Նորություններ

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ

Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:


–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են, մարդն ինչ-որ նոր բան է ուզում, որը` չկա, սկսում է ներքին դատարկություն զգացողությունը: եվ ահա, երբ չեն արդարացվում սպասելիքները և առկա է հարմարողականության հետ կապված դժվարություններ, վրա է հասնում դեպրեսիան: Դրան նպաստում է նաև սեզոնային եղանակը` որբ օրերը մռայլ են ու անարև:


Սեզոններն են՝ անցումը դեպի գարուն, երբ անհամբեր սպասում են գարնանը, տաք օրերին: Գարնանը դեպրեսիաներն ավելի քիչ արտահայտված են, ամռանը մարդիկ հարմարվում, ադապտացվում են, իսկ աշնան վերջը ևս դեպրեսիային նպաստող շրջան է: Սովորաբար, դեպրեսիաները հաճախ արևի, լույսի պակասից են հայտնվում:


–   Որո՞նք են դեպրեսիայի պատճառները և ովքե՞ր են ավելի հակված դեպրեսիաների:

 

–   Պատճառներն են հատկապես սուր և քրոնիկ սթրեսները: Դեպրեսիայի առավել հակված են ոչ ճկուն մարդիկ, նշանակություն կարող են ունենալ նաև ժառանգականությունը, մանկական տարիքի հոգեբանական խնդիրները, ընդհանուր հոգեբանական տրավմաները: Այս մարդիկ խոցելի խումբ են և որպես պաշտպանական ռեակցիա, նրանք, ասես, կարծրանում են հոգով, հուզական չեն, ճնշում են հույզերը, ինչը տանում է դեպրեսիայի:


–   Ինչպե՞ս է արտահայտվում դեպրեսիան:


–   Դեպրեսիան հույզ չէ, այդ ժամանակ ոչինչ չեն ուզում անել, անտարբեր են, կորցնում են հետաքրքրություններն ամեն ինչի նկատմամբ: Նպատակներ չկան, մարդը գործել չի ուզում, նրա համար խթան չկա ապրելու: Լինում է հոգնածություն, գունատություն, վատ ինքնազգացողություն, կրճատվում են շփումները մարդկանց հետ, մեկուսանում են:


Առաջանում է կարծրատիպ, խորքային համոզմունք, որ նա անհաջողակ է, ոչնչի չի կարող հասնել, իջնում է ինքնագնահատականը, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Ոմանք կարող են չարանալ, դառնալ նաև ագրեսիվ, նախանձ է առաջանում շրջապատողների նկատմամբ, թե ինչու նրանց մոտ ամեն բան ստացվում է: Դրանք աղճատված, իռացիոնալ մտքեր են, սխալ ընկալումներ, որոնք նախանձ են առաջացնում, հիանդները համեմատվում են այլ մարդկանց հետ, ինչը կործանարար է:

–   Ի՞նչ բարդություններ և վտանգներ կարող են առաջանալ:


–   Եթե դեպրեսիան ժամանակին չկարգավորվի, բժշկի օգնություն չլինի, այն կարող է խորանալ և դառնալ պսիխոտիկ, հոգեբուժական խնդիր: Այդ դեպքում արդեն հոգեբույժի և լուրջ հոգեբուժական դեղորայքի կարիք է առաջանում:
Դեպրեսիայի վտանգներից է ինքնասպանության՝ սուիցիդի վտանգը, երբ մարդն ապրել չի ուզում, սուիցիդալ մտքեր են առաջանում:


–   Ինչպե՞ս է բուժվում դեպրեսիան:


–   Դեպրեսիայից դուրս գալու համար պետք է լավատեսորեն տրամադրվել կյանքին, հետտոնականից միանգամից կարողանալ անցնել առօրյա կյանքի, անպայման ունենալ նպատակներ և դրանց հասնելու համար մշակել իրատեսական քայլեր ու փորձել առաջնորդվել դրանցով:


Շատ կարևոր է գոհունակությունը, պետք է ամեն օր առօրյայի մեջ գտնել դրական կետեր և շնորհակալ լինեն դրանց համար՝ թե՛ արևի, թե՛ պայծառ օրվա համար: Երեկոյան՝ անցած օրն ամփոփելիս, պետք է դժվարությունները չհիշել, այլ միայն` դրականը:


Արդյունավետ է մաքուր օդում զբոսանքը, ֆիզիկական վարժությունները, օրական անհրաժեշտ չափով (1-1,5 լիտր) ջուր խմելը: Երբ ջրի քանակը պակաս է, տխուր վիճակ է սկսվում, չնայած մարդն ինքը պատճառը չի հասկանում: Նման դեպքերում պետք է դիմել հոգեբանի օգնությանը և ստանալ համապատասխան հոգեբանական օգնություն:

 

Գոյություն ունեն հոգեբանական թերապիայի տարբեր մեթոդներ՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիա, արտթերապիա, մարմնակողմնորոշիչ թերապիա և այլն:


Կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ժամանակ հոգեբանը փորձում է օգնել պացիենտին, որպեսզի նա հասկանա իր խնդիրը, փոխի իր վարքային մոդելը: Արդյունքում, երբ գիտակցվում է խնդիրը, փոխվում է հիվանդի վերաբերմունքը խնդրի նկատմամբ, այն կարգավորվում է:
Արտթերապիան աշխատում է արվեստի բոլոր ճյուղերի հետ, այստեղ աշխատում են հիմնականում նկարչաթերապիայով: Կա նաև ավազաթերապիա և այլն: Արտթերապիան օգնում է, որ պացիենտը, ով դժվարանում է իր խնդիրները ներկայացնել, կարողանա դա անել ոչ վերբալ ձևով: Արտթերապիայի յուրաքանչյուր ձև, միաժամանակ, և՛ ախտորոշիչ է, և՛ թերապևտիկ:


Մարմնակողմնորոշիչ մեթոդը պսիխոսոմատիկան է: Ցանկացած հոգեբանական խնդիր օրգանիզմի վրա շ իր արտահայտման ձևն է գտնում, այսինքն, լինում են նաև մարմնական ինչ-որ գանգատներ: Եվ այդ գանգատներով ևս կարելի է հասկանալ պացիենտի հոգեբանական խնդիրները:


Բուժման համար պացիենտին տնային աշխատանքներ են տրվում, հրահանգներ, որպեսզի տանը կարողանա իր վարքը կարգավորել: Նրանք գրում են իրենց մտքերը և թե ինչ իրավիճակում դրանք առաջացան, իսկ հետո քննարկվում են հոգեբանի հետ: Արդյունքում, պացիենտը հասկանում է, որ ինքը միշտ չէ, որ անհաջողակ է, որ եղել են շատ դեպքեր, երբ հաջողության է հասել: Դրանք կոչվում են ինսայթներ, երբ հասկացողության են հասնում, կատարսիսի՝ ինքնամաքրման: Այս պարագայում իռացիոնալ մտքերը փոխվում են ռացիոնալի: Պացիենտը ձեռք է բերում հետագայի համար անհրաժեշտ հմտություններ, և արդեն դժվար իրավիճակներում կարող է ինքնուրույն դուրս գալ:


–   Ինչպե՞ս խուսափել դեպրեսիայի առաջացումից:


–   Ոչ-ոք ապահովագրված չէ սթրեսներից, բայց դրանց նկատմամբ պետք է ճիշտ վերաբերմունք մշակել: Երբ սպասելիքները չեն արդարացվում, մարդը հուսահատվում է, հուսալքվում: Դրա համար պետք է անմիջապես մեծ նպատակներ չդնել, նախ փոքր քայլերի ձգտել, որոնք հնարավոր է իրականացնել, հասնել դրանց, ոգևորվել և գնալ դեպի հաջորդ փոքր նշաձողը: Նշաձողը միանգամից բարձր դնելը և չկարողանալը դրան հասնել, բերում է հուսահատության:


Դեպրեսիայից խուսափելու համար պետք է նաև վախի, վատ տրամադրության ժամանակ փորձել վերլուծել, թե ինչու է այն առաջացել, հասկանալ պատճառը, ինչո՞ւ չի կարողանում շփվել շրջապատողների հետ: Ինքնուրույն փորձը՝ սեփական վիճակը հասկանալու, օգնում է լուծել  խնդիրը:


Պետք է չթաքցնել վախերը, հույզերը, այլ պետք է փորձել արտահայտել դրանք, չվախենալ սխալվելուց:  Պետք է ամեն կերպ բարձրացնել ինքնագնահատականը, սիրել, հարգել սեփական անձը, հասկանալ, որ եթե ծնվել է, ապա ունի իր միսիան, իր արժեքը, իր պարտականությունները: Պետք է անպայման գտնել  համապատասխան, հաճելի զբաղմունք:


Գայանե Ղալումյան Ալբերտի,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան,
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի արտթերապիայի դասախոս

02.05.2019