Նորություններ

Անցանկալի հյուրը. ցիստիտ

Անցանկալի հյուրը. ցիստիտ

Յուրաքանչյուր ոք գեթ մեկ անգամ կյանքում ունեցել է միզապարկի հետ կապված խնդիր` ցիստիտ, որի ստեղծած անհարմարությունն, ինքնին պահանջում է շուտափույթ լուծում: Խնդրին վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի պատասխանների շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, դոցենտ, բ.գ.թ. Արթուր Գրաբսկու և բաժանմունքի ուրոլոգ Գոռ Շադյանի հետ

 

Ի՞նչ է ցիստիտը:

 
Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որը շատ տարածված է հատկապես կանանց մոտ:


Ցիստիտի ախտանշանները


Ցիստիտի ախտանշաններից է հաճախամիզությունը (8 և ավելի անգամ ցերեկային ժամերին և 2-ից ավելի անգամ գիշերային ժամերին), ցավոտ միզարձակությունը, մեզի գույնի, հոտի փոփոխությունները, անըդհատ միզելու անզուսպ, հանկարծակի առաջացող ցանկությունը, անմիզապահությունը: 


Արյունամիզության դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի՝ հաստատելու կամ ժխտելու ուռուցքային գործընթացի առկայությունը:


Ցիստիտի տեսակները


Տարբերում են սուր և քրոնիկ ցիստիտներ: Սուր գործընթացը 3 ամիս տևողությամբ ընթացող ցիստիտն է, ավելի երկար տևողության դեպքում համարվում է քրոնիկ: Այս տարանջատումը հարաբերական է:


Բուժման կուրսը քրոնիկի ցիստիտի ժամանակ հաճախ երկարատև է, հնարավոր է տևի ամիսներ:


Սեռական հարաբերությունից հետո առաջացած ցիստիտը կոչվում է պոստկոիտալ ցիստիտ: Այս դեպքում հեշտոցի փոփոխված միկրոֆլորան միզուկով հասնում է միզապարկ և առաջացնում վերջինիս բորբոքում: Նման դեպքերում հաճախ կարիք է լինում հետազոտել նաև զուգընկերոջը` ով կարող է ինֆեկցիայի փոխանցման պատճառ լինել: Դա շատ կարևոր է, քանի որ, հակառակ դեպքում, բուժումը տալիս է ժամանակավոր արդյունք:


Ո՞ ր մանրեները դեր ունեն ցիստիտի առաջացման մեջ:


80-90 տոկոս դեպքերում դա աղիքային ցուպիկն է: Պտաճառ կարող են լինել նաև այլ հարուցիչներ, սնկեր, վիրուսներ և այլն:


Որո՞նք են ցիստիտին նպաստող գործոնները:


Նպաստող գործոններից են սեռական հարաբերությունները, մեկից ավելի զուգընկեր ունենալը, սպերմացիդների՝ հակաբեղմնավորիչների օգտագործումը, մանկական հասակում հաճախակի միզային վարակները, մի շարք հորմոնալ խանգարումները և այլն:
Նստակյաց կյանքը ևս ոչ բարենպաստ գործոն է: Նպաստող գործոն է նաև անմիզապահությունը, երբ մեզի արտահոսքի հետևանքով բարենպաստ միջավայր է ստեղծվում մանրէների զարգացման համար:


Բարդությունները


Ցիստիտը չբուժելու դեպքում այն անցնում է քրոնիկ ձևի, որի բուժումն առավել բարդ է: Չբուժված ցիստիտը կարող է երիկամներում բորբոքային գործընթացների պատճառ հանդիսանալ:


Ցիստիտը հղիների մոտ


Հղիների մոտ ցիստիտի դրսևորումներ հաճախ են հանդիպում. հաճախամիզություն, ցավեր վերցայլային շրջանում և այլն: Ցիստիտին բնորոշ գանգատների առկայությունը հղիության ընթացքում միշտ չէ, որ խոսում է ցիստիտի առկայության մասին: Բոլոր դեպքերում պետք է զգույշ լինել, խուսափելու համար բարդությունների առաջացումից:


Հղիի մոտ կան ցիստիտի առաջացմանը նպաստող մի շարք գործոններ. նոր հորմոնալ վիճակ, ներորովայնային ճնշման բարձրացում, որովայնի չափերով պայմանավորված հիգիենայի կանոններին հետևելու դժվարություններ և այլն: Պետք է հիշել, որ լվացում կատարելիս լվացման ուղղությունը պետք է լինի առջևից հետ, և ոչ` հակառակը: Հակառակ դեպքում հետանցքի ֆլորան կարող է տեղափոխվել միզասեռական համակարգ:

Ո՞ր տարիքին է ավելի բնորոշ ցիստիտը:


Նպաստող գործոններն առավել շատանում են սեռական կյանքով ապրելուց սկսած:


Կանանց և տղամարդկանց մոտ ցիստիտի առանձնահատկությունները


Կանանց մոտ ցիստիտն ավելի շատ է հանդիպում`պայմանավորված մի շարք անատոմիական առանձնահատկություններով (միզուկը կարճ է, լայն է, մոտ է տեղակայված հեշտոցին և հետանցքին): Տղամարդկանց մոտ ցիստիտին բնորոշ գանգատների առկայության դեպքում հաճախ կարիք է լինում ավելի խորը հետազոտություններ իրականացնել` հայտնաբերելու համար թաքնված ախտաբանական գործընթացները (ուռուցքային ախտահարումներ, շագանակագեղձի հետ կապված խնդիրներ և այլն):


Ախտորոշման մեթոդները


Ցիստիտի ժամանակ չկա բնորոշ ախտանիշ, ուստի այն պետք է տարբերակել նույն ախտանշաններով այլ հիվանդություններից:


Իրականացվում է մեզի ընդհանուր հետազոտություն` բորբոքային գործընթացները հայտնաբերոկու համար: Կարևոր է ուլտրաձայնային հետազոտությունը, մեզի բջջաբանական քննությունը, մասնավորապես, եթե մեզի մեջ արյուն կա: Որոշ դեպքերում կարող է ցիստոսկոպիայի՝ միզապարկը ներսից զննելու, կամ ուրոֆլոմետրիայի կարիք լինել:


Մեզի մանրէաբանական հետազոտությամբ որոշվում է հարուցիչների տեսակը, դրանց քանակը մեզում և զգայունությունը դեղերի նկատմամբ:


Բուժման մեթոդները


Բուժման մեջ հեղուկի ադեկվատ ծավալն ամենակարևոր դերն է կատարում: Նոր սկսվող դեպքերում երբեմն միայն դա բավարար է ցիստիտը բուժելու համար:  Հատկապես դա կարևոր է հղիների մոտ, երբ դեղեր ընդունելը ցանկալի չէ:


Բուժման համար պետք է, նախ, ռիսկի գործոնները կարգավորել:


Դեղորայքային բուժումը կատարվում է անտիբիոտիկներով, որոնք կարող են զուգակցվել դեղորայքային այլ խմբերի հետ:

Ի՞նչ սննդակարգ է առաջարկվում սրացումների ժամանակ:


Սննդակարգում պետք է սահմանափակել կծու, թթու, դառը, աղի ուտելիքների օգտագործումը:


Կանխարգելումը


Կանխարգելման համար պետք է խուսափել սպերմացիդներից՝ հակաբեղմնավորիչներից , մեկից ավելի զուգընկերներ ունենալուց:


Շատ կարևոր է օրգանիզմի կոփումը, ակտիվ կյանքը, ինչը նպաստում է օրգան-համակարգերում արյան շրջանառության կարգավորմանը:


Ջրի մեծ քանակի օգտագործման դերը ցիստիտի ժամանակ


Շատ ջուր խմելն, ընդհանրապես, բոլորին է ցուցված: Խորհուրդ է տրվում խմել այնքան, որ մեզի ծավալն օրվա ընթացքում կազմի մոտ 2 լիտր:
Ցիստիտի դեպքում առաջանում է ախտաբանական օղակ. պացիենտի մոտ կա ցիստիտ, կա հաճախամիզություն և նա մտածում է քիչ հեղուկ խմելու մասին, որպեսզի հաճախ չմիզի: Արդյունքում մեզը խտանում է և ախտանիշներն ավելի են արտահայտվում: Ուստի, բուժման արդյունավետության համար ադեկվատ ծավալով հեղուկի ընդունումը կարևոր դեր ունի:

23.11.2018