Նորություններ

Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան

Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան

Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ, մկանային կարկամություն, որը կարող է պահպանվել ողջ օրվա ընթացքում:


Արթրոզների ժամանակ նկատվում է լոկալ կետային ցավ՝ հոդաճեղքի կողմնային հատվածներում, շարժումների ժամանակ լսվում է խրթոց՝ կրեպիտացիա, լինում է մկանային կարկամություն, որը տևում է մոտավորապես 30 րոպե, շարժումների սահմանափակում:


Օստեոարթրոզները հաճախ ասիմետրիկ են, իսկ արթրիտների ժամանակ նկատվում է սիմետրիկ ախտահարում:


Ե’վ արթրոզի, և՛ արթրիտի ժամանակ բնորոշ են և մեծ, և փոքր հոդերի ախտահարումները, օստեոարթրոզի ժամանակ առավել հաճախ ախտահարվում է ծնկան հոդը:

Լաբորատոր և գործիքային ախտորոշումը արթրոզի և արթրիտի ժամանակ


Ռենտգեն հետազոտության ժամանակ արթրոզի դեպքում երևում է հոդաճեղքի նեղացում, ծայրամասային օստեոֆիտներ: Նմանատիպ պատկեր ստանում ենք՝ կատարելով ՈՒՁՀ, ՄՌՏ հետազոտությունները:


Արթրիտների վաղ փուլում կարող ենք տեսնել հոդի դեֆիգուրացիա՝ սինովիտի հաշվին: Հոդաճեղքի նեղացում, սպեցիֆիկ էրոզիվ փոփոխություններ առաջանում են հետագայում:

Արթրոզների ժամանակ արյան բոլոր ցուցանիշները գրեթե նորմայի սահմաններում են և դա խոսում է այն մասին, որ դա դիստրոֆիկ-դեգեներատիվ խնդիր է: Իսկ արթրիտների ժամանակ նկատվում են բորբոքային բոլոր ցուցանիշների բարձրացում, իմունոլոգիական բարձր ակտիվություն:


Էթիոլոգիան


Արթրիտների զարգացման պատճառները բազմաթիվ են՝ ինֆեկցիաներ, մետաբոլիկ, աուտոիմուն, ուռուցքային հիվանդություններ և այլն:


Արթրոզների պատճառներն են՝ սեռը (առավել հակված են կանայք), տարիքը, ինչպես նաև մետաբոլիկ, նյութափոխանակության խնդիրները, էնդոկրին համակարգի հիվանդությունները, վնասվածքները, տարած վիրահատությունները, մասնագիտական աշխատանքը, զարգացման արատները և այլն:


Տարիքային տարբերությունը


Արթրիտները հանդիպում են բոլոր տարիքային խմբերում, հիմնականում 35-50 տարեկանում: Արթրոզների գերակշռող քանակը 65 տարեկանից հետո է զարգանում:


Տարբերությունները` բարդությունների դեպքում


Հոդի քրոնիկ բորբոքման արդյունքում զարգանում է արթրոզ՝ հոդի մաշվածություն, աճառային հյուսվածքի վնասում: Եթե վաղ շրջանում չհայտնաբերվի և չկանխվի գործընթացը, ժամանակի ընթացքում դա կբերի հաշմանդամության, էնդոպրոթեզավորման:
Սեզոնային սրացումները ո՞ր դեպքում են ավելի արտահայտված


Արթրիտների հաճախակի սրացումները նկատվում են գարուն, աշուն սեզոններին:

 

Զարուհի Սաֆարյան
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ-ռևմատոլոգ

 

13.05.2019