Նորություններ

Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան

Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան

Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:


Ռևմատոիդ  արթրիտը  աուտոիմուն  ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով և ներքին օրգանների համակարգային ախտահարումներով: Քանի որ այն քրոնիկական հիվանդություն է, ընթանում է  հաճախակի սրացումներով, կարող է բերել վաղ հաշմանդամության և կյանքի տևողության կրճատման:


Աշխարհում ռևմատոիդ արթրիտը հանդիպում է բնակչության  0,5-2%-ի մոտ, իսկ հիվանդացության կին-տղամարդ հարաբերակցությունը 3:1 է: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 40-55 տարեկանում:


Դասակարգումը


Ըստ դասակարգման հիվանդությունը բաժանում են. սերոդրական, երբ ռևմատիկ գործոնը դրական է, և սերոնեգատիվ, երբ ռևմատիկ գործոնը բացասական է:


Ըստ կլինիկական ստադիաների լինում է՝ շատ վաղ շրջանի` մինչև 6 ամիսը, վաղ շրջան՝ 6 ամսից մինչև 1 տարի, ախտանիշների արտահայտված շրջան` 1 տարի և ավելի, և չորրորդ ստադիա, երբ հիվանդությունը 2 տարուց ավելի է տևում, և առկա են բարդություններ:


Ըստ ակտիվության հիվանդությունը բաժանվում է 0-3 աստճանի: Ըստ ռենտգեն հետազոտության տարբերում են հիվանդության 4 աստիճան. առաջին աստիճանի ժամանակ առկա է հարհոդային օստեոպորոզ, երկրորդ աստիճանի դեպքում` օստեոպորոզ, հոդաճեղքի նեղացում և եզակի էրոզիաներ, երրորդ աստիճանում` բոլոր ախտանիշներն առկա են, կան բազմաթիվ էրոզիաներ ու ենթախախտեր, իսկ չորրորդ աստիճանում կարող է լինել անգամ ոսկրային անկիլոզ:

Հիվանդության էթիոլոգիան


Էթիոլոգիան անհայտ է մինչ այսօր, կան  ենթադրվող  պատճառներ:  Ժառանգական նախատրամադրվածությունն է՝ ընտանիքում հարազատներից մեկի մոտ առկա հիվանդությունը, հաջորդը՝ սթրեսներն են, որոնք, միանշանակ, նպաստում են հիվանդության զարգացմանը: Պատճառ կարող են լինել որոշակի վիրուսային վարակները, բակտերիանները:

Կլինիկական դրսևորում

 

Գանգատներն են՝ ընդհանուր թուլություն, սուբֆեբրիլ ջերմություն, քաշի նվազում, ախորժակի անկում, հոդացավեր՝հատկապես սիմետրիկ դաստակների պրոքսիմալ հոդերի ախտահարումով: Հարկ է օբյեկտիվ զննման ժամանակ պարզել` քանի՞ հոդ է այտուցված, կա՞ն տեղային այտուցներ, հիպերէմիա՝ հարհոդային ջերմության բարձրացում, շարժումների սահմանափակում:


Բարդությունները


Բարդություններն են ներքին օրգանների ախտահարումները, օրինակ, սիրտ-անոթային՝ պերիկարդիտ, միոկարդիտ,  շնչական համակարգի կողմից՝ թոքային ինտերստիցիալ հյուսվածքի  ախտահարումներ, պլևրիտներ` համառ ընթացքով,  ռևմատոիդ վասկուլիտ, նյարդային համակարգի ախտահարում, պոլինեյրոպաթիա, միելիտ: Այդպիսի բարդությունները վտանգավոր  են կյանքի համար և կարող են հանգեցնել մահվան:


Ախտորոշումը


Լաբորատոր հետազոտությունների՝ արյան քննության ժամանակ, լինում են  բարձր բորբոքային ցուցանիշներ՝ էրիթրոցիտների նստեցման արագության բարձրացում (ՍՈԷ), C ռեակտիվ սպիտակուցի ցուցանիշի բարձրացում:


Կան նաև սպեցիֆիկ իմունոլոգիական հետազոտություններ՝ ՌՖ գործոնն արյան մեջ (ռևմատոիդ գործոն), իմունոգլոբոլին M, G, որոնք  շատ անգամ լինում են դրական, սակայն բացասականը չի բացառում հիվանդության առկայությունը: Որոշվում է նաև A-CCP-ն որը հակամարմին է ցիտրուլինային պեպտիդի նկատմամբ: 


Կատարվում է արյան կենսաքիմիական հետազոտություն, էլեկտրասրտագրություն, հարկ եղած դեպքում` էխոսրտագրություն, կրծքավանդակի  ռենտգեն:


Կատարվում է հոդերի ռենտգեն հետազոտություն` գնահատելու հոդերի ախտահարման աստիճանը, էրոզիաների առկայությունը, ճեղքերի նեղացումը, ոսկրային խտության որոշումը, հոդերի սոնոգրաֆիա` հայտնաբերելու հեղուկի առկայությունը, հարհոդային բորբոքումները՝ տենոսինովիտները: Հիվանդության  ախտորոշման  համար ցուցված է նաև-ն ՄՌՏ:


Բուժումը


Բուժումը համակցված է` ուղղված նվազեցնելու հիվանդության ատիվությունը, բորբոքումը, ներքին օրգանների ախտահարումը ու հասնելու կլինիկալաբորատոր ռեմիսիայի, երբ պացիենտը չունի որևէ գանգատ և բոլոր լաբորատոր ցուցանիշները հասցված են նորմայի:


Դեղորայքային ընտրությունը, նախ, հորմոններն են՝ գլյուկոկորտիկոիդները` փոքր դոզաներով, և  բազիսային` հիմնական բուժիչ դեղերը` մետոտրեքսատ, լեֆլունոմիդ և այլն:


Որքան վաղ փուլում է հիվանդությունը հայտնաբերվում, այնքան բուժման արդյունավետությունը բարձր է:  Սակայն հիվանդությունը լիովին վերացնել հնարավոր չէ:


Հնարավո՞ր է կանխարգելել հիվանդության զարգացումը


Գոյություն չունի հիվանդության սպեցիֆիկ կանխարգելում, քանի որ այն աուտոիմուն պրոցես է` իմուն համակարգի ընկճումով:


Ի՞նչ դեր ունեն հիվանդության սրացման գործընթացում եղանակը, խոնավությունը


Դրանք ռիսկի գործոններ կարող են լինել, բայց ոչ առաջացման պատճառ:


Ինչպես բոլոր քրոնիկ հիվանդությունները, ռևմատոիդ արթրիտին նույնպես բնորոշ են սրացումները աշուն-գարուն սեզոններին:


Սննդի, ապրելակերպի դերը


Հայտնի է, որ ծխախոտը նպաստում է հիվանդության սրացմանը, վատացնում է բուժման ընթացքը, ուստի պացիենտին խորհուրդ է տրվում հրաժարվել  ծխախոտից: Ալկոհոլը նույնպես ազդում է դեղորայքային բուժման արդյունավետության վրա, ներքին օրգանների՝ հատկապես լյարդի վրա:


Խորհուրդ է տրվում օգտագործել կաթնամթերք, միրգ-բանջարեղեն, ծովամթերք, որտեղ կան շատ միկրոէլեմենտներ, վիտամին D:

Ապրելու վայրը փոխելը` խոնավ և ցուրտ կլիմայից, արդարացվա՞ծ է:


Նման հետազոտություններ չկան: Պարզապես ռևմատոիդ պոլիարթրիտով հիվանդները սիրում են տաք եղանակ:
Նրանք զգայուն են եղանակի փոփոխությանը, անձրևին, բայց դա ևս հիվանդության զարգացման պատճառ չէ:
Իզմիրլյան բժշկական կենտրոնի բժիշկ-ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյան

04.04.2019