Նորություններ

Ռևմատոլոգին հաճախ տրվող հարցերին պատասխանում է Զարուհի Սաֆարյանը

Ռևմատոլոգին հաճախ տրվող հարցերին պատասխանում է Զարուհի Սաֆարյանը

1.    Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:

Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական հյուսվածքի ախտահարումներով:

2.    Ի՞նչ ասել է շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ:

Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններն աուտոիմուն հիվանդություններ են, որոնց ժամանակ նորմալ շարակցական հյուսվածքը վերածվում է ֆիբրոզ հյուսվածքի՝ քայքայելով կոլագեն թելերը: Դրանք հիմնականում լինում են համակարգային և ընթանում են ներքին օրգանների ախտահարումով:

3.    Ի՞նչ ասել է աուտոիմուն հիվանդություններ:

Դրանք հիվանդություններ են, որոնց ժամանակ ընկճվում է օրգանիզմի իմունային համակարգը, երբ օրգանիզմը սեփական հյուսվածքը ճանաչում է որպես օտար: Շատ հաճախ այդ գործընթացը նույնպես համարում են համակարգային, որովհետև ախտահարվում է ամբողջ օրգանիզմը: Կան ռիսկի գործոններ, որոնք նպաստում են իմուն համակարգի ընկճմանը: Արդյունքում սինթեզվում են սպեցիֆիկ հակամարմիններ, որոնց ազդեցությամբ զարգանում են ոչ սպեցիֆիկ բորբոքային աուտոիմուն հիվանդություններ: Դրանք հիմնականում քրոնիկական են` ռեցիդիվող ընթացքով:

4.    Ի՞նչ խնդիրների, ախտանիշների դեպքում  դիմել ռևմատոլոգին:

Ռևմատոլոգին պետք է դիմել, երբ պացիենտն ունի համակարգային ախտահարման արդյունքում հենաշարժական համակարգի հետ կապված որևէ խնդիր՝ հոդացավեր, մկանային ցավեր, ջլերի, կապանների ախտահարում, դրան զուգահեռ՝ ներքին օրգանների ախտահարում, մաշկի ցանավորում, քաշի անկում, ախորժակի նվազում, մազաթափություն և այլն:

5.    Ինչի՞ վրա է ուշադրություն դարձնում ռևմատոլոգը, ի՞նչ է ստուգում:

Հիվանդի զննման ընթացքում ռևմատոլոգը նախ պացիենտին զննում է արտաքնապես՝ ակտի՞վ է, գերակտի՞վ է, թե՞՝ պասսիվ, հետևում է կեցվածքին, քայլվածքին: Շատ կարևոր դեր ունեն անամնեստիկ տվյալները. ունի՞ արդյոք պացիենտն ընդհանուր թուլություն, դողերոցք, քաշի, ախորժակի անկում, մազաթափություն, ճնշման տատանումներ, շարժումների սահմանափակում, քնի խանգարում, առատ քրտնարտադրություն, ներքին օրգանների ախտահարումների ախտանշաններ: Եթե  պացիենտը նշում է ամենահանդիպող գանգատներից մեկը՝ հոդացավերը, ուշադրություն է դարձվում, թե արդյո՞ք դա խոշոր կամ մանր հոդերում է, սիմետրի՞կ ախտահարում է, զննում է, թե նշված հոդի կամ հոդերի շրջանում առկա՞ են այտուցվածություն կամ կարմրություն, ցավերի բնույթն ինչպիսի՞ն է՝ սո՞ւր, թե` բութ, մշտակա՞ն, թե` ընդհատվող, գիշերայի՞ն, թե` առավոտյան, կա՞, արդյոք, շարժումների սահմանափակում: Այս հետազոտության արդյունքում հիվանդությունն ախտորոշվում է ըստ բնորոշ հավաքագրված համախտանիշի:

6.    Որո՞նք են ռևմատոլոգիական հիվանդությունների ռիսկի գործոնները:

Ռիսկի գործոնները բազմաթիվ են. սթրեսը, ժառանգական նախատրամադրվածությունը, ծխելը, որոշ դեղորայքային ազդեցություններ, ինֆեկցիոն գործոնը (մանրէների ազդեցությամբ հետագայում ռևմատիկ հիվանդությունների առաջացումը), հորմոնային ֆոնի փոփոխությունը (կարող է լինել հղիության ընթացքում կամ դաշտանադադարից հետո), քրոնիկ բորբոքման օջախները, սառեցումը և այլն:

7.    Մագնիսական փոթորիկները որևէ կերպ ազդո՞ւմ են ռևմատոլոգիական հիվանդությունների ընթացքի վրա:

Գիտական հետազոտություններ և ապացույցներ չկան այն մասին, բայց կա կարծիք, որ եթե արդեն առկա է հիվանդությունը և այն ուղեկցվում է սրտանոթային ու երիկամային ախտահարումներով, ապա այդ օրերին կարող են լինել և՛ ճնշման, և՛ պուլսի տատանումներ, և՛ ռիթմի փոփոխություններ, նաև` գլխացավ, գլխապտույտներ: Եղանակային փոփոխությունները նույնպես կարող են ազդեցություն ունենալ: Ամենախոցելի սեզոններն աշունը և գարունն են, երբ կա հիվանդությունների սրացման, կրկնման (ռեցիդիվման) մեծ վտանգ:  Որոշ մարդկանց մոտ նաև նկատվում է գերզգայնություն եղանակային փոփոխությունների, արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ: Ընդ որում, զգայուն կարող են լինել և՛ հիվանդները, և՛ առողջ մարդիկ, ովքեր կարծես թե զգում են դեռ չսկսված անձրևի մոտեցումը, վատ են զգում ամպոտ, անարև եղանակին, և եղանակը լավանալուն զուգահետ այդ անհարմարավետ զգացողությունն անցնում է:

8.    Ո՞ր ախտանիշներն են հուշում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին:

Հիմնական ախտանիշները հոդաբորբերը և հոդացավերն են, կարող են լինել նաև մկանային ցավեր, ջլերի, կապանների, ոսկրային ցավեր:

9.    Ռևմատոլոգիական հիվանդությունների ի՞նչ տեսակներ կան

Ինչպես այլ օրգան-համակարգերի հիվանդությունները, սրանք ևս ունեն իրենց բնորոշ դասակարգումը: Տարբերում ենք ռևմատիկ տենդը, համակարգային շարակցական հյուսվածքի բազմաթիվ հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, Շեգրենի հիվանդություն, դերմատոմիոզիտներ, խառը տիպի հիվանդություններ և այլն: Այլ խումբ են համակարգային վասկուլիտները: Մեծ խումբ են կազմում սերոնեգատիվ սպոնդիլոարթրիտները, արթրոպաթիաներով ուղեկցվող մետաբոլիկ խնդիրներն իրենց ենթատեսակներով, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ հանդիպող ռեակտիվ արթրիտները,  ժառանգական, էնդոկրին, ուռուցքային  հիվանդությունների ժամանակ` հոդային խնդիրները, որոնց թվում են արյան հիվանդությունները: Վերոնշյալ բոլոր խնդիրների ժամանակ  կարող են լինել հոդացավեր, հենաշարժական համակարգի, շարակցական հյուսվածքի տարբեր ախտահարումներ:

10.    Ի՞նչ անհրաժեշտ և լրացուցիչ հետազոտություններ է նշանակում ռևմատոլոգը:

Քանի որ ռևմատիկ հիվանդությունները հիմնականում ընթանում են համակարգային ախտահարմամբ, հետազոտությունները պետք է լինեն ծավալուն, որոնք ներառում են արյան, մեզի ընդհանուր հետազոտությունները, կենսաքիմիական հետազոտությունները, կան նաև շատ սպեցիֆիկ ռևմատիկ փորձեր, որոնք համարվում են ախտորոշիչ մարկերներ տվյալ հիվանդության համար: Լաբորատոր հետազոտություններից զատ, մեծ նշանակություն ունեն նաև գործիքային հետազոտությունները՝ ռենտգեն, ուլտրաձայնային, ՄՌՏ և ՀՏ հետազոտությունները:

11.    Ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակակից ի՞նչ մեթոդներ կան

Այսօր ամբողջ աշխարհում և հատկապես դեղ արտադրող երկրներում ֆարմինդուստրիան այնքան է զարգացած և շարունակում է զարգանալ, որ կան շատ արդյունավետ դեղեր` 21-րդ դարի ինովացիոն դեղորայք: Դրանք կենսակտիվ նյութեր են, մոտեցված են մարդու սեփական հակամարմիններին (սպիտակուցներին)` իմունոգլոբուլիններին: Դեղորայքային սպիտակուցային պատրաստուկներն օրգանիզմում փորձում են չեզոքացնել ախտաբանական հակամարմինները, որոնք սինթեզվում է հիվանդության ընթացքում: Այս բուժումն ունի նաև ախտաբանական նշանակություն, որովհետև ընկճում է նոր հակամարմինների սինթեզը: Պատրաստուկը հաշվարկվում է կիլոգրամ քաշին համապատասխան դոզայով: Արդյունավետությունը մեծ է, բայց հարյուր տոկոսանոց չէ, բայց, կարևորը, կարող են ապահովել կլինիկական ռեմիսիա (երբ հիվանդը չունի որևէ գանգատ և լաբորատոր հետազոտությունների ցուցանիշները նորմայի սահմաններում են): Ցավոք, այս պատրաստուկները շատ թանկ են և, ուրեմն` դժվարամատչելի:  Ոչ մի ապահովագրական կազմակերպություն հիվանդին չի ապահովվում նման դեղորայքով: Ձեռք  բերելն արդեն անհատական խնդիր է: Դրանցից մի քանիսը գրանցված են Հայաստանում և հնարավոր է ձեռք բերել:

12.    Ովքե՞ր հատկապես ուշադրություն ցուցաբերեն առողջության հանդեպ` չդառնալու ռևմատոլոգի պացիենտը:

Այն մարդիկ, ովքեր զերծ չեն ռիսկային գործոններից: Կարևոր է ապրելակերպի փոփոխությունը՝ առողջ սնունդը (բանջարեղեն, մրգեր` հատկապես իմուն համակարգն ակտիվացնող ցիտրուսայինը, կալցիումով, միկրոէլեմենտներով հարուստ կաթնամթերք, միսը ցանկալի է փոխարինել ձկնեղենով` որպես ձկան յուղի աղբյուր: Շատ օգտակար է ակտիվ ֆիզիկական կյանք վարելը: 

13.    Ի՞նչ սննդակարգ ընդունել ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ:

Հոդատապի ժամանակ խորհուրդ է տրվում հատուկ սննդակարգ, երբ արյան մեջ բարձր է միզաթթվի քանակը: Պետք է բացառել սննդի այն տեսակները (միս, լոբազգիներ), որոնք բերում են միզաթթվի սինթեզի:

14.    Ինչպե՞ս կանխարգելել ռևմատոլոգիական հիվանդությունները:

Հատուկ սպեցիֆիկ կանխարգելում չկա: Կանխարգելմանը կարող են նպաստել սննդակարգը, ակտիվ կյանքը (մարզումներ, լող, յոգա):

20.08.2018