Նորություններ

Բարդ տրանսվագինալ խուղակային պլաստիկ վիրահատություններ «Իզմիրլյան» ԲԿ-ում՝ պրոֆեսոր Գևորգ Կասյանի մասնակցությամբ

Բարդ տրանսվագինալ խուղակային պլաստիկ վիրահատություններ «Իզմիրլյան» ԲԿ-ում՝ պրոֆեսոր Գևորգ Կասյանի մասնակցությամբ

«Իզմիրլյան» ԲԿ-ում օրերս հյուրընկալել էր Մոսկվայի Եվդոկիմովայի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Կասյանը: Նրա մասնակցությամբ կլինիկայում իրականցվել են բարդ տրանսվագինալ խուղակային պլաստիկ վիրահատություններ: Այդ կապակցությամբ զրուցեցինք «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, դոցենտ Արթուր Գրաբսկու և պրոֆեսոր Գևորգ Կասյանի հետ, որոնք ներկայացնում ենք ստորև:


Արթուր Գրաբսկի


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ ուրոլոգիայի բաժանմունքի ստեղծման օրից, ընտրել ենք այն քաղաքականությունը, որ պետք է ստեղծենք ամուր հիմք` համագործակցության, փորձի փոխանակման, նոր տեխնոլոգիաներ սովորելու, ներդնելու համար, որպեսզի նպաստենք ուրոլոգիայի զարգացմանն ընդհանուր առմամբ` Հայաստանում, և, մասնավորապես` մեր կլինիկայում, քանի որ կենտրոնը ուսուցողական բազա է ԵՊԲՀ ուրոլոգիայի կլինիկական օրդինատորների համար:


Ներգրավելով արտերկրի մասնագետների և հայազգի հայտնի, ճանաչված պրոֆեսորների, այդ կերպ նույնպես նպաստում ենք ոլորտի զարգացմանը: Համագործակցության փորձը սկսվել է Կալիֆորնիայի հայազգի Կարո Դերձակյանի հետ բարի կապերի ստեղծմամբ, ով բաժնի ստեղծման օրից կանգնած է մեր կողքին, օգնել է և՛ դժվարությունները հաղթահարելու գործում, և՛ անհրաժեշտ բժշկական սարքերի ձեռք բերման հարցում:


Եվ ահա, համագործակցության ծրագրով մեզ մոտ է պրոֆեսոր Գևորգ Կասյանը, ով կանանց մոտ ուրոլոգիայի փորձագետ է Մոսկվայի հայտնի կլինիկայում, որը որպես փորձագիտական կենտրոն հայտնի է ո՛չ միայն Ռուսաստանում, այլ գրեթե ամբողջ աշխարհում:


Սեպտեմբերի 28-ից Հայաստանում սկսվում է ուրոլոգիական ասոցիացիայի ամենամյա, թվով 20-րդ համաժողովը, որն այս տարի նվիրված է Հայաստանի ուրոլոգիայի հիմնադիրներից՝ պրոֆեսոր Յուրի Զոհրաբյանի 80-ամյակին: Սեպտեմբերի 29-ին պրոֆեսոր Կասյանն այդ համաժողովում ներկայացավ զեկույցով: Այս առիթն օգտագործելով՝ համաժողովին մասնակցությունը համատեղել է հիվանդներին օգնություն ցուցաբերելը, ինչն իրականացնում ենք:

 


Արդեն 5 տարուց ավելի է, գարնանը և աշնանը կազմակերպում ենք պրոֆեսորի Հայաստան այցը: Նախապատրաստում ենք բարդ անամնեստիկ դեպքերով հիվանդների, ովքեր նրա խորհրդատվության և բուժման կարիքն ունեն, անհրաժեշտության դեպքում դիմում վիրահատական միջամտության, ինչն իրականացվում է մեր թիմի հետ համատեղ:


Այս պահին վիրահատվել է պացիենտ, ում մոտ մեկ տարի առաջ գինեկոլոգիական վիրահատությունից հետո առաջացել էր տրանսվագինալ խուղակային բարդություն, որի պատճառով մեզը դուրս էր գալիս հեշտոցից, և, բնականաբար, տուժել էր կյանքի որակը: Վիրահատությամբ շտկվեց դեֆեկտը, և երիտասարդ կինը կարող է վերադառնալ իր առօրյա կյանքին:

 

 


Այս վիրահատությունների բարդությունը կայանում է նրանում, որ դրանք իրականացնել ցանկալի է նվազ ինվազիվ եղանակով, ինչը նման դեպքերում դժվար իրականանալի է: Քանի որ խուղակներն առաջանում են նախորդ վիրահատության բարդության հետևանքով, ուստի դեֆեկտները սովորական հյուսվածքների մեջ չեն, այլ` սպիների, կարերի, հարակից օրգանների հետ կպումներով, ինչը դժվարացնում է դեֆեկտի վերականգնումը: Այս տարիների ընթացքում բավականին հիվանդների վերադարձրել ենք նորմալ առօրյական կյանքի: Առանց հավելյալ կտրվածքի՝ հեշտոցի միջից գտնում ենք խուղակի անցքը, հատում, կարում և փակում:


Գևորգ Կասյան


Շնորհակալ եմ պրոֆեսոր Գրաբսկուց` հրավերի համար: Մենք հին ծանոթներ ենք, սովորել ենք միասին՝ նույն կուրսում և, անգամ, նույն խմբում:
Ուրոլոգիան Հայաստանում բավականին լուրջ մակարդակի է հասել: Ռուսաստանի նույն տարիքի մասնագետների հետ համեմատած՝ Հայաստանի ուրոլոգներն ավելի զարգացած են, և դա մեր ընդհանուր մեծ նվաճումն է: Մեր համագործակցության ծրագիրը կարևորագույն նվաճումների է հասել այսօր:
Մեր երիտասարդ մասնագետները չեն վախենում բարդացած դեպքերի հետ գործ ունենալ և պատրաստ են սովորել իրականացնելու բարդագույն վիրահատություններ` պացիենտներին վերադարձնելու բոլորի կողմից սովորական ընկալվող առորյա կյանքի ռիթմին, ինչը տարիներ շարունակ նրանց համար բաղձալի էր: Բարեբախտաբար, ներկայում նման բարդություններով պացիենտներ ավելի քիչ են հանդիպում, իսկ մեր ծրագրի շրջանակում փորձում ենք նվազագույնի հասցել իրական թվերը:


Վիրահատություններ իրականացնելուց զատ, համագործակցությունն իր մեջ ներառում է նաև ուսուցողական մաս: Բաժանմունքի մի խումբ ուրոլոգներ մի քանի ամսով մասնագիտական պրակտիկա են անցել մեր կլինիկայում:  Այնպես որ, այս ծրագիրը շատ կարևոր է և՛ ուսուցողական, և՛ բարդացած դեպքերով հիվանդներին օգնություն ցուցաբերելու առումով: Ճիշտ է, ուրոգենիտալ խուղակից չեն մահանում, սակայն կյանքի որակը դրանից ծայրահեղ տուժում է: Եվ մենք շարունակելու ենք այս ծրագիրը:


 

 

01.10.2018