Նորություններ

Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը

Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը

Ի՞նչ է Ալցհեյմերի հիվանդությունը:

 

Ալցհեյմերի հիվանդությունը դասվում է կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների շարքին և բավական հաճախ է հանդիպում: Համարվում է, որ 65 տարեկանից հետո մարդկանց 10-15 տոկոսը, իսկ 80-ից հետո՝ 20 տոկոսն ու ավելին տառապում են Ալցհեյմերի հիվանդությամբ:

 

Հիվանդության ժամանակ ուղեղում տեղի է ունենում նյարդային բջիջների ատրոֆիա, ինչի արդյունքում փոքրանում են ուղեղի ծավալը, գալարները, լայնանում են գալարների միջև եղած ակոսները և ներուղեղային փորոքային համակարգը: Ատրոֆիան հիմնականում տեղի է ունենում ուղեղի ճակատային, գագաթային, քունքային բլթերում, հիպոկամպի, Մեյներտի բազալ կորիզի, երկնագույն բծի շրջանում՝ բերելով նեյրոտրանսմիտերային փոխանակության (նյարդային իմպուլսների հաղորդականության) խանգարման: Հաստատված է, որ այս հիվանդության ժամանակ հատկապես ացետիլխոլինային կապն է խանգարվում՝ ացետիլխոլինի քանակի պակասի հետևանքով:

 

Ի՞նչ է հայտնի Ալցհեյմերի հիվանդության ռիսկի գործոնների մասին:


Քանի որ Ալցհեյմերի հիվանդության պատճառը դեռևս վերջնականապես հայտնի չէ, չկան նաև հստակ ռիսկի գործոններ, որոնք կարող են նպաստել այս հիվանդության զարգացմանը:

Ո՞րն է հիվանդության զարգացման պատճառը:

 

Ալցհեյմերի հիվանդության էթիոլոգիային վերաբերող տասնյակ տեսություններ կան, սակայն դեռևս որևէ մեկը վերջնականապես հաստատված չէ:

 

Արդյո՞ք այն ժառանգական հիվանդություն է:

 

Ներկայումս շատ աշխատանքներ են կատարվում Ալցհեյմերի հիվանդության գենետիկ ծագումը պարզելու համար: Այս տեսության օգտին խոսում է այն փաստը, որ ժառանգականության մեջ Ալցհեյմերի հիվանդության առկայության դեպքում՝ սերունդների մոտ վերջինիս զարգացման հավանականությունը մի քանի անգամ ավելի շատ է: Այժմ անգամ որոշ գենային մուտացիաներ են հայտնաբերվել այս հիվանդների մոտ:

Ո՞րն է դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության տարբերությունը:

 

Եթե 40 տարեկանից հետո մարդու մոտ նկատվում է զարգացող դեմենցիա՝ թուլամտություն, ինտելեկտի իջեցում, հիշողության վատացում, որը 6 ամսից ավել է տևում, ապա կարելի է մտածել Ալցհեյմերի կամ որևէ այլ հիվանդության մասին: Դեմենցիան համախտանիշ է, որը կարող է դրսևորվել տարբեր հիվանդությունների ժամանակ: Դեմենցիա ունեցող հիվանդների 50-60 տոկոսը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, մնացած 40-50 տոկոսը՝ այլ հիվանդություններով: Դեմենցիայով ուղեկցվող հիվանդություններից առաջին տեղում Ալցհեյմերի հիվանդությունն է, երկրորդ տեղում՝ Լևիի մարմնիկների դեմենցիան, երրորդ տեղում՝ անոթային հիվանդությունները, ապա՝ ալկոհոլիզմը, դեղորայքային թունավորումները: Հազվադեպ, սակայն հնարավոր է դեմենցիա զարգանա նաև որոշ վիտամինների (վիտամին PP, B1, B12) երկարատև պակասի ժամանակ, էնդոկրին որոշ հիվանդությունների՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի իջեցման, Կուշինգի հիվանդության, հարվահանաձև գեղձի ախտահարման, երիկամային, լյարդային, թոքային հիվանդությունների, իմունային անբավարարության, քրոնիկական հիվանդությունների, նեյրոսիֆիլիսի, տուբերկուլյոզի, զանազան սնկային, մակաբուծային հիվանդությունների, գանգուղեղային լուրջ վնասվածքների, ուռուցքների, տարբեր թունավոր նյութերի ազդեցության ժամանակ, դիալիզային հիվանդների մոտ, Պարկինսոնի հիվանդության, բազմահամակարգային ատրոֆիայի, ցրված սկլերոզի, պորֆիրիայի, լեյկոդիստրոֆիաների ժամանակ և այլն: Սակայն Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ է ուղեղի ճակատային, գագաթային, քունքային բլթերի, հիպոկամպի, Մեյներտի բազալ կորիզի, երկնագույն բծի շրջանի ատրոֆիան, որն էլ օգնում է տարբերակիչ ախտորոշմանը:

Կարելի՞ է մոռացկոտությունը համարել նորմալ տարիքային փոփոխություն:


Եթե դա միայն մոռացկոտություն է և այն էլ մեծ տարիքում, ապա կարելի է համարել տարիքային նորմալ փոփոխություն: Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ են նաև շատ այլ գանգատներ:

 

Ալցհեյմերի հիվանդության զարգացումն ի՞նչ փուլերից է բաղկացած:

 

Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է բաժանել երկու խմբի՝ վաղ սկսվող (40-50 տարեկանում) և ուշ սկսվող (65-ից հետո): Որքան հիվանդությունը վաղ է սկսվում, այնքան ընթացքն ագրեսիվ է, նյարդաբանական դեֆիցիտն՝ արտահայտված:


Փուլերը հարաբերական են և հստակ սահմաններ չունեն: Առաջին փուլում արդեն կան ամնեստիկ, այսինքն հիշողության խանգարումներ: Այն 6 ամսից ավել է տևում, պրոգրեսիվում է և միանում են այլ ախտանիշներ: Երկրորդ շրջանն արդեն տարածված շրջանն է, երբ ինչպես հիվանդը, այնպես էլ հարազատներն արդեն զգում են վիճակի լրջությունը և դիմում են նյարդաբանի: Այս շրջանում հիվանդներն արդեն մասնակի խնամքի կարիք ունեն: Երրորդ շրջանում ախտանիշներն ավելի են խորանում, միանում են նաև հոգեկան խանգարման երևույթներ, հիվանդներն արդեն ունեն մշտական խնամքի կարիք և վտանգավոր կարող են լինել և իրենց, և շրջապատի համար:

Կլինիկորեն ինչպե՞ս է դրսևորվում Ալցհեյմերի հիվանդությունը: Ի՞նչ նախանշաններով և ախտանիշներով է այն արտահայտվում:

 

Ինչպես նշեցինք, սկզբնական շրջանում լինում են ամնեստիկ, այսինքն հիշողության խանգարումներ: Սկզբում դրանք այնքան թեթև են լինում, որ բացատրվում են սթրեսներով, ցրվածությամբ և այլն: Ապա հիվանդությունը պրոգրեսիվում է և միանում են այլ ախտանիշներ՝ աշխատունակության իջեցում, հետաքրքրությունների շրջանակի նեղացում, բնավորության անկայունություն, տագնապի զգացում, խոսքի խանգարումներ (հիվանդը միևնույն բանը կարող է մի քանի անգամ ասել, բառերը լավ չարտասանել), ճանաչողական ֆունկցիայի, ինտելեկտի իջեցում, տարածական ապակողմնորոշում: Առաջանում են կենցաղային դժվարություններ, երբ հիվանդն ինքնուրույն չի կարողանում պարզ առօրյա գործողություններ կատարել, անգամ հասարակ թվաբանական հաշվարկ անել, կարդալ, գազօջախը վառել, հագնվել (տաբատը կարող է գլխին հագնել, գուլպան՝ ձեռքին և այլն): Հաջորդ փուլում առաջանում են հոգեկան խանգարումներ՝ տրամադրության փոփոխություն, տագնապային վիճակներ, գրգռվածություն, զայրույթ, զառանցանքներ, խանդի արտահայտություններ, ծանր դեպրեսիա, էպիլեպտիկ ցնցումներ, գիտակցության կորուստ, պարկինսոնանման համախտանիշ: Այս շրջանում արդեն հիվանդներն ունեն մշտական խնամքի կարիք և նրանց վարքը, գործողությունները կարող են վտանգավոր լինել ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի համար:

Ինչո՞վ է վտանգավոր Ալցհեյմերի հիվանդությունը:


Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ինտելեկտի իջեցման արդյունքում իրականացված սխալ գործողությունները կարող են վնաս պատճառել ինչպես հիվանդին, այնպես էլ շրջապատին: Օրինակ, գազօջախը վառելիս հիվանդը կարող է հրդեհել տունը, կամ պարզապես պատուհանից ցած նետվել, ինչպես նաև վնասել իրեն կամ շրջապատի մարդկանց:

 

Ինչպե՞ս ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը:


Եթե դեմենցիան 6 ամսից երկար է տևում և այլ հիվանդությունները բացառվում են, արդեն պետք է մտածել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մասին, մասնավորապես Ալցհեյմերի հիվանդության մասին, որին բնորոշ է ՄՌՏ հետազոտությամբ ուղեղի կեղևի ատրոֆիայի սպեցիֆիկ տեղակայումները՝ ճակատային, քունքային և գագաթային շրջաններում:

Որքանո՞վ է բուժումն անհրաժեշտ: Ինչպե՞ս է կազմակերպվում բուժումը:
Բուժումը միայն դեղորայքային է, որն առանձնապես մեծ արդյունավետություն չունի: Առաջին հերթին նշանակվում են ացետիլխոլինի քանակն ավելացնող դեղամիջոցներ, երկրորդ խումբը նոոտրոպ պրեպարատներն են`ուղեղի բջիջների վիճակը լավացնող ազդեցությամբ, հաջորդը ախտանիշային բուժումն է (հակացավային, հակադեպրեսիվ, հանգստացնող դեղամիջոցներ և այլն):
12.Ի՞նչ կլինի, եթե բուժում չիրականացվի:


Հիվանդությունը քրոնիկական, պրոգրեսիվող է նույնիսկ բուժման դեպքում, պարզապես բուժման ժամանակ այդ ընթացքն ավելի դանդաղ է:


Ե՞րբ է խնամակալ անհրաժեշտ:


Խնամակալ անհրաժեշտ է, երբ հիվանդն արդեն չի կարողանում հասարակ կենցաղային գործողություններ կատարել ՝ հաց ուտել, հագնվել, սափրվել և այլն, երբ նույնիսկ բնակարանում չի կողմնորոշվում: Երկրորդ փուլում խնամակալը կարող է մշտական չլինել. որոշ գործողություններ իրականացնելուց հետո (հագցնել, կերակրել) հիվանդին կարող է մենակ թողնել, սակայն երրորդ փուլում, երբ հիվանդն արդեն վտանգ է ներկայացնում, նրան մշտական հսկողություն է անհրաժեշտ:


Կա՞ն խնամքի առանձնահատկություններ այս հիվանդության ժամանակ:


Խնամքի առանձնահատկությունները պայմանավորված են հիվանդության փուլով, առաջացած բարդություններով:


Հնարավո՞ր է կանխարգելել հիվանդությունը:


Ալցհեյմերի հիվանդությունը կանխարգելել հնարավոր չէ:

28.06.2018