Նորություններ

Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը Հայաստանում տեղի կունենա 2019թ. հուլիսի 4-6-ը

Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը Հայաստանում տեղի կունենա 2019թ. հուլիսի 4-6-ը

2019 թվականի հուլիսի 4-6-ը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (ՀԲՄԿ) նախաձեռնությամբ Հայաստանում կկայանա հայ բժիշկների միջազգային 5-րդ համագումարը: Համագումարի ծրագրի  շրջանակներում սպասվում  է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների, առողջապահության ոլորտի մասնագետների, աշխարհասփյուռ հայ բժիշկների մասնակցություն: Նախատեսվում է քննարկվող թեմաների լայն շրջանակ՝ ներառելով ՀՀ եւ ԼՂՀ առողջապահությանն առնչվող բարդ խնդիրները, առողջապահության ոլորտի նորագույն ձեռքբերումները, տեխնոլոգիական առաջընթացները: 


Համաժողովի ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք համաժողովի նախագահ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի հետ:


Պարոն Չարչյանը պատմեց, թե ինչու համաժողովի էստաֆետը փոխանցվեց Հայաստանին. «Համաժողովներն իրականացվում են երկու տարին մեկ անգամ, ընդ որում, մեկընդմեջ` Հայաստանում: Վերջին համաժողովը կայացավ Արգենտինայում: Նախավերջինը`  2015 թվականին Սփյուռքում և  Հայաստանում տեղի ունեցած համաժողովից հետո,  նախկին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բժիշկների միջազգային համագումարի հայաստանյան հիմնադրամի  ղեկավար Արա Բաբլոյանի կողմից որոշվեց հաջորդ համաժողովի ղեկավարման  պատիվն ու պարտավորությունը փոխանցել ինձ: Արգենտինայում տեղի ունենալիք համաժողով մեկնեցինք որպես հաջորդ համաժողովի ընդունող կողմ: Հայաստանի պատվիրակության խմբում ի պաշտոնե  ներկայացա որպես հաջորդ  համաժողովի ղեկավար: Արգենտինայում մեր պատվիրակությունը ներկայացրեց մասնագիտական զեկույցներ, մասնակցեց տարբեր քննարկումների, կլոր սեղանների: Ակտիվ մասնակցությունը վկայում էր, որ արժանապատվորեն կարող ենք հաջորդ համաժողովի ընդունող կողմ լինել, ինչի մասին հայտարարեց ՀԲՄԿ նորընտիր նախագահը Վիգեն Սեպիլյանը: Այդ օրերին կարողացանք ձևավորել նոր ծանոթություններ ՀԲՄԿ ներկայացուցիչների հետ, այդ թվում՝  լիբանանահայերի, արգենտինահայերի, կանադահայերի բժշկական համայնքների հետ: Ներկաները մեծ խանդավառությամբ  բարձրաձայնեցին, որ պատրաստակամ են մասնակցել 2019-ին Հայաստանում կայանալիք համաժողովին»:

Գատնիք չէ, որ նման կարգի  միջոցառումներն  իրենց  ծավալային բնույթով ընդարձակ են:  Մեր զրուցակցից  տեղեկացանք նաև  համաժողովի նախապատրաստական աշխատանքների ներկայիս փուլի  և հետագա անելիքների մասին. «Աշխատանքներն ընթանում են տարբեր փուլերով ու ուղղություններով: Արդեն ձևավորվել են  աշխատանքային  և գիտական խմբերը: Այժմ ճշգրտում ենք հավանական մասնակիցների  քանակը  և ընթանում են բանակցային աշխատանքները: Այս բոլոր հարցերում իր աջակցությունն է ցուցաբերում վերջերս ԱՄՆ տեղափոխված բժիշկ  Գևորգ Յաղջյանը: Առաջիկայում կզբաղվենք սոցիալական ծրագրերի կազմավորմամբ, կհանդիպենք  համապատասխան կազմակերպությունների ղեկավարաների հետ»:


Հայաստանում անցկացվել են  բազմաթիվ բժշկական համաժողովներ։


Պարոն  Արմեն Չարչյանից փորձեցինք տեղեկանալ, թե այս համաժողովն ինչո՞վ է  առանձնանալու և ի՞նչ առաքելություն է ունենալու. «Մեր  համաժողովի կարգախոսն է   «Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության», ինչն ինքնին խոսուն է»:

13.09.2018