Նորություններ

Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում

Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում

Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում  հիմնադրվել է  2006 թ., երբ դեռ այն անվանվում էր Սուրբ Ներսես Մեծ ԲԿ: 
Հայտնի է, որ մեր կենտրոնը բազմապրոֆիլ վիրաբուժական հիվանդանոց է, որտեղ տարեկան կատարվում է ավելի  քան 6000 վիրահատություն:


Սրտաբանական ծառայություն ունենալու նպատակահարմարությունը թելադրվել է այն հանգամանքով, որ վիրահատությունների ենթարկվող պացիենտների մեծամասնությունը միջին և բարձր տարիքային խմբի անձինք են, ովքեր ունեն տարատեսակ ուղղեկցող սրտային պաթոլոգիա, ինչը կարող է հանգեցնել  լուրջ վիրահատական անցանկալի բարդությունների, ընդհուպ մինչև մահ:
«Իզմիրլյան» ԲԿ-ում սրտաբանական ծառայության հիմնական գործառույթներն են իրականացնել  հիվանդների նախավիրահատական ախտորոշումն և բուժումը, գնահատել լուրջ վիրահատական սրտային ռիսկերի ծանրության աստիճանը, կանխել  հնարավոր սրտային բարդություններն, իսկ դրանց ի հայտ գալու պարագայում կատարել համապատասխան բուժում : 
Սրտաբանական ծառայությունը իրականացնում է ոչ միայն վիրաբուժական հիվանդների բուժօգնություն, այլ նաև կատարում է ամբուլատոր   խորհրդատվություն, ախտորոշում և  միջազգային արդիական չափանիշներին համապատասխան բուժում, անրաժեշտության դեպքում՝ նաև ստացիոնարի պայմաններում:


Մեզ մոտ կատարվում է սրտային հիվանդությունների լաբորատոր-գործիքային ախտորոշման և բուժման գրեթե ողջ ծավալը ( սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության, սրտի ռիթմի խանգարումների, տարատեսակ կարդիոմիոպաթիաների, զարկերակային գերճնշման, բնածին և ձեռքբերովի արատների և այլն), բացառությամբ միջամտական և վիրաբուժական բուժում պահանջող դեպքերի:


Կենտրոնը հագեցած է ժամանակակից   ախտորոշիչ սարքավորումներով, ինչը բժիշկ-մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի հետ մեկտեղ թույլ է տալիս ապահովել բուժման առավել արդյունավետություն:


Հատկանշական է, որ «Իզմիրլյան» ԲԿ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդների հոսքը տարեցտարի ավելանում է, ինչը վկայում է  սրտաբանական ծառայության ճանաչված և կայացված լինելու մասին:


Սրտաբանական ծառայությունում  տարեկան կատարվում է մոտ 1500 պացիենտների հետազոտություն: Հաճախ մեզ մոտ են առաջին անգամ  հայտնաբերվում սրտի տարատեսակ արատներ, նորագոյացություններ և այլ բարդություններ, որոնց դեպքում հիվանդները ուղեգրվում են սրտի վիրաբուժության բաժանմունքներ:


«Իզմիրլյան» ԲԿ-ի սրտաբանական ծառայության բժիշկներն են բ.գ.թ., Եվրոպական սրտաբանական ասոցիացիացիայի անդամ՝ Նաիրա Թովմասյանը և բժիշկ-սրտաբան Նարինե Չարչյանը:


Մեր մասնագետները մշտապես մասնակցում են արտերկրում և Հայաստանում անցկացվող գիտաժողովներին, ինչպես նաև համագործակցում են Հայաստանում առաջատար սրտաբանական կլինիկաների մասնագետների հետ:

11.03.2019