Նորություններ

Ի՞նչ խմել այրոցի ժամանակ

Ի՞նչ խմել այրոցի ժամանակ

Հաճախակի այրոցը կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանշան լինել: Կերակրափողի լորձաթաղանթի և ստամոքսից կերակրափող թափանցած աղաթթվի, պեպսինի, լեղաթթուների, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անմիջական շփման արդյունքում կրծքավանդակի և կոկորդի շրջանում առաջանում է այրոցի զգացում: Այս ախտանիշները կարող են շատ տհաճ լինել, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել` ին՞չ եք ուտում և խմում:


Այրոց առաջացնող ըմպելիքներ

Թթվային ռեֆլյուքսի ախտանիշները կարելի է կառավարել, սակայն դրա համար հարկ է հիշել, թե հատկապես ինչը կարող է պատճառ լինել.

 

  • Ալկոհոլ: Էթանոլը ո՛չ միայն խթանում է ստամոքսի կողմից թթուների արտադրությունը, այլ նաև թուլացնում է կերակրափողի ստորին սեղմանը, որն արգելում է ստամոքսի պարունակության անցումը կերակրափող:

  • Գազավորված ըմպելիքներ: Գազի պղպջակներն՝ անցնելով ստամոքսի մեջ, ընդարձակվում են: Դա լրացուցիչ ճնշում է առաջացնում կերակրափողի սեղմանի վրա և այն կարող է ստամոքսի պարունակության հետ աղաթթուն բաց թողնել կերակրափողի մեջ:

  • Կոֆեին պարունակող ըմպելիքներ: Կոֆեին է պարունակում է սուրճը, թեյը, էներգետիկ ըմպելիքները և կոլան: Հարկ է ընտրել առանց կոֆեինի մթերքներ և տհաճ ախտանիշները քիչ կանհանգստացնեն:  

  • Քաղցր ըմպելիքներ: Շոկոլադը և կակաոն կոֆեին են պարունակում և ուժեղացնում են թթվային ռեֆլյուքսի ախտանիշները: Սա վերաբերում է ո՛չ միայն տաք շոկոլադին, այլ նաև` կոնֆետներին:

  • Ցիտրուսային հյութեր:  Նարնջի, թուրնջի, կիտրոնի և այլ թթու հյութերը կարող են այրոց հրահրել: Հատկապես խորհուրդ չի տրվում դրանք խմել տաք ուտեստներից հետո կամ զուգակցել ճարպոտ սննդի հետ:


Ըմպելիքներ` այրոցի կանխարգելման համար

Ստամոքս-աղիքային ռեֆլյուքսի բուժման և կանխարգելման համար մթերքները շատ չկան: Այնուամենայնիվ, որոշ ըմպելիքներ կարող են նվազեցնել այդ ախտանիշները:

 

  • Կոճապղպեղով թեյ: Կոճապղպեղով թեյը շատ օգտակար է մարսողական համակարգի համար: Բժշկության մեջ նրա եփուկը, թուրմը և փոշին կիրառվում են ստամոքսի խոցի, ախորժակի անկման, ճարպային և խոլեսթերինային փոխանակության խանգարման ժամանակ: Այն իջեցնում է նաև ստամոքսային թթուների արտադրությունը՝ նվազեցնելով այրոցի ռիսկը: 

  • Յոգուրտ: Կաթնամթերքը  կարող է նվազեցնել թթվային ռեֆլյուքսը, սակայն քաղցր, հավելումներով յոգուրտները այդ առումով հարմար չեն: Առավել առողջ տարբերակ է հասարակ յոգուրտը` քիչ քանակությամբ մեղրով:

  • Կաթ: Ճարպազրկված կաթը կարող է թեթևացնել այրոցը, սակայն բարձր յուղայնությամբ կաթից ստիպված եք հրաժարվել: Նշի կաթը նույնպես կարող է արդյունավետ լինել, քանի որ այն հիմնային է և չեզոքացնում է բարձր թթվայնությունը:


Կարևոր է. Н-2 ռեցեպտորների և պրոտոնային պոմպի pաշարիչների երկարատև կիրառումը մեծացնում է ոսկրերի կոտրվածքի և В12 վիտամինի անբավարարության ռիսկը:

 

 

09.01.2019