Նորություններ

Կամուրջից նետված աղջկան բարդ վիրահատություն են արել․ պարզաբանում է բժիշկը

Կամուրջից նետված աղջկան բարդ վիրահատություն են արել․ պարզաբանում է բժիշկը

Աշտարակի կամուրջից նետված Անուշ Չ․-ի հետվիրահատական շրջանը լավ է ընթանում, առանձնահատուկ բարդացումներ նրա մոտ չկան։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Սահակ Սարիբեկյանը։

Նա պատմել է, որ կամուրջից ընկնելու հետեւանքով աղջկա մոտ առաջացել էին կոնքի ծանր վնասվածքներ սիմֆիզի միացման ճեղքվածքով, սիմֆիզը ձեւավորող ոսկրերի կոտրվածքներով, մի քանի մակարդակներում զստոսկրի մարմնի կոտրվածքով եւ մեկ բեկորի առկայությմաբ, որը ճնշում էր գործադրում միզապարկի վրա եւ խախտում էր փոքր կոնքի օղակի ընդհանուր կառուցվածքը:

Նաեւ աղջկա մոտ 11-րդ եւ 12-րդ ողերի կոտրվածքներ կային: Թեեւ ողնուղեղի կոմպրեսիա եւ նյարդաբանական խանգարումներ չկային, սակայն ողնուղեղային խողովակի խոռոչ բեկորների տեղաշարժումը հետագայում կարող էր հանգեցնել լուրջ բարդությունների:

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» ԲԿ «Արմենիա» ԲԿ-ից աղջիկը տեղափոխվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին, բայց անմիջապես վիրահատել հնարավոր չէր եղել։  Առաջին հերթին անհրաժեշտ է եղել նրա վիճակը կայունացնել եւ պատրաստել ամեն ինչ բարդ եւ երկարատեւ  վիրահատության համար: Անուշը վիրահատվել է հունվարի 4-ին:

4 ժամ տեւած վիրահատությունը, ինչպես պատմել է բժիշկ Սարիբեկյանը, բավական բարդ եւ ծանր էր: Զստաաճուկային մուտքով մասնագետները վերականգնել են փոքր կոնքի օղակի կառուցվածքը, սիմֆիզը, զստոսկրի կոտրվածքների հիմնական գոտիները:

Ոսկրերի ամրացման համար օգագործվել են եւ առանձին պտուտակներ եւ մետաղական հարթակներով պտուտակներ: Վիրահատության ժամանակ աղջկան մոտ 1300 մլ արյուն են ներարկել, որի ձեռք բերման հարցում աղջկա ընտանիքին օգնել է Աշտարակի քաղաքապետը:

Ինչ վերաբերում է ողերին, մասնագետները որոշել են դրանց ձեռք չտալ. ինչպես բացատրել է բժիշկը, մի քանի շաբաթվա ընթացքում անկողնային ռեժիմին հետեւելու դեպքում ողերը ինքնուրույն կսերտաճեն, դրա համար աղջկան եւս մեկ բարդ վիրահատության ենթարկելը, աննպատակահարմար են գտել:

«Մենք գոհ ենք վիրահատության արդյունքից: Հետվիրահատական շրջանը լավ է ընթանում, հիվանդի մոտ լուրջ բարդություններ չկան: Վիրահատությունից հետո եղավ միայն նստանյարդի ռեակցիան փոքր կոնքի օղակի վերականգնմանը եւ փոքր նյարդաբանական խախտումներ՝ ոտքի զգայունության կորուստ: Բայց մենք վստահ ենք, որ դա անցողիկ վիճակ է, այսինքն մի քանի շաբաթից ոտքի զգայունությունը կվերականգնվի»,- ասել է բժիշկը:

Առաջիկա 3-4 շաբաթն Անուշը պետք է անկողնում անցկացնի եւ չշարժվի, որպեսզի նրա ողերը ինքնուրույն սերտաճեն: Ավելի ուշ նյարդավիրաբույժի թույլտվությամբ նրան կոշտ կորսետ կհագցնեն եւ նա կկարողանա նստել, իսկ հետո վեր կենալ եւ քայլել:

«Մենք բավական լավատեսորեն ենք տրամադրված եւ վստահ ենք, որ այս բուժումից հետո մենք բավականին բարձր կլինիկական էֆֆեկտ կունենանք: Իհարկե, նման լուրջ վնասվածքները չեն կարող որեւէ հետեւանք չթողնել, բայց վստահ եմ, որ աղջիկը կկարողանա նորմալ քայլել», - ասել է Սահակ Սարիբեկյանը:

Ընդհանուր առմամբ վերջին երեք ամիսների ընթացքում Սահակ Սարիբեկյանը եւ նրա թիմը վիրահատել են ծանր վնասվածքներով եւ կոնքի կոտրվածքներով երեք հիվանդի: Առաջինը  տղամարդ էր, որն ընկել էր իր տան տանիքից. երկրորդ տղամարդը լուրջ վթարի էր ենթարկվել եւ բազմաթիվ կոտրվածքներ ստացել: Երրորդը` 23-ամյա Անուշ Չ.-ն էր, որին դեկտեմբերի 15-ի գիշերը գտել էին Աշտարակի կամուրջի տակ: Նրա կոտրվածքները, ըստ բժիշկ Սարիբեկյանի, ամենածանրն էին, եւ վիրահատությունը շատ ավելի բարդ էր, քան նախորդ երկուսը:

Անուշի վիրահատությունը մասամբ պետպատվերով էր վճարվել, սակայն նրա ընտանիքը պետք է 350 հազար դրամ համավճար տար: Քանի որ ընտանիքը ունեւոր չէ, իսկ աղջկա վիճակը ծանր էր եւ անհապաղ միջոցների ձեռնարկում էր պահանջվում, «Իզմիրլյան» կենտրոնն այդ ծախսերն իր վրա է վերցրել: Ավելին՝ տնօրենը եւ նրա գործընկերները աղջկան տրամադրել են թանկարժեք մետաղական իմպլանտներ, որոնք եւս պետպատվերում ներառված չէին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Աշտարակի կամուրջի տակ փրկարարները հայտնաբերել են 23-ամյա Ա.Չ.-ին: Նա տեղափոխվել էր Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից շուտով Երեւան էր տեղափոխվել: Աղջիկն ուներ վերջույթների բազմաթիվ կոտրվածքներ եւ գլխի վնասվածքներ:

«Արմենիա» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի կենտրոնում որոշ ժամանակ անցկացնելուց հետո նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Անուշի հարազատները պատմել են, որ աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել աշխատանք գտնելու մի շարք անհաջող փորձերից հետո: Աունուշ Չ.-ն բուժքրոջ մասնագիտությամբ է սովորել, բայց չէր կարողանում աշխատել մասնագիտությամբ` ոչ իր հայրենի Աշտարակում, ոչ Երեւանում: Ըստ հարազատների՝ այդ ապրումների պատճառով էլ նա դիմել էր այդ քայլին:

12.01.2018