Նորություններ

«Հենց այնպես մեդալներ չեմ շնորհում…»

«Հենց այնպես մեդալներ չեմ շնորհում…»

Գրիշա Սարգսյանը «Փառապանծ մարտիկ» մեդալ և պատվոգիր հանձնեց ճանաչված և սիրված բժիշկ, մեծ հայրենասեր Արմեն Չարչյանին

Արմեն Գերասիմի Չարչյանին մեր հայրենիքում շատերը գիտեն որպես Վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ,
Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար
և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն…

Բայց կարծում ենք, վաղուց եկել է ժամանակը մեր ժողովրդին իրազեկելու նաև, որ Արմեն Չարչյանը առաջին հերթին մեծ հայրենասեր է և իր Հայրենիքի սահմանների անառիկության, ազատության և Հայաստան երկրի հզորության համար մտահոգ զինվոր, նվիրյալ մարդ և մտավորական:

Այդ նա էր, որ Արցախյան ազատամարտի օրերին, մեր սուրբ հայրենիքի ազատության կանչով, թողեց իր հարմարավետ կաբինետն ու մեկնեց ռազմի դաշտ և հենց այնտեղ` սուրացող գնդակների ներքո, մահվան վտանգը աչքի առաջ, վրանի տակ, կատարեց աներևակայելի խիզախություն պահանջող իր վիրահատությունները` երկրորդ կյանք պարգևելով մեր զինվորներին:

Արմեն Չարչյանը մինչ օրս հայրենիքի ազատության համար կռված և վիրավորում ստացած զինվորների կողքին է, բարեգործական հիմունքներով կատարել է տասնյակ վիրահատություններ և կազմակերպել հայրենյաց զինվորների անվճար բուժումները տարբեր բուժհիմնարկներում:

Բժշկի նվիրվածությունն ու հայրենասիրությունը բնութագրող հերթական քայլը անցյալ տարվա ապրիլյան պատերազմին հաջորդած օրերն էին, երբ նա բազմաթիվ անքուն գիշերներ անցկացրեց վիրահատական սեղանների շուրջ` կատարելով աներևակայելի բարդ վիրահատություններ…

Եվ ամենևին էլ պատահական չէր, որ օրերս միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի և ոստիկանության ռազմականացված ջոկատի՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ Գրիշա Սարգսյանի կողմից հայրենասեր բժիշկ Արմեն Չարչյանն արժանացավ «Փառապանծ մարտիկներ» ՀԿ պատվոգրին և «Փառապանծ մարտիկ» մեդալին:

– Ես գիտեմ, որ մեր ժողովուրդը սիրում և հարգում է Արմեն Չարչյանին,- մեր զրուցի ժամանակ նշեց գնդապետ Գրիշա Սարգսյանը,- և ամենքը գիտեն, որ ես հենց այնպես մեդալներ չեմ շնորհում: Մեր զինակից ընկեր Արմեն Չարչյանն արժանի է Հայրենքի լավագույն պարգևներին, իմ հարյուրավոր ազատամարտիկ ընկերները տեսել են նրա սխրանքները պատերազմական պայմաններում, նա մեծ բարեգործ է, նաև իսկական զինվոր և իրոք` փառապանծ մարտիկ:

Մեզ մնում է միայն ավելացնել` շնորհավոր պարգևդ, սիրելի բժիշկ Արմեն Չարչյան: Քո նվիրական բոլոր գործերում թող Աստված պահապան լինի քեզ…

 

Սկզբնաղբյուր. henaran.am

 

 

06.11.2017