Նորություններ
Վալգուսային ձևախախտում՝ hալուքս վալգուս (Hallux valgus). Գուրգեն Բախտամյան

Ի՞նչ հիվանդություն է հալուքս վալգուսը
Հալուքս վալգուսը հիվանդություն է, որի ժամանակ ոտնաթաթի առաջին մատը ծռվում է և շեղվում դեպի մյուս մատները:
Ժողովրդական լեզվով դրանց հաճախ կոճեր են անվանում:
Որո՞նք են հիվանդության պատճառները և դրան նպաստող հիվանդություններն ու գործոնները:
Այս հիվանդության պատճառը ճնշող մեծամասնության դեպքերում մնում է անհայտ: Քիչ դեպքերում պատճառ են հանդիսանում ռևմատիկ հիվանդությունները`ռևմատոիդ պոլիարթրիտը, երբ ախտահարվում են հոդի թաղանթները և աճառները, կամ գլխուղեղի կաթվածը, որի արդյունքում մկանային սպազմ է առաջանում:
Կան նաև այլ նպաստող գործոններ՝մարմնի ծանր քաշը, ծանրաբեռնված աշխատանքը, նեղ, բարձրակրունկ կոշիկները և այլն, չնայած հիվանդությունը գրեթե նույնքան հաճախությամբ հանդիպում է նաև ոտաբոբիկ ցեղերի մոտ:
Ինչպե՞ս է հիվանդությունը զարգանում:
Որոշ դեպքերում շեղված ոսկրի գլխային հատվածը լինում է ցցված ու ավելի խոշոր, քան կա իրականում և գերաճի տպավորություն է թողնում, թեև, հատկապես մեծահասակ կանանց մոտ, միաժամանակ իսկապես նաև գերաճ է լինում:
Հաճախ առաջին մատը թեքվելով՝ ճնշում է նաև երկրորդ մատին և նրան նույնպես շեղում, ապա`երրորդին և այլն:
Հալուքս վալգուսը դժվարացնում է կոշիկ կրելը, ոտնաթաթի առաջին հատվածը լայնանում է և, քանի որ առաջին մատի հոդի աշխատանքը խախտված է, աստիճանաբար ցավեր են սկսվում և զարգանում է աճառների մաշվածություն՝ արթրոզ:
Ծանրաբեռնված աշխատանքը, նեղ կոշիկներ կրելն արագացնում են գործընթացը:
Հիվանդության բարդությունները
Ցավոք, hallux valgus-ն ունի սկիզբ, բայց չունի վերջ՝ գործընթացը միայն դեպի վատն է ընթանում:
Շատ ժամանակ երիտասարդ կանանց մոտ հարթաթաթությունը զուգակցվում է հալուքս վալգուսի հետ, թեև առայժմ վիճելի հարց է`արդյո՞ք հարթաթաթությունը նպաստում է առաջին մատի ծռվածությա՞նը, թե՞ դա զուգադիպություն է:
Ովքե՞ր են առավել հակված այս հիվանդությանը:
90 տոկոսից ավելի դեպքերում այս երևույթն արտահայտված է ակտիվ կանանց մոտ՝ 30-50 տարեկանում: Տղամարդկանց մոտ լինում է հազվադեպ, իսկ առկայության դեպքում այն թեթև է արտահատված և հեշտ է այդ խնդրի հետ ՛՛ապրել՛՛: Դրան նպաստում է նաև այն, որ տղամարդկանց կոշիկները կանացի կոշիկներից ավելի ազատ ու լայն են:
Այս հիվանդությունը նույն հաճախականությամբ է հանդիպում և՛ զարգացած, և՛ հետամնաց երկրներում:
Ինչպե՞ս ախտորոշել:
Ախտորոշումը կատարվում է արտաքին զննումով և հաստատվում է ռենտգեն հետազոտությամբ: Ռենտգենն անհրաժեշտ է նաև վիրահատական ռազմավարությունը որոշելու համար:
Որո՞նք են բուժման մեթոդները
Բուժումը միայն վիրահատական է, որևէ այլ արդյունավետ բուժում չկա: Ֆիքսատորների օգտագործման արդյունավետությունը ժամանակավոր է, որովհետև դրանք չկրելուց հետո մատները կրկին վերադառնում են նախկին դիրքին:
Վիրահատության 100-ից ավելի տարբերակներ կան: Տարբեր երկրներում, տարբեր բժիշկներ տարբեր մոտեցումներ են նախընտրում: Բայց վիրահատության հիմնական ընթացքը նույնն է՝ շեղումները շտկվում են, գերաճը տաշվում է և ապա ջլերը, կապաններն են կարգավորվում:
Հալուքս վալգուսի ժամանակ վիրահատությունը կոսմետիկ վիրահատություն չէ, գեղեցկության համար չէ. Ցուցումներում գեղեցկությունը վերջին տեղում է: Այստեղ կարևորը ֆունկցիայի վերականգնումն է: Վիրահատության օգնությամբ այս հիվանդությունը շտկելը նաև կանխում է արթրոզը:
Վիրահատությունից հետո դեռ 6-8 շաբաթ տևում է ուղղված ոսկրերի կպչելու պրոցեսը: Մոտավորապես 2-3 ամիս հետո արդեն կարելի է ակտիվ կյանքի անցնել:
Վիրահատությունից հետո լինո՞ւմ են բարդություններ:
Վիրահատության բարդություններից է այդ խնդրի կրկնությունը` 5-10 տոկոս դեպքերում:
Գուրգեն Բախտամյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբան, ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի վիրաբույժ