանրապետությունում
  3. Տարբեր երկրների մասնագետների միջև  ինչպես միջմասնագիտական  այնպես էլ միջանձնային կապերի հաստատումը և համագործակցությունը

 

Հարգելի գործընկերներ մենք բոլորս ականատես և մասնակից ենք այս հիրավի ճակատագրական, շրջադարձային փոփոխությունների, որոնք տեղի  ունեցան հայրենիքում վերջին 1.5 տարվա ընթացքում:

 

Եղել են հեղափոխական փոփոխություններ, հեղափոխություն է եղել, որ կոտրեց առաջընթացին խոչընդոտող բոլոր անջրպետները, խորտակեց զարգացման կաղապարները և կապանքները, և այսօր մեր համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն համատեղ բազուկը բազկին իրագործելու մեր կյանքի երազանքը՝ կառուցելու ազատ, արդար և դինամիկ զարգացող, աշխարհի ամենաառաջադեմ երկրներին մրցունակ Հայաստան: Եվ դա պետք է սկսենք մեն՛ք, բժիշկներս:  Պետք է լինենք ազգի առաջնորդության սուր սայրը:

 

Ին՞չու մենք որովհետև.

 

Մեր աշխատանքային նյութը ամենաթանկն ու արժեքավորն է մարդու կյանքը և առողջությունը և մենք սխալվելու իրավունք չունենք:

 

Մենք ամբողջովին ապաքաղաքական ենք, մենք բուժում ենք բոլորին առանց ռասսայական, կրոնական, սեռական, կուսակցական և այլ պատկանելիությունից:

 

Ուստի մենք պետք է լինենք արդար և անաչառ:

 

Ավելին ասեմ, երբեմն, բարեբախտաբար շատ հազվադեպ, բայց անհրաժեշտության դեպքում մեզ դիմում են նաև երկրի առաջնորդները:

Մե՛նք, փոքր երկիր ենք, բայց մեծ ազգ, սփռված համայն աշխարհով: Մեր առողջապահության դեմ ծառացած մարտահրավերները բազմաթիվ են՝ ուռուցքաբանության, սիրտ-անոթային հիվանդությունների, էնդոկրին և նյութափոխանակության խանգարումներով պայմանավորված հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդություններ, վնասվածքներ, գլոբալ առողջապահության, առողջապահության առաջնային օղակ, իսկ վերջին չորս տարիներին դրանց գումարվել է նաև էլեկտրոնային առողջապահությունը, տեսահաղորդակցային առողջապահությունը: Առավել ակներև են դարձել առողջապահության ապահովագրության խնդիրները:

 

Համոզված եմ, որ շատ շուտով օրակարգային կլինի բժշկական գործունեության ապահովագրությունը (բժշկական սխալից, բացթողումից և թերացումից, բուժման բացասական ելքից և բարդությունից և այլն ): Եվ այս բոլոր մարտահրավերները մենք պետք է հաղթահարենք միասին:

 

Շատ լավ սկզբունք կա․

 

Եթե որևիցե մեկն աշխարհում  կարողացել է դա անել, ինչու չենք կարող նաև մենք, իսկ եթե դեռևս ոչ ոք չի կարողացել դա անել, ինչու մենք չենք կարող լինել առաջինը:

 

Համագումարի մասին.

 

Հարկ եմ համարում նշել, որ նախորդ համագումարիներին քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք հետագայում խորհրդատվական ձայնի իրավունքով, փորձագիտական մակարդակով  ներկայացվել են առողջապահության նախարարությանը և կյանքի կոչվել:

Այդ հաջողված ծրագրերից են՝  օստեոպորոզի ծրագիրը՝ Ջոն Բելեզիկյան , նախարար՝ Հարություն Քուշկյան Stent for life,  Բագրատ Ալեքյան – նախարար՝ Արմեն Մուրադյան,  Ուղեղի կաթվածի ծրագիր- Վիգեն Բաբիկյան, նախարար՝ Արսեն Թորոսյան և այսպես բազմաթիվ ծրագրեր:

Հայաստանի 5-րդ միջազգային  բժշկական  համագումարի շրջանակներում նախատեսվում են 26 սատելիտ սիմպոզիումներ՝  արբանյակային աշխատաժողովներ:

 

Այս տարի առաջին անգամ դրանք կանցկացվեն նաև Հայաստանի մարզերում և Արցախում: Սակայն  հատկապես կցանկանայի նշել, որ սկիզբը, առաջին քայլը եղել է Գյումրիից: Պատմական անալիզը ապացուցում է, որ նորանկախ Հայաստանում Գյումրիից սկսված բոլոր քայլերը դատապարտված են հաջողության:

 

Համագումարը ունի նաև հետևյալ առանձնահատկությունները.

 

Համագումարի բացման արարողությունը, ինչպես նաև պլենար զեկուցումները օնլայն հեռարձակվելու են մեր կայքով, և ապա տեղադրվելու են կայքում, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառով չեն կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել հայրենիքում, աշխարհի որ կետում էլ լինեն, կարողանան հաղորդակցվել համագումարի աշխատանքներին:

 

Բոլոր պլենար և սեկցիոն նիստերի մուտքը ազատ է:

 

Մենք կիրառում  ենք ազատ ունկնդրի գաղափարը: Այսպես՝ եթե որևէ մեկը ինչ-ինչ պատճառով՝ տեխնիկական, ֆինանսական և կամ այլ, չի կարողացել գրանցվել, սակայն  ցանկություն ունի գիտելիք ձեռք  բերել, կապեր հաստատել, զարգանալ, առաջընթաց ապրել, կարող է գալ և ունկնդրել (հանգիստ նստել տեղը լսարանում): Մենք երբեք չենք կարող գիտելիք ձեռք բերել ցանկացող մարդու առջև դուռ փակել: Գիտելիքի և զարգացման մեր դռները միշտ բաց են:

 

Համագումարի հարգելի մասնակիցներ.

 

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում որոշակի հարցեր առաջացան, որոնք ես այսօր կբարձրաձայնեմ, որպեսզի մենք համագումարի ընթացքում դրանք քննարկենք, ուսումնասիրենք, և համագումարի վերջին օրը արդյունքների ամփոփման ժամանակ լուծման ճանապարհներ առաջարկենք:Կրկնում եմ դրանք սոսկ մենք առաջարկներն են համագումարում քննարկման համար, և բացասական արդյունքը նույնպես արդյունք է:

 

Ես իմ խորին երախտագիտությունն ու խոնարումն եմ արտահայտում առաջին համագումարի կազմակերպիչներին, որը տեղի ունեցավ 1974թվականին Բեյրութում:

 

Այնուհետև Սփյուռքում տեղի է ունեցել 12, իսկ հայրենիքում 5 համագումարներ: Ընդ որում և՛ բովանդակությամբ, և՛ կառուցվածքով, և՛ մասնակիցներով այդ համագումարները իրար շատ նման են:

 

Սփյուռքը՝ AMIC, Հայաստան՝  IMCA: Եթե մենք ասում ենք, որ մենք մեկ միաձուլված ազգ ենք, մեր ծագումնաբանությունը, գենետիկ իդենտիֆիկացիան, հայրենիքը, լեզուն, մշակույթը նույնն են, ապա գոնե ինձ համար հասկանալի և ընդունելի չէ տարբերակել համագումարները:

 

Առաջարկում  եմ քննարկել PAMC ստեղծելու հնարավորությունը, որի համահիմնադիրները կլինեն օրինակ՝ AMIC-ը Ռուսաստանի հայ բժիշկների ասոցացիան, Կոնգրես հիմնադրամը, 5 IMCA-ն և բոլոր նրանք, ովքեր կկարողանան և կցանկանան մասնակցել:

Այսպիսով անկախ համագումարի անցկացման վայրից, կազմակերպչական խնդիրները, մասակցությունը և այլն կլինեն առավել ընդգրկված և ներկայացված: Խնդրում եմ մտածել առաջարկիս մասին:

 

Մենք մեծ խանդավառությամբ գալիս ենք համագումարների, խելացի ելույթներ ունենում,վայելում միմյանց ներկայությունը և վառ տպավորություններով վերադառնում տուն՝ մեր ամենօրյա ռուտին կյանքին, մինչև մյուս համագումար: Միջհամագումարյան ժամանակահատվածը կարծես տիեզերական սև անցք լինի: Առաջարկում եմ համագումարի ընթացքում,կամ հետո ստեղծել համակարգող խումբ, որը կհետևի համագումարի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների, որոշումների, մշակումների իրագործմանը: Իսկ համագումարի նախագահի աշխատանքները ավարտվեն ոչ թե վերջին օրը հաշվետվությամբ, այլ նախորդ համագումարի բացման ժամանակ՝ միջհամագումարային ժամանակահատվածի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ:

Ես լավ գիտակցում եմ, որ ինձ վրա լրացուցիչ մեծ բեռ եմ վերցնում, բայց սա է արդյունավետ զարգացման ուղին.

 

Խնդրում եմ մտածել առաջարկիս մասին:

 

Քանի որ, Արցախը մեզ համար Մայր Հայաստանի անքակտելի մասն է, ուստի առաջարկում եմ հաջորդ՝ 2023թ. համագումարը անցկացնել Արցախի հետ համատեղ, եթե անգամ ոչ ամբողջությամբ, ապա գոնե առավելագույնս այն սատելիտները, պլենար և սեկցիոն նիստերը, որոնք տեխնիկապես հնարավոր կլինեն.

 

Խնդրում եմ մտածել առաջարկիս մասին:

 

Հայաստանում կայացած բոլոր համագումարների(այդ թվում  նաև այս) կազմակերպչական աշխատանքներին ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

 

Ուստի առաջարկում եմ Արա Բաբլոյանին ընտրել Հայաստանում կայանալիք հետագա համագումարների պատվավոր նախագահ: Խնդրում եմ չմտածել առաջարկիս մասին, այլ անվերապահորեն համաձայնվել:

 

Ավարտելով ելույթս, թույլ տվե´ք, իմ խորին երախտագիտությունը հայտնել կազմակերպչական և գիտական կոմիտեներին, բոլոր նրանց ովքեր օգնել և աջակցել են մեզ:

 

Վիվա-Սել ՄՏՍ
Ծառուկյան հիմնադրամ
Քաջարանի պղնձա-մոլիբդենային կոմբինատ
Իզմիրլյան Հիմնադրամ- Շվեյցարիա-Հայաստան

 

Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ բոլորին և մաղթում արգասաբեր, արդյունավետ աշխատանք:

 

08.07.2019