Հաճախ տրվող հարցեր

  • Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)

    1. Հաճախակի գլխացավերի դեպքում ո՞ր շրջանում իրականացնել ՄՌՏ:

    Գլխացավերի դեպքում հետազոտվում է գլխուղեղը՝ ներառելով հարքթային խոռոչները, ողնաշարի պարանոցային հատվածը, ինչպես նաև գլուխը (անգիոգրաֆիկ ռեժիմով): Բայց, քանի որ մոլորակի բնակչության շուրջ 80%-ը տառապում է գլխացավերից, իսկ 25%-ն ունի ամենօրյա արտահայտված գլխացավ, ոչ միշտ է, որ հնարավոր է ՄՌՏ-ի օգնությամբ հայտնաբերել գլխացավի պատճառը:

    2. Երեխաների մոտ ո՞ր տարիքից  է ցուցված  ՄՌՏ հետազոտությունը:

    ՄՌՏ հետազոտություն կարելի է իրականացնել ցանկացած տարիքում: Մինչև 5-6 տարեկան երեխաների մոտ (բժշկի ուղեգրի առկայությունը պարտադիր է) կատարվում է ընդհանուր անզգայացմամբ:

    3. Արդյո՞ք վտանգավոր է ՄՌՏ–ն:

    ՄՌՏ-ն անվտանգ հետազոտություն է:

    4. Կարելի՞ է կատարել ամբողջ օրգանիզմի ՄՌՏ:

    Թեև հետազոտությունն անվտանգ է, ամբողջ օրգանիզմի ՄՌՏ ցանկալի չէ, քանի որ դա ծավալուն և երկարատև աշխատանք է: Ամբողջ օրգանիզմի ՄՌՏ կատարվում է միայն օնկոսքրինինգի դեպքում, որի ժամանակ հետազոտությունը տևում է 40-45 րոպե:

    5. ՄՌՏ հետազոտություն անցնելու համար պարտադի՞ր է բժշկի ուղեգիրը:

    Պարտադիր չէ, սակայն ցանկալի է, քանի որ հետազոտող բժշկի նախնական ախտորոշումն օգնում է ճիշտ կողմնորոշվել:

    6. Որքա՞ն հաճախ կարելի է ՄՌՏ հետազոտություն անցնել:

    Թեև հաճախականության առումով այս հետազոտությունը չունի սահմանափակում, այն անհրաժեշտ է իրականացնել միայն ցուցման դեպքում:

    7. Կարելի՞ է ՄՌՏ հետազոտություն անցնել կանխարգելիչ նպատակով:

    Դա ցանկալի չէ, ՄՌՏ իրականացվում է այն դեպքերում, երբ այլ ախտորոշիչ միջոցները համարվում են պակաս տեղեկատվական:

    8. Ի՞նչ է ՄՌ-անգիոգրաֆիան:

    ՄՌ-անգիոգրաֆիայի օգնությամբ կարելի է ստանալ ցանկացած օրգանի, օրգանիզմի ցանկացած հատվածի անոթային ցանցի պատկեր՝ առանց կոնտրաստային նյութի կիրառման: Եթե ՀՏ-անգիոգրաֆիայի ժամանակ անոթների համար անհրաժեշտ է կոնտրաստ նյութ, այս դեպքում որպես կոնտրաստ նյութ է հոսող արյունը:

    9. ՄՌՏ արդյունքները CD սկավառակի վրա տրվու՞մ է պացիենտին:

    Այո, հետազոտության արդյունքները, սովորաբար, թվային տարբերակով տրվում են պացիենտին, ինչը հատկապես կարևոր է, երբ պացիենտը դինամիկ հսկողության կարիք ունի:

    10. Հղիությունը հակացուցու՞մ է ՄՌՏ հետազոտություն իրականացնելու համար:

    Հղիությունը հակացուցում չէ: Խորհուրդ չի տրվում մինչև երեք ամսական հղիներին հետազոտվել նոր և հզոր սարքավորումներով:

    11. Բժիշկը ներկա՞ է ՄՌՏ հետազոտության ժամանակ:

    Հետազոտության ժամանակ բժիշկը ներկա է, քանի որ երբեմն ընթացիկ փոփոխությունների կարիք է լինում:

    12. Ինչպիսի՞ տոմոգրաֆներ գոյություն ունեն:

    Տոմոգրաֆները տարբերվում են ըստ հզորության. ցածր համարվում են 1-ից պակաս, իսկ բարձր` 1 և ավելի տեսլա հզորության սարքերը:

    13. ՄՌՏ հետազոտության ժամանակ ինչո՞ւ է պարտադիր անշարժությունը:

    ՄՌՏ հետազոտությունը զգայուն է շարժման նկատմամբ: Ցանկացած շարժման դեպքում առաջանում են արտեֆակտներ, ինչի համար հիվանդից պահանջվում է անշարժություն: Դա խնդիր է հատկապես երեխաների հետազոտության ժամանակ, քանի որ նրանց դժվար է համոզել 20-25 րոպե անշարժ մնալ:

    14. Որքա՞ն է տևում  ՄՌՏ հետազոտությունը:

    Ժամանակակից սարքերով ողնաշարի գոտկային հատվածի հետազոտությունը տևում է 13-15 րոպե, գլխուղեղի հետազոտությունը` մոտավորապես 17 րոպե: Կախված ախտաբանության տեսակից, երբեմն հետազոտությունը կարող է ավելի երկար տևել:

    15. Ի՞նչ հակացուցումներ կան:

    ՄՌՏ հետազոտության բացարձակ հակացուցումը օրգանիզմում մետաղական  կոնստրուկցիաների,  կարդիոստիմուլյատորների, լսողական սարքերի, ինսուլինային ներարկիչների առկայությունն է: Նման դեպքերում կարելի է ՀՏ հետազոտություն անցնել: Ստոմատոլոգիայում կիրառվող նյութերը խոչընդոտ չեն ՄՌՏ անցնելու:

    16. Հնարավո՞ր է ՄՌՏ հետազոտությամբ ախտորոշել կաթվածը:

    Կաթվածի դեպքում այս մեթոդը համարվում է ամենատեղեկատվականը:

    17. Ի՞նչ է կոնտրաստավորմամբ ՄՌՏ-ն:

    Այս հետազոտության ժամանակ ախտաբանության կամ գոյացության հայտնաբերման համար ներերակային ներարկվում է կոնտրաստ նյութ:

    18. ՄՌՏ-ով տեսանելի՞ է ուռուցքի առկայությունը:

    Այո:

    19. Հոդերի հետազոտության համար ի՞նչն է նախընտրելի՝  ՄՌՏ, թե` ՀՏ:

    Ոսկրային կոտրվածքների դեպքում նախընտրելի է ՀՏ-ն, որովհետև սա ավելի կարճատև հետազոտություն է և տուժածը երկար չի հետազոտվում: Եթե կոտրվածքը ներհոդային է և ներառում է աճառներ ու կապաններ, նախընտրելի է ՄՌՏ-ն:
    Ոչ վնասվածքային ծագման ախտաբանությունների դեպքում՝ միանշանակ ՄՌՏ:

    20. Կարելի՞ է ՄՌՏ կատարել պերմանենտային դիմահարդարման առկայությամբ:

    Մետաղական բաղադրություն ունեցող դիմահարդարման առկայության դեպքում պացիենտից նախապես պահանջվում է մաքրել այն:

    21. ՄՌՏ-ի ընթացքում պե՞տք է պահել շնչառությունը:

    Որոշ դեպքերում հարկ է լինում կարճատև պահել շնչառությունը, օրինակ, որովայնի հետազոտության ժամանակ:

    22. Ինչպե՞ս է ՄՌՏ-ի ժամանակ կայացվում կոնտրաստանյութի օգտագործման մասին որոշումը:

    Կոնտրաստ նյութի կիրառման որոշումը կայացնում է բժիշկ-ռադիոլոգը, ով հետևում է հետազոտության ընթացքին և հարկ եղած դեպքում այն շարունակում կոնտրաստ նյութի ներարկմամբ: Դա կատարվում է բուն հետազոտության ավարտից հետո և տևում է 5-7 րոպե:

    23. Հնարավո՞ր է ՄՌՏ-ով ախտորոշել ապենդիցիտը:

    Կարելի է, սակայն այլ ախտորոշիչ մեթոդները կարող են բավարար լինել:

    24. Հնարավո՞ր է ՄՌՏ հետազոտությամբ որոշել ուռուցքի բնույթը (բարորակ կամ չարորակ):

    Հնարավոր է, սակայն ՄՌՏ-ն չի կարող փոխարինել հյուսվածաբանական հետազոտությանը:

    25. Ռենտգեն նկարի վրա տեսանելի՞ են ողնաշարի ճողվածքները:

    Ոչ, քանի որ այս դեպքում գործ ունենք աճառային հյուսվածքի հետ:

    26. Մենիսկի վնասումը հնարավո՞ր է հայտնաբերել ՄՌՏ հետազոտությամբ:

    Այո:

    27. Տոմոգրաֆի ինչպիսի՞ հզորություն է անհրաժեշտ որովայնի խոռոչի որակյալ ՄՌՏ հետազոտության համար:

    Տոմոգրաֆի հզորությունը պետք է լինի 1.5 տեսլա և ավելի:

    28. Հնարավո՞ր է ՄՌՏ-ով ախտորոշել պրոստատիտը:

    Այո, ինչպես նաև՝ պրոստատի ուռուցքները:

    29. Հնարավո՞ր է ՄՌՏ-ով ախտորոշել արտարգանդային հղիությունը:

    Այո:

    30. Հնարավո՞ր  է աղիների ախտաբանության ախտորոշում ՄՌՏ հետազոտությամբ:

    Դա նոր խոսք է ՄՌՏ ոլորտում, որն առաջադիմորեն զարգանում է ամբողջ աշխարհում, հատկապես որոշ հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման գործընթացում՝ խոցային կոլիտ, ոչ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն և այլն: Ներկայումս ՄՌՏ-ն գործիքային հետազոտության միակ մեթոդն է, որը կարող է վերոնշյալ երեք միմյանց բավականին նման ախտաբանությունները տարբերակել:

    31. Հնարավո՞ր է ՄՌՏ հետազոտությամբ ախտորոշել ստամոքսի խոցը:

    Այո, հնարավոր է: Պացիենտը հետազոտությանը պետք է ներկայանա քաղցած: Նախապես   մեկ-երկու բաժակ ջուր կամ խնձորի հյութ է խմում պացիենտը և սկսվում է հետազոտությունը:

    32. Ո՞րն է նախընտրելի՝ ռենտգե՞նը, թե` ՄՌՏ-ն:

    Եթե կոտրվածք է` ռենտգեն: Կան ախտաբանություններ, որոնք հնարավոր չէ ախտորոշել ռենտգեն հետազոտությամբ, այդ դեպքում օգնության է հասնում ՄՌՏ-ն:

    33. Հնարավո՞ր է ՄՌՏ-ի օգնությամբ որոշել լսողության վատացման պատճառը:

    Հնարավոր է, քանի որ մեծ մասամբ լսողությունը վատանում է ներքին ականջի և լսողական նյարդի հետ կապված խնդիրների դեպքում, որոնք այս հետազոտությամբ լավ տեսանելի են:

    34. ՄՌՏ-ի ժամանակ ո՞ր դեպքերում է կոնտրաստավորումը հաճախակի օգտագործվում:

    Կոնտրաստ նյութի կիրառմամբ ՄՌՏ իրականացվում է ուռուցքների ժամանակ: Հազվադեպ կոնտրաստ նյութ ներարկվում է նաև այլ ախտաբանությունների դեպքում:  

    35. Ի՞նչ է դինամիկ կոնտրաստավորմամբ ՄՌՏ-ն:

    Դինամիկ կոնտրաստավորման ժամանակ սարքը միաժամանակ ներարկում է կոնտրաստը և իրականացնում հետազոտությունը: Դա նույն հատվածի անընդհատ, շատ կարճատև (մոտավորապես 5-7 վայրկյան) հետազոտութունն է, որի օգնությամբ հնարավոր է տեսնել, թե այս կամ այն գոյացության մեջ ինչ արագությամբ է կուտակվում և ազատվում կոնտրաստը, ինչը լրացուցիչ ախտորոշիչ տեղեկատվություն է:

    36. Ի՞նչ է բոլյուսային կոնտրաստավորմամբ ՄՌՏ-ն:

    Բոլյուսային կոնտրաստավորմամբ հետազոտության ընթացքում կոնտրաստի կուտակումը տեղի է ունենում հենց օրգանի կողմից, ինչը հնարավորություն է տալիս տեսնել օրգանը կոնտրաստավորման զարկերակային, պարենքիմատոզ և երակային փուլերում:  Երիկամների պարագայում հնարավոր է ստանալ նաև միզարտազատական փուլ:

    37. Կարելի՞ է կերակրող մայրերին` ՄՌՏ:

    ՄՌՏ-ն կրծքով կերակրող մայրերին հակացուցված չէ, սահմանափակված է միայն կոնտրաստանյութի կիրառությունը, որի անհրաժեշտության դեպքում կերակրումը դադարեցվում է մեկ օրով:

    39. Որքա՞ն ժամանակում են պատրաստ լինում ՄՌՏ հետազոտության արդյունքները:

    Սովորաբար եզրակացությունը տրվում է 24 ժամվա ընթացքում: Եթե պացիենտն ունի շտապ բուժօգնության կարիք, պատասխանը տրվում է անմիջապես հետազոտությունից հետո:

    40. Կա՞ն  ՄՌՏ-ի իրականացման սահմանափակումներ` պացիենտի քաշի հետ կապված:

    Նոր սերնդի սարքերը պացիենտի քաշի հետ կապված որևէ սահմանափակում չունեն՝ կարող են հետազոտվել անգամ մինչև 200 և ավելի կգ քաշով պացիենտները:

    41. ՄՌՏ-ի օգնությամբ ո՞ր հոդերը կարելի է հետազոտել:

    Հետազոտել հնարավոր է բոլոր հոդերը, իսկ առավել հաճախ՝ խոշոր հոդերը (ծնկան, ուսային, սրունք-թաթային և կոնքազդրային):

        


  • Շագանակագեղձի հիվանդություններին վերաբերող հաճախակի տրվող հարցեր

    1.    Ի՞նչ է շագանակագեղձի բորբոքումը:

    Շագանակագեղձի բորբոքումը` պրոստատիտը (prostatitis, prostata – շագանակագեղձ + -itis-բորբոքում), տերմին է, որը բնութագրում է շագանակագեղձի բորբոքային վնասումը: Այն բավականին տարածված խնդիր է: Ուրոլոգիական ախտորոշումների մեջ պրոստատիտը 50 տարեկանից երիտասարդ տղամարդկանց շրջանում առաջին տեղում է, իսկ 50 տարեկանից հետո երրորդ տեղում` զիջելով շագանակագեղձի բարորակ գերաճին և քաղցկեղին:

    2.    Ինչո՞վ է տարբերվում բակտերիալ պրոստատիտը ոչ բակտերիալ պրոստատիտից:

     Ըստ պատճառային գործոնի տարբերում են բակտերիալ և աբակտերիալ պրոստատիտ: Բակտերիալ պրոստատիտ անվանում են, երբ լաբորատոր անալիզներով հաստատվում է ինֆեկցիոն գործոնի առկայությունը: Ընդ որում, սուր բակտերիալ պրոստատիտի հիմնական հարուցիչներն են գրամ-բացասական էնտերոբակտերիաները (հատկապես աղիքային ցուպիկը`65-80%), որոնք գտնվում են առողջ մարդու ստամոքս-աղիքային համակարգում: Մոտ 10-15% դեպքերում հանդիպում են Pseudomonas aeruginosa, Serratia species, Klebsiella species և Enterobacter aerogenes: Խրոնիկ բակտերիալ պրոստատիտի դեպքում հարուցիչների սպեկտրը շատ ավելի լայն է: Աբակտերիալ պրոստատիտի դեպքում հարուցիչ չի հայտնաբերվում: Այն առաջանում է փոխկապակցված բորբոքային, իմունոլոգիական, էնդոկրին, մկանային, նյարդային և փսիխոգեն մեխանիզմներով, որոնք ինիցիատոր են հանդիսանում գենետիկորեն կամ անատոմիորեն նախադրամադրված տղամարդկանց մոտ:

    3.    Որո՞նք են պրոստատիտի ռիսկի գործոնները:

    Պրոստատիտի ռիսկի գործոններից են ընդհանուր սառեցումը, քիչ շարժուն կենսակերպը (հատկապես երկարատև նստած աշխատողների մոտ), մշտական փորկապությունները, սեռական ակտիվության նորմալ ռիթմի խանգարումը (չափից դուրս սեռական ակտիվություն կամ երկարատև բացակայություն), խրոնիկ հիվանդությունների կամ խրոնիկ բորբոքման օջախների առկայությունը օրգանիզմում, ուրոլոգիական այլ ինֆեկցիոն հիվանդությունները և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, իմուն համակարգն ընկճող վիճակները (խրոնիկ սթրեսներ, վատ սնուցում, անքնություն, մարզիկների շատ ծանրաբեռնված պարապմունքներ),  միզապարկի կաթետերիզացիան, տրանսուրետրալ վիրահատությունները և այլն:

    4.    Որո՞նք են պրոստատիտի պատճառները:

    Ինչպես նշվեց վերևում բակտերիալ պրոստատիտի պատճառը տարբեր ախտածին և ֆակուլտատիվ-ախտածին միկրոբներն են, որոնք հաճախ լինում են համակցված: Ցանկացած ընդհանուր կամ տեղային խնդիր, որը կնպաստի բակտերիաների թափանցմանը շագանակագեղձ և գաղութների առաջացմանը, կարող է առաջացնել սուր բորբոքում: Աբակտերիալ պրոստատիտի դեպքում պատճառ կարող են հանդիսանալ տարբեր անհայտ անտիգեններ (աուտոիմուն մեխանիզմ), քիմիական գործոններ (մեզի և նրանում առկա մետաբոլիտների ռեֆլյուքսի հետևանք դեպի շագանակագեղձ), կոնքի հատակի մկանների անոմալիաները, նյարդային սենսիբիլիզացիան, փսիխոլոգիական գործոնները և այլն:

    5.    Ի՞նչ պատճառներից կարող է մեծանալ կամ աճել շագանակագեղձը:

    Շագանակագեղձը կարող է մեծանալ բարորակ և չարորակ նորագոյացությունների, ինպես նաև սուր բորբոքման հետևանքով: Եթե վերջին դեպքում շագանակագեղձի չափերի մեծացման պատճառը հիմնականում այտուցն է, ապա առաջին երկու դեպքերում գեղձը մեծանում է հենց հյուսվածքային բաղադրիչների հաշվին և կարող է գերազանցել նորման (մինչև 30մլ) մի քանի անգամ:

    6.    Եթե կա ադենոմա, ուրեմն չի՞ կարող լինել չարորակ ուռուցք:

    Ադենոման պրոստատի բարորակ գերաճն է և հիմնականում առաջանում է շագանակագեղձի անցումային զոնայի հյուսվածքից: Այս դեպքում բջիջները և հյուսվածքը պահպանում են տարբերակման աստիճանները և նրա աճը վերահսկելի է: Շագանակագեղձի քաղցկեղն առաջանում է հիմնականում պերիֆերիկ զոնայից: Այն կորցնում է նորմալ հյուսվածքին բնորոշ տարբերակումը և նրա աճը դառնում է անկառավարելի, եթե ժամանակին համապատասխան բուժական միջոցառումներ չսկսվեն: Քանի որ շագանակագեղձի ադենոման և քաղցկեղը ի սկզբանե տարբեր ախտաբանական պրոցեսներ են, ապա նրանց գոյությունը կախված չէ մեկը մյուսից, այսինքն, ադենոմայի առկայությունը չի բացառում չարորակ ուռուցքը:

    7.    Շագանակագեղձի ադենոմա, պրոստատիտ և շագանակագեղձի չարորակ ուռուցք, այդյո՞ք նույն բանն են:

    Այս երեք հիվանդությունները իրարից լրիվ տարբեր պաթոլոգիաներ են: Շագանակագեղձի ադենոման կամ բարորակ հիպերպլազիան տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող բարորակ ուռուցքն է: Այն շագանակագեղձի ստրոմայի և գեղձային հյուսվածքի հիպերպլազիան է, և առաջացման հիմնական գործոններն են արական սեռական հորմոնները (դիհիդրոտեստոստերոն), ժառանգական նախատրամադրվածությունը և ծերացումը: Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց չարորակ ուռուցքների շարքում երկրորդ տեղն է գրավում: Այն կարող է առաջանալ շագանակագեղձի տարբեր հյուսվածքային բաղադրիչներից, և ըստ դրա տարբերում են ադենոկարցինոմա (ավելի քան 95%), անցումաբջջային քաղցկեղ, ԱՊՈՒԴոմա, սարկոմա: Իսկ պրոստատիտը շագանակագեղձի բորբոքային պրոցեսն է, որի մասին քննարկվել է վերևում:

    8.    Ադենոման կարո՞ղ է վերափոխվել չարորակ ուռուցքի:

    Ոչ: Շագանակագեղձի ադենոման և չարորակ ուռուցքը կարող են հանդիպել միասին, սակայն դրանք տարբեր պրոցեսներ են և չեն կարող մեկը մյուսին վերափոխվել: Պետք է նշել, որ ախտանիշները երկուսի դեպքում էլ նույնն են լինում սկզբնական շրջանում:

    9.    Շագանակագեղձի հիվանդություններն ի՞նչ ախտանիշներով կարող են դրսևորվել:

    Վերոնշյալ երեք հիվանդությունների դեպքում էլ հնարավոր է ստորմիզապարկային օբստրուկցիա, որը դժվարացնում է միզապարկի դատարկումը և բերում դրա կոմպենսատոր փոփոխությունների: Սուր պրոստատիտին բնորոշ ախտանիշներն են տարբեր տեղակայման և ինտենսիվության ցավը (շագանակագեղձի, շեքի, փոշտի, առնանդամի, սրբոսկրի, ազդրերի ներսային մակերեսների շրջանում), դիզուրիկ երևույթները (ներառյալ սուր միզակապությունը), տենդը, դողը, սարսուռը և ընդհանուր ինտոքսիկացիայի այլ նշաններ: Խրոնիկ պրոստատիտի դեպքում հիմնական ախտանիշներն են ցավերը, միզարձակության խանգարումները, էրեկտիլ դիսֆունկցիան, ընդհանուր թուլությունը, հոգնածությունը: Շագանակագեղձի ադենոմայի և քաղցկեղի դեպքում գերակշռում են ստորին միզուղիների սիմպտոմները, որոնք բաժանվում են երեք խմբի` իրիտատիվ (հաճախամիզություն, գիշերային հաճախամիզություն, ուրգենտ միզարձակություն), օբստրուկտիվ (դժվարամիզություն, ընդհատվող միզարձակություն, մեզի շիթի թուլացում, միզարձակության սկզբի ուշացում) և միզարձակությունից հետո ախտանիշներ (կաթիլներ միզարձակության վերջում, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում)։

    10.    Ի՞նչ ախտանիշներով է դրսևորվում շագանակագեղձի չարորակ ուռուցքը:

    Շագանակագեղձի չարորակ ուռուցքի տեղային ախտանիշները հիմնականում նույնն են, ինչ ադենոմայի ժամանակ։ Դրանք ստորին միզուղիների ախտանիշներն են, որոնք թվարկվել են վերևում։ Հիվանդության տեղային տարածման, մոտակա կամ հեռակա մետաստազների դեպքում կարող են դիտվել ցավեր գոտկային շրջաններում, ոսկրերում և այլ օրգաններում։ Մետաստազավորման դեպքում կարող են հայտնվել տվյալ օրգանին բնորոշ գանգատներ՝ նյարդաբանական խանգարումներ (գլխուղեղ, ողնաշար), հազ, արյունախխում (թոքեր), հիմնականում ստորին վերջույթների այտուց, ինչպես նաև ուռուցքային ինտոքսիկացիայի ընդհանուր երևույթներ (քաշի կորուստ, ախորժակի իջեցում, սակավարյունություն):


    11.    Պրոստատիտն ի՞նչ հնարավոր բարդություններ կարող է ունենալ:

    Սուր պրոստատիտի բարդություններից են շագանակագեղձի թարախակույտի առաջացումը, բորբոքման տարածումը հարակից օրգաններին (սերմնաբշտեր, սերմնաթմբիկ, միզուկ, ամորձիներ և այլն)։ Հեռակա բարդություններից են շագանակագեղձի սկլերոզը (կնճռոտում), քարերի, կիստաների առաջացումը, որոնց հետևանքով խանգարվում է նրա նորմալ ֆունկցիան։ Հնարավոր է նաև էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացում, սերմնաժայթքման խանգարումներ և անպտղություն։

    12.    Ինչի՞ համար է անհրաժեշտ շագանակագեղձի բիոփսիան:

    Շագանակագեղձի բիոպսիայի նպատակն է ստանալ շագանակագեղձի հյուսվածք, կատարել նրա հյուսվածքաբանական քննություն և հայտնաբերել, արդյոք գեղձում առկա փոփոխությունները կրում են բարորակ, թե չարորակ բնույթ։ Սովորաբար կիրառվում է շագանակագեղձի տրանսռեկտալ 12 տեղանի բարակասեղային բիոպսիան, որը թույլ է տալիս վստահելի կերպով հաստատել կամ բացառել պրոստատի քաղցկեղը։ Պետք է նշել, որ բիոպսիայի համար ցուցումները դնում է ուրոլոգը՝ ելնելով ՊՍԱ-ի, սոնոգրաֆիկ և մատնային-ռեկտալ քննությունների արդյունքներից։


    13.    Ի՞նչ կապ կա պրոստատիտի, շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) և շագանակագեղձի չարորակ ուռուցքի միջև:

    ՊՍԱ-ն շագանակագեղձի կողմից արտադրվող սպիտակուց է և նրա քանակությունը արյան մեջ փոփոխվում է՝ կապված պրոստատում ընթացող ախտաբանական խնդիրների հետ։ Այն կարող է բարձրանալ սուր պրոստատիտի, շագանակագեղձի բարորակ գերաճի, քաղցկեղի, գեղձի մեխանիկական գրգռման (օրինակ մատնային-ռեկտալ քննություն, կաթետերիզացիա, սուր միզակապություն, խրոնիկ փորկապություն) և այլ դեպքերում։ Սուր պրոստատիտի ժամանակ արյան մեջ կտրուկ կարող է բարձրանալ ՊՍԱ-ի քանակը և բորբոքման ավարտից հետո վերադառնալ սկզբնական թվերին 6 շաբաթից մինչև մի քանի ամիս անց։ Շագանակագեղձի չարորակ ուռուցքի դեպքում ՊՍԱ-ի ուժեղացած արտադրություն է գնում ուռուցքային բջիջների կողմից և նրա քանակը գնալով կարող է աճել։ Որպեսզի տարբերակվի ՊՍԱ-ի բարձրացումը պրոստատիտի, թե չարորակ ուռուցքի հետևանք է, անհրաժեշտ է դիտարկել նաև այլ ախտանիշներն ու կատարել ավելի խորացված հետազոտություններ։

    14.    Ի՞նչ է ենթադրում PSA-ն արյան մեջ:

    PSA-ն (պրոստատ սպեցիֆիկ անտիգեն) օրգան սպեցիֆիկ սպիտակուց է, որը հիմնականում արտադրվում է շագանակագեղձում և կատարում է էյակուլյատի խտության և կպչողունակության կարգավորիչի դեր։ Նորմայում քիչ քանակի ՊՍԱ անցնում է էյակուլյատի և շագանակագեղձի սեկրետի մեջ և շատ քիչ քանակ՝արյան հոսք։ ՊՍԱ-ի արտաշագանակագեղձային աղբյուր են հանդիսանում պարաուրետրալ գեղձերը, կաթնագեղձը և ամնիոտիկ հեղուկը։ Արյան մեջ այդ ցուցանիշի բարձրացումը նորմայից վկայում է շագանակագեղձի ֆունկցիոնալ խանգարման մասին և ազդանշան է հանդիսանում հետագա հետազոտությունների ու խնդրի հայտնաբերման համար։

    15.    Ի՞նչ անել, երբ PSA ցուցանիչները բարձր են:

    Պետք է հիշել, որ ՊՍԱ-ի ցուցանիշները բարձրանում են շագանակագեղձի բազմաթիվ խնդիրների ժամանակ։ Ուստի, այն պետք է քննարկել ընդհանուր համատեքստում, հաշվի առնել նաև  հիվանդի գանգատները, ուղեկցող ախտանիշները, մատնային-ռեկտալ քննության պատասխանը, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները։ Այս ամենի վրա հիմնվելով ուրոլոգը կատարում է տարբերակիչ ախտորոշում, իսկ շագանակագեղձի չարորակ ուռուցքի կասկածի դեպքում՝ բիոպսիա։ Ամեն դեպքում բարձր ՊՍԱ-ն պետք է զգոնացնի հիվանդին և ուղղորդի ուրոլոգի մոտ, քանի որ այն կարող է առաջին հուշող գործոնը հանդիսանալ շագանակագեղձի քաղցկեղի համար։

    16.    Կարելի՞ է վիրահատել PSA բարձր ցուցանիշների դեպքում:

    ՊՍԱ-ի բարձր արժեքները վիրահատության հակացուցում չեն հանդիսանում։ Եթե արդեն կատարվել է շագանակագեղձի բիոպսիա և ախտորոշվել է շագանակագեղձի բարորակ գերաճ, ապա առանց որեէ խնդրի կարելի է վիրահատել (տրանսուրետրալ կամ բաց), եթե կան համապատասխան ցուցումները։ Չարորակ ուռուցքի դեպքում ՊՍԱ-ն օգտագործվում է որպես պրոգնոստիկ և բուժման արդյունավետության, հսկողության միջոց, և, եթե ցուցված է վիրահատական միջամտություն, ապա այն չի կարող արգելք հանդիսանալ։

    17.    Եթե PSA ցուցանիշը բարձր է 15-ից, արդյո՞ք դա վկայում է մետաստազների մասին:

    ՊՍԱ-ի բարձրացումն արտահայտում է բուն շագանակագեղձում ընթացող պրոցեսը։ Ասել, որ 15նգ/մլ-ից բարձր ՊՍԱ-ն վկայում է մետաստազների առկայության մասին, այդքան էլ ճիշտ չէ։ Իհարկե, այն անուղղակիորեն կարող է հուշել պրոցեսի արտահայտվածության մասին (ռիսկի բարձր խումբ 20նգ/մլ-ից բարձր ցուցանիշի դեպքում), սակայն մետաստազների առկայությունը հաստատվում է մագնիսառեզոնանսային շերտագրության, ոսկրերի սկանավորման և պոզիտրոն էմիսիոն շերտագրության/համակարգչային շերտագրության միջոցով։

    18.    Ուրիշ ի՞նչ հետազոտություններ են իրականացվում շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշման ժամանակ: Ի՞նչ ժամանակակից մեթոդներ կան:

    Շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշման համար հիմնական հետազոտություններն են մատնային-ռեկտալ քննությունը, մեզի ընդհանուր քննությունը և ցանքսը, մեզի չորսբաժականի փորձը, սպերմայի և շագանակագեղձի հյութի բակտերիաբանական քննությունը, ՊՍԱ-ն, տրանսռեկտալ և տրանսաբդոմինալ սոնոգրաֆիան, համակարգչային շերտագրությունը, մագնիսառեզոնանսային շերտագրությունը, անհրաժեշտության դեպքում շագանակագեղձի տրանսռեկտալ կամ տրանսպերինեալ բիոպսիան։ Ժամանակակից ախտորոշիչ մեթոդներից են պոզիտրոն էմիսիոն շերտագրությունը, մագնիսառեզոնանսային շերտագրության հսկողության ներքո շագանակագեղձի բիոպսիան, ՊՍԱ3-ը՝ որը որոշվում է մեզի մեջ։ Նշենք, որ հետազոտման մեթոդները բազմաթիվ են, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բժիշկն է որոշում դրանց անհրաժեշտությունն ու հերթականությունը, որպեսզի դրանց պատասխանների համադրումով կայացնի ճիշտ ախտորոշում։

    19.    Ինպե՞ս է բուժվում շագանակագեղձի ադենոման:

    Շագանակագեղձի ադենոմայի բուժման համար կիրառվում է և դեղորայքային, և վիրահատական բուժում։ Եթե ախտանիշները թեթև են արտահայտված, ապա կարելի է ակտիվ հսկողություն սահմանել։ Միջին և ծանր արտահայտված ախտանիշների դեպքում պացիենտի հետ պետք է քննարկել դեղորայքով կամ վիրահատական ճանապարհով բուժման տարբերակները։ Բուժման տարբեր եղանակներն ունեն իրենց ցուցումները, սակայն, նպատակը մեկն է՝ վերացնել ստորմիզապարկային օբստրուկցիան և/կամ միզապարկի հիպերակտիվությունը և ապահովել ազատ միզարձակությունը։ Այդ նպատակին են ծառայում դեղորայքի այնպիսի խմբերը, որոնք թուլացնում են շագանակագեղձի, միզուկի և միզապարկի հարթ մկանները, ինչպես նաև փոքրացնում շագանակագեղձի ծավալը: Ադենոմայի վիրահատական բուժման մեթոդներն են շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիան՝ ՏՈՒՌ (մոնոպոլյար, բիպոլյար կամ լազերային), ըստ ցուցումների ներմիզուկային տարբեր վիրահատությունները (ինցիզիա, միկրոալիքային թերապիա, ասեղային աբլյացիա, լազերային վապորիզացիա) և ադենոմէկտոմիան (բաց վիրահատական մեթոդ)։

    20.    Պրոստատիտի բուժման ժամանակ ե՞րբ է նշանակվում հակաբիոտիկ, և ի՞նչ անել, եթե դա չի օգնում:

    Սուր և խրոնիկ պրոստատիտների ժամանակ հակաբիոտիկներով համապատասխան տևողությամբ բուժման կուրս է նշանակվում այն դեպքերում, երբ հայտնաբերվում են բակտերիաներ։ Ընդ որում, ավելի արդյունավետ է հակաբիոտիկները նշանակել բակտերիաների տեսակը և դեղերի նկատմամբ զգայունությունը որոշելուց հետո։ Եթե բուժման ավարտից հետո ախտանիշները չեն վերանում, ապա պետք է մանրամասն քննարկել, թե կոնկրետ ինչն է ավելի շատ անհանգստացնում պացիենտին և կատարել սիմպտոմատիկ բուժում։

    21.    Ի՞նչ մոմիկներ են արդյունավետ պրոստատիտի բուժման գործընթացում:

    Մոմիկը դեղաձև է, որն ապահովում է դեղանյութի թափանցումը օրգանիզմ ուղիղ աղու լորձաթաղանթից ներծծման միջոցով։ Սուր և խրոնիկ բակտերիալ պրոստատիտների ժամանակ կարելի է օգտագործել հակաբիոտիկներով և հակաբորբոքային մոմիկներ։ Խրոնիկ պրոստատիտի ժամանակ արդյունավետ են բնական հիմքով մոմիկները, որոնք ունեն նաև հակաբորբոքային ազդեցություն։ Ներկայումս առկա են բազմաթիվ դեղեր, որոնք կարող են թեթևացնել տղամարդու գանգատները շագանակագեղձի բորբոքման ժամանակ, այդ թվում են նաև սպազմոլիտիկ և ցավազրկող մոմիկները։ Բայց, պետք է միշտ հիշել, որ գանգատների հայտնվելուց անմիջապես հետո պետք է դիմել բժշկի, որպեսզի ճիշտ ախտորոշում կայացվի և բուժում նշանակվի։

    22.    Ադենոմայի բուժման ժամանակ որքանո՞վ են արդյունավետ դեղերը:

    Ըստ ցուցումների ընտրված դեղորայքը շագանակագեղձի ադենոմայի բուժման համար արդյունավետ է։ Դեղերի հիմնական ֆունկցիան է կարգավորել միզարձակության խնդիրները՝ նվազեցնելով ստորմիզապարկային օբստրուկցիան, շագանակագեղձի ծավալը և միզապարկի հիպերակտիվությունը։ Պետք է հիշել, որ դեղերն այս դեպքում ընդունում են ամեն օր ու երկարատև (ամիսներ, տարիներ)։

    23.    Արդյո՞ք շագանակագեղձի ադենոմայի դեպքում վիրահատությունն անխուսափելի է:

    Շագանակագեղձի ադենոմայի վիրահատությունը դրա բուժման մեթոդներից մեկն է հանդիսանում։ Եթե վիրահատության համար բացարձակ կամ հարաբերական ցուցումներ չկան, ապա միջին և ծանր արտահայտված ախտանիշների դեպքում կարելի է կիրառել դեղորայքային բուժումը։ Ինչպես նշվել է, այն բավականին արդյունավետ է, և վիրահատկան բուժման կարիք կարող է չառաջանալ։ Վիրահատության ցուցում դրվում է այն դեպքերում, երբ դեղորայքը արդյունավետ չէ կամ հիվանդն է հրաժարվում այն օգտագործել՝ նախընտրելով վիրահատությունը, կամ առաջանում են բարդություններ (միզապարկի քար, կայուն միզակապություն, երիկամային անբավարարություն, կրկնվող հեմատուրիա և այլն)։

    24.    Ինչու՞ նախընտրելի է վիրահատությունը, քան հորմոնալ դեղերով բուժումը:

    Շագանակագեղձի հիվանդությունների բուժման ժամանակ և վիրահատությունը, և հորմոնային օղակի վրա ազդող դեղերով բուժումն ունեն իրենց հստակ ցուցումները։ Ուստի նախընտրությունը պետք է կատարել ելնելով այն սկզբունքից, թե որ դեպքում է հնարավոր ստանալ լավագույն բուժական արդյունք։ Բոլոր այն դեպքերում, երբ դեղորայքի և վիրահատության արդյունավետությունը նույնն է, պետք է քննարկվի բժշկի և հիվանդի միջև։

    25.    Չարորակ ուռուցքի ժամանակ շագանակագեղձի հեռացումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

    Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ պրոստատէկտոմիան կատարվում է ուռուցքի առաջնային օջախը վերացնելու նպատակով։ Այն, ինպես և այլ վիրահատական միջամտությունները, կարող է ուղեկցվել բարդություններով։ Հետվիրահատական շրջանում տղամարդիկ կարող են ունենալ անմիզապահություն կամ միզարձակության դժվարացում, մեզի շիթի թուլացում, էրեկցիայի խանգարումներ, սերմնաժայթքման բացակայություն և այլն։ Նշենք, որ վիրահատական տեխնիկայի լավացման շնորհիվ, ներկայումս այդ բարդությունների հանդիպման հաճախականությունը բավականին նվազել է։

    26.    Վիրահատությունից հետո ի՞նչ հսկողություն է անհրաժեշտ:

    Շագանակագեղձի հեռացումից հետո անհրաժեշտ է գտնվել ուրոլոգի հսկողության ներքո և պարբերաբար ստուգել ՊՍԱ-ի քանակը։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել տարբեր գործիքային հետազոտություններ։ Հետագա հսկողության նպատակն է չարորակ ուռուցքի տեղային աճի կամ մետաստազների առաջացման դեպքում այն անմիջապես հայտնաբերելը և համապատասխան բուժում իրականացնելը։

    27.    Կա՞ն կանոնակարգեր, որոնք պետք է պահպանի պացիենտը վիրահատությունից հետո:

    Վիրահատությունից հետո շատ կարևոր է, որպեսզի պացիենտը հստակ հետևի բժշկի խորհուրդներին և նշանակումներին, սննդակարգին՝ փորկապությունից խուսափելու համար, զերծ մնա ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Հետվիրահատական տարբեր խնդիրների առաջացման դեպքում անմիջապես խորհրդակցել բուժող բժշկի հետ, ցուցումների դեպքում կատարել հատուկ վարժություններ։

    28.    Ի՞նչ անել, եթե կան միզարձակման խնդիրներ:

    Միզարձակության խնդիրների առաջացման դեպքում անպայման պետք է դիմել ուրոլոգի։ Համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտություններից հետո հնարավոր կլինի ճիշտ ախտորոշել, և միայն դրանից հետո կարելի է պացիենտին խորհուրդներ տալ ու բուժում նշանակել։

    29.    Ինչպե՞ս բուժել պրոստատիտը տանը:

    Բժշկի հետ խորհրդակցելուց հետո, եթե որոշում կայացվի բուժում ստանալ տանը, ապա կարելի է ստանալ համապատասխան հակաբորբոքային, հակաբիոտիկներով, ցավազրկող բուժում։

    30.    Շագանակեղձի ադենոմայի բուժման համար ո՞ր մեթոդն է ամենաարդյունավետը:

    Շագանակագեղձի ադենոմայի բուժման մեթոդների մասին խոսվել է վերևում։ Ոչ խիստ արտահայտված ախտանիշների դեպքում դեղորայքային բուժումը կարող է լրիվ բավարարել հիվանդին։ Դեղորայքային բուժման անարդյունավետության և այլ ցուցումների դեպքում առաջանում է վիրահատական բուժման անհրաժեշտություն։

    31.    Շագանակագեղի չարորակ ուռուցքի ժամանակ կանխատեսումը:

    Շագանակագեղձի չարորակ ուռուցքը տղամարդկանց շրջանում երկրորդ տեղն է գրավում։ Սակայն, նրա աճը, մետաստազավորումը դանդաղ են ընթանում, ուստի ժամանակին հայտնաբերումն ու համապատասխան բուժումը շատ կարևոր են։ Երբ չարորակ ուռուցքը հայտնաբերվում է սկզբնական փուլերում, ապա հնարավոր է արմատական բուժում, և այն հիվանդի կյանքի տևողության վրա ազդեցություն չի ունենա։ Քաղցկեղի զարգացման ուշ փուլերում, կախված տեղային տարածման և մետաստազների առկայությունից, կանխատեսումն, իհարկե, ավելի է վատանում։

    32.    Հնարավո՞ր է ամբողջովին բուժել պրոստատիտը և մոռանալ դրա մասին:

    Հարցին միանշանակ պատասխանել, այո կամ ոչ, ճիշտ չէ։ Սովորաբար, սուր բակտերիալ պրոստատիտը հնարավոր է լիարժեք բուժել։ Այն դեպքերում, երբ շագանակագեղձում տեղի են ունենում սպիական փոփոխություններ, արյան հոսքի վատացում, ապա բակտերիաների համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ։ Այդ փոփոխությունների հետևանքով խանգարվում է նաև դեղորայքի հասանելիությունը միկրոբներին, և բուժումն ավելի երկարատև բնույթ է կրում։ Ամեն դեպքում հնարավոր է հասնել հիվանդության երկարատև ռեմիսիայի, որը համարվում է պրակտիկորեն առողջացում։

    33.    Ի՞նչ վերականգնողական միջոցառումներ են առաջարկվում շագանակագեղձի հիվանդությունների ժամանակ:

    Ընդհանուր վերականգնողական միջոցառումներ չկան։ Դրանք կիրառելի են կոնկրետ խնդիրների առաջացման դեպքում, և, քանի որ, ցուցումները խիստ տարբեր են, տարբերվում են նաև այդ վերականգնողական միջոցառումները։


    34.    Արդյունավե՞տ է, արդյոք շագանակագեղձի մերսումը։

    Ներկայումս շագանակագեղձի մերսումը խորհուրդ է տրվում, երբ անհրաժեշտ է ստանալ շագանակագեղձի հյութը հետազոտման նպատակով։ Շագանակագեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից ուղեցույցներով մերսումը նշված չէ բուժական միջոցառումների շարքում։ Բուժման գործընթացում մերսման արդյունավետությունն այդքան էլ բարձր չէ, և ավելի ճիշտ է օգտագործել այլ բուժական մեթոդներ։ Որոշ դեպքերում, ինպես, օրինակ, սուր բակտերիալ պրոստատիտը, շագանակագեղձի կիստան կամ քարերը,  ընդհանրապես հակացուցում են հանդիսանում մերսման համար։

    35.    Պրոստատիտի ժամանակ ժողովրդական բուժման ի՞նչ մեթոդներ կան:

    Ժողովրդական բուժման մեթոդների կիրառման հիմնական նպատակն է լավացնել կոնքի, շագանակագեղձի արյունահոսքը, գեղձերի ծորանների անցանելիությունը։ Սովորաբար օգտագործում են տարբեր բուսական և կենդանական հումքով պրեպարատներ, ինպես օրինակ, դդմի կորիզը, պնդուկի արմատից կամ տերևներից պատրաստված թուրմերը, մեղրով թեյերը, երիցուկի թուրմով միկրոհոգնաները, տաք լոգանքները և այլն։ Շատ դեպքերում դրանք հանդիսանում են լրացուցիչ բուժման միջոցներ և չեն հանդիսանում պրոստատիտի բուժման հենաքարերը։

    36.    Վերականգնվու՞մ է, արդյոք, սեռական ֆունկցիան վիրահատությունից հետո:

    Շագանակագեղձի ադենոմայի կապակցությամբ կատարված վիրահատությունները չեն վատացնում սեռական ֆունկցիան (որոշ դեպքերում նույնիսկ դիտվում է լավացում): Ինչ վերաբերվում է քաղցկեղի կապակցությամբ շագանակագեղձի հեռացմանը՝ պրոստատէկտոմիային, ապա այն կատարվում է հստակ ցուցումներով՝ բաց, լապարոսկոպիկ կամ ռոբոտիկ տարբերակներով։ Սեռական ֆունկցիան հնարավոր է պահպանել, եթե կատարվել է նյարդապահպան պրոստատէկտոմիա (կախված է քաղցկեղի տեղային տարածման աստիճանից) և պացիենտը օգտագործում է հատուկ դրա համար նշանակված դեղորայք։

    37.    Տղամարդու կյանքն առանց շագանակագեղձի:

    Շագանակագեղձը հեռացնելուց հետո տղամարդկանց հիմնական անհանգստացնող հարցը շարունակում է մնալ սեռական ֆունկցիայի խանգարումը, որը զգալի իջեցնում է կյանքի որակը։ Պետք է հիշել, որ սեռական ֆունկցիան հնարավոր է վերականգնել (հատկապես նյարդապահպան վիրահատությունից հետո), սակայն, դրա համար պետք է որոշակի ժամանակ և հատուկ դեղորայքային բուժում։ Նշենք, որ վերականգնվում է էրեկցիան, սակայն պացիենտը սերմնաժայթքում չի ունենալու, չնայած, որ պահպանվում է օրգազմի զգացումը։

    38.    Կարելի՞ է կանխել կամ նվազագույնի հասցնել ադենոմայի առաջացումը: Ի՞նչ պետք է անել դրա համար:

    Շագանակագեղձի ադենոմայի առաջացման հիմնական թեորիայի (էնդոկրին) համաձայն այդ հիվանդությունն առաջանում է տղամարդու օրգանիզմում հորմոնալ դիսբալանսի հետևանքով։ Ուստի, նրա կանխարգելման գիտական հաստատված միջոց դեռ հայտնի չէ։ Սակայն, վերացնելով կամ նվազագույնի հասցնելով ռիսկի գործոնների ազդեցությունը օրգանիզմի վրա, հնարավոր է դանդաղեցնել պրոցեսի ընթացքը։ Հիմնական խորհուրդներն են զերծ մնալ սառեցումից, երկարատև նստելուց, խրոնիկ փորկապություններից, վարել ակտիվ կենսակերպ, հետևել սննդակարգին (սահմանափակել ճարպերի, ճարպոտ մսամթերքի քանակը, օգտագործել հիմնականում բանջարեղեն ու մրգեր) և պահպանել ռեգուլյար սեռական ակտիվություն։

     

     

  • Էնդոպրոթեզավորում

    1.    Ե՞րբ և ի՞նչ պատճառների դեպքում է անհրաժեշտ հոդի էնդոպրոթեզավորումը:

    Հոդերի էնդոպրոթեզավորումն այն հիվանդությունների ելքն է, որոնք բերում են հոդերի անվերադարձ մաշեցման: Դրանք կարող են լինել տարբեր հիվանդությունների և տարբեր պատճառների արդյունքում:

    2.    Ի՞նչ այլընտրանք կա ազդրի և ծնկային հոդի էնդոպրոթեզավորմանը:

    Եթե պացիենտի մոտ հիվանդության ընթացքը բերել է նրան, որ էնդոպրոթեզավորումը ցուցում է, ուրեմն այլընտրանք չկա:

    3.    Նախքան վիրահատությունը ինչպե՞ս հանգստացնել ցավը:

    Եթե պացիենտին առաջարկվել է վիրահատական միջամտություն և ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է, բժիշկը նշանակում է համապատասխան հակաբորբոքային, ցավազրկող բուժում և, միաժամանակ, կատարվում է հոդի բեռնաթափում՝ հավելյալ հենարանների օգնությամբ, այսինքն, պացիենտն օգտվում է ձեռնափայտից կամ հենակից, որ բեռնաթափի տվյալ վերջույթը` նախքան վիրահատությունը:

    4.    Վիրահատության նախօրեին ինչպե՞ս պատրաստվել տանը:

    Էնդոպրոթեզավորումն օրթոպեդիկ մեծ ծավալի վիրահատությունների շարքին է դասվում և նման միջամտության պատրաստվող պացիենտները նախօրեին տանը չեն լինում: Նրանք նախապես գտնվում են կլինիկայում և նախավիրահատական պատրաստությունն ապահովում է բժշկական անձնակազմը:


    5.    Որքա՞ն է տևում էնդոպրոթեզավորման վիրահատությունը:

    Ընդհանրապես, վիրահատությունների տևողության մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ դա կախված է պացիենտի ընդհանուր վիճակից, գեր լինելուց, հոդի վիճակից, վիրահատող բժշկից, նրա մոտեցումից, աշխատանքային ոճից: Միջինը կարելի է համարել կոնքազդրային հոդի համար` 1-1.5 ժամ, ծնկան հոդի համար` 2.5 ժամ:

    6.    Կա՞ տարիքային սահմանափակում

    Շատ երիտասարդ տարիքում ցանկալի չէ, եթե անգամ կա ցուցում: Հարկ է հնարավորինս պահպանել հոդը, որպեսզի պացիենտի մոտ կանգ առնի աճման գործընթացը, իսկ եթե հնարավոր է` երկարաձգել մինչև 30 տարեկանը: Իհարկե, դա չպետք է լինի պացիենտի տառապանքի հաշվին: Ընդհանուր առմամբ հիվանդությունների արդյունքում ոսկրային համակարգը կարող է տուժել և՛ երիտասարդ տարիքում, և՛տարեցների մոտ: Այստեղ էականն առողջ կենսակերպն է, ինչը կարևոր է ոսկրային համակարգն առողջ պահպանելու համար: 

    7.    Ի՞նչ արժեն վիրահատությունները և պրոթեզները:

    Էնդոպրոթեզների արժեքները տատանվում են: Ստանդարտ, ոչ ցեմենտային էնդոպրոթեզների արժեքն այսօր Հայաստանում 500 - 800 հազար ՀՀ դրամ է: Վիրահատության արժեքը կախված է վիրահատության բարդությունից, վիրահատությունն իրականացնող կլինիկայից, մասնագետից: Գույություն ունեն սոցշահառուների, հաշմանդամների համար պետական պատվերներ: Մեր կլինիկայում դա հնարավոր է և այս դեպքում պացիենտը միայն էնդոպրոթեզի ձեռք բերման խնդիր ունի:

    8.    Ի՞նչ է ներառում ազդրային կամ ծնկան հոդի էնդոպրոէեզավորումը:

    Էնդոպրոթեզավորումը մեծ հոդերի երկու շարժական մակերեսների փոխարինումն է արհեստական շարժական մակերեսներով, որոնք գրեթե լիարժեք փոխարինում են հոդին, վերականգնում հիվանդության պատճառով կորցրած շարժական ֆունկցիան:

    9.    Ֆիքսացիայի ո՞ր տեսակն է առավել հարմար:

    Էնդոպրոթեզավորման մեջ կա երկու հիմնական ֆիքսման միջոց՝ ցեմենտային և ոչ ցեմենտային: Ցեմենտային ֆիքսացիայի դեպքում ոսկր-էնդոպրոթեզն ամրացվում է, այսպես կոչված, ոսկրային ցեմենտով: Այն ոսկրի մեջ տեղադրվում է դեռևս փափուկ վիճակում, որը հետո կարծրանում է և ապահովում կարծր ֆիքսացիա:


    Ոչ ցեմենտային ֆիքսացիան ապահովում է ոսկրի ներաճը էնդոպրոթեզի մակերեսի մեջ: Ներկայում առավել ցուցված է ոչ ցեմենտային ֆիքսացիան, թեև կան դեպքեր, երբ գերադասելի է ցեմենտային ֆիքսացիան:


    10.    Ի՞նչ սպասել անմիջապես վիրահատությունից հետո:

    Հիվանդների հետվիրահատական վերականգնումը, սովորաբար, տևում է մոտավորապես 6 շաբաթ, որից առաջին շաբաթը հիվանդը գտնվում է հիվանդանոցում:

    11.    Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել էնդոպրոթեզավորումից հետո:

    Էնդոպրոթեզավորման բարդությունները լինում են տեղային և ընդհանուր:


    Օրգանիզմում օտար մարմնի հայտնվելը, որի հանդեպ օրգանիզմի կողմից ցուցաբերվում է ագրեսիա, և ծավալուն վիրահատությունը կարող են ընդհանուր բարդությունների պատճառ լինել:


    Էնդոպրոթեզավորման ժամանակ հիմնական բարդությունը ստորին վերջույթներում թրոմբների ձևավորման, նրանց անջատման և կենսական խոշոր անոթների խցանման հավանականությունն է, որի դեպքում` կապված խցանված անոթի տեղակայամումից, զարգանում է համապատասխան կլինիկական պատկեր:

    Տեղային բարդություններից է հարպրոթեզային հատվածի ինֆեկցումը, ինչը կարող է հանգեցնել, ընդհուպ, էնդոպրոթեզի ամբողջական հեռացման: Այդ պատճառով նախքան վիրահատությունը պացիենտի բուժող բժիշկը պետք է հետևողականորեն ախտորոշի և վերացնի բոլոր քրոնիկ ինֆեկցիոն օջախները (փչացած ատամներ, կոկորդի քրոնիկ բորբոքային գործընթացներ և այլն):

    Այլ բարդությունների հավանականությունы քիչ է, օրինակ, ոսկրերի էնդոպրոթեզի հետ կապի խախտումը կամ դրա ձևավորման խափանումը:


    Եթե վիրահատությունից հետո առաջին շաբաթը հարթ է ընթացել, հետագա բարդությունների հավանականությունը գրեթե զրո է:

    12.    Ի՞նչ դեղեր օգտագործել էնդոպրոթեզի ֆիքսացիան ամրացնելու համար:

    Եթե պրոթեզը տեղադրվում է ոսկրի մեջ և նրա հենարանը՝ մատրիքսը, ոսկրն է, ապա ոսկրի ամրությունն ու որակն անմիջական ազդեցություն ունեն էնդոպրոթեզի կենսական ցիկլի, տևողության, և նրա ամրացման որակի վրա: Նման դեպքերում, երբ հիվանդի մոտ կա արտահայտված օստեոպորոզ, նախավիրահատական փուլում մի քանի ամիս պացիենտը պետք է ստանա հակաօստեոպորոզային բուժում:

    13.    Էնդոպրոթեզավորումից հետո ե՞րբ կարելի է քայլել:

    Սովորական էնդոպրոթեզավորումից հետո հիվանդը հաջորդ օրը կարող է նստել կամ կանգնել: Սա ՀՀ-ում ընդունված ձևաչափն է: Աշխարհում կան կլինիկաներ, որտեղ նման ակտիվություն սկսում են մի քանի ժամից` այն հիմնավորմամբ, որ շարժման արդյունքում վերջույթում արյան շրջանառության խանգարումներ առավել քիչ են հանդիպում:

    1-2-րդ օր անց հիվանդը սկսում է քայլել քայլակով` մինչև առաջին 4-6 շաբաթը: 6 շաբաթ անց, եթե հիվանդն ունի նորմալ զարգացած մկանային համակարգ, կարող է քայլել առանց հենակների: Մկանային համակարգի թուլության պատճառով ի հայտ եկող կաղության դեպքում հիվանդը ստիպված է ավելի երկար օգտվել հենակներից: Նման դեպքերում լրացուցիչ նշանակվում է բուժական ֆիզկուլտուրա:

    14.    Ի՞նչ խորհուրդներ են անհրաժեշտ տանը:

    Էնդոպրոթեզավորումից հետո հիվանդները ստանում են գրավոր ուղեցույց, որով պետք է առաջնորդվեն, որը ներառում է որոշ սահմանափակումներ: Հիվանդը պետք գիտակցի, որ իր վերջույթում տեղադրված է մաշվածության ժամկետ ունեցող արհեստական հոդ և որքան հետևողական լինի, այնքան երկար կծառայի այն:


    Չի կարելի ֆիզիկական ծանրաբեռնվածություն, գիրանալ, հատկապես, եթե պացիենտը տարեց է:

    15.    Ե՞րբ է վերադառնալ աշխատանքի:

    Վեց շաբաթից արդեն կարող են անցնել աշխատանքի: Կարևոր է աշխատանքի բնույթը. եթե գրասենյակային աշխատանք է, կարելի է նաև` ավելի վաղ, իսկ ակտիվ, ֆիզիկական լարվածության հետ կապված աշխատանքը ցանկալի է ուշ սկսել:

    16.    Վիրահատությունից հետո երբվանի՞ց է հնարավոր սեռական կյանք վարել:

    Հիվանդին տրվող ուղեցույցում այդ մասին նշված է, որտեղ կան խորհուրդներ, ընդհուպ` մինչև դիրքերի ընտրությունը: Միջին ժամկետն ընդունված է վեց շաբաթ:

    17.    Ի՞նչ ֆիզիկական վարժություններ են հարմար էնդոպրոթեզավորման վիրահատություն տարած անձանց:

    Ֆիզիկական, սպորտային ծանրաբեռնվածությունը չի բացառվում, բայց հիվանդը պետք իմանա, որ դա կլինի պրոթեզի կենսական ցիկլի հաշվին: Ընդհանուր առմամբ, կարող են ֆիզիկական ակտիվ կյանք վարել, հատկապես, եթե պրոթեզները կերամիկական հիմք ունեն:

    18.    Ե՞րբ կարելի է մեքենա վարել:

    Մեքենա կարելի է վարել վիրահատությունից չորս շաբաթ անց: Կարևոր է, թե որ ոտքն է վիրահատված: Ձախ ոտքի պրոթեզավորման դեպքում կարելի է նաև` ավելի վաղ: Աջ ոտքի դեպքում մեծ նշանակություն ունի, թե հիվանդը որքանով է ադեքվատ պրոթեզավորված ոտքով արագության մեջ կառավարելու մեքենայի սեղմակը:

    19.    Կարո՞ղ են խնդիրներ լինել մաքսատներում

    Մաքսատներում խնդիրը մետաղ որսացող սարքերի ազդանշանն է: Թեև ոչ բոլոր էնդոպրոթեզների դեպքում է սարքը զգայուն, ցանկալի է վիրահատության մասին երկու լեզվով փաստաթուղթ ունենալ:

    20.    Կարելի՞ է MRT հետազոտություն անցնել պրոթեզի առկայությամբ:

    Նախկինում MRT հետազոտությունը արգելված էր: Ներկայումս երբեմն այն թույլատրվում է. յուրաքանչյուր դեպք քննարկվում է առանձին: Որոշում կայացնելիս կարևորվում է նախ, օրգանիզմի հետազոտվող հատվածը. որքան հեռու է պրոթեզավորված հոդից, այնքան հնարավորությունը մեծ է: Երկրորդ` պրոթեզի նյութը, օրինակ, տիտանից պատրաստված էնդոպրոթեզները և ինպլանտներն անտարբեր են MRT-ի նկատմամբ, ինչի համար ընտրության դեպքում դրանք նախընտրելի են:


    Պողպատե ինպլանտների դեպքում տուփի վրա ցուցման կամ հակացուցման վերաբերյալ նշումներ են լինում:
    Պրոթեզի բաղադրության ընտրության որոշումը կայացնում է միայն բժիշկը` առանց պացիենտի միջամտության, կախված խնդրի վիճակից: Էնդոպրոթեզները տարբեր արտադրողների մոտ տարբեր տեսք, գեոմետրիա և ծածկույթ ունեն: Դրանք նրբություններ են, որոնք միայն բժիշկը կարող է տիրապետել և ճիշտ վճիռ կայացնել:

    21.    Հնարավո՞ ր է ոտքի կարճացում էնդոպրոթեզից հետո:

    Ճիշտ տեղադրված Էնդոպրոթեզից հետո նման բան չի կարող լինել:

    22.    Կա՞ սանատոր-կուրորտային բուժման անհրաժեշտություն:

    Հատուկ սանատոր-կուրորտային բուժման անհրաժեշտություն չկա:


    23.    Ինպիսի՞ն են պրոթեզի ժամկետները:

    Ամբողջ աշխարհում կոնքազդրային Էնդոպրոթեզների օգտագործման միջին ժամկետը 15 տարի է: Եթե պրոթեզը 15 տարի լիարժեք գործել է, դա համարվում է գերազանց արդյունք: Հազվադեպ են դեպքերը, երբ դա ձգվում է մինչև 20-22 տարի: Ծնկան հոդի դեպքում օգտագործման միջին ժամկետը 10 տարի է:


    Եթե հիվանդը հավելյալ խնդիրներ չունի, կոնքազդրային Էնդոպրոթեզը պետք է նվազագույնը ծառայի 12-13 տարի: Ավելի պակաս ծառայելու պատճառ կարող են լինել Էնդոպրոթեզի շահագործման, հիվանդի ոսկրային համակարգի, պրոթեզի ոչ ճիշտ ընտրելու կամ տեղադրելու խնդիրները:

    24.    Ինչի՞ց է կախված պրոթեզի ֆունկցիոնալության երկարատևությունը:

    Առաջին հերթին կարևոր է ոսկրային համակարգի վիճակը: Երկրորդը` պրոթեզի շփման զույգի ճիշտ ընտրությունն է:  Շփման զույգերը լինում են մետաղա-պոլիէթիլենային, կերամիկա-պոլիէթիլենային, կերամիկա-կերամիկա: Առաջին երկուսը Հայաստանում առկա են, իսկ երրորդը Հայաստան չի ներկրվում և չի կիրառվում թանկ լինելու պատճառով: Մեզ մոտ կիրառվող կերամիկա-պոլիէթիլենային շփման զույգով էնդոպրոթեզները ներդիրների որակի կտրուկ բարձրացման հաշվին՝ մաշվածության ժամկետով, գրեթե չեն զիջում չմաշվող կերամիկա-կերամիկային: Ի դեպ, վերջինիս միակ թերությունը դրա կոտրվելու հավանականությունն է, իսկ քանի որ կերամիկան փշրվում է ապակու պես և ամբողջովին լցվում հոդի մեջ, հետագա էնդոպրոթեզավորման համար բավականին տեխնիկական խնդիրներ է առաջացնում:

    25.    Ինչպե՞ս է հնարավոր երկարացնել ժամկետը:

    Միայն ճիշտ կենսակերպ վարելն է նպաստում ոչ թե ժամկետի երկարացմանը, այլ նորմալ ժամկետի ապահովմանը: Արհեստականորեն հնարավոր չէ ժամկետը երկարացնել:

    26.    Ե՞րբ է անհրաժեշտ կրկնակի վիրահատություն կատարել:

    Կրկնակի վիրահատությունը ցուցվում է հիվանդի մոտ առկա գանգատների և ռենտգենաբանական փոփոխությունների հիման վրա: Յուրաքանչյուր էնդոպրոթեզավորված հիվանդ, հատկապես երիտասարդները, պետք է իմանան, որ ռեպրոթեզավորումն անխուսափելի է: Հիվանդը պետք է մշտապես հսկողության տակ գտնվի և առնվազն 2 տարին մեկ անգամ ենթարկվի ռենտգեն հետազոտության: Այդ կերպ հնարավոր է ռեպրոթեզավորման ժամկետն ընտրել ամենաճիշտ պահին: Ուշացած դեպքերում պրոթեզի խիստ մաշվածության արդյունքում մետաղական մասերը` ծակելով պրոթեզը, կարող են անգամ վնասել ոսկրին: Նման տեխնիկական խնդիրները բերում են հետագա պրոթեզավորման արդյունավետության նվազման, մեծանում է բարդությունների հավանականությունը, իսկ պրոթեզի կենսական ցիկլի տևողությունն իջնում է:

    Պացիենտի մոտ համակարգային հիվանդությունների առկայությունը ռիսկային է մյուս` առողջ հոդի ախտահարման համար: Երկրորդ հոդի ախտահարման պատճառ կարող են լինել նաև նրա ծանրաբեռնվածությունը, անհետևողականությունը, վնասված ոտքի պատճառով առողջ ոտքի լրացուցիչ ծանրաբեռնումը:


  • Հաճախակի տրվող հարցեր պրոկտոլոգին

    1.    Ո՞վ է կոլոպրոկտոլոգը:

    2.    Կոլոպրոկտոլոգը վիրաբույժ է, ով զբաղվում է հաստ աղու, շեքի շրջանի, հետանցքային ուղու հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով:

    3.    Որքա՞ն հաճախ դիմել պրոկտոլոգի:

    4.    Երբ կան գանգատներ, պետք է  պարտադիր դիմել կոլոպրոկտոլոգին: Հիվանդությունների կանխարգելման, վաղ շրջանում ախտորոշման համար ցանկալի է դիմել  1-2  տարին անգամ:


    Վերջին տարիներին մարսողական համակարգի հիվանդությունների`թութքի, քաղցկեղի, խոցային կոլիտի, պարապրոկտիտների աճ է դիտվում: Պատճառներն են` էկոլոգիան, սննդակարգը, ապրելակերպը: Շատ կարևոր է աղիների նորմալ գործունեությունը, հարկ է ժամանակին կանխել լուծն ու փորկապությունը, քանի որ կղանքային զանգվածները` կուտակվելով աղու կորություններում, նպաստում են բորբոքումների, տարբեր ախտաբանական փոփոխությունների զարգանալուն:

    5.    Ինպե՞ս նախապատրաստվել պրոկտոլոգի հետ հանդիպմանը:

    Կիրառվում են լուծողականներ և մաքրող հոգնաներ:

    6.    Ի՞նչ է թութքը:

    Թութքը խորշիկավոր մարմնիկների, թութքային հանգույցների գերաճն է, որն ուղեկցվում է արյունահոսությամբ, թրոմբոզով կամ արտանկմամբ:

    7.    Ի՞նչ է արտաքին և ներքին թութքը և մի՞շտ է այն առաջանում հետանցքի շուրջ:

    Եթե հանգույցները գտնվում են ուղիղ աղու և հետանցքային ուղու վերին բևեռում, դա ներքին թութքն է, իսկ եթե առաջանում են հետանցքային ուղու ստորին բևեռի և  շրջակա մաշկի հատվածում`արտաքին թութքն է:

    8.    Ինչու՞ է առաջանում թութքը և ինչպե՞ս կանխել նրա զարգացումը:

    Սաղմի զարգացման ընթացքում հետանցքային ուղում առաջանում են խորշիկավոր մամնիկներ, որոնք անհրաժեշտ են  հետագայում ներքին սեղմանի գործունեության համար: Եթե ներքին սեղմանի մկանային հատվածը լիարժեք չի կարողանում ապահովել իր ֆունկցիան, դրան օժանդակում են խորշիկավոր մարմնիկները, որոնց գերաճը բերում է հանգույցերի մեծացման:


    Թութքն առաջանում է մի շարք նպաստավոր պայմանների առկայության արդյունքում. սնունդը (կծու, թթու կերակուրները), աղիների գործունեության վիճակը (փորկապություն), ապրելակերպը (նստակյաց), ֆիզիկական գործոնները (տաքը, սառը), հղիությունը և ծննդաբերությունը կանանց մոտ: Նշանակություն ունի նաև անատոմիական դիրքը, կապանային համակարգը, բնածին արատները (երկար աղի, բարձր անկյուններ) և այլն, որոնք նպաստում են փորկապությանը:

    9.    Ինչպե՞ս է արտահայտվում թութքը:

    Թութքն արտահատվում է թութքային հանգույցների`  խորշիկավոր մարմնիկների գերաճով: Սովորաբար, սկսվում է ներքին թութքի ձևավորմամբ, որի ժամանակ, պացիենտը գանգատվում է հետանցքում օտար մարմնի առկայության զգացողությունից և ոչ լիարժեք կղազատումից: 1,5-2 տարի անց ի հայտ են գալիս . արյունահոսություն, թրոմբոզ, ցավային համախտանիշ, թութքային հանգույցների արտանկում:

    10.    Որո՞նք են թութքի զարգացման հիմնական պատճառները:

    Բոլոր գործոնները էական և հավասարաչափ նշանակություն ունեն:

    11.    Կարո՞ղ է ինքնուրույն անցնել թութքը:

    Սրացման փուլը կարող է անցնել, քանի որ բորբոքային գործընթաց է, որը կարող է նվազել կամ վերանալ: Դա հնարավոր է, եթե նպաստող պայմանները վերացվեն, թեև խորշիկները լիովին վերանալ չեն կարող: Պացիենտն ընտելանում է այդ վիճակին և կարծում է, թե ապաքինվել է:

    12.    Որքանո՞վ է անհրաժեշտ ռեկտոսկոպիան, ցավո՞տ է, արդյոք, միջամտությունը:

    Ոչ թե ռեկտոսկոպիան, այլ` կոլոնոսկոպիան: Դա պարտադիր է հատկապես 45-46 տարեկանն անց անձանց մոտ: Հետազոտության անհրաժեշտությունը բխում է նրանից, որ թութքն առանձին հազվադեպ է հանդիպում` զուգակցվում է հաստ աղու այլ հիվանդությունների հետ, որոնց առկայությունը հարկ է ժխտել կամ հաստատել:


    Միջամտությունն իրականացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ:

    13.    Ինչպե՞ս նախապատրաստվել կոլոնոսկոպիայի:

    Նախապես մաքրվում է հաստ աղիքը՝  կատարվում է հոգնա կամ պացիենտը ստանում է լուծողական` ընդունված է մովիպրեպ դեղամիջոցը, ինչն ուժեղացնում և խթանում է աղեստամոքսային տրակտի պերիստալտիկան և լիարժեք կղազատման շնորհիվ մաքրում ամբողջ ուղին:

    14.    Ե՞րբ և ինչպե՞ս բուժել թութքը:

    Ավելի լավ է կանխարգելել, քան` բուժել: Եթե հիվանդությունը ձևավորվել է, պետք է դիմել կոլոպրոկտոլոգի: Բուժումը պահպանողական է՝ քսուկների, մոմիկների, լոգանքների օգնությամբ: Եթե դրական ընթացք չի նկատվում և գործընթացը համառորեն շարունակվում է, ուղեկկցվում նոր բարդություններով, պետք է դիմել վիրահատական միջամտության

    15.    Ո՞ր քսուկներն են առավել արդյունավետ թութքի ժամանակ:

    Դժվար է ասել և ճիշտ չէ հույսը դնել միայն քսուկների վրա, անհրաժեշտ է համալիր բուժում ստանալ, միաժամանակ, կարգավորել սննդակարգը, ապրելակերպը, վերացնել հիվանդությանը նպաստող այլ պատճառները:

    16.    Կարո՞ղ է թութքը վերածվել չարորակ ուռուցքի:

    Կարող է` ինչպես բոլոր քրոնիկ բորբոքմամբ ախտահարված հյուսվածքների դեպքում: Կա հատուկ տեսություն՝ Վիրխովի տեսությունը, որը վերաբերվում է նաև թութքային հանգույցներին:

    17.    Հնարավո՞ր է ազատվել թութքից` առանց վիրահատության, բուժել կոնսերվատիվ եղանակով կամ ժողովրդական միջոցներով:

    Հնարավոր է: Եթե պահպանողական բուժումն անց է կացվում վաղ փուլերում, այն կարող է արդյունավետ լինել: Օգտագործվում են նաև ժողովրդական տարբեր միջոցներ, թեև լիարժեք արդյունավետ չեն կարող լինել:

    18.    Թութքը չբուժելու դեպքում ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ:

    Կարող են լինել արյունահոսություններ, թրոմբոզներ, պարապրոկտիտ, արտանկում և, եթե դա երկար ժամանակ չբուժված թութք է, արտանկման արդյունքում զարգանում է սեղմանի անբավարարություն  (հիվանդը լիարժեք չի կարողանում պահել հեղուկ կղանքը և գազերը):  Քրոնիկ փորկապությունը կարող է զարգացնել կանգային վիճակ, որի դեպքում կղանքը երկար ժամանակ առնչվելով լորձաթաղանթի հետ, իր պարունակությամբ նպաստում է կանցերոգեն նյութերի առաջացմանը,  սպիտակուցների քայքայման շնորհիվ: Արդյունքում առաջանում են կանցերոգեն նյութեր` բերելով լորձաթաղանթում փոփոխությունների և  նորագոյացությունների առաջացման:

    19.    Թութքի բուժման ի՞նչ մեթոդներ կան ներկայում:

    Դասական  եղանակը վիրահատությունն է: Ներկայում լայն կիրառվում են քիչ ինվազիվ եղանակները: Դրանց թվում են ինֆրակարմիր ֆոտոկոագուլացիան, լատեքսային օղակների կիրառումը, լազերային եղանակը, սկլերոթերապիան, որոնք վաղ փուլերում տալիս են դրական արդյունք, կամ որոշ ժամանակ արդյունավետ են համարվում: Բարդացած ձևերի դեպքում, միանշանակ, անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:

    20.    Խոսենք թութքի բուժման ժամանակ կիրառվող լատեքսային օղակների մասին: Ի՞նչ հավանական բարդություններ կարող են լինել դրա կիրառումից հետո:

    Յուրաքանչյուր եղանակ ունի իր բարդությունը: Լատեքսային եղանակը լայն կիրառվող տարբերակներից  է: Բարդություններից է արյունահոսությունը: Լատեքսային օղակը ռետինե ժապավեն է, որը` սեղմելով, կասեցնում է արյան շրջանառությունը և մեռուկացնում թութքային հանգույցը: Արդյունքում նեկրոզի ենթարկված հանգույցը պոկվում է:


    21.    Արտաքին հանգույցների դեպքում կարելի՞ է կիրառել օղակման մեթոդը:

    Ոչ: Շատ ցավոտ է և դա հնարավոր չէ կիրառել:

    22.    Սուր թրոմբոզի ժամանակ անհրաժե՞շտ է, արդյոք, հեռացնել թութքային հանգույցները:

    Ցանկալի է սուր գործընթացը բուժել, հետո միայն` վիրահատել: Բայց, քանի որ թրոմբոզն ուղեկցվում է ուժեղ ցավերով, նախընտրելի է անմիջապես կատարել վիրահատական բուժում միայն մասնագիտացված կլինիկաներում:

    23.    Ի՞նչ արժե թութքի վիրահատությունը:

    Վիրահատությունն արժե 220.000 ՀՀ դրամ: Պետ պատվերի շրջանակում անվճար է:

    24.    Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի թութքի ժամանակ:

    Առաջինը սննդակարգի հարցն է, պետք է բացառվեն սուր, գրգռիչ կերակուրները: Երկրորդը՝ խնամքը, քանի դեռ թութքը որպես հիվանդություն չի ձևավորվել, հարկ է սառը ջրով լվացումներ կատարել: Եթե կա ձևավորված թութք, լվացումները պետք է կատարել գոլ ջրով: Անհրաժեշտ է կարգավորել կղազատման ընթացքը, որքան հնարավոր է քչացնել դրա ժամանակ ֆիզիկական գործոնը: Երրորդը՝  ապրելակերպը, պետք է լինի ակտիվ: Այդ ամենին զուգահեռ հարկ է կիրառել նաև բուժական միջամտություններ՝ օգտագործել մոմիկներ և այլն :

    25.    Ի՞նչ անել թութքի ժամանակ ծննդաբերությունից հետո:

    Մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ուշադրություն դարձնեն այդ հարցին մինչև ծննդաբերությունը: Ծննդաբերությունից հետո կոլոպրոկտոլոգը նշանակում է բուժում` համաձայնեցնելով այն մանկաբարձ-գինեկոլոգի հետ:

    26.    Ինչպե՞ս բուժել թութքը տնային պայմաններում:

    Տնային պայմաններում նշանակվում է ամբուլատոր բուժում` կոլոպրոկտոլոգի զննումից հետո, որպեսզի բացառվեն մյուս հիվանդությունները: Օգտագործվում են քսուկներ, մոմիկներ, լոգանքներ` կալիումի պերմանգանատի լուծույթով:

  • Ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ). հաճախ տրվող հարցեր

    1.    Ի՞նչ է ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ):

    ՈՒՁՀ-ն ոչ ինվազիվ ռադիոլոգիական հետազոտություն է, որի ժամանակ ուլտրաձայնային ալիքների օգնությամբ հետազոտվում են հիվանդի ներքին օրգանները` մարսողական, միզասեռական համակարգը, փոքր կոնքի օրգանները, վահանաձև գեղձը, լիմֆատիկ հանգույցները, թքագեղձերը, փափուկ հյուսվածքները, հոդերը, հոդերը և նյարդերը:

    2.    Որքանո՞վ է առողջության համար ՈՒՁՀ-ն վտանգավոր:

     ՈՒՁՀ-ն  վտանգավոր չէ առողջության համար, քանի որ այս հետազոտության հիմքում ընկած են ուլտրաձայնային ալիքները, որոնք չեն վնասում հիվանդին:

    3.    ՈՒՁՀ-ն ցավո՞տ է:

    Հետազոտությունը ցավոտ չէ:

    4.    ՈՒՁ հետազոտության ժամանակ կիրառվու՞մ է էլեկտրամագնիսական ճառագայթում:

    Ոչ: Այստեղ օգտագործվում են միայն ուլտրաձայնային ալիքներ:

    5.    ՈՒՁՀ ի՞նչ տեսակներ կան:

    Կան ՈՒՁ հետազոտության երկչափ, եռաչափ և քառաչափ տեսակները, դոպլեր, դուպլեքս հետազոտություններ:


    6.    Ի՞նչ է երկչափ՝ 2D, եռաչափ՝ 3D և քառաչափ՝ 4D ՈՒՁՀ-ն:

    Երկչափը` 2D ՈՒՁՀ-ն ծավալային է, պատկերը ստացվում է հարթ` սև և սպիտակ:

    Եռաչափի՝ 3D-ի ժամանակ, հետազոտությունը ծավալային է՝ օրգանը կամ հյուսվածքը հետազոտվում է իր խորությամբ, լայնությամբ և երկարությամբ: Պատկերներն այս դեպքում գունավոր են:

    Քառաչափը՝ 4D-ն այն  3D  ՈՒՁՀ-ն է, որին գումարվում է ժամանակը, այսինքն 4դեպքում օրգանի վիճակը դինամիկ դիտվում է ընտրած ժամանակահատվածում և, անհրաժեշտության դեպքում, ֆիքսում պատկերը, տեսագրվում 3D և 4D  հիմնականում օգտագործվում են մանկաբարձության մեջ և մեծ դեր ունեն պտղի բնածին արատների հայտնաբերման գործում: Դուպլերի և դուպլեքսի ժամանակ հետազոտվում են երակները և զարկերակները:


    7.    Ո՞ր տարիքից կարելի է ՈՒՁ հետազոտություն կատարել:

    Այս հետազոտության համար տարիքային սահմանափակում չկա, հետազոտվում են նույնիսկ նորածինները

    8.    ՈՒՁ հետազոտություն անցնելու համար բժշկի ուղեգիրը պարտադի՞ր է:

    ՈՒՁ հետազոտության դիմելիս բժշկի ուղեգիրը պարտադիր չէ:

    9.    Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁ հետազոտության:

    Հիմնականում պահանջվում է ներկայանալ քաղցած վիճակում և լիքը միզապարկով:

    10.    Ինչպե՞ս պատրաստվել գինեկոլոգիական ՈՒՁ հետազոտության:

    Եթե հետազոտությունը տրանսաբդոմինալ է (արտաքին` որովայնի վրայից), անհրաժեշտ է, որ միզապարկը լցված լինի, իսկ տրանսվագինալ (ներհեշտոցային) հետազոտության ժամանակ միզապարկը պետք է դատարկ լինի:

    11.    Պե՞տք է նախօրոք ջուր խմել:

    Փոքր կոնքի և միզային համակարգի օրգանների հետազոտության ժամանակ ջուր խմելը պարտադիր է, որպեսզի միզապարկը բավարար չափով լցված լինի:

    12.    Ինչու՞ է երբեմն անհրաժեշտ ՈՒՁ հետազոտության գնալ լցված միզապարկով:

    Փոքր կոնքի հետազոտության ժամանակ միզապարկի լեցուն վիճակն անհրաժեշտ է, քանի որ մեզը հանդիսանում է  հաղորդիչ ուլտրաձայնային ալիքների համար, որպեսզի նրանք խորը թափանցեն:


    13.    Դաշտանային ցիկլի ո՞ր օրն է առավել նպատակահարմար կատարել գինեկոլոգիական և մամոլոգիական ՈՒՁ հետազոտություն:

    Ցիկլի առաջին օրից հաշված՝ 5-ից 10-րդ օրերը:

    14.    Հնարավո՞ր է ստանալ ՈՒՁՀ տեսագրությունը:


    Ներկայումս  կան ժամանակակից սարքավորումներ, որոնք ունեն տեսագրելու հնարավորություն:

    15.    Տրամադրվո՞ւմ է ՈՒՁՀ լուսանկար պացիենտին:

    Եթե սարքավորումն ունի լուսանկարելու հնարավորություն և հետազոտության ժամանակ հայտնաբերվել է որևէ ախտաբանություն, պացիենտին տրվում է լուսանկարը:

    16.    Փոխարինու՞մ է ՈՒՁՀ-ն մամոգրաֆիային:

    ՈՒՁՀ-ն մամոգրաֆիային չի փոխարինում, այս երկու հետազոտությունները լրացնում են միմիյանց: Օրինակ, եթե ՈՒՁ հետազոտությամբ հայտնաբերվել է ծավալային գոյացություն է կամ կաթնածորանների պաթոլոգիական փոփոխություններ, ապա անհրաժեշտ է կատարել մամոգրաֆիա՝ առավել մանրակրկիտ տեղեկություն ստանալու համար:

    17.    Որքա՞ն հաճախ կարելի է կատարել կրծքագեղձերի ՈՒՁՀ:

    Եթե հետազոտության ժամանակ ախտաբանություն չի հայտնաբերվել՝ այն պետք է կրկնել տարին մեկ անգամ, իսկ ախտաբանության առկայության դեպքում անհրաժեշտ է հետազոտվել  3-6 ամիս հետո:

    18.    ՈՒՁ հետազոտության ժամանակ կիրառվող նրբաքսուկը որքանո՞վ է վտանգավոր:

    Նրբաքսուկը վտանգավոր չէ և հիպոալերգիկ են:

    19.    Քանի՞ անգամ և որքա՞ն հաճախ կարելի է ՈՒՁ հետազոտություն անցնել:

    Կարելի է հետազոտել որքան անհրաժեշտ է՝  կախված  հայտնաբերված ախտաբանությունից և ցուցումից:

    20.    Կարելի՞ է նույն օրը կատարել ՈՒՁՀ և այլ հետազոտություն:

    Այո, կարելի է:

    21.    Որքա՞ն է տևում ՈՒՁ հետազոտությունը:

    Դա կախված է, թե ինչ օրգան-համակարգ  է և ինչ ծավալով է հետազոտվում, հետազոտության ո՞ր տեսակն է իրականացվում և ի՞նչ է փնտրում մասնագետը: Ընդհանուր առմամբ, հետազոտությունը կարող է տևել 20 րոպեից մինչև 50 րոպե, երբեմն`ավելի երկար: Երկարատև են հղիների մոտ իրականացվող հետազոտությունները / դուպլեր հետազոտության  3D և 4D հետազոտություններ/:


    22.    Ո՞ր գանգատների դեպքում է անհրաժեշտ դիմել ՈՒՁ հետազոտության:

    ՈՒՁՀ –ն անհրաժեշտ է դիմել ներքոնշյալ օրգան-համակարգերի  գանգատների դեպքում. որովայնի և փոքր կոնքի շրջանի, մեջքի  ցավերի դեպքում,  աղեստամոքսային, միզասեռական համակարգի գանգատների,   արտաքինից շոշափող որևէ շոշափվող գոյացության / օրինակ՝ կրծքագեղձերում, ավշային հանգույցների շրջանում/ հայտնաբերման ժամանակ:

    23.    Եթե մարդն առողջ է, կա՞ անհրաժեշտություն կանխարգելիչ ՈՒՁ հետազոտություն անցնել:

    Ցանկալի է, հատկապես այն պատճառով ,որ այս հետազոտությունը ոչ ինվազիվ է և այլ հետազոտությունների համեմատ` առավել մատչելի:

    24.    Ե՞րբ է անհրաժեշտ կրկնակի ՈՒՁ հետազոտություն անցնել:

    Կրկնակի հետազոտությունը կատարվում է բժշկի որոշմամբ`կախված ախտաբանությանից:

    25.    Ինչպե՞ս պատրաստվել էխոսրտագրության:

    Էխոսրտագրության համար պատրաստվել պետք չէ:

    26.    Կարո՞ղ է էլեկտրասրտագրությունը փոխարինել էխոսրտագրությանը:

    Ոչ, քանի որ էխոսրտագրության ժամանակ գնահատվում են սրտի խոռոչների չափերը, պատերի հաստությունը, դրանց կողմից առկա փոփոխությունները, սրտամկանի կծկողականությունը, փականային ապարատը և այլն:

    27.    Կարո՞ղ է հարքթային խոռոչների ՈՒՁՀ-ն փոխարինել ռենտգեն հետազոտությանը:

    Չի կարող փոխարինել, որովհետև ՈՒՁՀ օգնությամբ հնարավոր է պատկերացում կազմել խոռոչների պարունակության մասին, սակայն դրա տեսակը հասկանալ հնարավոր չէ: Պարունակության տեսակը պարզվում է ռենտգեն հետազոտությամբ և համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով:

    28.    ՈՒՁ հետազոտության ի՞նչ հակացուցումներ կան:

    Հետազոտությունը հակացուցումներ չունի:

    29.    ՈՒՁՀ-ն թա՞նկ հետազոտություն է:

    Մյուս ռադիոլոգիական հետազոտությունների համեմատ ՈՒՁՀ-ն ավելի մատչելի է կախված հետազոտվող օրգանից` 8-20.000 ՀՀ դրամ:


  • Հաճախ տրվող հարցեր գաստրոէնտերոլոգին

    1.    Ո՞ր պացիենտներն են առավել հաճախ դիմում գաստրոէնտերոլոգին:

    Գաստրոէնտերոլոգին, սովորաբար, դիմում են փորկապության և լուծի դեպքում, խոցային հիվանդությամբ տառապողները, ստամոքսի և12-մատնյա աղու էրոզիվ ախտաբանությամբ պացիենտները:

    2.    Այցելու՞մ են գաստրոէնտերոլոգին կանխարգելիչ նպատակով, եթե` այո, որքա՞ն հաճախ:

    Ցավոք՝ ոչ:

    3.    Ի՞նչ գանգատների դեպքում դիմել մասնագետին:

    Գաստրոէնտերոլոգին պետք է դիմել որովայնի շրջանի ցավերի, փքվածության, այրոցի, գխտոցների, սրտխառնոցի, փսխման, լուծի, փորկապության, կղանքում` արյան, լորձի, թարախի առկայության, ախորժակի անկման կամ բացակայության, քաշի կորստի, ընդհանուր թուլության դեպքերում:

    4.    Ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում մարսողական համակարգի  հիվանդությունները:

    Մարսողական համակարգի հիվանդությունների ժամանակ հաճախ հանդիպող ախտանիշներն են.որովայնի շրջանի ցավեր, փքվածություն, այրոց, գխտոցներ, սրտխառնոց, փսխում, լուծ, փորկապություն, կղանքում արյան, լորձի, թարախի առկայություն, ախորժակի անկում կամ բացակայություն, քաշի կորուստ և ընդհանուր թուլություն:

    5.    Ի՞նչ հիվանդություններ է ախտորոշում գաստրոէնտերոլոգը:

    Գաստրոէնտերոլոգի մոտ առավել հաճախ ախտորոշվող հիվանդություններն են. կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու խոցային հիվանդությունը, էրոզիվ գաստրիտը, բուլբիտը, գաստրիտը, ստամոքս  կերակրափող ռեֆլյուքսային հիվանդությունը, լյարդի, լեղուղիների, բարակ և հաստ աղիների հիվանդություններ, խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը, հաստ աղու դիվերտիկուլը, իշեմիկ կոլիտը, ստամոքսի և հաստ աղու տարբեր գոյացությունները:

    6.    Ի՞նչ լաբորատոր-գործիքային հետազոտություններ են իրականացվում մարսողական համակարգի հիվանդությունների ժամանակ:

    Մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշման համար առավել հաճախ իրականացվում են.գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, այդ թվում ռենտգենոգրաֆիա, իրիգոգրաֆիա, ՀՏ, ՄՌՏ,  ուրեազային շնչառական C13թեստ, ստամոքսահյութի թթվայնությանորոշում և կղանքի հետազոտություններ:

    7.    Ի՞նչ մեթոդներ են կիրառվում մարսողական համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ:

    Կիրառվում են. դիետոթերապիա, դեղորայքային բուժում, բուժական հոգնաներ, ֆիտոթերապիա, ֆիզիոթերապիա, վիրահատական միջամտություններ:

    8.    Սանատոր-կուրորտային բուժումներ կիրառվո՞ւմ են մարսողական համակարգի հիվանդությունների ժամանակ: Եթե` այո, որտե՞ղ:

    Սանատոր կուրորտային բուժումը բավականին արդունավետ է մարսողական համակարգի որոշ ախտաբանությունների ժամանակ: Հայաստանում առկա առողջարաններից ցուցված են Ջերմուկը և Արզնին:

    9.    Ի՞նչ է դիսբակտերիոզը:

    Դիսբակտերիոզը բարակ և հաստ աղիներումմանրէների նորմալ քանակի, տեսակի և միմյանց նկատմամբ նրանց փոխհարաբերության խախտումն է, որն ի հայտ է գալիս տարբեր հիվանդությունների և դեղորայքային՝ հատկապես հակաբակտերիալ,բուժման հետևանքով:

    10.    Դիսբակտերիոզը բուժու՞մ են:

    Այս հարցի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Սովորաբար,բժիշկները փորձում են հնարավորիննօժանդակել վերականգնելու աղիներում մանրէների նորմալ քանակն ու հարաբերականությունը:

    11.    Ի՞նչ պատճառներ ունի փորկապությունը:

    Փորկապության պատճառներ են.սննդի ռեժիմի և որակի խախտումը, նստակյաց կյանքը, նյարդային և ներզատա-էնդոկրին  համակարգերի կողմից խանգարումների և հիվանդությունների առկայությունը:

    12.    Ի՞նչ անել փորկապության ժամանակ:

    Անհրաժեշտ է դիմել գաստրոէնտերոլոգին՝ նախ, պարզելու փորկապության բուն պատճառը, ապա համապատասխան խորհուրդներ և բուժում ստանալ:

    13.    Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնությունն անզուսպ փսխումների ժամանակ:

    Նախքան բժշկինդիմելն անհրաժեշտ է դադարեցնել սննդի ընդունումը և օգտագործել հաճախակի ու փոքր չափաբաժիններով գոլ ջուր:

    14.    Որքա՞ն հաճախ պետք է իրականացվի լյարդի վիճակի պլանային հետազոտություն:

    Լյարդի պլանային հետազոտության հաճախականությունը կախված է ախտորոշված հիվանդությունից, նրա ծանրության աստիճանից:

    15.    Լյարդի ի՞նչ գանգատների դեպքում դիմել մասնագետի:

    Մասնագետին պետք է դիմել աջ թուլակողում ծանրության զգացումի, ցավերի դեպքում, որովայնում փքվածության, մարսողական խանգարումների ժամանակ:

    16.    Ի՞նչ հիմնական հետազոտություններ է իրականացվում լյարդի հետ կապված խնդիրների դեպքում:

    Կատարվում է սոնոգրաֆիա, ՀՏ, ՄՌՏ, արյանհետազոտություն:

    17.    Ի՞նչ կարևոր տեղեկատվություն կա, որը պետք է իմանալ լյարդի մասին,  սակայն մարդիկ չեն տիրապետում:

    Օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացները և դրանց շեղումներն անդրադառնում են լյարդի վիճակի վրա: Լյարդի վրա բացասական ազդեցություն ունենսննդի քանակի և որակի խախտումները, հատկապես ճարպոտ սննդի չարաշահումը,ալկոհոլը, թմրանյութերը:

    18.    Լյարդն ունի՞ ցավային համախտանիշ. եթե ցավեր կան աջ թուլակողում, ուրեմն լյա՞րդն է:

    Լյարդի հիվանդություններին, իհարկե, բնորոշ է ցավային համախտանիշը, սակայն այդ շրջանի ցավերը միշտ չէ, որ կարող են լյարդի ախտաբանության հետ կապված լինել, պատճառ կարող են լինել նաև հարևան օրգաններից ճառագայթվող ցավերը:

    19.    Պացիենտների մոտ լյարդին վերաբերող ի՞նչ մոլորություններ կան:

    Շատ պացիենտներ կարևորություն չեն տալիս լյարդի ճարպային դիստրոֆիային, որը բավականին հաճախ է ախտորոշվում: Այս ախտաբանության հայտնաբերման դեպքում պետք է լրջորեն վերաբերվել և համապատասխան բուժում ստանալ:

    20.    Կա՞ նման մոտեցում. ես չունեմ վնասակար սովորություններ, ուրեմն լյարդի հետ խնդիրներ չեմ ունենա:

    Դա սխալ մտայնություն է, որովհետև լյարդի խնդիրներն այլ պատճառներից էլ կարող են առաջանալ:

    21.    Լյարդը լիովին կվերագանգնվի՞, եթե թողնեն ծխելն ու խմելը:

    Միայն վնասակար սովորություններից հրաժարվելը չի կարող լյարդի լիարժեք վերականգնման արդյունք դառնալ: Բայց, իհարկե, ծխելն ու խմելը միշտ էլ ավելի վատացնում են լյարդի վիճակը:

    22.    Լյարդը սիրում է քաղցրեղե՞ն:

    Լյարդի համար քաղցրեղենի չարաշահումը ցանկալի չէ:

    23.    Ի՞նչ սննդակարգ կիրառել գաստրիտի,ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության դեպքում:

    Պետք է հրաժարվել շատ տաք և սառը հեղուկներ ու սնունդ ընդունելուց, գազավորված ըմպելիքից, տապակած, շատ ճարպոտ, գրգռիչ(կծու, թթու) կերակուրներից:

  • Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին

    1.    Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:

    Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական հյուսվածքի ախտահարումներով:

    2.    Ի՞նչ ասել է շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ:

    Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններն աուտոիմուն հիվանդություններ են, որոնց ժամանակ նորմալ շարակցական հյուսվածքը վերածվում է ֆիբրոզ հյուսվածքի՝ քայքայելով կոլագեն թելերը: Դրանք հիմնականում լինում են համակարգային և ընթանում են ներքին օրգանների ախտահարումով:

    3.    Ի՞նչ ասել է աուտոիմուն հիվանդություններ:

    Դրանք հիվանդություններ են, որոնց ժամանակ ընկճվում է օրգանիզմի իմունային համակարգը, երբ օրգանիզմը սեփական հյուսվածքը ճանաչում է որպես օտար: Շատ հաճախ այդ գործընթացը նույնպես համարում են համակարգային, որովհետև ախտահարվում է ամբողջ օրգանիզմը: Կան ռիսկի գործոններ, որոնք նպաստում են իմուն համակարգի ընկճմանը: Արդյունքում սինթեզվում են սպեցիֆիկ հակամարմիններ, որոնց ազդեցությամբ զարգանում են ոչ սպեցիֆիկ բորբոքային աուտոիմուն հիվանդություններ: Դրանք հիմնականում քրոնիկական են` ռեցիդիվող ընթացքով:

    4.    Ի՞նչ խնդիրների, ախտանիշների դեպքում  դիմել ռևմատոլոգին:

    Ռևմատոլոգին պետք է դիմել, երբ պացիենտն ունի համակարգային ախտահարման արդյունքում հենաշարժական համակարգի հետ կապված որևէ խնդիր՝ հոդացավեր, մկանային ցավեր, ջլերի, կապանների ախտահարում, դրան զուգահեռ՝ ներքին օրգանների ախտահարում, մաշկի ցանավորում, քաշի անկում, ախորժակի նվազում, մազաթափություն և այլն:

    5.    Ինչի՞ վրա է ուշադրություն դարձնում ռևմատոլոգը, ի՞նչ է ստուգում:

    Հիվանդի զննման ընթացքում ռևմատոլոգը նախ պացիենտին զննում է արտաքնապես՝ ակտի՞վ է, գերակտի՞վ է, թե՞՝ պասսիվ, հետևում է կեցվածքին, քայլվածքին: Շատ կարևոր դեր ունեն անամնեստիկ տվյալները. ունի՞ արդյոք պացիենտն ընդհանուր թուլություն, դողերոցք, քաշի, ախորժակի անկում, մազաթափություն, ճնշման տատանումներ, շարժումների սահմանափակում, քնի խանգարում, առատ քրտնարտադրություն, ներքին օրգանների ախտահարումների ախտանշաններ: Եթե  պացիենտը նշում է ամենահանդիպող գանգատներից մեկը՝ հոդացավերը, ուշադրություն է դարձվում, թե արդյո՞ք դա խոշոր կամ մանր հոդերում է, սիմետրի՞կ ախտահարում է, զննում է, թե նշված հոդի կամ հոդերի շրջանում առկա՞ են այտուցվածություն կամ կարմրություն, ցավերի բնույթն ինչպիսի՞ն է՝ սո՞ւր, թե` բութ, մշտակա՞ն, թե` ընդհատվող, գիշերայի՞ն, թե` առավոտյան, կա՞, արդյոք, շարժումների սահմանափակում: Այս հետազոտության արդյունքում հիվանդությունն ախտորոշվում է ըստ բնորոշ հավաքագրված համախտանիշի:

    6.    Որո՞նք են ռևմատոլոգիական հիվանդությունների ռիսկի գործոնները:

    Ռիսկի գործոնները բազմաթիվ են. սթրեսը, ժառանգական նախատրամադրվածությունը, ծխելը, որոշ դեղորայքային ազդեցություններ, ինֆեկցիոն գործոնը (մանրէների ազդեցությամբ հետագայում ռևմատիկ հիվանդությունների առաջացումը), հորմոնային ֆոնի փոփոխությունը (կարող է լինել հղիության ընթացքում կամ դաշտանադադարից հետո), քրոնիկ բորբոքման օջախները, սառեցումը և այլն:

    7.    Մագնիսական փոթորիկները որևէ կերպ ազդո՞ւմ են ռևմատոլոգիական հիվանդությունների ընթացքի վրա:

    Գիտական հետազոտություններ և ապացույցներ չկան այն մասին, բայց կա կարծիք, որ եթե արդեն առկա է հիվանդությունը և այն ուղեկցվում է սրտանոթային ու երիկամային ախտահարումներով, ապա այդ օրերին կարող են լինել և՛ ճնշման, և՛ պուլսի տատանումներ, և՛ ռիթմի փոփոխություններ, նաև` գլխացավ, գլխապտույտներ: Եղանակային փոփոխությունները նույնպես կարող են ազդեցություն ունենալ: Ամենախոցելի սեզոններն աշունը և գարունն են, երբ կա հիվանդությունների սրացման, կրկնման (ռեցիդիվման) մեծ վտանգ:  Որոշ մարդկանց մոտ նաև նկատվում է գերզգայնություն եղանակային փոփոխությունների, արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ: Ընդ որում, զգայուն կարող են լինել և՛ հիվանդները, և՛ առողջ մարդիկ, ովքեր կարծես թե զգում են դեռ չսկսված անձրևի մոտեցումը, վատ են զգում ամպոտ, անարև եղանակին, և եղանակը լավանալուն զուգահետ այդ անհարմարավետ զգացողությունն անցնում է:

    8.    Ո՞ր ախտանիշներն են հուշում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին:

    Հիմնական ախտանիշները հոդաբորբերը և հոդացավերն են, կարող են լինել նաև մկանային ցավեր, ջլերի, կապանների, ոսկրային ցավեր:

    9.    Ռևմատոլոգիական հիվանդությունների ի՞նչ տեսակներ կան

    Ինչպես այլ օրգան-համակարգերի հիվանդությունները, սրանք ևս ունեն իրենց բնորոշ դասակարգումը: Տարբերում ենք ռևմատիկ տենդը, համակարգային շարակցական հյուսվածքի բազմաթիվ հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, Շեգրենի հիվանդություն, դերմատոմիոզիտներ, խառը տիպի հիվանդություններ և այլն: Այլ խումբ են համակարգային վասկուլիտները: Մեծ խումբ են կազմում սերոնեգատիվ սպոնդիլոարթրիտները, արթրոպաթիաներով ուղեկցվող մետաբոլիկ խնդիրներն իրենց ենթատեսակներով, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ հանդիպող ռեակտիվ արթրիտները,  ժառանգական, էնդոկրին, ուռուցքային  հիվանդությունների ժամանակ` հոդային խնդիրները, որոնց թվում են արյան հիվանդությունները: Վերոնշյալ բոլոր խնդիրների ժամանակ  կարող են լինել հոդացավեր, հենաշարժական համակարգի, շարակցական հյուսվածքի տարբեր ախտահարումներ:

    10.    Ի՞նչ անհրաժեշտ և լրացուցիչ հետազոտություններ է նշանակում ռևմատոլոգը:

    Քանի որ ռևմատիկ հիվանդությունները հիմնականում ընթանում են համակարգային ախտահարմամբ, հետազոտությունները պետք է լինեն ծավալուն, որոնք ներառում են արյան, մեզի ընդհանուր հետազոտությունները, կենսաքիմիական հետազոտությունները, կան նաև շատ սպեցիֆիկ ռևմատիկ փորձեր, որոնք համարվում են ախտորոշիչ մարկերներ տվյալ հիվանդության համար: Լաբորատոր հետազոտություններից զատ, մեծ նշանակություն ունեն նաև գործիքային հետազոտությունները՝ ռենտգեն, ուլտրաձայնային, ՄՌՏ և ՀՏ հետազոտությունները:

    11.    Ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակակից ի՞նչ մեթոդներ կան

    Այսօր ամբողջ աշխարհում և հատկապես դեղ արտադրող երկրներում ֆարմինդուստրիան այնքան է զարգացած և շարունակում է զարգանալ, որ կան շատ արդյունավետ դեղեր` 21-րդ դարի ինովացիոն դեղորայք: Դրանք կենսակտիվ նյութեր են, մոտեցված են մարդու սեփական հակամարմիններին (սպիտակուցներին)` իմունոգլոբուլիններին: Դեղորայքային սպիտակուցային պատրաստուկներն օրգանիզմում փորձում են չեզոքացնել ախտաբանական հակամարմինները, որոնք սինթեզվում է հիվանդության ընթացքում: Այս բուժումն ունի նաև ախտաբանական նշանակություն, որովհետև ընկճում է նոր հակամարմինների սինթեզը: Պատրաստուկը հաշվարկվում է կիլոգրամ քաշին համապատասխան դոզայով: Արդյունավետությունը մեծ է, բայց հարյուր տոկոսանոց չէ, բայց, կարևորը, կարող են ապահովել կլինիկական ռեմիսիա (երբ հիվանդը չունի որևէ գանգատ և լաբորատոր հետազոտությունների ցուցանիշները նորմայի սահմաններում են): Ցավոք, այս պատրաստուկները շատ թանկ են և, ուրեմն` դժվարամատչելի:  Ոչ մի ապահովագրական կազմակերպություն հիվանդին չի ապահովվում նման դեղորայքով: Ձեռք  բերելն արդեն անհատական խնդիր է: Դրանցից մի քանիսը գրանցված են Հայաստանում և հնարավոր է ձեռք բերել:

    12.    Ովքե՞ր հատկապես ուշադրություն ցուցաբերեն առողջության հանդեպ` չդառնալու ռևմատոլոգի պացիենտը:

    Այն մարդիկ, ովքեր զերծ չեն ռիսկային գործոններից: Կարևոր է ապրելակերպի փոփոխությունը՝ առողջ սնունդը (բանջարեղեն, մրգեր` հատկապես իմուն համակարգն ակտիվացնող ցիտրուսայինը, կալցիումով, միկրոէլեմենտներով հարուստ կաթնամթերք, միսը ցանկալի է փոխարինել ձկնեղենով` որպես ձկան յուղի աղբյուր: Շատ օգտակար է ակտիվ ֆիզիկական կյանք վարելը: 

    13.    Ի՞նչ սննդակարգ ընդունել ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ:

    Հոդատապի ժամանակ խորհուրդ է տրվում հատուկ սննդակարգ, երբ արյան մեջ բարձր է միզաթթվի քանակը: Պետք է բացառել սննդի այն տեսակները (միս, լոբազգիներ), որոնք բերում են միզաթթվի սինթեզի:

    14.    Ինչպե՞ս կանխարգելել ռևմատոլոգիական հիվանդությունները:

    Հատուկ սպեցիֆիկ կանխարգելում չկա: Կանխարգելմանը կարող են նպաստել սննդակարգը, ակտիվ կյանքը (մարզումներ, լող, յոգա):

  • Սրտանոթային համակարգ. հաճախ տրվող հարցեր

    1.    Որո՞նք են սրտանոթային համակարգի ընդհանուր ախտանիշները:

    Սրտանոթային համակարգի ընդհանուր ախտանիշներն են. զարկերակային ճնշման տատանումները՝ իջեցումներ և բարձրացումներ, սրտի ռիթմի խանգարումները,  հետ և կրծոսկրային շրջանում բութ, սեղմող ցավերը, հևոցը, երբեմն` այտուցները:

    2.    Ի՞նչ է ստենոկարդիան:


    Ստենոկարդիան պայմանավորված է սիրտը սնող զարկերակների նեղացմամբ, որն ի հայտ է գալիս, երբ սրտի արյան պահանջը չի համապատասխանում արյան մատակարարմանը: Արդյունքում զարգանում է ցավային համախտանիշ:

    3.    Ո՞ր ախտանիշներն են վկայում ստենոկարդիայի մասին:


    Ստենոկարդիան սրտի իշեմիկ հիվանդության դրսևորվումներից է, որն արտահայտվում է 3-5 րոպե (որոշ դեպքերում` մինչև 15 րոպե) տևող կրծոսկրի հետևում բութ, սեղմող, ճնշող, այրող բնույթի ցավերով, երբեմն` գիշերային ժամերին, պայմանավորված պսակաձև անոթների նեղացումների կամ խցանման հետ, հիմնականում այն ի հայտ է գալիս ֆիզիկական տարբեր աստիճանի ծանրաբեռնվածության ժամանակ, ինչը բնորոշվում է որպես լարվածության ստենոկարդիա: Գիշերային ժամերին արտահայտվող ստենոկարդիան կոչվում է վազո  սպաստիկ կամ Պրինցմետալի ստենոկարդիա, ինչը պայմանավորված է սիրտը սնուցող պսակաձև զարկերակների, սպազմով:

    4.    Ի՞նչ է սրտամկանի ինֆարկտը:

    Սրտամկանի ինֆարկտը սրտի որոշ հատվածների արյան սնուցման դադարումն է սիրտը սնուցող զարկերակի խցանման հետևանքով: Այդ խցանումները հիմնականում պայմանավորված են սիրտը սնող զարկերակներում թրոմբի գոյացումով:

    5.    Ո՞ր ախտանիշներն են վկայում սրտամկանի ինֆարկտի մասին:


    Սրտամկանի ինֆարկտը ծանր համախտանիշով արտահայտվող հիվանդագին վիճակ է, որն արտահայտվում է հետկրծոսկրային շրջանում ճնշող, այրող, կոտրող, ծակող բնույթի ցավերով: Ցավերը կարող են ճառագայթել դեպի պարանոց, ստորին ծնոտ, ձախ ուսագլուխ, ձախ ձեռքի ներքին արմնկային գծով մինչև անգամ ձեռքի մատները: Սրտամկանի ինֆարկտի ցավերը կարող են ճառագայթել նաև որովայնի վերին հատված, ինչպես նաև միջթիակայինտարածություն: Սրտամկանի ինֆարկտի մասին կարող է հուշել, եթե վերոնշյալ ցավերը տևում են 15-20 րոպե և ավելին: Երբեմն սրտամկանի ինֆարկտը կարող է ընթանալ բացարձակապես առանց ցավի: Նման դեպքեր հատկապես գրանցվում են շաքարային դիաբետով հիվանդների, տարեցների և ալկոհոլը չարաշահող անձանց մոտ:

    6.    Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն ստենոկարդիայի և սրտամկանի ինֆարկտի ժամանակ:

    Ստենոկարդիայի դեպքում նախ պացիենտը պետք է դադարեցնի ցանկացած ֆիզիկական լարվածություն, կանգ առնի, նստի, թուլացնի օձիքը, սեղմող կապերը, ընդունի հակաիշեմիկ պատրաստուկ, օրինակ, նիտրոգլիցերինի  1-2  հաբ կամ ցողացիր` լեզվի տակ և դիմի շտապ օգնությանը:

    7.    Ի՞նչ է սուր սրտային անբավարարությունը:

    Դա արյան շրջանառության սուր խանգարումն է, որը կարող է ուղեկցվել զարկերակային ճնշման սուր տատանումները, սրտի ռիթմի սուր խանգարումներով, հևոցով, թոքի այտուցով, խզզոցներով: Պատճառները մի քանիսն են. զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումը, հիպերտոնիկ կրիզը, սրտի ռիթմի սուր խանգարումները, սրտամկանի ինֆարկտը և այլն:

    8.    Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն սուր սրտային անբավարարության ժամանակ:

    Կազմակերպել առաջին օգնություն տնային պայմաններում հնարավոր չէ, երբ հատկապես պատճառը պարզ չէ: Սակայն, եթե պատճառը զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն է, հարկ է ընդունել զարկերակային ճնշումն իջեցնող ձեռքի տակ եղած ցանկացած դեղ: Եթե պատճառը սրտի ռիթմի հանկարծակի խանգարումներն են, հիվանդը պետք է ընդունի պառկած դիրք և դիմի շտապ օգնությանը:

    9.    Ո՞ր ախտանիշներն են վկայում սրտային անբավարարության մասին:
     
    Սրտային անբավարարության հիմնական ախտանիշներն են. օդի պակասի զգացողությունը, միջին կամ թեթև ֆիզիկական լարվածության ժամանակ հևոցը, խզզոցները, պառկած դիրքում արտահայտվող հազը, ստորին վերջույթներից այտուցները: Ծանր սրտային անբավարարության ժամանակ կարող է լինել հեղուկի կուտակում որովայնի և պլևրալ խոռոչներում:

    10.    Ի՞նչ է հիպերտոնիան (զարկերակային գերճնշում):

    Զարկերակային գերճնշումն արյան ճնշման բարձրացումն է 141/91 և ավելին: Դա կարող է լինել ախտանշային, այսինքն` ուղեկցել որևէ ֆիզիոլոգիական կամ ախտաբանական վիճակի, կամ զարկերակային գերճնշմաբ արտահայտվող առանձին հիվանդություն լինել: Հիպերտոնիայի պատճառը զարկերակային անոթների տոնուսի բարձրացումն է:

    11.    Ե՞րբ է զարկերակային գերճնշումը համարվում հիվանդություն:

    Զարկերակային գերճնշումը համարվում է հիվանդություն, երբ հիվանդի մոտ գրանցվում է զարկերակային ճնշման կայուն բարձրացում 140-90 ցուցանիշներից ավելին, որը  հնարավոր չէ շտկել կենսակերպի փոփոխություններով ու առողջ ապրելակերպով:

    12.    Ի՞նչ է հիպերտոնիկ կրիզը:

    Հիպերտոնիկ կրիզը զարկերակային ճնշման հանկարծակի և կտրուկ բարձրացումն է, որն ուղեկցվում է զարկերակների կտրուկ արտահայտված սպազմով, նեղացումով, ինչը կարող է օրգանների արյան շրջանառության խանգարման պատճառ հանդսանալ։ բարդություններն են՝ ուղեղի կաթված, սրտամկանի ինֆարկտ, ակնահատակի արյունազեղում, երիկամային անբավարարություն, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիաներ և այլն:


    Հիպերտոնիկ կրիզ կարող է զարգանալ ինչպես լիովին առողջ անձանց մոտ, այնպես էլ հիպերտոնիայով հիվանդների մոտ: Առողջ անձանց մոտ հիպերտոնիկ կրիզի պատճառ կարող են լինել սթրեսային իրավիճակները, իսկ հիպերտոնիայով հիվանդների մոտ՝ հիպոտենզիվ դեղերի դադարեցումը կամ ոչ կանոնավոր ընդունումը:


    Հիպերտոնիկ կրիզը համարվում է ծայրահեղ ծանր վիճակ, որը պահանջում է անհետաձգելի, անհապաղ բուժօգնություն:

    13.    Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն հիպերտոնիկ կրիզի ժամանակ:

    Հիպերտոնիկ կրիզի ժամանակ անհրաժեշտ է արագ հրավիրել շտապ օգնություն, իսկ մինչև բժշկի գալը պետք է ընդունել այդ պահին առկա ցանկացած ճնշում իջեցնող դեղ: Առավել արագ և արդյունավետ զարկերակային ճնշումն իջեցնում են լեզվի տակ կապտոպրիլի կամ նիֆեդիպինի հաբի կիրառումը: Երբեմն կրիզները տևում են մի քանի ժամ, անգամ մի քանի օր, որի ժամանակ անհրաժեշտ է կազմակերպել ինտենսիվ բուժում ստացիոնար պայմաններում:

    14.    Խոլեսթերինի բարձր մակարդակ. ի՞նչ է դա նշանակում:

    Խոլեսթերինի բարձր մակարդակի մասին խոսվում է, երբ նրա բացարձակ արժեքը արյան շիճուկում գերազանցում է 5.2 մլմոլ/լիտրցուցանիշը: Բարձր մակարդակը վկայում է օրգանիզմում ճարպային փոխանակության խանգարման մասին: Հաճախ խոլեսթերինի բարձր ցուցանիշ հանդիպում է մեծ քանակով հագեցած ճարպեր օգտագործող անձանց մոտ: Ճարպային նյութափոխանակության խանգարմանը նպաստում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր պարունակող սննդակարգը: Հագեցած ճարպեր առավել շատ պարունակում են կենդանական ծագման ճարպերը: Նպաստող հանգամանք է նաև հիպոդինամիան:

    15.    Ի՞նչ ախտանիշների հիման վրա կարելի է հասկանալ, որ խոլեսթերինի մակարդակը բարձր է:


    Խոլեսթերինի բարձր մակարդակը սրտանոթային համակարգի այլ ռիսկի գործոնների առկայության պարագայում հանգեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, վաղաժամ տարածուն աթերոսկլերոզի: Խոլեսթերինը նստվածք է տալիս անոթների պատերին և նեղացումների պատճառ դառնում: Աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության հետևանքները զարկերակային թրոմբոզներն են և թիրախ- օրգանների սնուցման, արյան մատակարարման սուր կամ քրոնիկական խանգարումները:


    Գոյություն ունեն մի քանի արտաքին ախտանիշներ, որոնցով կարելի է ենթադրել, որ տվյալ անձի մոտ կա խոլեսթերինի բարձր մակարդակ: Դրանք հիմնականում քսանտելազներն են՝ խոլեսթերինի կուտակումները կոպերի, արմունկների, երբեմն` շուրթերի, ծնկների շրջանում և այլն: Քսանտելազները դեղնավուն, հարթ, հստակ եզրերով ենթամաշկային գոյացություններ են:

    16.    Ի՞նչ անել, եթե խոլեսթերինի մակարդակը բարձր է:

    Պետք է հետևել սննդակարգին. նվազեցնել հագեցած ճարպերի քանակը սննդակարգում (յուղոտ միս, կարագ, յուղոտ կաթնամթերք և այլն), նվազեցնել քաշը, բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, քանի որ խոլեսթերինն այրելու ամենաֆիզիոլոգիական ճանապարհը ֆիզիկական ակտիվության բարձրացումն է: Եթե նշված միջոցառումներն անարդյունավետ են, նշանակվում են խոլեսթերինն իջեցնող դեղեր` ստատիններ:

    17.    Ինչպե՞ս կանխարգելել սրտանոթային հիվանդությունները:

    Սրտանոթային հիվանդությունները կանխարգելել հնարավոր է առողջ ապրելակերպ վարելով. չծխել, պահպանել մարմնի նորմալքաշը, ֆիզիկական ակտիվությունը, չչարաշահել ածխաջրերը, կենդանական ծագման ճարպերը, խուսափել ալկոհոլի, աղի չարաշահումից: Սրանք կենսակերպի հիմնական պայմաններն են, որոնք կօգնեն կանխարգելել սրտանոթային հիվանդությունները:

    18.    Ո՞ր սննդակարգի օգնությամբ կարելի է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները


    Ամենաարդյունավետ սննդակարգն աշխարհում համարվում է Միջերկրական ծովի ավազանի սննդակարգը, ոը ներառում է մեծ քանակի ձիթապտուղ, ծովամթերք, միրգ, բանջարեղեն և կենդանական ծագման հագեցած ճարպերի քիչ քանակություն, նաև քիչ քանակության ածխաջրեր, սահմանափակ քանակի կերակրի աղ: Կերակրի աղի չարաշահումը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացումներին:

    19.    Ի՞նչ սննդակարգ ընդունել ինֆարկտից հետո:

    Ինֆարկտից հետո հարկ է հետևել ստորև ներկայացված սննդակարգին:

    Սահմանափակել կենդանական ծագման ճարպերը, շաքարի, սպիտակ հացի, հացամթերքի ընդունումը: Սննդի մեջ ավելացնել ոչ հագեցած ճարպերի քանակը. ցանկալի է ձիթապտղի, եգիպտացորենի, կտավատի ձեթի օգտագործումը: Հնարավորին օգտագործել շատ ծովամթերք և սահմանափակել կերակրի աղի օգտագործումը: Զգալի սահմանափակել ալկոհոլի ընդունումը` 50 մլ մաքուր սպիրտի հաշվարկով: Ապացուցված է, որ կարմիր, դառը գինին կանխում է վաղաժամ աթերոսկլերոզի առաջացումը և դրա հետ կապված` սրտի իշեմիկ հիվանդության վաղաժամ զարգացումը: Սուրճը շատ օգտակար է, բայց պետք չէ չարաշահել:

    20.    Ի՞նչ սննդակարգ ընդունել, եթե ախտորոշված է հիպերտոնիկ հիվանդություն:

    Սննդակարգը նույնն է, ինչ սրտային այլ հիվանդությունների ժամանակ. սահմանափակել կերակրի աղը, հագեցած ճարպերը, ալկոհոլի ընդունումը, դյուրամարս ածխաջրերի ընդունումը, որոնցով հարուստ են քաղցրավենիքը, սպիտակ հացը, հացամթերքը՝ մակարոնեղենը, բրինձը և այլն: Սննդակարգը պետք է հարստացնել ոչ հագեցած ճարպրով, ծովամթերքով, բջջանք պարունակող սննդամթերքով։

  • Ապնոէ. հաճախ տրվող հարցեր

    1.    Ի՞նչ է խռմփոցը

    Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով: Անցնելով նեղացած շնչուղիներով, օդի հոսքը վիբրացիայի է ենթարկում փափուկ հյուսվածքները, ինչը և առաջացնում է այն ձայնը, որը մենք անվանում ենք խռմփոց:

    2.    Ինչո՞վ է վտանգավոր խռմփոցը

    Խռմփոցը քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի ամենակարևոր նշաններից է: Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշը ժամանակին չախտորոշելու և չբուժելու դեպքում զարգանում են բազում վտանգավոր բարդություններ:

    3.   Ի՞նչ կապ կա քնի և խռմփոցի միջև

    Խռմփոցն առաջանում է միայն քնի ընթացքում և վկայում է քնի ժամանակ տեղի ունեցող շնչառական խանգարումների մասին:

    4.   Խռմփոցից ազատվելու ի՞նչ միջոցներ կան

    Եթե խռմփոցը զուգակցվում է հաճախակի շնչադադարներով, որոնք կոչվում են ապնոէ, ապա անհրաժեշտ է բուժել ապնոէն: Ապնոէի վերացման հետ մեկտեղ անհետանում է նաև խռմփոցը: Եթե խռմփոցը չի զուգակցվում ծանր աստիճանի ապնոէներով, ապա այն վերացնելու նպատակով խորհուրդ է տրվում նվազեցնել քաշը, զերծ մնալ ոգելից խմիչքներից, առավելապես` երեկոյան ժամերին, կիրառել դիրքային թերապիա, այսինքն` չքնել մեջքի վրա: Խորհուրդ է տրվում նաև քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն, քանի որ որոշ դեպքերում խռմփոցը վերացնելու համար կարելի է կիրառել վիրահատական միջամտություններ:

    Հարկ եմ համարում նշել, որ յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է և պետք է առանձին քննարկվի ճիշտ բուժական ռազմավարություն մշակելու համար: Բուժական ռազմավարություն սահմանելու համար հաշվի են առնվում շատ հանգամանքներ, մասնավորապես՝ գիշերային քնի հետազոտության արդյունքները, տարիքը, սեռը, մարմնի զանգվածի գործակիցը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը, այդ հիվանդությունների կառավարելի լինելը և այլն:

    5.   Ի՞նչ է քնի ապնոէն

    Ապնոէ թարգմանաբար նշանակում է շնչառության դադար: Այն տեղի է ունենում քնի ընթացքում, երբ շնչուղիները նեղանում են և, ի վերջո, ամբողջովին փակվում: Ահա թե ինչ է կատարվում մարդու հետ. նա քուն է մտնում, վերին շնչուղիները խցանվում են, դադարում է թոքերի օդափոխությունը: Մարդը շարունակում է շնչառական շարժումները` ջանալով բացել շնչուղիները, բարձր խռոցով արթնանում է, շնչուղիները բացվում են և նա նորից քնում է: Զարգանում է թթվածնային քաղց, հաճախակի միկրոարթնացումները, որոնք չեն գիտակցվում մարդու կողմից, խաթարում են քնի նորմալ կառուցվածքը: Այդպես կարող է կրկնվել 300-500 և ավելի անգամ մեկ գիշերվա ընթացքում: Փորձեք 10 վայրկյան պահել շունչը դրա հետ մեկտեղ կատարելով շնչառական շարժումներ, նորից շնչել և նորից պահել շունչը… և այդպես շարունակ 5-6 ժամ և դուք կզգաք, թե ինչ է կատարվում մարդու հետ քնի ընթացքում ապնոէների ժամանակ: Մարդը պայքար է մղում շնչելու համար, իսկ առավոտյան արթնանում է հոգնած-ջարդված, գլխացավով, բերանի չորությամբ, բարձր արյան ճնշումով: Այդ ամենի ականատեսն են լինում կողակիցները, որոնք շատ պատկերավոր նկարագրում են այն ամենը, ինչ կատարվում է հիվանդի հետ քնի ընթացքում: Շնչառական դադարները խաթարում են քնի նորմալ կառուցվածքը, ինչը հանգեցնում է արտահայտված ցերեկային քնկոտության և մարդը կարող քնել զրուցելիս, ճաշելիս, մեքենա վարելիս: Լիարժեք քնի բացակայությունը հանգեցնում է նաև հիշողության նվազեցման, տրամադրության անկման, դեպրեսիայի:


    Այսպիսով, խռմփոցն անվտանգ երեևույթ չէ և ոչ էլ կատակի առարկա, ինչպես մեզանում կարծում են շատերը: Այն լուրջ հիվանդության նշան է, այլ կերպ ասած, օրգանիզմի ահազանգ՝ օգնություն ստանալու համար:
     

    6.   Որո՞նք են գիշերային ապնոէի պատճառներն ու ռիսկի գործոնները

    Ապնոէի զարգացման պատճառները բազմազան են:
    Առաջնահերթ պատճառներից է քնի ընթացքում վերին շնչուղիների կոլապսի ենթարկվելու հակվածությունը, այսինքն, երբ քնի ընթացքում վերին շնչուղիները հակված են հեշտությամբ փակվել: Դա ապնոէների զարգացման ամենակարևոր և հաճախակի պատճառներից է, որը պայմանավորված է վերին շնչուղիների անատոմիական առանձնահատկություններով, օրինակ` ցածր տեղադրված փափուկ քիմք, նեղ վերին շնչուղիներ, դիմածնոտային տարբեր առանձնահատկություններ, հաստ ու կարճ պարանոց: Այլ պատճառներից են վերին շնչուղիների մկանների թուլությունը,  շնչառական կենտրոնի անկայունությունը, ինչպես նաև այլ, մինչ այսօր գուցե և անհայտ պատճառներ:

    Ռիսկի գործոններից են ավելորդ քաշը, ծխելը, ոգելից խմիչքների չարաշահումը: Նախկինում համարվում էր, որ արական սեռը ռիսկի գործոն է, այսինքն, տղամարդկանց մոտ ապնոէի զարգացման վտանգն ավելի մեծ է: Սակայն սեռական տարբերությունը պայմանավորված է տարիքով՝ երիտասարդ տարիքում կանանց մոտ, իրոք, ապնոէների հաճախականությունը զիճում է տղամարդկանց, սակայն հետկլիմակտերիկ շրջանում կանանց մոտ ապնոէի առկայության ռիսկը նույնիսկ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ:

    7.   Ի՞նչ ախտանիշներ են լինում քնի ապնոէի ժամանակ

    Ամենացայտուն և ակհայտ ախտանիշը խռմփոցն է, որը նկատում են ընտանիքի բոլոր անդամները: Հաջորդ, ոչ պակաս ցայտուն և նկատելի ախտանիշը քնի ընթացքում դիտվող շնչադադարներն են: Կողակիցները շատ պատկերավոր նկարագրում են քնի ընթացքում տեղի ունեցող շնչադադարները, որոնք զուգակցվում են բարձրաձայն խռմփոցով և անհանգիստ շարժումներով: Հիվանդները շատ անգամ ստիպված են լինում նստած քնել, ընտանիքի անդամներն էլ հսկում են վերջիններիս՝ ականատես լինելով նրանց տառապանքին:
    Մյուս կարևոր ախտանիշն է արտահայտված ցերեկային քնկոտությունը: Առավելապես վտանգավոր է, երբ մարդը քուն է մտնում ղեկին: Շատ դեպքեր են հայտնի, երբ ավտովթարի պատճառ է դառնում բուժում չստացող ապնոէով տառապող անձը:  ԱՄՆ-ում և եվրոպական 25 երկրներում ապնոէով տառապող անձանց հասարակական տրանսպորտ վարելու իրավունք չի տրվում, եթե նրանք համապատասխան բուժում չեն ստանում:


    Հաջորդ ախտանիշը սրտանոթային խնդիրներն են՝ բարձր զարկերակային ճնշումը, առիթմիաները, սրտի իշեմիկ հիվանդությունը: Բնույթով լինելով շնչառական հիվանդություն, ապնոէն առաջին հերթին խաթարում է սրտանոթային համակարգը: Ահա թե ինչու հիվանդները սկզբում դիմում են սրտաբաններին:


    Չբուժված ապնոէի համար շատ հատկանշական են նաև հետևյալ ախտանիշները. գիշերային հաճախամիզություն, գիշերային այրոցներ, քաշի ավելացում, սեռական հնարավորությունների և ցանկությունների անկում, հիշողության և կենտրոնանալու ունակության նվազում, տրամադրության անկում, գրգրվածություն:


    Ինչպես տեսնում եք, ապնոէների հետևանքները բազմազան են: Այդ բազմազանությունը պայմանավորված է երկու կարևոր հանգամանքներով.

     

    • առաջին. ապնոէների պատճառով մարդը գտնվում է թթվածնային քաղծի վիճակում, իսկ թթվածինն անհրաժեշտ է բոլոր օրգան-համակարգերի անխափան աշխատանքի համար,
    • երկրորդ. ապնոէների պատճառով խանգարվում է մարդու քունը, ինչը ևս հանգեցնում է բազում ախտածին հետևանքների:


    8.   Որքանո՞վ են վտանգավոր քնի ապնոէի հետևանքները

    Չբուժվելու դեպքում քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, արիթմիաների, կաթվածի, շաքարային դիաբերի, դեպրեսիայի, ճանապարհա-տրանսպորտային վթարների:

    9.   Ապնոէի ախտորոշման ժամանակակից ի՞նչ մեթոդներ կան

    Քնի օբստրուկտիվ ապնոէն ախտորոշվում է ռեսպիրատոր պոլիգրաֆիայի կամ պոլիսոմնոգրաֆիայի միջոցով: Նախքան ախտորոշման մեթոդն ընտրելը գնահատվում է ապնոէի հավանականության աստիճանը: Մեծ հավանականության դեպքում, որպես գործիքային ախտորոշման մեթոդ, ընտրվում է ռեսպիրատոր պոլիգրաֆիան: Եթե ապնոէի հավանականությունը ցածր է, կամ նյարդաբանական հիվանդությունների առկայության կասկած կա (օրինակ՝ էպիլեպսիա, նարկոլեպսիա), նախնտրելի է կատարել պոլիսոմնոգրաֆիա: 

    10.   Ի՞նչէ պոլիսոմնոգրաֆիան:

    Պոլիսոմնոգրաֆիան ավելի բարդ հետազոտություն է, քան ռեսպիրատոր պոլիգրաֆիան: Այն իր մեջ ներառում է նաև էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, ինչը թույլ է տալիս որոշել քնի փուլերը և գնահատել քնի կառուցվածքը:

    11.   Քնի ապնոէի բուժման ի՞նչ մեթոդներ կան

    Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի բուժման ռազմավարությունը որոշելու ամենակարևոր ցուցանիշը հիվանդության ծանրությունն է: Միջին և ծանր աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի բուժման ոսկե չափանիշ է CPAP թերապիան: Այն, միանշանակ, արդյունավետ բուժական մեթոդ է: Անհրաժեշտ է նշել, որ ապնոէն բուժելու նպատակով դեղորայքային բուժում չի կիրառվում: Թեթև և որոշակի դեպքերում միջին ծանրության ապնոէների ժամանակ կարելի է որպես բուժական մեթոդ քննարկել վիրահատական միջամտությունների, բերանի խոռոչում տեղադրվող մեխանիկական սարքերի կիրառումը:

    12.   Ի՞նչ է CPAP թերապիան

    CPAP (continuous positive airway pressure)՝ անգլերենից թարգմանաբար նշանակում  է մշտական դրական ճնշում շնչուղիներում: CPAP թերապիան իրականացվում է CPAP սարքի միջոցով, որը դրական ճնշում է մղում շնչուղիներ` դրանք բաց պահելով ամբողջ քնի ընթացքում: Այսպիսով, վերանում են շնչուղիների նեղացումը և կատարյալ փակումը, հետևաբար, վերանում են ապնոէները, խռմխոցը և բոլոր վտանգավոր հետևանքները:

    13.   Արդյո՞ք CPAP թերապիան մշտական միջոց է ամբողջ կյանքի համար

    Այո՛: Ծանր աստիճանի ապնոէները հնարավոր է բուժել միայն երկարատև CPAP թերապիայի միջոցով: Որոշ դեպքերում, մասնավորապես, CPAP թերապիայի արդյուքում քաշի նվազեցման դեպքում, կարելի է դադարել CPAP թերապիան և որոշ ժամանակ անց կատարել կրկնակի հետազոտություն: Ամեն մի դեպք անհատական է, հետևաբար, բուժման ռազմավարությունը և տևողությունը նույնպես անհատական է:  

    14.   Որտե՞ղ բուժվել CPAP թերապիայի միջոցով

    10 տարի է, ինչ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է քնի լաբորատորիա, որտեղ ախտորոշվում է քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշը և որոշվում հիվանդի բուժման ռազմավարությունը: CPAP թերապիայի անհրաժեշտության դեպքում իրականացվում է CPAP թերապիայի փորձնական կուրս՝ հիվանդին տրվում է CPAP սարք, ինչը հնրավորություն է տալիս հիվանդին, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին, ակնհայտ տեսնել CPAP թերապիայի արդյունավետությունը:  

    15.   Կարե՞լի է ձեռք բերել CPAP սարքեր

    Այո՛: CPAP սարքեր կարելի է ձեռք բերել:

    16.   Կարե՞լի է CPAP կիրառել առանց նախնական հետազոտման

    Ո՛չ: CPAP թերապիան լուրջ բուժական մեթոդ է, որը չի կարելի կիրառել առանց ախտորոշման: Այլապես հնարավոր է լուրջ վնաս հասցնել առողջությունը:

    17.   Ինչպե՞ս կանխարգելել գիշերային ապնոէն

    Ապնոէի զարգացման կարևոր ռիսկի գործոն է հավելյալ քաշը: Սակայն դա չի նշանակում, որ նիհարներն ապահովագրված են ապնոէ ունենալուց: Այնպես որ, առանձնահատուկ կանխարգելման մեթոդներ գոյություն չունեն: Ինչպես և այլ հիվանդությունների դեպքում, անհրաժետ է վարել առողջ ապրելակերպ:


    Մարինե Պետրոսյան,
    թոքաբան, բ.գ.դ.
    «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
    Քնի լաբորատորիայի ղեկավար

  • Անմիզապահություն. հաճախ տրվող հարցեր

    1.    Ի՞նչ է անմիզապահությունը:

    Անմիզապահությունը մեզի ակամա արտահոսքն է:

    2.    Որքանո՞վ է լուրջ անմիզապահության խնդիրը:

    Անմիզապահությունը բավականին տարածված խնդիր է ամբողջ աշխարհում: Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ: Այն սթրեսի և անհանգստության տարածված պատճառ է, պահանջում է մեծ ծախսեր հանրության և անհատների համար: Մի շարք հետազոտությունների արդյունքներով տարածվածությունը կանանց մոտ գնահատվում է 20-40%: 

    3.    Ի՞նչ պատճառներ կարող են բերել անմիզապահության առաջացման:

    Անմիզապահության մի քանի տեսակներ կան, որոնցից առանձնացնում ենք 4 հիմնական տեսակներ` սթրեսային, ուրգենտային, խառը և գերծավալային: Յուրաքանչյուր տեսակն ունի բնորոշ պատճառներ: Սթրեսային անմիզապահությունը մեզի ակամա արտահոսքն է ֆիզիկական լարվածության ժամանակ (օրինակ` հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս, ծանրություն բարձրացնելիս, արտահայտված դեպքերում` նույնիսկ, քայլելիս): «Սթրեսային» տերմինը կապված չէ սթրեսի կամ վախենալու հետ, այլ բնորոշում է անմիզապահության այն դեպքերը, որոնք առաջանում են ֆիզիկական լարվածության ժամանակ: Սթրեսային անմիզապահության պատճառը միզապարկի փականային համակարգի անբավարար աշխատանքն է:

    Ուրգենտային անմիզապահության դեպքում մեզի ակամա արտահոսքի պատճառը միզապարկի պատի (մկանային շերտի) ակամա կծկումն է: Այս դեպքում մեզի ակամա արտահոսքին չի նախորդում ֆիզիկական ակտիվություն: Նախ առաջանում է միզելու հանկարծակի, բավականին ուժեղ արտահայտված, անզսպելի ցանկություն, որն էլ ուղեկցվում է մեզի ակամա արտահոսքով:

    Խառը տիպի անմիզապահության դեպքում առկա է ինչպես սթրեսային, այնպես էլ ուրգենտային բաղադրիչ և պացիենտն ունի անմիզապահության վերոնշյալ երկու տեսակներին բնորոշ գանգատներ:

    Գերծավալային տեսակի անմիզապահությունն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ և, սովորաբար, պայմանավորված է շագանակագեղձի գերաճով: Պատճառն այն է, որ չափերով մեծացած շագանակագեղձը, փակելով միզուկի լուսանցքը, խոչընդոտում է մեզի արտահոսքին, որը հանգեցնում է միզապարկի գերլցման: Գերլցված միզապարկի պայմաններում բարձրանում է ներմիզապարկային հիդրոստատիկ ճնշումը` առաջացնելով մեզի ակամա արտահոսք:

    4.    Որո՞նք են անմիզապահության առաջացման ռիսկի գործոնները, ռիսկե՞ր են, արդյոք, ճարպակալումը և սպորտը:

    Կանանց մոտ անմիզապահության առաջացման ռիսկի գործոններ են բոլոր այն իրավիճակները, որոնք հանգեցնում են ներորովայնային ճնշման քրոնիկական բնույթի բարձրացման (օրինակ` քրոնիկական փորկապություն, այնպիսի շնչառական խնդիրներ, որոնք կարող են քրոնիկական հազի պատճառ դառնալ` ասթմա, ֆարինգիտ, քրոնիկական բրոնխիտ): Ռիսկի գործոններից են նաև մի շարք սպորտաձևերը (հիմնականում խոսքը ծանր ատլետիկայի մասին է), տարիքը, հղիությունը, ծննդաբերությունը, ռասսան (սպիտակամորթ կնոջ մոտ առավել հաճախ է հանդիպում), ճարպակալումը, մի շարք հորմոնալ բուժումներ, ծխախոտը, շաքարային դիաբետը, դեպրեսիան, կոֆեինի չարաշահումը (կարող է ուրգենտային անմիզապահության պատճառային գործոն լինել) և այլն:

    Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է անմիզապահության ուրգենտային տիպը, իսկ սթրեսային տիպի անմիզապահություն առաջանում է, սովորաբար, տարբեր հիվանդությունների դեպքում` շագանակագեղձը հեռացնելուց հետո:

    5.    Ովքե՞ր են հակված և ում մոտ է առավել հաճախ զարգանում անմիզապահություն:

    Անմիզապահությունն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ: Վերոնշյալ ռիսկի գործոնների առկայության դեպքում առաջացման հավանականությունը բարձրանում է:

    6.    Կարո՞ղ են որոշ ըմպելիքներ հրահրել անմիզապահության առաջացումը:

    Անմիզապահության առաջացման ռիսկի գործոններից է կոֆեինի (մասնավորապես սուրճի) չարաշահումը: Վերջինս կարող է ուրգենտային անմիզապահության պատճառային գործոն լինել:

    7.    Որքա՞ն հաճախ է հանդիպում անմիզապահությունը կանանց մոտ:

    Մի շարք հետազոտությունների արդյունքներով տարածվածությունը կանանց մոտ գնահատվում է 20-40%: 

    8.    Անմիզապահությունն արդյո՞ք ծննդաբերության հետևանք է և տարեց կանանց մշտական ուղեկիցը:

    Ծննդաբերությունը սթրեսային անմիզապահության ռիսկի գործոններից է: Տարիքը ևս անմիզապահության ռիսկի գործոններից է և տարիքի հետ հանդիպման հաճախականությունը բարձրանում է: Երիտասարդների մոտ առավել հաճախ դիտվում է անմիզապահության սթրեսային տեսակը, իսկ առավել տարեցների մոտ` ուրգենտային և խառը տեսակները:

    9.    Որո՞նք են անմիզապահության առաջացման պատճառները տղամարդկանց մոտ:


    Տղամարդկանց մոտ անմիզապահության առաջացման ռիսկի գործոններն են տարիքը, կոնքային ռադիկալ վիրահատությունները (հաճախակի պատճառ է շագանակագեղձի հեռացումը): Գերծավալային տիպի անմիզապահության առաջացման պատճառը միզապարկից ներքև առաջացած օբստրուկցիան է (հաճախակի պատճառ է շագանակագեղձի գերաճը):


    10.    Հնարավո՞ր է նվազեցնել անմիզապահության ինտենսիվությունը քաշի նվազեցման կամ սննդակարգի միջոցով:

    Անմիզապահության առաջացման ռիսկի գործոններից է ճարպակալումը: Հետևաբար, նվազեցնելով քաշը, դրական արդյուքներ ստանալու հավանականությունը բարձրանում է: Ճիշտ սննդակարգը ևս իր ազդեցությունն ունի: Կոֆեինի (մասնավորապես սուրճի) չարաշահումը կարող է ուրգենտային անմիզապահության պատճառային գործոն լինել: Մի շարք դեպքերում միզապարկը գրգռող սննդից հրաժարվելու կամ սահմանափակ քանակով օգտագործման կարիք կարող է առաջանալ:

    11.    Կա՞ն, արդյոք, ուրոլոգիական միջադիրներ, և ինչո՞վ են տարբերվում սովորական միջադիրներից:

    Կան բազմաթիվ տեսակների ուրոլոգիական միջադիրներ: Սովորական միջադիրներից վերջիններիս տարբերությունն ակնհայտ է տղամարդկանց համար նախատեսված միջադիրների դեպքում, որոնք հատուկ հարմարեցված են արական արտաքին սեռական օրգաններին և չափերով ավելի փոքր են:

    12.    Ինչո՞ւ ընտրել շնչող միջադիրներ:


    Շնչող միջադիրներ օգտագործելու դեպքում մաշկային տարբեր բնույթի խնդիրների առաջացման հավանականությունը ավելի քիչ է:


    13.    Ի՞նչ ձևերով կարող է արտահայտվել անմիզապահությունը:

    Անմիզապահության տարբեր տեսակներ տարբեր ձևերով են արտահայտվում: Սթրեսային անմիզապահությունն արտահայտվում է մեզի ակամա արտահոսքով` հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս, ծանրություն բարձրացնելիս և մի շարք այլ այնպիսի իրավիճակներում, որոնք ուղեկցվում են ներորովայնային ճնշման բարձրացմամբ: Արտահայտված սթրեսային անմիզապահության դեպքում մեզի ակամա արտահոսք կարող է դիտվել նույնիսկ քայլելիս:

    Ուրգենտային անմիզապահության դեպքում մեզի ակամա արտահոսքին սովորաբար նախորդում է միզարձակության հանկարծակի առաջացած, բավականին ուժեղ և անզսպելի ցանկություն: Այս պացիենտները նշում են, որ առաջանում է միզելու անզսպելի ցանկություն և մինչև զուգարան հասնելը դիտվում է մեզի ակամա արտահոսք:

    Խառը տիպի անմիզապահության դեպքում առկա է ինչպես սթրեսային, այնպես էլ ուրգենտային բաղադրիչ: Պացիենտի մոտ դիտվում է անմիզապահության վերոնշյալ երկու տեսակների համադրությունը:

    Գերծավալային տիպի անմիզապահությունն առավել հաճախ դիտվում է շագանակագեղձի գերաճով տղամարդկանց մոտ: Այս դեպքում դիտվում է մեզի ակամա արտահոսք կաթիլների տեսքով:

    14.    Կա՞, արդյոք, անմիզապահությունից ազատվելու հնարավորություն, բուժվո՞ւմ է, արդյոք, կանանց անմիզապահությունը:

    Անմիզապահությունը բուժելի է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Վերջինիս բուժման տարբեր եղանակներ կան:

    15.    Ինչպե՞ս է ախտորոշվում անմիզապահությունը:

    Անմիզապահության ախտորոշման և հետագա բուժման համար պետք է դիմել ուրոլոգի օգնությանը: Ախտորոշման համար մեծ դեր ունի գանգատների բնույթի, վաղեմության, արտահայտվածության աստիճանի և մի շարք այլ տվյալների մանրակրկիտ վերլուծությունը: Կատարվում են լաբորատոր և գործիքային քննություններ, ինչպես նաև զննում գինեկոլոգիական սեղանին:

    16.    Անմիզապահության բուժման ինչպիսի՞ ոչ վիրահատական մեթոդներ կան ներկայում:

    Ոչ վիրահատական մեթոդներից օգտագործվում են բուժման ոչ դեղորայքային (ինչպիսիք են` կոնքի մկանների վարժանքը, միզապարկի վարժանքը, էլեկտրական խթանման որոշ մեթոդները և այլն) և դեղորայքային եղանակները:

    17.    Ի՞նչ անել, եթե դեղորայքային բուժումն արդյունավետ չէ:


    Եթե բուժման ոչ դեղորայքային և դեղորայքային եղանակներն արդյունավետ չեն, ապա, սովորաբար, վիրահատական միջամտության կարիք է առաջանում:


    18.    Ի՞նչ միջոցառումներ են կիրառվում բուժման ընթացքում:


    Կան բուժման ոչ դեղորայքային, դողորայքային և վիրահատական մեթոդներ:


    19.    Բուժման ի՞նչ ինվազիվ և փոքր ինվազիվ մեթոդներ կան:

    Ինվազիվ մեթոդներից ամենաարդյունավետը սթրեսային կամ խառը տիպի անմիզապահության դեպքում կատարվող ժապավենային վիրահատությունն է, որի դեպքում միզուկի տակ տեղադրվում է հատուկ ժապավեն` նախատեսված անմիզապահության բուժման համար: Վիարահատությունը համարվում է փոքր ինվազիվ և կատարվում է հեշտոցային մուտքով` վերջինիս առաջային պատին կատարված 1սմ չափի կտրվածքով: Կան մի շարք այլ վիրահատական միջամտություններ ևս (այդ թվում` բաց և լապարոսկոպիկ):

    20.    Ինչպե՞ս կանխարգելել անմիզապահությունը:

    Անմիզապահության կանխարգելման համար անհրաժեշտ է խուսափել այնպիսի իրավիճակներից , որոնք հանգեցնում են ներորովայնաին ճնշման քրոնիկական բնույթի բարձրացման (քրոնիկական հազ, փորկապություն և այլն), հետևել քաշին, սննդակարգին, հրաժարվել ծխախոտից: Անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի խորհրդատվության, քանի որ առկա ախտանիշները ժամանակի ընթացքում սովորաբար ավելի արտահայտիչ են դառնում, իսկ ժամանակին դիմելու դեպքում ոչ վիրահատական եղանակներով բուժվելու հավանականությունն առավել բարձր է:

    Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Իզմրլյան ԲԿ ուրոլգիական բաժանմունք կամ զանգահարել` 010242483


    Հեղինակ` ուրոլոգ Գոռ Գրիգորիի Շադյան

  • Մենիսկոպաթիաներ. հաճախ տրվող հարցեր

    1.  Ի՞նչ է մենիսկը:

     

    Մենիսկը ծնկան հոդի ներհոդային օրգաններից է, որն ապահովվում է ծնկան հոդի կայունությունը և պաշտպանում աճառները` մաշվելուց:


    2.  Քանի՞ մենիսկ կա ծնկան հոդում:


    Յուրաքանչյուր ծնկան հոդում առկա են երկու մենիսկ՝ միջային և դրսային, համապատասխանաբար, ազդրոսկրի, ոլոքի և միջային ու դրսային կոճերի արանքում:

    3.  Ի՞նչ տեսք ունեն մենիսկները:

    Մենիսկները հիմնականում ունեն կիսալուսնաձև տեսք, իսկ լայնական կտրվածքի վրա եռանկյունաձև են: Սակայն երբեմն հանդիպում են այլ տիպի՝ ամբողջական դիսկի տեսքով դիսկոիդ մենիսկներ: Դա ավելի վերաբերում է դրսային մենիսկին և ընդամենը անատոմիական առանձնահատկություն է:

    4.  Ինչի՞ համար են մենիսկները:

    Մենիսկները ներհոդային բավականին կարևոր օրգաններ են, որոնք նախ` ապահովում են ծնկահոդի կայունությունը և, երկրորդ` պաշտպանում են հոդաճառները մաշվածությունից:

    5.  Ի՞նչ է մենիսկոպաթիան, ի՞նչ տեսակներ կան:

    Ընդունված չէ օգտագործել մենիսկոպաթիա արտահայտությունը, ամեն դեպքում, դրանք իրենցից ներկայացնում են մենիսկի հետ կապված ցանկացած խնդիրը, ախտահարումը` վնասվածքները, տարբեր տեսակի հիվանդությունները:

    6.  Ինչո՞վ են վտանգավոր մենիսկի վնասվածքները և կապանների պատռվածքները:

    Մենիսկի վնասվածքները և կապանների պատռվածքները վտանգավոր են այնքանով, որքանով դրանց բացակայության կամ ֆունկցիայի թերարժեքության դեպքերում հոդում տուժում է կայունությունը և վնասվում են աճառները, ինչի հետևանքով հոդում զարգանում է հետվնասվածքային դեֆորմացնող օստեոարթրոզ: Մենիսկի վնասվածքների դեպքում հնարավոր է նաև, որ հոդում առաջանա բլոկադա, երբ մենիսկն իր պատռված հատվածով ընկնում է ոսկրերի միջև եղած տարածության մեջ ու անհնար դարձնում ծնկահոդի շարժումը:

    7. Ի՞նչ հետևանքներ կարող են թողնել վնասվածքները:

    Հետևանքներից է դեֆարթրոզը՝ դեֆորմացնող օստեոարթրոզը:

    8.  Ի՞նչ կլինի, եթե կապանների պատռվածքները չբուժվեն:

    Եթե կապանների պատռվածքները չբուժվեն և չվերականգնվեն, հոդը կդառնա անկայուն և կնպաստի ավելի լուրջ վնասվածքների զարգացմանը: Պատճառն անկայուն հոդի չափից ավելի շարժումներից հոդի այլ կառուցվածքային մասերի վնասումն է` մինչև անգամ ազդրի և սրունքի կոտրվածքների առաջացումը:

    9.  Ի՞նչ կլինի, եթե հեռացվի մենիսկը:

    Եթե մենիսկը հեռացվի ամբողջությամբ, ինչն արվում էր նախկինում, ապա առաջին հինգ տարիների ընթացքում հոդում կձևավորվի դեֆորմացնող օստեոարթրոզ հոդի անկայունության արդյունքում առաջ եկած միկրովնասվածքներից: Այդ պատճառով մենիսկի բուժման համար շատ կարևոր է հեռացնել ոչ թե ամբողջ մենիսկը, այլ նրա հնարավորին փոքր մասը: Իսկ եթե հնարավոր է խնդիրը լուծել առանց մենիսկի որևէ մասը հեռացնելու և բավարարվել ընդամենն այն կարելով, բնականաբար, այդպես էլ պետք է վարվել:

    10. Կարո՞ղ է վերաճել մենիսկը:

    Ո՛չ, մենիսկը վերաճել չի կարող: Հեռացված մենիսկի տեղում առաջանում է փոքրիկ ռեգեներատ, որը բնավ չի կարող ծառայել որպես մենիսկ:

    11.  Մենիսկոպաթիայի դեպքում ազատվո՞ւմ են զինվորական ծառայությունից:

    Միանշանակա պատասխան չկա, ամեն դեպքում, այստեղ կարևորը ոչ թե մենիսկի բուն վնասումն է, այլ այդ վնասման հետևանքով առաջացած խնդիրը և հոդի ֆունկցիայի խանգարումը:

    12.  Որոն՞ք են մենիսկոպաթիաների պատճառները:

    Մենիսկոպաթիաների պատճառները հոդերում տարբեր տեսակի վնասվածքներն են, դեգեներատիվ հիվանդությունները, օրինակ. օստեոարթրոզը, որը կարող է բերել մենիսկների դեգեներատիվ ախտահարման և վնասման:

    13.  Ե՞րբ կասկածել, որ կա մենիսկի կապանների պատռվածք:

    Երբ վնասվածքից հետո ծնկան հոդում կա արտահայտված ցավ և շարժումների դժվարացում:

    14.  Ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում մենիսկոպաթիաները:

    Առաջին ախտանիշը տարբեր տեսակի վնասվածքներից հետո կքանստելիս կամ այլ շարժումների ժամանակ ծնկահոդում առաջացող ցավն է: Հաջորդը` հոդում շխկոցի զգացումն է, անկայունության զգացողությունը, երբ քայլելիս կամ այլ շարժումների ժամանակ հիվանդը հոդի ներսում անսովոր շարժում է զգում: Մյուս ախտանիշը հոդի այտուցվածությունն է՝ հոդում հեղուկի կուտակումը և այլն: Այս բոլոր դեպքերում արդեն կասկածվում է մենիսկի վնասում և պետք է դիմել օրթոպեդի օգնությանը, որպեսզի ճիշտ ախտորոշում և համապատասխան բուժում իրականացվի:

    15.  Ինչպե՞ս  ախտորոշել մենիսկոպաթիաները:

    Ախտորոշումը հիմնականում հաստատվում է հոդի պատկերը ֆիքսող սարքավորումների միջոցով կատարվող հետազոտությունների արդյունքում: Այդ առումով հետազոտական մեթոդներից ամենատեղեկատվականը մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիան է (ՄՌՏ), որի օգնությամբ հնարավոր է նաև հոդի փափուկ հյուսվածքների վիճակի վերաբերյալ բավականին շատ տեղեկատվություն ստանալ: Հաջորդը և գնային առումով ավելի մատչելին ուլտրաձայնային հետազոտությունն է (ՈՒՁՀ), որն, իհարկե, զիջում է ՄՌՏ-ին, բայց փորձառու մասնագետի համար կարող է միանգամայն սպառիչ և բավարար լինել` ախտորոշելու: Ռենտգենոգրաֆիան, որը փափուկ հյուսվածքների մասին տեղեկատվություն չի տալիս, սակայն պարտադիր իրականացվում է՝ լրացուցիչ փոփոխություններ հայտնաբերելու և ոսկրային ախտաբանությունը բացառելու համար:

    16.  Եթե կա մենիսկի վնասվածք, ի՞նչ անել:

    Պետք է անպայման դիմել բժշկի՝ օրթոպեդի մասնագիտացված օգնությանը:

    17.  Առաջին օգնությունը մենիսկի վնասվածքների և կապանների պատռվածքների ժամանակ:

    Մենիսկի վնասվածքների և կապանների պատռվածքների ժամանակ առաջին օգնությունը նույնն է, ինչ ցանկացած մարմնամասի վնասման ժամանակ՝ դա հոդը սառեցնելն է, ոչ մի դեպքում չի կարելի տաքացնող միջոցներ, կոմպրեսներ օգտագործել, հաջորդը՝ հոդը հանգստացնելու նպատակով ֆիքսատորներով կամ այլ միջոցներով այն հնարավորին անշարժացնելն է:

    18.  Ինչպե՞ս բուժել տնային պայմաններում:

    Մենիսկի ախտահարումները տնային պայմաններում չեն բուժվում, քանի որ մենիսկն այնպիսի հյուսվածք է, որն ինքնուրույն չի վերականգնվում: Տան պայմաններում ընդամենը հնարավոր է որոշ ցավազրկող, հակաբորբոքային, ժողովրդական տարբեր միջոցներ օգտագործել, որոնք միայն փոքր-ինչ կարող են թեթևացնել ցավը, բորբոքային գործընթացները:

    19.  Մենիսկոպաթիաների բուժման եղանակները:

    Վնասված մենիսկի բուժման եղանակներից առաջինը և հիմնականը վիրահատական միջամտությունն է, երբ հոդ թափանցելով՝ նախ, ճշտվում է վնասման տեսակը, չափը ապա, հնարավորության սահմաններում, վերականգնվում: Եթե վնասվածքն այնպիսին է, որ հնարավոր չէ վերականգնել, այդ դեպքում վնասված հատվածները պարզապես հեռացվում են, որպեսզի հետագայում դրանք չխանգարեն հիվանդին և ավելի չբարդացնեն վիճակը՝ հոդում նոր վնասումներ առաջացնելով, քանի որ վնասված մենիսկն իր անհարթությամբ շարժումների ժամանակ կարող է վնասել հոդաճառները:

    20.  Որքա՞ն է տևում վիրահատությունը և ստացիոնար բուժումը:

    Եթե միայն մեկ մենիսկ է վնասված, վիրահատությունը տևում է մոտավորապես 20 րոպե, իսկ եթե հոդում կան ավելի շատ վնասված հատվածներ, ապա վիրահատությունը, համապատասխանաբար, ավելի երկար է տևում: Հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվում վիրահատության հաջորդ օրը:

    21. Ի՞նչ է արթրոսկոպիան և ինչպե՞ս է այն իրականացվում մենսիկոպաթիաների ժամանակ:

    Մենիսկի վիրահատական բուժման համար հիմնականում օգտագործվում է արթրոսկոպիկ մեթոդը: Դեռևս որոշ տեղերում օգտագործում են նաև բաց մենիսկէկտոմիաներ, բայց դա անթույլատրելի է, քանի որ դրա ժամանակ հեռացվում է ամբողջ մենիսկը, ինչը հետագայում ավելի լուրջ խնդիրների է հանգեցնում: Արթրոսկոպիայի ժամանակ տեսախցիկով նախ ներթափանցում են հոդի խոռոչ՝ էկրանին մանրամասն դիտելով քառասուն անգամ մեծացված հոդի պատկերը, ապա երկրորդ անցքով հոդ է ներմուծվում աշխատանքային գործիքը և իրականացվում բուժման գործընթացը՝ որևէ մասի հեռացում, կարում և այլն:

    22.  Ինչքա՞ն երկար չի կարելի քայլել արթրոսկոպիայից հետո, կամ մեքենա վարել և պե՞տք են, արդյոք, հենակներ:

    Վիրահատությունից հետո՝ հիվանդի վիճակից կախված, նույն կամ հաջորդ օրը հիվանդն արդեն ի վիճակի է քայլել: Հիվանդանոցից հիվանդը դուրս է գրվում վիրահատության հաջորդ օրը և պարտադիր դեռ երկու շաբաթ օգտվում է հենակներից, ևս մեկ շաբաթ` ձեռնափայտից, քանի որ հոդի ներսում դեռևս լինում են վերքեր և ժամանակից շուտ հոդը ծանրաբեռնելու դեպքում հոդի ներսում կարող է արյուն կուտակվել, ձգձգվել վերքերի լավացումը և բերել լուրջ խնդրիների:

    23.   Որքա՞ն է տևում վերականգնողական շրջանը և ինչպե՞ս է այն կազմակերպվում:

    Վիրահատությունից հետո երկու շաբաթվա ընթացքում վերականգնողական միջոցառումներ պետք է իրականացվեն՝ վարժություններ և այլն: Սովորաբար, մենիսկի վնասման վիրահատության վերականգնողական շրջանը տևում է 1-1,5 ամիս:

     

    Պրոֆեսիոնալ սպորտսմեններին թույլատրվում է սպորտ վերադառնալ երեք ամսից ոչ շուտ:

  • Արթրոզ. հաճախ տրվող հարցեր

    1.    Ծնկան հոդի արթրոզ և արթրիտ, ինչո՞ւմն է տարբերությունը:

    Արթրիտը հոդի բորբոքումն է, իսկ արթրոզը հոդի ձևախեղումն է, աճառների մաշվածությունը և այլն: Ներկայում արթրոզը և արթրիտն այլևս չեն առանձնացվում, խոսվում է արթրոզո-արթրիտ հիվանդության մասին, որն իր մեջ ներառում է և աճառների մաշվածությունը և բորբոքումը, քանի որ արթրոզի դեպքում միշտ էլ հոդը այս կամ այն չափով բորբոքվում է: Իհարկե, կան առանձին սպեցիֆիկ արթրիտներ, օրինակ` ռևմատիկ, պատանեկան արթրիտներ, որոնք հետագայում կարող են բարդանալ և բերել արթրոզոարթրիտի, դեֆորմացնող արթրոզի և այլն:

    Օստեոարթրոզը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնայինը լինում է նաև ինվոլուտիվ, տարիքային, երբ տարիքի հետ օրգանիզմը, բնականաբար, նաև հոդերը մաշվում են  այսինքն`երկրորդային օստեոարթրոզն առաջանում է վնասվածքների և տարբեր հիվանդությունների (աուտոիմուն, մետաբոլիկ խանգարումներ) հետևանքով: Կախված այն առաջացնող պատճառից, երկրորդային արթրոզները կոչվում են հետտրավմատիկ, աուտոիմուն և այլն: Գոյություն ունեն նաև դիսպլաստիկ արթրոզներ, որոնք կապված են հոդերի զարգացման  և դիսպլաստիկ խնդիրների հետ:

    2.    Ի՞նչ պատճառներով կարող է ցավ առաջանալ ծնկան հոդում:

    Ծնկան հոդում ցավերի պատճառները շատ են. տարբեր վնասվածքներ, կապանների, մենիսկների վնասվածքներ, տարբեր տեսակի հոդային հիվանդություններ՝ ռևմատիզմ կամ այլ համակարգային հիվանդություններ, զանազան ուռուցքներ, արթրոզներ, արթրիտներ:

    3.    Ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում արթրիտը և արթրոզը:

    Բոլոր օրթոպեդիկ հիվանդների մոտ առաջին ախտանիշը ցավն է, հաջորդը` այտուցվածությունը, հոդի դեֆորմացիան և ֆունկցիայի խանգարումը, արթրիտների ժամանակ` բորբոքման հետևանքով արտահայտված հիպերեմիան (կարմրությունը): Բորբոքման ժամանակ հատկանշական է հինգ ախտանիշ. ցավը այտուց, տեղային տաքություն, կարմրություն և ֆունկցիայի խանգարում: Արթրոզի դեպքում էլ վերոնշյալ ախտանիշներից շատերն առկա են:

    4.    Ո՞ր ախտանիշների դեպքում է անհրաժեշտ դիմել օրթոպեդին:

    Բոլոր վերը նշված ախտանիշների դեպքում պետք է անպայման դիմել օրթոպեդին:

    5.    Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում ծնկան հոդի արթրոզի ժամանակ:

    Առաջինը ռենտգենոգրաֆիան է, որը բավականին տեղեկատվական է` պարզելու ոսկրերի վիճակը, հոդի դեֆորմացիայի աստիճանը, կիստոզ օջախների առկայությունը և այն: Ավելի խորը հետազոտություն է համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ), որը թույլ է տալիս ստանալ տարածաչափական պատկեր: Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) նույնպես բավականին , ՄՌՏ տեղեկատվական է բորբոքման դեպքում: Կարելի է արթրոսկոպիկ վիրահատությունն օգտագործել որպես ախտորոշիչ մեթոդ, երբ տեսախցիկով ուսումնասիրվում է հոդը` ներսից, իսկ անհրաժեշտություն դեպքում շարունակվում է որպես վիրահատություն՝ հոդի խնդիրը շտկելու համար: Արթրիտների ժամանակ կատարվում է  նաև արյան հետազոտություն:

    6.    Ի՞նչ կոնսերվատիվ և վիրահատական բուժման սկզբունքներ են գործում ծնկան հոդի արթրոզի ժամանակ:

    Կոնսերվատիվ մեթոդները բաժանվում են երկու խմբի՝ դեղորայքային և ոչ դեղորայքային: Ոչ դեղորայքային մեթոդներն են` առողջ ապրելակերպը, ծանրաբեռնվածություններից խուսափելը, քաշի կարգավորումը, քանի որ ծանր քաշը արթրոզների դեպքում համարվում է առաջնահերթ խնդիր հաջորդը է: Դեղորայքային բուժման ցանկում ստերոիդային և ոչ ստերոիդային դեղերն են, աճառներն ամրացնող երկարատև  (մինչև 6 ամիս) ընդունման խոնդրոպրոտեկտորները: Կատարվում են ներհոդային ներարկումներ՝ հիալուրոնատներ, որոնք ներկայում լայնորեն կիրառվում են: Սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք ոչ բոլոր արթրոզների ժամանակ են ցուցված և արդյունավետ: Օրինակ երրորդ և չորրորդ աստիճանի արտահայտված արթրոզների ժամանակ դրանք քիչ արդյունավետ են: Այդ պատճառով պետք է առաջնորդվել այդ ներարկումների հստակ ցուցումներով:

    Բուժման մյուս տարբերակը վիրահատականն է: Արթրոզի առաջին աստիճանի դեպքում, եթե զուգահեռ կան նաև ներհոդային վնասումներ, օրինակ` մենիսկների, կարելի է կիրառել արթրոսկոպիկ մեթոդը. թափանցել հոդ: Երկրորդ աստիճանի արթրոզի դեպքում միայն արթրոսկոպիկ մեթոդը  քիչ արդյունավետէ: Այս դեպքում երբեմն արթրոսկոպիան զուգակցվում է ոլոքը շտկող օստեոտոմիաներով, քանի որ լինում է վերջույթի առանցքի դեֆորմացիա, ինչ շտկել է պետք: Այս վիրահատության դեպքում հարկ է նաև հաշվի առնել հիվանդի տարիքը, քաշը` հետագա բարդություններից խուսափելու համար: Նմանատիպ վիրահատություններն անպայման պետք է զուգակցել ներհոդային ներարկումների (հիալուրոնատների) հետ: Եթե աճառների դեֆորմացիան անցնում է ոսկրերի վրա, բնականաբար, միջամտություն պետք է կատարվի նաև ոսկրային մակարդակով:
    Լիարժեք բուժում կարելի է համարել հոդի էնդոպրոթեզավորումը, երբ մաշված հատվածները հեռացնելուց հետո տեղադրվում է արհեստական հոդ:

    7.    Կարելի՞ է արթրոզը բուժել ժողովրդական մեթոդներով:


    Քանի որ արթրոզն իր մեջ ունի որոշակի բորբոքային կոմպոնենտ, ժողովրդական միջոցներով հնարավոր է հանել, մեղմացնել այդ բորբոքումը, բայց այն բուժել հնարավոր չէ, քանի որ նույնիսկ բժշկական կոնսերվատիվ մեթոդներով արթրոզը չի բուժվում:

    8.    Ինչպիսի՞ն են բուժման արդյունքները:

    Արթրոզի բուժման մասին խոսելը դժվար է, որովհետև այն հաճախ օրգանիզմի բնական ընթացքի՝ ծերության հետևանք է և լիարժեք բուժման ենթակա չէ: Սա առաջնային արթրոզն է, որի դեպքում հոդը, աճառը ենթարկվում են մաշվածության, ինչը հնարավոր չէ վերականգնել: Երկրորդային արթրոզի դեպքում առաջնային հիվանդությանը զուգահեռ ձեռնարկվում են միջոցներ հնարավորին թեթևացնելոու և կանխարգելելու արթրոզը:

    9.    Անհրաժե՞շտ է պահպանել սննդակարգ արթրոզի ժամանակ:

    Սնունդը պետք է լինի առողջ, վիտամիններով, սպիտակուցներով հարուստ, սակայն բացառվի ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը:

    10.    Ինչպե՞ս ընտրել ծնկակալներ արթրոզի ժամանակ:

    Ծնկակալները արթրոզի ժամանակ այնքան էլ արդյունավետ չեն և իմաստ չունի օգտագործել: Դրանք, սովորաբար, օգտագործվում են տարբեր վնասումների ժամանակ (կապաններ, մենիսկներ և այլն)` ֆիքսում են հոդը և ապահովում նրա կայունությունը:

    11.    Արթրոզի ժամանակ տրվո՞ւմ է հաշմանադամություն:

    Դա կախված է հոդի ֆունկցիայի խանգարման աստիճանից, և որոշվում է փորձաքննությամբ:

    12.    Կարելի՞ է մերսում արթրոզի ժամանակ:

    Մարմնի ընդհանուր մերսում կարելի է, սակայն հոդի շրջանում մերսումը որևէ օգուտ տալ չի կարող և չի կարելի: Այլ բան է՝ շարժումների սահմանափակման դեպքում բուժական ֆիզկուլտուրան:

    13.    Ի՞նչ է ձևափոխվող արթրոզը,  գոնարթրոզը:

    Ձևափոխվող արթրոզը հոդերի դեգեներատիվ դիստրոֆիկ հիվանդություն է, որն, առաջին հերթին, ախտահարում է հոդաճառները, այնուհետև տարածվում է շրջակա հյուսվածքների՝ կապանների, ոսկրերի վրա: Գոնարթրոզը դրա տեսակներից է` ըստ տեղակայման: Գոնարթրոզը օստեոարթրոզի գործընթացի առկայությունն է ծնկան հոդում: Կոնք ազդրային հոդում այն կոչվում է կոքսարթրոզ, իսկ ուսային հոդում` օմարթրոզ:

    14.    Ի՞նչ ախտանիշներով է արտահայտվում գոնարթրոզը:

    Գոնարթրոզին բնորոշ են այն ախտանիշները, որոնք լինում են արթրոզների ժամանակ:

    15.    Ինչպե՞ս է ախտորոշվում գոնարթրոզը:

    Ախտորոշումը նույնն է, ինչ արթրոզների ժամանակ:

    16.    Օգնո՞ւմ է բլոկադան ծնկան հոդի գոնարթրոզի ժամանակ:

    Ծնկահոդի բլոկադան հոդը ցավազրկում է, մեղմացնում կամ հանում բորբոքումը, սակայն հոդի մաշվածությանն օգնել չի կարող, անգամ կարող է վնասել, որովհետև հորմոնալ դեղերն ունեն արտահայտված խոնդրոսուպրեսիվ հատկություն, այսինքն, նրանք քայքայում են աճառները և հաճախակի ներարկումներն այդ առումով վտանգավոր են:

    17.    Ի՞նչ ֆիզիոթերապևտիկ մեթոդներ են կիրառվում ծնկան հոդի արթրոզի և գոնարթրոզի ժամանակ:

    Ֆիզիոթերապևտիկ բոլոր միջոցները, որոնք կարելի է օգտագործել՝ ֆոնոֆորեզներ, էլեկտրոֆորեզ, մագնիտոլազեր, ուլտրաձայնային ալիքներ /ՈՒՎՉ/, բայց եթե գոնարթրոզի հետևանքով կա սուր բորբոքում, ապա ֆիզիոթերապիան հակացուցված է, այն կարելի է անել սրացման փուլն անցնելուց հետո:

    18.    Ի՞նչ բարդություններ կարող են լինել ծնկան հոդի արթրոզի և գոնարթրոզի ժամանակ:

    Բարդությունները հոդում շարժումների սահմանափակումը և արդյունքում հոդի ֆունկցիայի խանգարումն է: Առաջանում են տարբեր աստիճանի արտահայտված կոնտրակտուրաներ, երբ հոդը հնարավոր չէ անգամ շարժել:

    19.    Հնարավո՞ր է աբողջովին բուժել ծնկան հոդի արթրոզը և գոնարթրոզը:

    Ոչ:

    20.    Ի՞նչ գործոններ են ազդում ծնկան հոդի արթրոզի պրոգնոզի վրա:

    Որքան հիվանդը շուտ է դիմում բժշկի, այնքան բուժումն արդյունավետ է: Վիրահատական միջամտությունն ոչ բոլոր տարիքներում է նպատակահարմար: Երիտասարդների մոտ այն ցանկալի չէ, քանի որ էնդոպրոթեզը ունի իր օգտագործման ժամկետը և որքան ուշ տեղադրվի, այնքան ավելի ձեռնտու է: Ցանկալի է այն տեղադրել 60 տարեկանից հետո: Ազդող գործոններից են՝ ավելորդ քաշը, վնասվածքները, ծանրաբեռնվածությունը: 

    21.    Ինչպե՞ս կանխարգելել ծնկան հոդի արթրոզը:

    Պետք է հետևել քաշին և կարգավորել այն, բուժել ինֆեկցիոն քրոնիկ օջախները, ակտիվ, առողջ ապրելակերպ վարել, խուսափել վնասվածքներից, ծանրաբեռնվածությունից, վնասակար սովորություններից:

     

     

  • Էնդոկրինոլոգին հաճախ տրվող հարցեր

    1.    Ո՞վ է էնդոկրինոլոգը:

    Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Քանի որ էնդոկրին համակարգն  մասնակցում էամբողջ օրգանիզմի հոմեոստատիկ կարգավորմանը, ուստի էնդոկրինոլոգը բուժում է ո՛չ միայն էնդոկրին հիվանդությունները, այլ նաև դրանց հետևանքով առաջացած բոլոր ախտաբանական խնդիրները՝ կապված սիրտ-անոթային, նյարդային և այլ համակարգերի հետ:

    2.    Ի՞նչ օրգաններ, հիվանդություններ է բուժում էնդոկրինոլոգը:

    Էնդոկրինոլոգը բուժում է էնդոկրին համակարգի, էնդոկրին գեղձերի ախտահարումները:

    3.    Ի՞նչ է էնդոկրին համակարգը:

    Ամբողջ օրգանիզմի հոմեոստազը կարգավորվում է երկու համակարգերի միջոցով՝ նյարդային և էնդոկրին: Էնդոկրին համակարգի մեջ ներառվում են էնդոկրին գեղձերը, որոնք արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ: Դրանց շարքում են դասվում նաև աղիների լորձաթաղանթում արտադրվող կենսաբանական ակտիվ նյութերը՝ ինկրետինները:

    4.    Ի՞նչ տեսակի գեղձեր կան:

    Գեղձերը լինում են արտաքին ,ներքին և  խառը սեկրեցիայի: Արտաքին սեկրեցիայի գեղձերն ունեն ծորաններ, որոնցով դրանց արտադրությունը դուրս է գալիս արտաքին միջավայր: Այդ գեղձերն են՝ արցունքագեղձերը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը, կաթնագեղձերը: Ներքին սեկրեցիայի գեղձերը չունեն ծորաններ և նրանց արտադրած հորմոնները միանգամից հայտնվում են արյան մեջ: Այդ գեղձերից են վահանաձև գեղձը, մակերիկամները, սեռական գեղձերը հարվահանաձև, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգում (ԿՆՀ) տեղակայված հիպոթալամուսը և հիպոֆիզը:

    5.    Ին՞չ են արտադրում էնդոկրին գեղձերը:

    էնդոկրին գեղձերն արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ: ԿՆՀ-ում՝ հիպոթալամուսում, հիպոֆիզում արտադրվող հորմոնները հիմնականում ստատինները կամ լոիբերիններն են, որոնք կարգավորում են պերիֆերիկ տեղակայված գեղձերի աշխատանքը: Այդտեղ են արտադրվում նաև պրոլակտին, սոմատոտրոպ հորմոնները, օքսիտոցինը, վազոպրեսինը, անտիդիուրետիկ հորմոնը։ Պերիֆերիկ  գեղձերը` վահանագեղձ, սեռական գեղձեր, մակերիկամներ հարվահանաձև և այլն, արտադրում են հորմոններ, որոնք ենթարկվում են ԿՆՀ կողմից արտադրվող հորմոնների ազդեցությանը: Երբ  ախտահարվում է ԿՆՀ գեղձերի  դա արտահայտվում է պերիֆերիկ գեղձերի գործունեության խախտումով:

    6.    Ի՞նչ նշանակություն ունեն հորմոնները:

    Հորմոններն ապահովում են օրգանիզմի հումորալ կարգավորումը, բերելով օրգան համակարգերի ֆունկցիայի կարգավորման:

    Աղիներում հատուկ գեղձային բջիջների կողմից արտադրվող ինկրետիններն, օրինակ, ուտելուց հետո ապահովում են ինսուլինի քանակի ավելացումը  և գլյուկոզայի քանակի իջեցումը ։


    7.    Ինչի՞ համար են ԿՆՀ հորմոնները: Ի՞նչ հիվանդություններ են առաջանում կենտրոնական էնդոկրին համակարգի ախտաբանության ժամանակ:

    Դրանք հիպոթալամուսի, հիպոֆիզի հորմոններն են: Այդ գեղձերի ախտահարման ժամանակ կարող են զարգանալ ոչ շաքարային դիաբետ, գինեկոմաստիա (տղաների մոտ), կանանց մոտ դաշտանային ցիկլի տարբեր խանգարումներ, ճարպակալում, ակրոմեգալիա, սոմատոտրոպ հորմոնի գերսեկրեցիայի ժամանակ` գիգանտիզմ, իսկ պակասի դեպքում՝ նանիզմ՝ գաճաճություն, և այլն:

    8.    Ինչի՞ համար են վահանագեղձի հորմոնները: Ի՞նչ հիվանդություններ են առաջանում վահանաձև գեղձի ախտաբանության ժամանակ:

    Վահանաձև գեղձը պարանոցի առաջային մակերեսին տեղակայված, 15-20 գր քաշով փոքրիկ գեղձ է, բայց շատ կարևոր ֆունկցիա է կատարում: Նրա հորմոններից թիրոքսինն ազդում է օրգանիզմի բոլոր բջիջների վրա` ապահովելով նրանց էներգետիկ փոխանակությունը, այսինքն, կարգավորում է օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության արագությունը: Նրա քանակի ավելցուկը բերում է նյութափոխանակության արագացման, որի արդյունքում լինում է օրգանիզմի դրդում. նիհարում, թուլություն, քրտնարտադրություն, դող, ջղագրգռություն: Իսկ եթե նրա քանակը պակասում է, զարգանում է հիպոթիրեոզ՝ թուլություն, շշմածություն, դանդաղկոտություն, բրադիկարդիա, գիրություն, հաճախ` լորձային այտուցներ և այլն: Վահանաձև գեղձից վերև տեղակայված են հարվահանաձև  գեղձերը, որտեղ առաջացող կալցիտոնինն ազդում է կալցիումի և ջրաաղային փոխանակության վրա:

    Վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են լինել բորբոքային բնույթի՝ սուր, ենթասուր, խրոնիկական , թիրեոդիտներ, գեղձում կարող են առաջանալ ադենոմաներ` բարորակ կամ չարորակ ուռուցքներ, Բազեդովյան հիվանդությունը:

    9.    Ի՞նչ է Բազեդովյան հիվանդությունը

    Բազեդովյան հիվանդությունն աուտոիմուն հիվանդություն է, երբ առաջանում են հակամարմիններ՝ թիրեոտրոպ հորմոնի ռեցեպտորների նկատմամբ, և ազդում վահանաձև գեղձի հորմոնի՝ թիրոքսինի նման, այն տարբերությամբ, որ թիրոքսինի ազդեցությունը ժամանակավոր է, իսկ այդ հակամարմինները մնում ռեցեպտորի հետ են երկարատև կապված  և թիրեոտոքսիկ ազդեցություն թողնում: Հիվանդն ունենում է թուլություն, դող, քրտնարտադրություն, դյուրագրգռություն, նիհարում է, կարող են առաջանալ ակնային տարբեր կլինիկական պատկերներ. աչքերի չռվածություն էկզոֆթալմ, արցունքահոսություն, աչքերում ավազի առկայության զգացողություն: Դա թիրոքսինի տոքսիկ ազդեցության արտահայտությունն է:

    Այս գործընթացները, սովորաբար, վերադարձելի են, սակայն երկարատև դեպքերում դառնում են անդարձելի: Այս պարագայում շատ վտանգավոր է ծխելը՝ նիկոտինը բերում է մկանների սկլերոզի, կարճացման, ամիլոիդոզի զարգացման, կարծրացման և դրանով արագացնում անդարձելի գործընթացը:

    10.    Ի՞նչ է խպիպը

    Խպիպը վահանաձև գեղձի մեծացումն է, որը կարող է լինել դիֆուզ, երբ մեծանում է ամբողջ գեղձը և հանգուցավոր, երբ առաջանում են առանձին հանգույցներ: Խպիպը լինում է էնդեմիկ, որի հիմնական պատճառն օրգանիզմում յոդի պակասն է, քանի որ վահանաձև գեղձի հորմոնը՝ թիրոքսինը, յոդ է պարունակում, յոդի պակասից գեղձը մեծանում է` դրա հաշվին լրացնելու թիրոքսինի արտադրության պակասը: Յոդը ստացվում է արտաքին միջավայրից և, քանի որ Հայաստանում ծովամթերքը քիչ է, յոդի պակասի լրացման համար պետականորեն ընդունված է աղի պարտադիր յոդացումը: Վերջին տվյալներով, ներկայում, մեզ մոտ յոդի պակաս չի գրանցվում:

    Վահանաձև գեղձը կարող է մեծանալ նաև տարբեր հիվանդությունների հետևանքով:

    11.    Ինչի՞ համար է ենթաստամոսային գեղձի հորմոնը:

    Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է և ունի ներքին և արտաքին սեկրետոր ֆունկցիա: Արտաքին սեկրետոր ֆունկցիան իրականացնում են գեղձի արտադրած ֆերմենտները, որոնք դուրս գալով 12 մատնյա աղու լուսանցք, մասնակցում են մարսողությանը: Ներքին սեկրետոր ֆունկցիան ապահովում է լանգերհանսյան կղզյակների բետտա բջիջների կողմից արտադրված ինսուլինը, և ալֆա բջիջների կողմից արտադրված գլյուկագոնը: Ինսուլինը նպաստում է օրգանիզմի բջիջների կողմից գլյուկոզայի յուրացմանը, ինչը օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն է, իսկ գլյուկագոնը հակառակը՝ արյան մեջ բարձրացնում է գլյուկոզայի քանակը: Ինսուլինը նաև նպաստում է գլյուկոզայի` գլիկոգենի տեսքով լյարդում պաշարվելուն, ինչը քաղցի կամ սթրեսային վիճակներում կարող է օգտագործվել օրգանիզմի կողմից: Այդ պաշարները սպառվելու դեպքում օրգանիզմն էներգիա ստանալու նպատակով սկսում է  օգտագործել ճարպերը: Եթե ինսուլինի անբավարարություն կա, որն անհրաժեշտ է ճարպային նորմալ փոխանակության համար, տեղի է ունենում ճարպերի թերայրում` արդյունքում առաջանելով ացետոն, ինչը դիաբետի բարդություններից է` կետոացիդոզ:

    12.    Ի՞նչ է շաքարային դիաբետը:

    Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ՝ ինսուլինի հարաբերական և բացարձակ անբավարարության արդյունքում, տեղի է ունենում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, ջրաաղային փոխանակության խանգարում: Այն արտահայտվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով, կլինիկորեն՝ պոլիուրիայով (հաճախամիզություն),  պոլիդիպսիայով (շատ ջուր օգտագործելը), նիհարումով, բերանի չորությունով։ Պատճառը կարող է լինել ինսուլինի հարաբերական անբավարարությունը, երբ ինսուլինի արտադրությունն օրգանիզմում նորմալ է, բայց ռեցեպտորների զգայունությունն է իջած, և բացարձակ անբավարարություն, երբ ենթաստամոքսային գեղձի բետտա բջիջների կողմից արտադրվող ինսուլինի քանակի բացահայտ պակաս կա:

    Բացարձակ անբավարարությունը հիմնականում լինում է առաջին տիպի դիաբետի ժամանակ, ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ և կապված է լանգերհանսյան կղզյակների ինֆեկցիոն, աուտոիմուն կամ այլ բնույթի ախտահարումների հետ:

    Հարաբերական անբավարարություն առաջանում է երկրորդ տիպի դիաբետի ժամանակ: Այս դեպքում ամենահաճախ հանդիպող պատճառը ճարպակալումն է, երբ բջիջները պատված են ճարպով և արտադրված ինսուլինը չի կարողանում ազդել ռեցեպտորների վրա: Ինսուլինի կուտակումն, իր հերթին, բերում է ճարպակալման, ստացվում է, այսպես կոչված, ախտաբանական օղակ: Դրա դեմ պայքարելու անհրաժեշտ պայման է ճարպակալումից ազատվելը: Այս դեպքում հնարավոր է կանխել դիաբետը, քանի դեռ գեղձը հյուծված չէ և նախադիաբետիկ համախտանիշը հնարավոր է վերացնել:

    13.    Ի՞նչ հիվանդություններ են առաջանում մակերիկամի ախտաբանության ժամանակ:

    Մակերիկամները գոտկային շրջանում՝ երիկամներից վերև տեղակայված,  գեղձեր են, որոնք ունեն կեղևային և միջուկային շերտեր: Դրանց ախտահարման ժամանակ առաջանում են տարբեր հիվանդություններ: Կեղևային ախտահարում է Կուշինգի համախտանիշը, արական սեռական հորմոնների  խախտումը կանանց մոտ բերում դաշտանային խանգարումների, մազոտության և այլ խնդիրների:

    Մակերիկամների ֆունկցիան շատ ընդարձակ է, նրանք արտադրում են սթրեսի հորմոններ, և երբ օրգանիզմը հայտնվում է ծանր, կրիտիկական վիճակի մեջ, այդ հորմոնների քանակը բարձրանալու հաշվին օրգանիզմը կարողանում է դիմադրել սթրեսային վիճակին: Հորմոնները բերում են նաև գլյուկոզայի քանակի ավելացման, որովհետև այդ ժամանակ օրգանիզմն ավելի շատ էներգիայի կարիք ունի: Միջուկային շերտի ախտահարումներից է ֆեոքրոմոցիտոմա։

    14.    Ի՞նչ հիվանդություններ են առաջանում սեռական գեղձերի ախտաբանության ժամանակ:

    Բնականաբար, դրանք տարբեր են կանանց և տղամարդկանց մոտ: Տղամարդկանց մոտ, օրինակ, կարող է լինել վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացում, պրոստատի ադենոմա, որը շատ հաճախ է հանդիպում: Կանանց մոտ ձվարանների պոլիկիստոզներ են զարգանում, վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացում: Կարևոր են նաև սեռի դիֆերենցացիայի խանգարումները, օրինակ, երբ ձվարանում ամորձու հյուսվածք է պահպանվում, ինչը զարգացման բնածին ախտաբանություն է:

    15.    Ինչո՞ւ և ինչպե՞ս է հորմոնալ ֆոնն ազդում հուզականության վրա:

    Հորմոնալ ֆոնը շատ մեծ ազդեցություն ունի հուզականության վրա: Օրինակ, վահանաձև գեղձի հիպերթիրեոզների ժամանակ թիրոքսինը բերում է դյուրագրգռության, լացկանության, հուզականության բարձրացման: Ադրենալինն, օրինակ, առաջացնում է սթրեսի հորմոնները մակերիկամներում: Օքսիդոցինը մայրության հորմոնն է, որը պատասխանատու է մայրական բնազդների՝ քնքշանքի, գորովանքի զգացողության համար, էնդորֆինները հաճույքի հորմոններն են, շաքարային դիաբետի ժամանակ բնորոշ է դեպրեսիան և այլն:

    16.    Ի՞նչ նեղ մասնագիտացումներ կան էնդոկրինոլոգիայում:

    էնդոկրինոլոգիան կարելի է բաժանել մանկական և մեծահասակների էնդոկրինոլոգիայի: Բացի այդ, առանձնացվում են դիաբետոլոգիան, թիրեոյդոլոգիան, սեռական գեղձերի և բազմացման խնդիրներ ուսումնասիրող ռեպրոդուկտիվ էնդոկրինոլոգիան, կանանց մոտ սեռական շեղումներով զբաղվող էնդոկրին գինեկոլոգիան և այլն:

    17.    Ի՞նչ այլ մասնագետների խորհրդատվության կարիք է ունենում էնդոկրինոլոգը

    Քանի որ էնդոկրին հիվանդությունների ժամանակ տուժում են նաև օրգանիզմի մյուս օրգանները, միշտ էլ տարբեր մասնագետների խորհրդատվության կարիք է լինում՝ սրտաբանի, անոթային վիրաբույժի, ակնաբանի, նյարդաբանի ուռուցքաբանի և այլն:

    18.    Ի՞նչ գանգատների դեպքում դիմել էնդոկրինոլոգին:

    Գանգատները բազմազան են՝ թուլություն, ճնշման տատանումներ, սրտխփոցներ, քաշի անկում, գիրություն, ճարպակալում, բերանի չորություն, հաճախամիզություն, մազաթափություն և այլն: Բոլոր նման դեպքերում պետք է դիմել էնդոկրինոլոգին:

    19.    Ի՞նչ լրացուցիչ հետազոտություններ է իրականացնում էնդոկրինոլոգը:

    Էնդոկրինոլոգն իրականացնում է գեղձի սոնոգրաֆիա, հորմոնալ հետազոտություն՝ արյան մեջ անհրաժեշտ հորմոնի քանակը, որոշակի հակամարմիններ որոշելու համար, երբեմն անհրաժեշտ են  համակարգչային շերտագրում, դուպլեքս հետազոտություններ:

    20.    Էնդոկրին հիվանդությունները դժվա՞ր են բուժման ենթարկվում:

    Էնդոկրին հիվանդությունները դանդաղ և երկարատև, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում բուժում պահանջող հիվանդություններ են, քանի որ դրանք հիմնականում քրոնիկ ընթացք ունեն:

    21.    Անհրաժե՞շտ է թերապևտի ուղեգիր էնդոկրինոլոգի խորհրդատվության դիմելու համար:

    Թերապևտի ուղեգիրը պարտադիր չէ, եթե հիվանդն` իր գանգատներից ելնելով, կարծում է, որ իրեն պետք է զննի էնդոկրինոլոգը, ուրեմն կարող է միանգամից նրան դիմել:

    22.    Ինչպե՞ս կարող է էնդոկրինոլոգն օգնել ճարպակալման դեպքում:

    Ճարպակալումն էնդոկրին հիվանդություն է, հիվանդության պատճառը՝ հորմոնալ ֆոնի փոփոխությունը (հիպերինսուլինիզմ, հիպոթիրեոզ, Կուշինգի համախտանիշ և այլն): Շատ կարևոր է պարզել ճարպակալման պատճառը և հետո միայն բուժում նշանակել, նաև կարգավորել սննդակարգը:

  • Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. hաճախ տրվող հարցեր

    1.    Որո՞նք են այն հիվանդությունները, որ բերում են կոկորդի հետ կապված խնդիրների:

    Կոկորդի հետ կապված խնդիրների բերող հիվանդություններից են լարինգիտները, ֆարինգիտները, կոկորդի հետին պատի և ձայնալարերի հետ կապված կոկորդի ուռուցքները:

    2.    Ինչպե՞ս և ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում կոկորդի հիվանդությունները:

    Մեծավ մասամբ, կոկորդի հիվանդություններն արտահայտվում են ձայնի փոփոխությամբ՝ խռպոտությունից մինչև ձայնի ամբողջական կորուստ: Հաջորդ փուլերում ախտանիշներին ավելանում է ցավը, շնչառության դժվարացումը:

    3.    Կոկորդի չարորակ ուռուցքներն ի՞նչ տարածվածություն ունեն:

    Կոկորդի չարորակ ուռուցքներն աշխարհում կազմում են բոլոր ուռուցքների մոտավորապես  5-10%-ը, նույնը` Հայաստանում:

    4.    Կոկորդի չարորակ ուռուցքն ի՞նչ փուլերով է ընթանում:

    Առաջին ախտանիշը ձայնի խռպոտությունն է, որին, սովորաբար, հիվանդներն ուշադրություն չեն դարձնում: Ամիսների ընթացքում ի հայտ են գալիս կլման ակտի, շնչառության խանգարումներ, ցավ: Պացիենտները, ցավոք, սովորաբար, բժշկի դիմում եմ այդ փուլում:

    5.    Որքանո՞վ է հնարավոր պահպանել ձայնը կոկորդի չարորակ ուռուցքի հեռացումից հետո:

    Եթե կոկորդի չարորակ ուռուցքի հետ միասին հեռացվում է նաև ամբողջ կոկորդը, բնականաբար, հիվանդն, ընդհանրապես, զրկվում է ձայնից: Բժիշկը հիվանդի հետ քննարկում է ձայնի վերականգնման հետագա քայլերը` վերականգնման մեթոդները: Եթե վիրահատությունը մասնակի է՝ մի մասի ռեզեկցիայով, հնարավոր է ձայնի ինքնուրույն վերականգնում՝ հետագայում պլաստիկայի միջոցով:

    6.    Բուժվո՞ղ է:

    Բուժման արդյունքը կախված է չարորակ ուռուցքի փուլից: Կոկորդի չարորակ ուռուցքներն ընթանում են 4 փուլով: Առաջին փուլում բժշկի դիմելու դեպքում 90-95% դեպքերում արդյունքը դրական է, երկրորդ փուլի դեպքում դրական ելք ունի դեպքերի 70%-ը, երրորդ փուլում՝ 50-60%-ը,  չորրորդ փուլում՝ 40%-ը: Լավ արդյունք է համարվում, եթե  վիրահատությունից հետո հիվանդն ապրում է 5 տարի և ավելի: Փաստերն ապացուցում են, որ ժամանակին դիմելու դեպքում հնարավոր է լիովին առողջացում: Կան սկզբնական փուլերում դիմած հիվանդներ, ովքեր ապրում են 10-20 տարուց ավելի:

    7.    Եթե արդեն ախտորոշված է կոկորդի չարորակ ուռուցքը, իմաստ կա՞ հրաժարվել ծխելուց:

    Անպայման:  Ծխելուց հրաժարվելը միշտ էլ անհրաժեշտ է, քանի որ հիվանդության հիմնական պատճառներից մեկը հենց ծխելն է: Հիվանդներին և՛ նախքան վիրահատությունը, և՛ վիրահատությունից հետո զգուշացվում է այդ մասին:

    8.    Ի՞նչ հետազոտություններ պետք է իրականացնել նախքան վիրահատությունը:

    Նախքան վիրահատությունը կատարվում է լարինգոսկոպիա՝ դիտվում է կոկորդը հատուկ հայելիով, ֆիբրոլարինգոսկոպիա և այլ հետազոտություններ, որոնք տարբեր մակարդակներով տեղեկատվություն են տալիս: Պարտադիր է բիոփսիան՝ հյուսվածքային նմուշի հետազոտությունը: Իրականացվում է նաև շերտավոր տոմոգրաֆիա` ՄՌՏ: Երբեմն հետազոտությունների արդյունքում վիրահատությունն այլևս անիմաստ է համարվում. դա վերաբերվում է խիստ ուշացած դեպքերին կամ երբ այլ օրգաններում կան մետաստազներ:

    9.    Ո՞ր մասնագետների հետ է խորհրդատվությունն անհրաժեշտ:

    Դա  կախված է հիվանդի ընդհանուր վիճակից, ուղեկցող հիվանդություններից, կատարված հետազոտությունների արդյունքներից: Անհրաժեշտություն դեպքում հիվանդին զննում է թոքաբանը, սրտաբանը և այլն:

    10.    Նախքան վիրահատությունը քննարկվո՞ւմ է խոսքի վերականգնման միջոցները:

    Հիվանդի հետ նախքան վիրահատությունը քննարկվում և բացատրվում են սպասվող էտապները, հետագայում խոսքի վերականգնման համար հնարավոր տարբերակները:

    11.    Ի՞նչ է լարինգէկտոմիան և ե՞րբ է իրականացվում:

    Լարինգէկտոմիան կոկորդի ամբողջական հեռացումն է, որը կատարվում է կոկորդի չարորակ ուռուցքի երրորդ և չորրորդ փուլերի ժամանակ: Կատարվում են նաև մասնակի հեռացումներ՝ հեմիլարինգէկտոմիա. ռեզեկցիա, խորդէկտոմիա, երբ միայն ձայնալարերն են հեռացվում:

    12.    Ե՞րբ է առաջին անգամ իրականացվել կոկորդի հեռացումը:

    Առաջին անգամ կոկորդի հեռացում կատարել է հայտնի գերմանացի վիրաբույժը՝ Բիլռոտը 1873 թ., գրեթե հարյուր հիսուն տարի առաջ:

    13.    Ինչպե՞ս նախապատրաստվել կոկորդի հեռացմանը:


    Հիվանդի հետ զրույցի ընթացքում բացատրվում է վիրահատությունից սպասվող արդյունքները: Նախկինում, երբ կոկորդի հեռացումից հետո ամբողջովին զրկվում էին ձայնից, հիվանդների կողմից հոգեբանական առումով դա ընկալվում էր շատ ծանր, անգամ հրաժարվում էին վիրահատվել: 2005 թվականից առայսօր մեր կլինիկայում կատարվում է ձայնի վերականգնում, հիվանդին բացատրվում է, որ նա հետո ապրելու է սովորական կյանքով, կարողանալու է խոսել` սակայն կոկորդային անցքով, ինչը լինելու է քողարկված: Դրանից ելնելով, ներկայում հիվանդներն առավել վստահ են համաձայնվում վիրահատվել:

    14.    Ի՞նչ ընթացք ունի կոկորդի հեռացումը:

    Կոկորդը հեռացվում է ամբողջական` ներառյալ շրջապատի փափուկ հյուսվածքները, եթե հարկ է լինում: Տեղադրվում է տրախեոխողովակ՝ պարանոցի առաջային մակերեսին, որով հիվանդը հետագայում շնչում է: Վիրահատությունից հետո վերքերը լավանում են մոտավորապես երկու շաբաթվա ընթացքում:

    15.    Որքանո՞վ է պահպանվում կլման ակտը լարինէկտոմիայից հետո:

    Վիրահատությունից հետո քթի, կերակրափողի, ստամոքսի մեջ դրվում է նազոգաստրալ զոնդ, որով հիվանդը կերակրվում է առաջին 7-10 օրվա ընթացքում, միչև վերքերը լավանան, քանի որ կերակրափողն ու շնչափողը մեկ ընդհանուր տարածքում են: Վերքը լավանալուց հետո զոնդը հանվում է և կարողանում են նորմալ սնվել:

    16.    Ի՞նչ գործոններ կարող են բարձրացնել բարդությունների ռիսկը:

    Բարդությունների ռիսկը բարձրացնող գործոն է հիվանդի վիճակը, վնասակար սովորությունները, առաջին հերթին, պետք է հրաժարվել ծխելուց:

    17.    Հնարավոր բարդությունները լարինգէկտոմիայի ժամանակ և հետո:

    Ամենալուրջ բարդությունը արյունահոսությունն է, քանի որ պարանոցով մեծ անոթներ են անցնում՝ քներակը և այլ անոթներ, որոնք շատ մոտ են տեղակայված կոկորդին ու, երբեմն, նորագոյացությունը վնասում է նաև հարակից որևէ անոթ: Արյունահոսություն կարող է լինել նաև վիրահատությունից օրեր անց (10-15 օր),` վնասված հյուսվածքների, անոթների մեռուկացման արդյունքում: Կարող է լինել վերքի վարակային բորբոքում: Շաքարային դիաբետով հիվանդների մոտ վերքի լավացումը կրում է ձգձգվող բնույթ, ուստի նրանք նախապես պետք է խորհրդակցեն էնդոկրինոլոգի հետ:

    18.    Ի՞նչ հետևանքներ ունի լարինգէկտոմիան:

    Կարող է տրախեոստոմիայի տեղում սպիական գործընթացի արդյունքում անցքը փոքրանա և հիվանդի շնչառությունը վատանա: Այդ դեպքում վիրահատական պլաստիկայով նորից անցքը լայնացվում է: Հնարավոր է նաև կլման ակտի դժվարացում, եթե ուռուցքը հեռացնելիս հեռացվել է նաև կերակրափողի մի հատված:

    19.    Որքանո՞վ են հավանական օրգանապահպան վիրահատությունները:

    Դա կախված է հիվանդի դիմելիությունից, թե որքանով են շուտ կամ ուշացած դիմում: Բնականաբար, վաղ դիմելու դեպքում կոկորդը հիմնականում հնարավոր է պահպանել և վիրահատությունից հետո հիվանդը շարունակում է խոսել ու շնչել բնական ճանապարհով:

    20.    Ի՞նչ զարգացման էտապներ է անցել ձայնային ֆունկցիայի վերականգնաման մեթոդը:

    Ձայնային ֆունկցիայի վերականգնման մեթոդի հեղինակն ամերիկյան բժիշկներ Բլումը և Սինգերն են, և հենց իրենք էլ օգնել են Հայաստանում ևս այդ մեթոդի ներդրմանը: Կարևոր է, թե վիրահատությունից հետո ինչ վիճակ է պարանոցի շրջանում, քանի որ, եթե կպումները շատ են, հնարավոր է, որ մեթոդը չգործի:

    Ձայնի վերականգնման տարբեր մեթոդներ կան: Մեթոդներից մեկը կոչվում է լերակրափողային ձայն, երբ ձայնը վերականգնվում է լոգոպեդի հետ պարապմունքների արդյունքում: Հիվանդների 10-15%-ն այդ մեթոդով է սկսում խոսել: Էլեկտրոլարինգս մեթոդի դեպքում հատուկ գործիք է դրվում պարանոցի շրջանում, հիվանդը խոսում է, իսկ գործիքն ուժեղացնում է ձայնը, այս դեպքում ձայները ռոբոտային հնչեղություն են ունենում: Հաջորդ մեթոդը 1980-ին ամերիկացի բժիշկների առաջարկած մեթոդն է՝ սիլիկոնե պրոթեզավորումը:

    21.    Կոկորդի հեռացումից հետո խոսքի վերականգնման վերլուծական գնահատականի ի՞նչ կրիտերիաներ կան:

    Վիրահատությունից հետո հիվանդն, ընդհանրապես, չի կարողանում խոսել, միայն մեթոդների կիրառումից հետո է հնարավոր հասկանալ, թե որքանով է ձայնը վերականգնված: Կոկորդի մասնակի հեռացման դեպքում վիրահատությունից 15-20 օր անց հիվանդի ձայնը վերականգնվում է:

    22.    Հիվանդության նկատմամբ անհատական առանձնահատկություններն ի՞նչ դեր ունեն:

    Հիվանդներին անհատական մոտեցում է ցուցաբերվում, որովհետև կան շատ զգայուն հիվանդներ, որոնց պետք է երկար բացատրել, հավատ ներշնչել արդյունքների նկատմամբ: Վիրահատության համար կարևոր են նաև հիվանդի ֆիզիկականը՝ գեր է, թե նիհար, ուղեկցող հիվանդությունների առկայությունը:

    23.    Լարինգէկտոմիայից հետո ձայնային պրոթեզների կիրառման համար պացիենտների ընտրության ի՞նչ կրիտերիաներ են գործում:

    Հայաստանում պրոթեզների մեծ ընտրություն չկա, առկա են շվեդական ընկերության լավագույն պրոթեզները:

    24.    Լարինգէկտոմիայի և պրոթեզավորման միջև ի՞նչ ժամկետներ են գործում:

    Արտասահմանյան որոշ կլինիկաներում լարինգէկտոմիայի ժամանակ միանգամից դրվում է նաև պրոթեզը, մեզ մոտ ընդունված է տեղադրել որոշ ժամանակ անց` խուսանավելու վիրահատության ժամանակ և հետո հավանական բորբոքական գործընթացների արդյունքում չափերի փոփոխությունից: Դրա համար ավելի ճիշտ է պրոթեզը դնել վիրահատությունից 1 ամիս և ավելի անցնելուց հետո, երբ վերքն արդեն փակված է:

    25.    Ինչպե՞ս են մշակվում վերականգնողական միջոցառումները և ինչպե՞ս է գնահատվում արդյունավետությունը:

    Հիվանդին բացատրվում է, թե ինչպես է պետք պրոթեզին հետևել, որպեսզի երկար ծառայի, քանի որ սիլիկոնե պրոթեզները շուտ են փչանում: Հարկ եմ համարում նշել, որ պրոթեզը փոխելը մի քանի րոպե տևող միջամտություն է և դժվարություն չի ներկայացնում:

    26.    Հոգեհուզական ասպեկտները հիվանդի մոտ կոկորդի հեռացումից հետո:

    Այս պարագայում հոգեբանի հետ աշխատանքն առավել գերադասելի է, բայց հիմնականում վիրաբույժն ինքն է փորձում հիվանդին հոգեբանորեն պատրաստել, բացատրել սպասվող վիճակները, հնարավորին հանել վախերն ու հուզական ֆոնը:

    27.    Լարինգէկտոմիկ հիվանդների անձնա-հոգեբանական առանձնահատությունները և կյանքի որակը:

    Երբ արդեն վերականգնվում է ձայնը, հիմնականում իրենց լավ են զգում, կարողանում են նորմալ կյանքի վերադառնալ:

    28.    Կոկորդի հեռացումից հետո ի՞նչ լոգոպեդիկ հետազոտություններ են կատարվում:

    Դա լոգոպեդի հետ կատարվող աշխատանքն է: Կերակրափողային ձայնի վերականգնման դեպքում հիվանդը լոգոպեդի մոտ է վերականգնողական կուրսեր անցնում: Սակայն դա հնարավոր է բոլոր հիվանդներից միայն 10-15%-ի մոտ: Կան նաև հիվանդներ` թեև քիչ դեպքերում, ովքեր առանց լոգոպեդի կարողանում են ինքնուրույն սովորել խոսել:
     
    29.    Կոկորդի հեռացումից հետո ձայնի վերականգնման ի՞նչ փուլեր կան:

    Փուլեր կարելի է համարել մեթոդների կիրառումից հետո ձայնի վերականգնումը. մի դեպքում լոգոպեդի աշխատանքից հետո քայլ առ քայլ վերականգնումն է, մյուս դեպքում` պրոթեզավորումից հետո անմիջապես խոսելը:

    30.    Լարինգէկտոմիայից հետո ձայնի վերականգնման ի՞նչ մեթոդներ կան:

    Երեք մեթոդ կա. առաջինը կերակրափողային ձայնն է, որի մասին խոսվեց, հաջորդը` էլեկտրոլարինգս սարքի տեղադրումը պարանոցի վրա, երբ բոլորը նույն ձայնով են խոսում: Երրորդը սիլիկոնե պրոթեզների կիրառումն է, որոնք դրվում են վիրահատության միջամտությամբ՝ շնչափողի պատի մեջ և այս դեպքում յուրաքանչյուր հիվանդ ունենում է իր ուրույն ձայնը:

    31.    Ի՞նչ է ձայնային պրոթեզավորումը:

    Վիրահատությունից 1 ամիս և ավելի անցնելուց հետո դրվում է պրոթեզ, ինչը ժամանակ առ ժամանակ փոխվում է, որի հաճախականությունը կախված է հիվանդի կոկորդի միկրոֆլորայից, նրա կողմից պրոթեզին ցուցաբերվող խնամքից:

    32.    Ձայնային պրոթեզների նկատմամբ պահանջները, ժամանակակից ձայնային պրոթեզները:

    Հայաստանում օգտագործվում են շվեդական Ատոս ընկերության պրոթեզները: Պահանջը պրոթեզի նկատմամբ դրա երկար ծառայելն է:

    33.    Ձայնի վերականգնման մեթոդների հիմնական թերությունները և ներկայում ամենաօպտիմալ մեթոդի առանձնահատկութունը:

    Ամենաօպտիմալ մեթոդը պրոթեզավորումն է: Մեթոդների թերությունը կարելի է համարել այն, որ ձայնը կարող է չվերականգնվել. կան հիվանդներ, ովքեր այդպես էլ չեն խոսում: Կարևոր է հիվանդի ինտելեկտը, որովհետև դեպքեր կան, երբ որքան էլ բացատրվում է պրոթեզի խնամքը, նրանք դա չեն կարողանում իրականացնել: Հաճախ շմչուղիների հիվանդություններով հիվանդանալու դեպքում էլ պրոթեզը կարող է շուտ շարքից դուրս գալ:

    Հարցերին պատասխանեց`Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Վալերի Ստեփանյանը

  • Ցավ որովայնում. հաճախ տրվող հարցեր

    1.    Ինչի՞ց կարող է առաջանալ ցավ որովայնում:


    Որովայնում ցավ կարող է առաջանալ որովայնի խոռոչում տեղակայված օրգանների ախտաբանության արդյունքում՝ սուր ապենդիցիտ, լեղապարկի բորբոքում, երիկամային խիթ, լյարդային խիթ, աղիների անանցանելիություն, աղիների անոթների թրոմբոզ, արտարգանդային հղիություն, աղիքի ոլորում, վնասվածք, պերիոդիկ հիվանդություն և այլն: Սակայն որովայնի ցավով կարող են ուղեկցվել նաև որովայնից դուրս գտնվող օրգաների հիվանդությունները. օրինակ, ինֆարկտի որովայնային ձևի ժամանակ ցավ է առաջանում որովայնում: Եվ խիստ կարևոր է բժշկի դիմելը ճիշտ ախտորոշման համար:


    2.    Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել, թե որովայնի որ հատվածն է ցավում:


    Հիվանդն ընդամենը նշում է, որ ցավում է որովայնը, կամ նրա ինչ-որ հատվածը, սակայն դա կարող է այնքան էլ չհամապատասխանել գործընթացի տեղակայմանը: Որովայնի ցավն ըստ տեղակայման տարաբաժանում են.  աջ վերին հատված, ստորին հատված, ձախ վերին հատված, պորտից վերև և պորտից ներքև հատվածներ:


    Պորտից վերև աջ կողմը կոչվում է լյարդային անկյուն, և այդ շրջանի ցավը հիմնականում կապված է լեղապարկի ու լյարդի հիվանդությունների հետ, կարող է նաև հաստ աղու խնդիր լինել:


    Աջ ստորին կեսում՝ կանանց մոտ կարող է լինել ձվարանի բորբոքում, արտարգանդային հղիություն, ցիստիտ, իսկ դրանից մի փոքր վերև՝ զստափոսի շրջանում` սուր ապենդիցիտ, քիչ վերև՝ երիկամ և միզածորանում քարի առկայության խնդիր:


    Ձախից վերին հատվածը դարձյալ միզածորանային և երիկամային, հաստ աղու սիգմայաձև հատվածի ախտաբանություն, դեպի միջին գիծ՝ ենթաստամոքսային գեղձի և ստամոքսային ու հաստ աղու խնդիրներ: Որոշ դեպքերում ցավերը ճառագայթում են ախտաբանական օջախից բավականին հեռու:


    3.    Ի՞նչ ախտանիշներ կարող են ուղեկցել որովայնի ցավին:

    Որովայնի ցավին կարող են ուղեկցել սրտխառնոց, փսխում, լուծ, փորկապություն, գխտոցներ, որովայնի փքվածություն, արյունահոսություն աղեստամոքսային համակարգից և այլն: Կերակրափողից արյունահոսությունն ալ գույն ունի, ստամոքսից` սրճագույն է,  աղիներից` լինում է սև ձյութի պես:

    4.    Սովորաբար, ինչպե՞ս է սկսվում և զարգանում ցավը որովայնում:

    Կան հիվանդություններ, երբ միանգամից սուր ցավ է լինում՝ աղու թափածակման, երիկամային խիթի (քարի առկայության), լեղաքարային հիվանդության ժամանակ, այլ դեպքերում ցավն ուժեղանում է աստիճանաբար, օրինակ, ապենդիցիտի դեպքում:

    5.    Որովայնային ցավի ի՞նչ տեսակներ կան:


    Ցավերը լինում են սուր. ծակող, սպաստիկ, կծկող, ձգող և այլն, քրոնիկ գործընթացների ժամանակ ցավերն ունեն բութ և ոչ ինտենսիվ բնույթ:


    6.    Ի՞նչն է ձգող ցավերի պատճառը, ի՞նչ անել:


    Երբ որովայնում արյուն է կուտակվում, հետանցքի շրջանում կարող են ձգող ցավեր լինել: Ձգող ցավերը բնորոշ են նաև ճողվածքներին, երբ ճարպոնը սեղմվում է առաջացած ճողվածքային օղակի մեջ: Բնականաբար, պետք է անպայման դիմել բժշկի:


    7.    Ի՞նչն է նվվացող  ցավերի պատճառը, ի՞նչ անել:


    Նվվացող ցավերը, սովորաբար, լինում են թույլ նոպաների ժամանակ, օրինակ, երբ երիկամում քար է շարժվում, բայց դեռ միզածորանը չի փակել, կամ լյարդի շրջանում կարող է նվվացող ցավ առաջանալ ծանր սննդից հետո: Հարկ է հետազոտություններ կատարել, ցավի պատճառը հասկանալու համար:


    8.    Ի՞նչն է ուտելուց հետո առաջացող ցավերի պատճառը:


    Ուտելուց հետո կամ ուտելու ժամանակ ցավերը հիմնականում ստամոքսի բորբոքումների՝ սուր և քրոնիկ գաստրիտների մասին են վկայում: Կան սննդային, անցողիկ գաստրիտներ, երբ հատկապես երիտասարդները դրսում օգտվում են «արագ սննդից»: Ցավն ուտելուց հետո լինում է նաև լյարդի խորը ախտահարումների ժամանակ: Եթե ցավն ուտելուց հետո անցնում է, դա բնորոշ է ստամոքսի խոցային հիվանդությանը, և երբ ստամոքսահյութի աղաթթուն սննդով մի փոքր չեզոքացվում է, ցավն անցնում է:


    9.    Ինչպե՞ս բացահայտել ցավը սրտագդալի շրջանում:


    Սրտագդալի շրջանում ցավը լինում է կամ ինֆարկտի ժամանակ, կամ կերակրափողի և ստամոքսի միջև գտնվող փականի ուռուցքի դեպքում, երբ լուսանցքը փակվում է և սնունդը կուտակվելով՝ ճնշող, պատռող բնույթի ցավեր է առաջացնում: Այդ շրջանում ցավը նաև հիպերացիդ գաստրիտների մասին է վկայում, երբ աղաթթուն կերակրափող է թափանցում, ու այրոցը ցավի պատճառ է դառնում: Անպայման պետք է դիմել բժշկի, հետազոտվել և նաև պարզել սրտի վիճակը:


    10.    Ի՞նչ պատճառներից կարող է առաջանալ ցավ որովայնում` կողերի տակ:


    Աջ թուլակողի շրջանում ցավ կարող է առաջանալ լյարդի և լեղապարկի հիվանդությունների պատճառով, ինչպես նաև հաստ աղու խնդիրների դեպքում, ձախ թուլակողում՝ հաստ աղու,  փայծաղի խնդիրներից: Փայծաղի ախտաբանությանը ցավը բնորոշ չէ, միայն շատ մեծանալու դեպքում կարող է ծանրության զգացողություն առաջանալ:


    11.    Ի՞նչ պատճառերից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին աջ հատվածում:


    Որովայնի ստորին աջ հատվածում ցավը լինում է կանանց օրգանների ախտաբանությունների ժամանակ, աջ և վերին զստափոսում` ապենդիցիտի, միզածորանի խնդիրների դեպքերում:


    12.    Ի՞նչ պատճառերից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին ձախ հատվածում:


    Որովայնի ստորին ձախ հատվածում ցավն առաջանում է հաստ աղու, ձախ ձվարանի և միզածորանի խնդիրների պատճառով:


    13.    Ի՞նչ պատճառերից կարող է առաջանալ ցավ ամբողջ որովայնում:


    Ցավն ամբողջ որովայնում լինում է, երբ որովայնը ընդգրկվում է ընդհանուր ախտաբանական գործընթացում: Որովայնը պատող որովայնամիզը չափազանց զգայուն է և հեշտ է ներառվում բորբոքական գործընթացի մեջ, գրգռվում է որովայնի խոռոչում օդ կամ հեղուկ հայտնվելու դեպքում. ինչը կարող է լինել, օրինակ, խոցի թափածակման ժամանակ: Նման դեպքերում որովայնը լարվում է, կարող է անգամ զարգանալ ծանր բարդություն՝ պերիտոնիտ: Այդպիսի որովայնն անվանում են տախտականման, որի ժամանակ ի հայտ եկող ցավը տարածվում է ամբողջ որովայնով, ինչի մեղմացումն ամենածար փուլի մասին է վկայում:


    Սուր թրոմբոզի ժամանակ ցավում է ամբողջ որովայնը, սակայն պահպանվում է փափկությունը: Աորտայի, զարկերակների անևրիզմայի դեպքում նույնպես ցավեր են լինում: Հաստ աղու անանցանելիության դեպքում ցավը տարածվող բնույթ ունի:  Աճուկային ճողվածքի ժամանակ ձգող ցավեր առաջանում է ամբողջ որովայնում, երբ աղին կամ ճարպոնը օղակվում են: Ցավ ամբողջ որովայնում լինում է նաև վարակային հիվանդությունների, ճիճվակրության, պարբերական հիվանդության, որովայնի օրգանների վնասվածքների ժամանակ: Թոքաբորբը, հատկապես երեխաների մոտ, կարող է ուղեկցվել  որովայնում ցավերով:

    14.    Ինչի՞ց  է ցավում պորտի շուրջը:


    Պորտի շուրջ ցավ առաջանում է պորտային ճողվածքների ժամանակ, երբ ճարպոնը սեղմվում է, ճիճվակրության, բարակ աղիների անանցանելության ժամանակ և այլն:


    15.    Ի՞նչ պատճառներից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին հատվածում` կանանց մոտ:


    Արտարգանդային հղիություն, արգանդի, միզապարկի հետ կապված խնդիրներ (օրինակ` ցիստիտ), ձվարանի բորբոքում՝ ադնեքսիտ, ձվարանի կիստա և այլն:


    16.    Ի՞նչ պատճառներից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին հատվածում` տղամարդկանց մոտ:


    Ադենոմայի՝ շագանակագեղձի ուռուցքի, պրոստատիտի՝ շագանակագեղձի բորբոքման ժամանակ, միզապարկի խնդիրների պատճառով: Երբեմն կույր աղու որդանման ելունի՝ միզապարկին հպված լինելու պատճառով, դրա բորբոքումը ևս ցավ է առաջացնում որովայնի ստորին՝ միզապարկի շրջանում:


    17.    Եթե պուլսացող ցավը տեղափոխվում է ոտքեր…


    Պուլսացող ցավերը բնորոշ են անևրիզմաներին, երբ զարկերակը լայնանում, արտափքվում է: Ցավ, բայց ոչ պուլսացող, բնորոշ է նաև թրոմբոզներին, երբ թրոմբը խցանում է աորտայից սկսվող զարկերակները: Այս դեպքում ցավը ճառագայթում է դեպի ոտքեր, վերջույթները լինում են սառը, մարմարյա: Ապենդիցիտի դեպքում` ելունի դիրքից կախված, նույնպես լինում է ցավի ճառագայթում դեպի ստորին վերջույթներ:


    18.    Ինչպե՞ս ախտորոշել, երբ կա ցավը որովայնում:


    Ախտորոշման ձևերը բավականին շատ են. ՈՒՁՀ, ռենտգեն հետազոտություն, ՀՏ, ՄՌՏ կոնտրաստ հետազոտություն` խմելու ձևով, կամ ներերակային ներարկմամբ՝ օրգանները և անոթները հետազոտելու համար: Ատիպիկ, աբդոմինալ ինֆարկտի ժամանակ կատարվում է էլեկտրասրտագրություն:


    19.    Ի՞նչի վրա պետք է ուշադրություն դարձնի պացիենտը` որովայնում ցավերի դեպքում և հայտնի բժշկին:


    Կարևոր է ցավերի բնույթը՝ մե՞ղմ են դրանք, թե` սուր արտահայտված,  կծկող բնույթի՞ են, թե՞ մշտական,  ի՞նչ ախտանիշներով են ուղեկցվում: Հասուն տարիքում սովորաբար ցավի բնույթի գնահատման պարագայում ճիշտ են կողմնորոշվում, օրինակ, անցնո՞ւմ է ցավն աղիները գործելուց հետո, թե` ոչ: Եթե ցավերը գնալով ոչ թե թեթևանում, այլ արտահայտվում են, պետք է բժշկի դիմել:


    20.    Ի՞նչ օգնություն ցուցաբերել որովայնում ցավերի դեպքում:


    Որովայնի ցավերի դեպքում շատ զգույշ պետք է լինել. ոչ մի դեպքում տաք չդնել,  հատկապես վնասվածքի դեպքում միայն սառը դնել, պետք չէ օգտագործել ցավազրկողներ, որոնք կարող են պատկերը սքողել և լուրջ վիճակների պատճառ դառնալ, ծայրահեղ դեպքում միայն սպազմոլիտիկներ (նո-շպա) և անպայման դիմել բժշկի:


    21.    Կարո՞ղ է լինել ցավ որովայնում որպես դեպրեսիայի հետևանք:


    Այո: Դեպրեսիան քիչ է ուսումնասիրված, սակայն ներկայում շատ տարածված է: Այն կարող է առաջացնել և՛ կամազրկություն, և՛ տարբեր ցավեր, այդ թվում նաև` որովայնում: Ցավեր կարող են արտահայտվել անգամ ներշնչման հետևանքով:


    22.    Ինչու՞ դեպրեսիան կարող է արտահայտվել մարսողական համակարգի խանգարումով:


    Դեպրեսիայի, վախի ժամանակ կարող են լինել մարսողական խանգարումներ, սրտխառնոց, փսխում, հնարավոր է պատճառը սպազմն է:


    23.    Դեպրեսիայի արդյունքում ի հայտ եկած ցավը ո՞ր մասնագետն է բուժում:


    Եթե ժխտվում է որովայնային ախտաբանությունը, բուժում է նյարդաբանը:

  • Հոգեբանին հաճախ տրվող հարցեր

    1.    Ո՞վ է հոգեբանը:

    Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար իրավիճակներ , սթրեսներ, անհանգստություն և այլն: Ներկայում ավելի շատ են դիմում հոգեբանին, քան նախկինում: Պատճառը բնակչության առավել տեղեկացված լինելն է: բժիշկները նույնպես կարևորում են այս օգնությունն ու պացիենտի մոտ հոգեբանական խնդիրների դեպքում ուղղորդում են հոգեբանի մոտ:

    2.    Ի՞նչ կրթություն է ստանում հոգեբանը:

    Հոգեբանը ստանում է հոգեբանական կրթություն, այսինքն, ավարտում է ԵՊՀ կամ ԵՊ մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը ու ստանում հոգեբանի որակավորում:

    3.    Ինչո՞ւմն է տարբերությունը հոգեբանի, հոգեվերլուծաբանի, հոգեթերապևտի, հոգեբույժի, հոգենյարդաբանի և նյարդաբանի:

    Հոգեբանը զբաղվում է հոգեբանական խնդիրներով: Հոգեվերլուծաբանը զբաղվում է հոգեբանական մեթոդներից` հոգեվերլուծությամբ: Հոգեթերապևտը հատուկ վերապատրաստմամբ է ստանում որակավորում. նա ի զորու է ախտորոշել և դեղորայքային բուժում նշանակել: Հոգեբույժը բժիշկ է, ով բուժում է հոգեկան ախտահարումները, հոգեկան ոլորտի շեղումները: Հոգեբույժը բուժման համար օգտագործում է դեղորայքային բուժում: Հոգենյարդաբանը նույնպես զբաղվում է հոգեկան խնդիրներով, որոնք համատեղված են ուղեղի ախտաբանությամբ: Նյարդաբանը բժիշկ է, ով ախտորոշում և բուժում է նյարդաբանական ախտաբանությունը:

    4.    Ինչպե՞ս պարզել, դիմել հոգեբանի՞, թե` հոգեթերապևտի:

    Եթե կա անհանգստացնող նևրոտիկ վիճակ, կարելի է դիմել հոգեբանի: Եթե պացիենտի մոտ առկա խնդիրները սովորական նևրոզից նկատելի տարբերվում են և դեղորայքային բուժման կարիք ունեն, կուղղորդվեն համապատասխան մասնագետի մոտ:

    5.    Ի՞նչ է հոգեսոմատիկան:

    Հոգեսոմատիկան գիտություն է, որն զբաղվում է այն հոգեբանական խնդիրներով, որոնք  օրգանիզմում ախտաբանական երևույթների պատճառ են դարձնել:

    6.    Ի՞նչ է հոգեբանական օգնությունը:

    Հոգեբանական օգնությունը հոգեբանի օգնությունն է այցելուին՝ տարբեր հոգեբանական շտկման մեթոդներով հաղթահարելու առկա  հոգեբանական բնույթի խնդիրները: Հոգեբանին և մեթոդն ընտրում է անձը, քանի որ այդ դեպքում կարող է օգնությունն արդյունավետ լինել: Առավել հաճախ  այցելուներն ընտրում են կոգնիտիվ վարքաբանական մեթոդը, որն օգնում է գիտակցել խնդիրը: Հոգեբանի մոտ այցելությունը պետք է լինի այցելուի կամքով, եթե նա չի ուզում հոգեբանի օգնություն ստանալ, նրան ստիպելն անիմաստ է:

    7.    Ի՞նչ է հոգեբանական խորհրդատվությունը:

    Հոգեբանական խորհրդատվությունը սկսվում է անամնեզի հավաքումով, որի ընթացքում պարզվում է առկա խնդիրը: Եթե խնդիրը հոգեբանական է, հոգեբանը կատարում է համապատասխան աշխատանք:

    8.    Ի՞նչ է հոգեբանական ռեաբիլիտացիան:

    Հոգեբանական ռեաբիլիտացիան այն վերականգնողական, հարմարողականության շրջանն է, երբ պացիենտը ծանր սթրեսից, իրավիճակից կամ վիրահատությունից հետո հոգեբանորեն պետք է վերականգնվի:

    9.    Ի՞նչ է հեռահար խորհրդատվությունը:

    Հեռահար խորհրդատվությունն իրականացվում է համացանցի օգնությամբ, երբ կան խնդիրներ, հրատապ հարցեր, բայց հիվանդը հեռու է, կամ պարզապես գերադասում է խորհրդատվություն ստանալ հեռահաղորդակցման միջոցով: Այն կարող է ընթանալ հարց ու պատասխանի ձևով:

    10.    Ի՞նչ է սոցիալական հոգեբանությունը:

    Սոցիալական հոգեբանությունը զբաղվում է մարդու՝ հասարակության մեջ ինտեգրվելու, հասարակության հետ կապերի խնդիրներով,  մարդու վարքով հասարակության մեջ միջանձնային հարաբերություններով:

    11.    Ըստ ժամանակակից հոգեբանության, կա՞ նորմայի հասկացողություն, եթե այո, ո՞րն է դա:

    Այո, կա նորմայի հասկացողություն: Հոգեկան նորման մի քանի դասակարգումներ ունի: Յուրաքանչյուր կարող է կողմնորոշվել այս հարցում: Եթե ծագած խնդիրներն անձը կարողանում է ինքնուրույն լուծել, սթրեսակայուն է, կարողանում է ճիշտ կողմնորոշվել, թե ինչպես դուրս գալ սթրեսից, ուրեմն նա նորմայի սահմանում է, այլ դրսևորումները նևրոտիկ բնույթ են կրում:
    Նևրոզի և հոգեկան շեղումների միջև ևս կա սահմանային վիճակ ու խորհրդակցության ընթացքում հոգեբանը տարբերում է` նևրո՞զ է , թե` պսիխոզ:

    12.    Ի՞նչ հոգեբանական ուղղություններ կան, ո՞ր տեսակետն է նախընտրելի:

    Ուղղությունները բազմաթիվ են թվարկեմ մի քանիսը՝ մանկական, սոցիալական, կլինիկական, ընտանեկան, գենդերային և այլն։

    13.    Հոգեբանական  ի՞նչ  մեթոդներ կան:

    Հոգեբանի աշխատանքային տեսակները, մեթոդները բազմաթիվ են. կոգնետիվ վարքաբանական, հոգեվերլուծական, արտթերապիա, նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, ինտեգրատիվ մեթոդ և այլն:
    Կան հոգեբաններ, ովքեր մի քանի մեթոդներով են մասնագիտացված և աշխատանքային մեթոդն ընտրում են անհատական մոտեցմամբ:
    Երկար ժամանակ է, ինչ մեզ մոտ կիրառվում է արտթերապիան` բուժում արվեստի օգնությամբ (նկարչաթերապիա, երաժշտաթերապիա, կինոթերապիա, բիբլիոթերապիա և այլն),  որն ունի իր օգտագործման ձևերն ու մեթոդները: Դրանք լինում են պասիվ, ակտիվ և խառը: Առաջինի դեպքում պացիենտը պարզապես օգտվում է պատրաստի արվեստի գործերից, երկրորդ դեպքում պացիենտն ինքն է ստեղծագործում, երրորդ տարբերակում օգտագործվում է միաժամանակ երկուսը: Բոլոր տեխնիկաները մշակված են և արտթերապևտն անհատական մոտեցում է ցուցաբերում` որ դեպքում ինչ տեխնիկա կիրառի:
    Գործում է հոգեվերլուծաբանական ասոցիացիա: Հոգեվերլուծաբանի վկայական ստանալու համար պահանջվում է բավականին երկար վերապատրաստում: Հոգեվերլուծության ժամանակ հոգեբանն աշխատում է անձի անգիտակցականի  հետ, երբ գիտակցությունից արտամղված չգիտակցված երևույթները ենթագիտակցությունից բերում են գիտակցություն:

    14.    Հոգեբանը ընդունում է պացիենտի՞, թե այցելուի:

    Հոգեբանն ընդունում է այցելուի, պացիենտին ընդունում է հոգեթերապևտը: Պացիենտը դիմում է բժշկական օգնություն ստանալու նպատակով։

    15.    Հոգեբանները մասնագիտանում են կոնկրե՞տ խնդիրների վրա:

    Հոգեբանը նախ ստանում է ընդհանուր հոգեբանական կրթություն և կարող է զբաղվել ցանկացած խնդրով, իսկ աշխատանքային մեթոդների կիրառման համար հարկ է հետագայում մասնագիտանալ:

    16.    Բոլոր հոգեբանական խնդիրնե՞րն է հնարավոր լուծել:

    Եթե խնդիրը հոգեբանական է, հոգեբանը ի զորու է այն լուծել: Իհարկե, շատ կարևոր է այցելուի տրամադրվածությունը, եթե նա հավատում է, որ հոգեբանը կարող է օգնել իրեն իր, ապա դրանք լուծելի են:

    17.    Ի՞նչ խնդիրներ կարող է լուծել հոգեբանը: Ո՞վ է հոգեբանի այցելուն:

    Հոգեբանի այցելուն հոգեպես առողջ հոգեբանական խնդիրներ ունեցող անձն է, այդ խնդիրներից են նևրոզները, միջանձնային, ընտանեկան հարաբերություններում բարդությունները, կպչուն մտքերը, վախերը:

    18.    Ի՞նչն է որոշիչ առաջադեմ հոգեբանի աշխատանքում:

    Հոգեբանի աշխատանքում կարևոր է հոգեբանի անձը, մասնագիտական հմտությունը, մեթոդի ընտրությունը և այցելուի ու հոգեբանի փոխադարձ ներդաշնակ մթնոլորտի ստեղծումն ու վստահությունը:

    19.    Ի՞նչն է խոսում դրական դինամիկայի և հոգեբանի աշխատանքի արդյունավետության մասին:

    Դրական դինամիկան այցելուն ինքն արդեն նկատում է, երբ և՛ սոմատիկ, և՛ հոգեբանական դրսևորումներում ավելի լավ է զգում, ավելի խաղաղ է, հանգիստ, սթրեսակայուն է դարձել, մտերիմների հետ փոխհարաբերություններն են լավացել և հերթական այցի ժամանակ այդ մասին հայտնում է հոգեբանին:

    20.    Հոգեբանն ապահովո՞ւմ է գաղտնիությունը:

    Հոգեբանը պետք է անպայման ապահովի գաղտնիությունը. դա պարտադիր պայման է:

    21.    Մարդու հատկապես ո՞ր հոգեբանական վիճակների դեպքում է անրհաժեշտ հոգեբանի օգնությունը:

    Հոգեբանական այն խնդիրների ժամանակ, երբ մարդն զգում է, որ ինքնուրույն չի կարողանում հաղթահարել՝ նևրոզ, անքնություն, կպչուն մտքեր և այլն. խնդիրներ, որոնց ժամանակ կյանքի որակն ընկնում է, խանգարում` դրսևորել ինքն իրեն, նորմալ հարաբերվել շրջապատի մարդկանց, ընտանիքի անդամների և հենց ինքն` իր հետ:
    Եթե իրավիճակն այնպիսին է, որ որևէ բան փոխվել հնարավոր չէ (վարկեր, կորուստներ), հոգեբանն օգնում է տվյալ անձին փոխելու իր մոտեցումը, քայլերը, հանելու այն կարծրատիպերը, թե անհաջողակ է, անզոր տվյալ իրավիճակում և այլն:

    22.    Որքա՞ն հաճախ դիմել հոգեբանի:

    Եթե մեկ անգամ դիմել են հոգեբանի և լուծվել է խնդիրը, հնարավոր է, որ այլևս երբեք կարիք չունենան կրկին դիմելու:

    23.    Կարո՞ղ է հոգեբանը ախտորոշել կամ դեղեր նշանակել:

    Հոգեբանը դեղորայք չի նշանակումև չի ախտորոշում: Հոգեկան խանգարումները ախտորոշումը կատարում է հոգեբույժը:

    24.    Որքա՞ն արագ է տեղի ունենում առաջընթացը:

    Առաջընթացի ինտենսիվությունն անհատական է, դա կախված է այցելուից, նրա շփման մակարդակից: Բացի այդ, տարբեր մեթոդներ տարբեր տևողություն ունեն. օրինակ, հոգեվերլուծությունը կարող է շատ երկար տևել, նույնիսկ` տարիներ: Կան մեթոդներ, որ բավականին կարճ ժամանակահատվածում են դրական արդյունք տալիս:

    25.    Կարո՞ղ է հոգեբանն օգնել մեկ խորհրդատվության շրջանակում:

    Հնարավոր է: Լինում են դեպքեր, երբ մեկ խոսքն անգամ բավարար է, որպեսզի այցելուն հասկանա, թե տվյալ իրավիճակում ինչ է իրեն պետք:

    26.    Հոգեբանը խորհուրդներ տալի՞ս է:

    Ո՛չ, հոգեբանը խորհուրդներ չի տալիս, նա չի կարող այցելուի իրավիճակի վերաբերյալ ակտիվ խորհուրդներ տալ (օրինակ, բաժանվել ամուսնուց): Մեթոդը, որով հոգեբանն աշխատում է, օգնում է այցելուին, որպեսզի նա ինքը կարողանա որոշումներ կայացնել։

    27.    Կարո՞ղ է հոգաբանը տալ խորհուրդ, որն անմիջապես օգնի:

    Լինում են խնդիրներ, երբ հոգեբանը ոչ թե խորհուրդ է տալիս, այլ հարցերի միջոցով օգնում է այցելուին իր իրավիճակին այլ տեսանկյունից նայել և լուծման նոր ուղիներ տեսնել:

    28.    Սովորաբար, ինչպե՞ս է ընթանում խորհրդատվությունը:

    Դա անմիջական կապ ունի մեթոդի հետ, որով աշխատում է հոգեբանը: Օրինակ, հոգեվերլուծության ծամանակ պացիենտը պառկում է, չի տեսնում հոգեբանին, որպեսզի հնարավորինս ամփոփվի իր մեջ: Արտթերապիայի ժամանակ օգտագործվում են համապատասխան նյութեր, ներկեր, թղթեր և այլն: Կան պրոյեկտիվ տեխնիկաներ, թեստեր, որոնք ևս օգտագործվում են այցելուի հոգեվիճակը ճիշտ պատկերացնելու համար: Շատ կարևոր է, թե ինչ պայմաններում և ինչ հրահանգներով են այդ բոլորն իրականացվում: Կոգնետիվ վարքաբանական մեթոդի ժամանակ միայն զրույց է ընթանում: Տարբեր մեթոդներ տարբեր տևողություն ունեն: Հոգեբանը և այցելուն պայմանավորվում են հետագա հանդիպումների վերաբերյալ, որոշում հաճախականությունը: Սովորաբար, հանդիպումները լինում են շաբաթը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` երկու անգամ:

    29.    Որքա՞ն երկար պետք է այցելել հոգեբանին:

    Դա կախված է անձի ինքնազգացողությունից, նրա խնդրի լուծման արդյունքից: Եթե այցելուն իրեն լավ է զգում, ինքնավստահություն է ձեռք բերել և մինչ այդ եղած խանգարող զգացողությունները չկան, դա արդեն վիճակի կարգավորման մասին է խոսում: Այդ ամենը խիստ անհատական է և կոնկրետ ժամանակ չկա:

    30.    Որքա՞ն է տևում մեկ սեանսը և միջինը քանի՞ սեանսից է բաղկացած այցը հոգեբանի մոտ:

    Մեկ սեանսը տևում է մեկ ժամ, շաբաթական` մեկ կամ երկու հանդիպումով:  Կոգնիտիվ վարքաբանական մեթոդի ժամանակ այցելությունների քանակը միջինը 5-10 հանդիպում է:

    31.    Հոգեբանական խորհրդատվությունը կարո՞ղ է լինել խմբակային:

    Այո, կան խմբակին մեթոդներ: Այս մեթոդի ժամանակ մարդիկ տեսնում են այլոց խնդիրները և հնարավոր է, որ սեփական խնդրի հետ համեմատությունն օգնի իրավիճակը ճիշտ գնահատելու:

    32.    Ո՞րն է առավել հարմար, ընտրել նո՞ւյն սեռի հոգեբան:

    Դա ևս անհատական է: Կան մարդիկ, ովքեր հարմարավետ են զգում նույն սեռի հոգեբանի հետ, իսկ հոգեբանի կողմից այցելուի խնդիրը հասկանալը սեռի հետ կապված չէ:

    33.    Կարո՞ղ են հոգեբանի մոտ խորհրդատվության գնալ երկուսով:

    Կարող են գնալ զուգընկերոջ հետ, ամուսնու հետ, ծնողը կարող է երեխայի հետ լինել: Իհարկե եթե խնդիրը վերաբերվում է երկուսին։

    34.    Արդյո՞ք անհրաժեշտ պայման է անկեղծանալ հոգեբանի մոտ:

    Եթե այցելուն անկեղծ է, չի դիմադրում, դա օգնում է և արագացնում է խնդիրների հասկացմանը: Եթե նա «փակ» է, կան մեթոդներ, որոնք օգնում են այցելուին` անկեղծանալ, հատկապես արտթերապիան է դրան նպաստում:

    35.    Կարո՞ղ է կախվածություն առաջանալ հոգեբանից:

    Լինում են դեպքեր, երբ կախվածություն է առաջանում: Նման բան պետք է տեղի չունենա, եթե մասնագետը ճիշտ է աշխատում, դա կախված է հոգեբանի հմտությունից: Կախվածություն առաջանալու դեպքում հոգեբանը պետք է հրաժարվի այցելուից:

    36.    Ինչպե՞ս կմեկնաբանեք այն կարծիքը, որ թույլերն են դիմում հոգեբանի:

    Դա այդպես չէ, ընդհակառակը, թույլերը չեն դիմում հոգեբանին: Թույլ և ուժեղ ասվածը հարաբերական հասկացություններ են: Եթե մարդն արդեն տրամադրվել է հոգեբանի մոտ գնալ, ուրեմն ունի համապատասխան գիտելիքներ, գիտի, թե ինչ օգնություն կարող է ստանալ հոգեբանից: Նման մարդուն թույլ համարել չի կարելի: Իսկ իրենց ուժեղ ցուցադրողները կարող են իրականում թույլ լինել. ուժեղ լինելու ցուցադրությունը կարող է լինեն նրանց դիմադրությունը կամ կոպեսնսացիան է:

     

    Հարցերի պատասխանը`

    «Իզմիրլյան» ԲԿ հոգեբան Գայանե Ղալումյան


  • Արյան լաբորատոր հետազոտություն. հաճախ տրվող հարցեր

    1.    Արյան լաբորատոր հետազոտության ի՞նչ ենթաբաժիններ կան:

    Գոյություն ունեն հսկայական քանակի հետազոտություններ, որոնց կարելի է խմբավորել մի քանի մեծ խմբերում: Առաջինն արյան ընդհանուր կլինիկական հետազոտությունն է, երկրորդը՝ արյան կենսաքիմիական հետազոտությունը, երրորդ խումբը շճաբանական հետազոտություններն են, չորրորդը՝  գենետիկականը:


    Ցանկացած լաբորատոր հետազոտություն ուղղված է մի բանի՝ ախտորոշել առկա ախտաբանությունը, գնահատել օրգանիզմի ելակետային վիճակը, անցկացնել բուժման դինամիկ հսկողություն և վերջում գնահատել նաև բուժման արդյունավետությունը:

    2.    Ի՞նչ է ներառում կենսաքիմիական հետազոտությունը և ո՞ր դեպքերում է իրականացվում:

    Կենսաքիմիական հետազոտությունները բավականին ծավալուն հետազոտությունների խումբ են, որն իր մեջ ներառում է օրգան-համակարգերի ֆիզիոլոգիական և ախտաբանական վիճակների թեստավորումը, զննումը: Կենսաքիմիական հետազոտություններն օգնում են գնահատել օրգանների վիճակը՝ լյարդի, երիկամների, աղեստամոքսային համակարգի ֆունկցան:
    Այս հասկացությունը շատ լայն է և շատ բան է ընդգրկում իր մեջ՝ և թթվահիմնային հավասարակշռությունը, և արյան մակարդելիությունը:

    3.    Ի՞նչ է ներառում արյան կլինիկական հետազոտությունը և ո՞ր դեպքերում է իրականացվում: Ո՞ր հետազոտություններ են չափանիշային ցանկացած ախտաբանության ժամանակ:

    Արյան կլինիկական դասական պատկերացմամբ հետազոտության մեջ մտնում են հեմոգլոբինի որոշումը, գունային ցուցանիշը, էրիթրոցիտների, լեյկոցիտների քանակը, լեյկոցիտների տեսակը, էրիթրոցիտների հագեցվածությունը հեմոգլոբինով, լեյկոֆորմուլան՝ տոկոսային և բացարձակ հարաբերությունները տարբեր լեյկոցիտների հետ և այլն: Այս բոլորն ունեն մեծ ախտորոշիչ նշանակություն: Հեմոգլոբինի ցուցանիշի շնորհիվ որոշվում է, թե կա՞, արդյոք, սակավարյունություն կամ այլ ախտաբանական վիճակ:  Լեյկոֆորմուլան՝ արյան մեջ կամ ոսկրածուծի պունկտատում, թույլ է տալիս պարզել լեկոզների առկայությունը: Արյան կլինիկական հետազոտմամբ հնարավոր է պարզել նաև օրգանիզմում բորբոքային գործընթացների առկայությունը և այլն:
    Յուրաքանչյուր ախտաբանություն ունենում է իրեն բնորոշ շեղումները Օրինակ, լյարդի անբավարարության ժամանակ տեղի է ունենում լյարդային ցուցանիշների փոփոխություն: Ցանկացած ախտաբանական վիճակ գնահատելու համար պետք է ունենալ արյան, մեզի և կենսաքիմիական հետազոտությունների նվազագույն պատկերը:

    4․ Ի՞նչ է թթվահիմանյին հավասարակշռությունը։


    Որոշվում է նաև օրգանիզմի PH-ը՝ թթվահիմնային հավասարակշռությունը, որն օրգանիզմի ներքին միջավայրի` հեմոստազի, հավասարակշռության ամենակարևոր ցուցանիշն է, այդ հավասարակշռությունը պահպանում է օրգանիզմը շատ կայուն, քիչ տատանվող չափանիշների շրջանակում: Այդ կարգավորումը կատարվում է և ֆիզիոլոգիական, քիմիական և բուֆերային համակարգերի միջոցով: Օրգանիզմն ունի PH-ը կարգավորելու մի քանի փուլ: Որովհետև, եթե այն իջնում է 6 կամ ցածր, կամ բարձրանում է 8 և ավելի, դա արդեն կյանքի հետ անհամատեղելի է:


    Հեմոգլոբինն արյան մեջ թթվածինը տեղափոխելու և CՕ2-ը դուրս բերելու ֆունկցիան է կատարում: Սակավարյության ժամանակ իջնում է արյան թթվածնային հագեցվածությունը, ինչը բերում է հիպօքսիկ վիճակի և խթանում անաէրոբ նյութափոխանակությունը` առաջացնելով ացիդոզ: Դա կարող է լինել նաև նյութափոխանակային՝ մետաբոլիկ, և շնչառական` կախված թոքերի ախտաբանության հետ: PH-ի կարգավորումը հիմնականում կիրառվում է վերակենդանացման պրակտիկայում, տարբեր օրգան-սիստեմների ախտաբանությունների ժամանակ:

    5․ Ի՞նչ է ներառում բջջաբանական հետազոտությունը և ո՞ր դեպքերում է իրականացվում:

    Բջջաբանական հետազոտության ժամանակ ուսումնասիրվում են բջիջները և որոշվում է, թե արդյո՞ք դրանք նորմալ վիճակում են, իսկ եթե փոխված են՝ ի՞նչ փոփոխություններ են առկա՝ տիպիկ, ատիպիկ, բարորակ, ոչ բարորակ և այլն: Որոշվում է նաև ֆոնը, որի առկայությամբ բջիջները փոփոխության են ենթարկվում: Այս հետազոտությունն իրականացվում է ուռուցքային հիվանդությունը հաստատելու կամ ժխտելու համար, ինչպես նաև կանխարգելման նկատակով: Օրինակ, վերջին տարիներին մեզ մոտ իրականացվում է անվճար հետազոտություն ուռուցքային փոփոխությունների առկայությունը որոշելու համար՝  30-60 տարեկան կանանց մոտ արգանդի պարանոցից քերուկի հետազոտմամբ: Այս հետազոտությունները ատրավմատիկ են` միայն քսուկ է վերցվում:

    6․ Ի՞նչ է ներառում հյուսվածքաբանական հետազոտությունը և ո՞ր դեպքերում է իրականացվում:


    Հյուսվածքաբանական հետազոտությունը խնդրի ավելի խորը ուսումնասիրություն է հյուսվածքների մակարդակով:  Այստեղ մտնում են և բջջաբանական, և կառուցվածքային փոփոխությունների որոշումը: Հետազոտությունը կատարվում է, առաջին հերթին, ուռուցքի կասկածի դեպքում: Պարտադիր հետազոտվում է ցանկացած հետվիրահատական նյութ ՝ ախտորոշումը հաստատելու, կամ ուռուցքային գործընթացը ժխտելու, կամ որպես իրավաբանական փաստաթղթի հիմք, որը հաստատում է վիրահատության ճիշտ ընթացքը և անցկացումը:

    7․ Ի՞նչ է ներառում մանրէաբանական հետազոտությունը և ո՞ր դեպքերում է իրականացվում: Որքա՞ն արագ են տրվում պատասխանները:

    Մանրէաբանական հետազոտությունների ժամանակ հայտնաբերվում է ախտաբանական գործընթացի հարուցիչը, եթե այդպիսին կա, և որոշվում է այդ հարուցչի զգայունությունը անտիբիոտիկների նկատմամբ` յուրաքանչյուր պացիենտի համար անհատականորեն:
    Դրանք կատարվում են վարակված վերքերի, հետվիրահատական վերքերի առկայության դեպքում, լորձաթաղանթների մանրէաբանական վիճակը պարզելու համար՝ բերանի խոռոչից մինչև աղիները ներառյալ: Ներկայում մեծ նշանակություն է դարձվում աղիների միկրոֆլորային: Նաև հետազոտվում են օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկները՝ արյուն, մեզ, թուք, խորխ, պունկտատներ:


    Մանրէաբանական հետազոտությունները երկար տևող հետազոտություններ են, քանի որ պետք է, նախ, կենսանյութը վերցվի, ցանքս արվի, աճ ապահովվի, հետո մանրէազննում կատարվի` տիպը որոշելու համար:


    Պատասխանները տրվում են մի քանի ժամից՝ 6 ժամից մինչև 48 ժամվա ընթացքում, երբեմն 2-3 օրից և ավելի ժամկետներում: Բայց ներկայիս սարքերը թույլ են տալիս ավելի արագ որոշել հարուցչի տեսակը և ախտորոշումը:


     Հարուցչի տեսակը որոշվում է նաև նրա դեմ օրգանիզմի իմուն ռեակցիայի, այսինքն, արտադրված հակամարմինների օգնությամբ:

    8․ Արյան ի՞նչ հետազոտություն է կատարվում լյարդի ախտաբանության ժամանակ:

    Լյյարդի ախտաբանության ժամանակ առաջին հերթին կատարվում է արյան ընդհանուր հետազոտություն, հաջորդը լյարդի ֆերմենտների ակտիվության որոշումն է, AST, ALT և տրանսամինազ, հնարավոր վարակները՝ հեպատիտներ A, B, C, D, E, F, բիլիռուբինի վիճակը, նրա ընդհանուր քանակը, կապված կամ չկապված ֆրակցիաների  քանակները, բաղադրությունը, ընդհանուր սպիտակուցը, սպիտակուցային ֆրակցիաները՝ ալբումինի քանակը և այլն, որոնք լյարդի սինթետիկ ֆունկցիայի վիճակն են ցույց տալիս, քանի որ լյարդն օրգանիզմում սպիտակուցի սինթեզման հիմնական աղբյուրն է:


    Այս ցուցանիշներով հնարավոր է նաև պարզել, թե ինչ գործընթաց է ախտաբանության հիմքում՝ լյարդայի՞ն, վերլյարդայի՞ն, թե՞ ենթալյարդային: Ենթալյարդայինն, օրինակ, մեխանիկական բնույթի խնդիրների հետևանք է: Սրանք բոլորն էլ ունեն նույն թեստերը, և դրանցով արդեն հասկանալի է դառնում, թե խնդիրն ինչպիսին է:


    Եթե բարձր է ընդհանուր և չկապված բիլիռուբինի քանակը, պետք է մտածել, որ դա վերլյարդային խնդիր է՝ հեմոլիտիկ սակավարյունություն, կամ այլ ախտաբանություն: Ֆերմենտների ակտիվության որոշումը նույնպես թույլ է տալիս կողմնորոշվել այդ հարցերում:

    9․ Ի՞նչ հետազոտոտություն է կատարվում երիկամների ախտաբանության ժամանակ:

    Երիկամների ախտաբանության ժամանակ կատարվում են, նախ, մեզի ընդհանուր և ֆունկցիոնալ թեստերի  հետազոտություններ՝ Զիմնիցկի, Նիչեպարենկո, Ադիս Կակովսկի և այլն, արյան ընդհանուր հետազոտություն, կենսաքիմիական հետազոտություններ. ազոտային շլակների՝ կրեատինինի, միզանյութի, միզաթթվի որոշում:
    Միզաթթվի առկայությունն այլ ախտաբանությունների մասին է խոսում՝ պոդագրա, պուրինային խանգարում/ հիմքերի քայքայում/, միզաքարային հիվանդություն:

    10․ Ի՞նչ հետազոտություններ են կատարում հորմոնալ մակարդակում և ե՞րբ: Որքա՞ն արագ են տրվում պատասխանները:

    Հորմոնների հետազոտությունը կատարվում է էնդոկրինոլոգի ցուցումով և ընտրությամբ, ով նշանակում է հետազոտվող հորմոնների որոշակի ցանկ: Եթե վերարտադրողական համակարգն է պետք հետազոտել, այստեղ կան այդ համակարգին բնորոշ հորմոնների ցանկը և այլն: Դրանք բավականին նուրբ և բարդ հետազոտություններ են, որոնց հիմքում ընկած են չափման մի քանի մեխանիզմներ՝ իմունոֆերմենտային, իմունոքեմոլյումինեսցենտային հետազոտություններ։
    Ժամանակակից սարքերը հնարավորություն են տալիս շատ արագ որոշել օրգանիզմում հորմոնների քանակը՝ ժամերի ընթացքում:

    11․ Մասնավորապես` վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ իրականացվող հետազոտությունը: Որքա՞ն արագ են տրվում պատասխանները:

    Վահանաձև գեղձի հետազոտությունների ժամանակ թեստերի օգնությամբ որոշվում են թիրեոտրոպ հորմոնը, հակամարմինները,  T-3-ը, T- 4-ը, նրանց ազատ ֆրակցիաները, թիրեոօքսիդազայի հակամարմինները, որոնք  աուտոիմուն գործընթացի ցուցանիշ են,  թիրեոգլոբուլինը և նրա հանդեպ հակամարմինները, որոնք համարվում են նաև օնկոմարկեր և այլն: Բավականին լայն ցանկ է և էնդոկրինոլոգն ինքն է որոշում համապատասխան հետազոտությունը: Պատասխանները տրվում են ժամերի ընթացքում:

    12․ Ինչպե՞ս պատրաստվել արյան հետազոտության: Ո՞ր դեպքերում է հետազոտությունն իրականացվում նախքան սնունդ ընդունելը:

    Հետազոտության պետք է ներկայանալ քաղցած, եթե հնարավոր է՝ նաև ջուր չխմել:  Բացառություն է կազմում հորմոնալ հետազոտությունը, որը կարող է կատարվել օրվա ընթացքում, տարբեր ժամերի և այս դեպքում սնունդ ընդունելն առանձնապես չի ազդում հետազոտման վրա:


    Պետք է մեզը հանձնել առավոտյան, անպայման լվացումից հետո՝ հիգիենիկ պայմաններում և վերցնելով ստերիլ տարայում այն:

    13․ Ի՞նչ գործոններ կարող են ազդել հետազոտությունների արդյունքների վրա:

    Հետազոտությունների արդյունքների վրա առաջին հերթին ազդում է հետազոտության որակը: Կան երեք տիպի գործոններ.  Նախաանալիտիկ սխալներ, շեղումներ, որոնք կապված են կենսանյութի սխալ վերցման, սխալ փոխադրման, ժամերի խանգարման հետ, ֆիզիկական ծանրաբեռնվածության, մինչ հետազոտությունը սնունդ ընդունելու հետ: Հաջորդը անալիտիկ սխալներն են, որոնք արդեն բուն չափման գործընթացի սխալների են կապված: Վերջին շրջանում դա կտրուկ նվազել է գրեթե բոլոր հիվանդանոցներում` նորագույն սարքեր օգտագործելու շնորհիվ: Հետանալիտիկ սխալների ժամանակ ստացվում է տվյալ, որը հակասում է ախտաբանական ընկալմանը, նախնական ախտորոշմանը, կամ չի տեղավորվում տրամաբանության մեջ և կարող է սխալ մեկնաբանման պատճառ դառնալ:  Այս դեպքում պետք է կապ հաստատել բուժող բժշկի հետ, կրկնել հետազոտությունը:


    Բացի այդ, լաբորատորիան պետք է լինի չափման մոդուս ։  Եթե ստացվել է նորմայից խիստ բարձր կամ ցածր թիվ, կամ միմյանց հակասող թվեր, պետք է կրկնել և բուժող բժշկի հետ քննարկել: Ցանկալի է, որ լաբորանտը նախապես ենթադրյալ ախտորոշումը չիմանա և նախատրամադրվածությունը չխանգարի արդյունքը որոշելիս:


    Լաբորատոր սխալները բացառելու համար գոյություն ունեն բազմաթիվ մեխանիզմներ՝ դրանք ժամանակակից սարքերն են, շատ որակյալ նյութերը և որակի հսկումը, որը պետք է անցկացվի և՛ ներլաբորատոր, և՛ միջլաբորատոր ձևերով, և՛ արտաքին վերահսկմամբ: Այդ ժամանակ ամիսը երկու անգամ ստացվում են ստուգիչ  կենսանյութեր, կատարվում է դրանց հետազոտությունը և ուղարկվում վերահսկող կենտրոն, որտեղ ստուգվում է, թե որքանով ճիշտ է կատարվել զննությունը: Յուրաքանչյուր աշխատանքային օրը պետք է սկսվի որակի հսկողությամբ: Այդ կերպ հնարավոր է վերահսկել նաև սարքավորումների վիճակը և ժամանակին նկատել նրանց անսարքությունները:

    14․ Ի՞նչ է արյան մեջ մարկերի որոշումը:

    Յուրաքանչյուր չափում մարկեր է՝ ցուցանիշ: Ասենք վահանագեղձի հորմոնների որոշումը, նույնպես մարկեր է և այլն:

    15․ Ի՞նչ մարկերներ են որոշում արյան մեջ:

    Ինչպես նշվեց, բոլոր ցուցանիշները մարկերներ են, բայց այս տերմինն ավելի օգտագործվում է օնկոմարկերներ արտահայտությամբ, ուռուցքային գործընթացը գնահատելու համար:
    Կան մարկերներ, որոնք ցույց են տալիս վահանագեղձի ախտաբանական վիճակը, այլ մարկերներ՝ կրծքագեղձի, ուրիշները՝ արգանդի, ձվարանի և այլն: Կան նաև ընդհանուր մարկերներ, որոնք օգտագործվում են որպես սքրինինգային թեստեր:

    16․ Որքանո՞վ են օնկոմարկերները հաստատում ուռուցքի առկայությունը:

    Միայն օնկոմարկերների որոշմամբ հնարավոր չէ հաստատել հիվանդի մոտ ուռուցքի առկայությունը: Այդ ցուցանիշն անպայման պետք է համատեղվի կլինիկայի և գործիքային հետազոտության հետ:
    Օնկոմարկերի հիմնական նշանակությունն է՝ գնահատել ելակետային վիճակը, պրոցեսի խորությունը, կատարել դինամիկ հսկողություն և գնահատել բուժման արդյունավետությունը: Տարբեր օրգանների պաթոլոգիաների ժամանակ օնկոմարկերները կարող են տարբեր լինել: Որոշակի օնկոմարկերներ որոշակի բորբոքային պրոցեսների դեպքում էլ կարող են բարձր լինել:

    17․ Հնարավո՞ր է օնկոմարկերով պարզել որտեղ է ուռուցքը և կա՞ն, արդյոք, մետաստազներ:

    Այո, օնկոմարկերով հնարավոր է պարզել ուռուցքի տեղակայումը և մետաստազները: Քանի որ յուրաքանչյուր օրգան ունի իրեն բնորոշ օնկոմարկերները, ուրեմն ուռուցքի տեղակայման հարցում դրանով կարելի է կողմնորոշվել: Մետաստազը ևս հնարավոր է պարզել, որովհետև այն որտեղ էլ լինի՝ իր նախնական օջախի բնույթն ունի և նույն օնկոմարկերներն են ցուցանիշ: Եթե օնկոմարկերի քանակը բուժման ընթացքում սկսում է աճել, իսկ օջախը փոքրացել է, ուրեմն պետք է մտածել մետաստազների մասին, քանի որ օնկոմարկերի կոնցենտրացիան կախված է ուռուցքի ծավալից:

     

    «Իզմիրլյան» ԲԿ լաբորատորիա
    Վահան Գևորգյան

     

     

  • Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին

    1.    Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

    Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են դաշտանային ցիկլի խանգարումների գանգատով, դիմում են պարզելու արդյոք մաշկի խնդիրները կապված են գինեկոլոգիական խնդիրների հետ։
    Վերարտադրողական տարիքում հարցերը հիմնականում կապված են հղիության հետ՝ ինչպես պաշտպանվել, ինչպես նախապատրաստվել հղիությանը, անվտանդ ընդհատել անցանկալի հղիությունը։
    Դաշտանադադարի տարիքի կանայք դիմում են դաշտանայաին ցիկլի խանգարումներով, արգանդի իջեցման հետ կապված խնդիրներով և այլն։

    2.    Որքա՞ն հաճախ այցելել գինեկոլոգին

    Դա ևս կախված է տարիքային խմբից։  Գանգատներ չլինելու դեպքում, նախորդ այցի տվյալներ նորմալ լինելու պարագայում խորհուրդ է տրվում այցելել գինեկոլոգին տարին մեկ անգամ։
     Գանգատի դեպքում անհրաժեշտ է դիմել անմիջապես։ Պետք է հիշել, որ վաղ ախտորոշված խնդիրը ավելի հեշտ է լուծել, առավել ևս, որ շատ հիվանդություններ հատկապես սկզբնական շրջանում ընթանում են առանց կլինիկական արտահայտումների։

    3.    Ի՞նչ լուրջ խնդիր կարող է պատճառ լինել արտահերթ դիմելու գնեկոլոգի խորհրդատվության:

    Արտահերթ այցի համար պատճառ են որովայնի ստորին հատվածում ցավը, դաշտանային ցիկլի խանգարումը / ուշացումներ և հակառակը սպասվածից շուտ սկված դաշտան, առատ երկարատև դաշտան, քիչ քանակի դաշտան/, դաշտանից դուրս արյունային արտադրության առկայությանը, արյունային արտադրությունը դաշտանադադարում, քոր, արտադրություն սեռական ուղիներից, ցավ սեռական հարաբերության ժամանակ և այլն։

    4.    Որքանո՞վ է կինը գինեկոլոգիական խնդիրների ժամանակ հոգեբանական օգնության կարիք ունենում:

    Գինեկոլոգիական խնդիրներ  ունեցող կանանց մեջ չափազանց շատ են հոգեբանական օգնության  կարիք ունեցողները։ Գինեկոլոգը նեղ մասնագիտական բուժումից զատ մեծ ջանք և ժամանակ է ծախսում հոգեբանական խնդիրները լուծելու համար։ Կարծում եմ կանայք ընտրելով իրենց գինեկոլոգին առաջնորդվում են նաև նրանով, թե որքանով է տվյալ բժիշկը օգնում իրենց նման հարցերում։

    5.    Կանանց կանխարգելիչ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ և ի՞նչ հաճախականությամբ:


    Ուլտրաձայնային հետազոտություն, հեշտոցից միկրոսկոպիկ հետազոտություն, արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն, որոնց հաճախականությունը կախված է տարիքից և նախորդ հետազոտությունների արդյունքներից։


    6.    Որքա՞ն հաճախ պետք է կատարել հեշտոցի քսուկի հետազոտություն վարակների հանդեպ:


     Երիտասարդ, ակտիվ սեռական կյանքով ապրող կինը՝  տարին մեկ-երկու անգամ, նախադաշտանադադարում կամ դաշտանադադարում գտնվող կինը՝ կարծում եմ ըստ գանգատների ։ Անպայման նշված հետազոտությունները պետք է կատարի հղիություն պլանավորող կինը։

    7.    Կարելի՞ է ինտիմ հիգիենայի համար օգտագործել հակաբակտերիալ օճառներ:


    Ո՛չ, կանոնավոր օգտագործել հակաբակտերիալ օճառ կամ որևէ այլ հակաբակտերիալ միջոց  ցանկալի չէ / խախտվում է մաշկում լորձաթաղանթի նորմալ ֆլորան, ստեղծվում են միկրոօրգանիզմների ռեզիստենտ ձևեր/։

    8.    Ո՞վ է գինեկոլոգ-էնդոկրինոլոգը, ո՞ր հիվանդությունների դեպքում դիմել:

    Գինեկոլոգ-էնդոկրինոլոգը , որը զբաղվում է այն գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ, որոնք առաջանում են հորմոնալ դիսբալանսից, էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումից։
    Ձվարանները էնդոկրին օրգան են, իսկ արգանդը տարբեր էնդոկրին օրգանների թիրախ, ուստի գինեկոլոգը  ամեն դեպքում առնչվում է էնդոկրին խնդիրների հետ։
    Գինեկոլոգ- էնդոկրինոլոգին պետք է դիմել, երբ կա սեռական հասունացման հետ կապված խնդիրներ, դաշտանայաին ցիկլի խանգարումներ, չբերություն, կլիմակտերի համախտանիշ և այլն։

    9.    Ի՞նչ է գենիտալ ինֆանտիլիզմը։

    Գենիտալ ինֆանտիլիզմն այն է, երբ  կանացի սեռական  օրգանների թերզարգացումն է և թեր ֆունկցիան։ Ախտորոշվում է 14-ից-15 տարեկանում, արտահայտվում առաջին դաշտանի ուշացումով, դաշտանի ցավոտությամբ, արգանդի փոքր չափերով, կրծքագեղձերի և արտաքին սեռական օրգանների թեր զարգացումներով։

    10.    Եթե կնոջ մոտ հեռացված են ձվարանները, որքանո՞վ դա կարող է անդրադառնալ հորմոնալ կարգավիճակի վրա:

    Ձվարանների հեռացումն անպայման անդրադառնում է կնոջ հորմոնալ վիճակի վրա, որովհետև ձվարանները հորմոնալ օրգան են, և քանի որ օրգանիզմում բոլոր հորմոնները աշխատում են փողկապակցված։
    Կարևոր է, թե որ տարիքում է հեռացրել ձվարանը, հեռացվել է մեկ կամ թե երկու ձվարանները։ Վիրահատություններից հետո անհրաժեշտ է հսկողություն, հորմոնալ կարգավիճակի որոշում, անհրաժեշտության դեպքում շտկում ։
    Վերարտադրողական տարիքում ձվարանների հեռացումը  ընթանում է բավականին ծանր և ունենում է  ծանր հետևանքներ։

    11.    Ի՞նչ պատճառներով կարող են լինել դաշտանային ցիկլի խանգարումներ, այդ թվում` ուշացումներ:

    Պատճառները տարբեր են՝ բորբոքային խնդիրները, որոնք հատկապես երկարատև լինելու դեպքում բերում են ձվարանների ֆունկցիոնալ խանգարման, հորմոնալ խնդիրները,/ հիպոֆիզի, վահանաձև գեղձի, մակերիկամների, ձվարանների ֆունկցիայի խախտումները/։

    12.    Ցավ դաշտանի ժամանակ. դա նորմա՞լ է:

    Դաշտանը հաճախ զուգորդվում է որոշակի տհաճ ախտանիշներով /սրտխառնոց, ախորժակի փոփոխություն, տրամադրության փոփոխություն, ցավ, ծանրության զգացում որովայնի շրջանում/, միայն  կանաց 25 տոկոսը չի նշում ոչ մի բացասական զգացողություն։
    Նորմայում ցավը դաշտանի ժամանակ արգանդի կծկանքների հետևանք է, ավելի շատ անհանգստացնում է աղջիկներին և չծննդաբերած կանանց։ Եթե ցավը քիչ արտահայտված է չի խանգարում առօրյա կյանքին կարելի է չանհանգստանալ։ Արտահայտված ցավը դաշտանի ժամանակ կարող է կապված լինել արգանդի ոչ նորմալ դիրքի հետ, էնդոմետրիոզի հետ, գինեկոլոգիական այլ հիվանդությունների հետ։

    13.     Դեղորայքային արհեստական վիժումն ազդո՞ւմ է կնոջ առողջության վրա, եթե` այո, ինչպե՞ս:


    Հղիության արհեստական ընդհատումը չի կարող չազդել կնոջ առողջության վրա, պարզապես դեղորայքային ընդհատումը ճիշտ կատարելու դեպքում բարդությունների առաջացման վտանգը ավելի քիչ է /չկա արգանդի պարանոցի և արգանդի խոռոչի մեխանիկական վնասում, բորբոքային խնդիրների առացման վտանգը քիչ է/։

    14.    Ի՞նչ վտանգ են պարունակում վերարտադրողական համակարգի բորբոքական հիվանդությունները:


    Բորբոքային հիվանդությունը պարունակում է մի շարք վտանգներ, առաջացնում է դաշտանային ցիկլի խանգարումներ, չբերություն, վիժումներ, չզարգացող հղիություններ և վաղաժամ ծննդաբերություններ։

    15.    Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր երկար տարիներ բուժվում են սեռական օրգանների բորբոքային  հիվանդությունների դեմ:

    Շատ կանայք, իրոք, երկար տարիներ բուժվում են բորբոքային հիվանդությունների դեմ և անարդյունք ։
    Ցավոք շատ դեպքերում կատարվող բուժումը ոչ ադեկվատ է և որոշ դեպքերում էլ ոչ ցուցված/ կարծում եմ լինում են չախտորոշված գինեկոլոգիական հիվանդություններ/։

    16.    Ուրոգենիտալ ի՞նչ վարակներ կան:

    Ուրոգենիտալ վարակները դա սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն են։ Նշեմ նրանցից որոշը․ տրիխոմոնիազ, ուրեոպազմոս, միկոպլազմոսներ, խլամիդիոսներ և այլն։

    17.    Ի՞նչ է պապիլոմավիրուսը:

    Պապիլոմավիրուսնները վիրուսների խումբ է, որն ունի շատ տարբեր շտամեր /սեռոտիպեր/։ Շտամերից որոշը անվտանգ են, որոշները առաջացնում են բարորակ գոյացություններ՝ կոնդիլոմաներ և որոշ շտամերը ունեն օնկոգեն հատկություններ և առաջացնում են արգանդի պարանոցի քաղցկեղ;

    18.    Կարո՞ղ են ուրոգենիտալ վարակներն անցնել շփման-կենցաղային ճանապարհով:

    Այո, տեսականորեն  հնարավոր է, բայց պրակտիկորեն՝ հազվադեպ: Նման ճանապարհով վարակում կարող է լինել սանիտարահիգենիկ կոպիտ խախտումների դեպքում։

    19.    Հատկապես ո՞ր խնդիրներն են բերում անպտղության:

    Անպտղության բերող խնդիրներից է բորբոքային հիվանդությունները, սեռավարակները, որոնց արդյունքում կարող է առաջանալ արգանդի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքում կամ արգանդային փողերի անանցելիություն, տարբեր հորմոնալ խնդիրների, որոնց արդյունքում առաջանում է անօվուլյացիա / ձվազատման բացակայությունը/, նախկինում կրած վիրահատությունները, որոնց արդյունքում առաջանում է կպումային պրոցես կամ տուժում է ձվարանային ռեզերվը։

    20.      Ե՞րբ անհանգստանալ անպտղության համար:

    Անպտղության մասին խոսում ենք մեկ տարի առանց պաշտպանվելու կանոնավոր սեռական կյանքի ընթացքում հղիության բացակայության դեպքում:

    21.    Ի՞նչ մասնագետների այցելել պլանային հղիությունից առաջ:

    Հղիություն պլանավորելիս անհրաժեշտ է հետազոտել կնոջը՝ նպատակ ունենալով հայտնաբերել և բուժել այն հիվանդությունները, որոնք կարող են բացասական անդրադառնալ պտղի  կամ հղիության նորմալ ընթացքի վրա:
    Կնոջ օրգանիզմում բոլոր կենսական կարևոր օրգանները հղիության ընթացքում կրում են բավականին մեծ ծանրաբեռնվածություն։ Հղիություն պլանավորելիս նախևառաջ պետք է այցելել գինեկոլոգի, որը կնշանակի պարտադիր հետազոտությունները, և ուսումնասիրելով կոնկրետ տվյալ կնոջ պատմությունը, տարած հիվանդությունները, վիրահատությունները կորոշի այլ հետազոտությունների անհրաժեշտությունը, այլ նեղ մասնագետների խորհրդատվության անհրաժեշտությունը։

    22.    Չբուժված վարակների առկայությամբ հղիանալու դեպքում ի՞նչ անել:

    Ճիշտ է պլանավորել հղիությունը և նախօրոք հետազոտվել՝ չլինի ինֆեկցիա, որը պատճառ դառնա պտղի մոտ խնդիրների կամ հղիության ընդհատմանը։ Կախված ինֆեկցիայի տիպից հղիության համապատասխան ժամկետներում կատարվում է համապատասխան բուժում։

    23.    Ի՞նչ է ձվարանի կիստան և որո՞նք են առաջացման պատճառները:

    Ձվարանի կիստան ձվարանում առաջացած նորագոյացություն է, որը իրենից ներկայացնում է խոռոչ տարբեր չափերի և տարբեր պարունակության / համասեռ հեղուկ, ճարպ, արյուն, շոկոլոդանման հեղուկ/:  Առաջացման պայմանները տարբեր են։

    24.     Կլինիկորեն ինչպե՞ս է դրսևորվում ձվարանի կիստան:

    Ձվարանի կիստան կարող է դրսևորվել ցավով, ծանրության զգացումով որովայնի շրջանում, դաշտանային ցիկլի խանգարումով և լինել անպտղության պատճառ:  Շատ դեպքերում կիստան կարող է որևէ դրսևորում չունենալ և պատահական հայտնաբերվել սոնոգրաֆիկ քննության ժամանակ։

    25.  Ի՞նչ է արգանդի վզիկի էրոզիան և ինչո՞ւ է առաջանում:


    Էրոզիան դա արգանդի պարանոցին առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է:  Հայտնաբերվում է հայլիներով զննման ժամանակ, որպես արգանդի պարանոցի վերքային մակերես, հիմնականում արգանդի պարանոցի բորբոքման կամ տրավմայի հետևանք են։

    26.  Ինչո՞վ է վտանգավոր արգանդի էրոզիան:

    Արգանդի պարանոցի էրոզիան երկար ժամանակ կարող է չունենալ կլինիկական արտահայտում, սակայն լինելով արգանդի պարանոցի ֆոնային հիվանդություն ժամանակին չախտորոշվելու և ադեկվատ չբուժվելու դեպքում պատճառ դառնալ նախաքաղցկեղի կամ քաղցկեղի:

    27.  Ի՞նչ է էնդոմետրիոզը, և ի՞նչն է առաջացման պատճառը:

    Էնդոմետրիոզը տարածված հիվանդություն է, որի դեպքում արգանդի լորձաթաղանթի / էնդոմետրիումի/ բջիջները աճում են լորձաթաղանթից դուրս/ արգանդի մկանի հաստության մեջ, ձվարանում, կոնքի որովայնամզին, արգանդի պարանոցում, աղիքի մակերեսին, հետվիրահատակն սպի շրջանում/ և առաջացած օջախներում կատարվում են ամենամսյա նույն փոփոխությունները ինչ-որ նորմալ լորձաթաղանթում: Պատճառները բազմաթիվ են՝ հորմոնալ, իմուն համակարգերում փոփոխությունները և  ժառանգականությունը։

    28.  Կլինիկորեն ինչպե՞ս է դրսևորվում էնդոմետրիոզը:


    Դրսևորում է կախված է օջախի տեղեկայումից ՝ լինում է ցավ, / ցիկլիկ բնույթի դաշտանի ժամանակ/, առատ դաշտան, նախա և հետ դաշտանային քսվող արտադրություն, չբերություն: Կարող է չդրսևորվել ոչ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ։


    29.  Ի՞նչ է արգանդի արտանկումը և հեշտոցի արտանկումը:

    Արգանդի և հեշտոցի պատերի իջեցումը և արտանկումը դա այդ օրգանների ոչ ճիշտ անատոմիական դիրքն է կոնքի խոռոչում, կապված փոքր կոնքի մկաններին և կապանների թուլության հետ:

    30.  Ի՞նչ է արգանդի թեքումը:

    Արգանդը գտնվում է փոքր կոնքի խոռոչի կենտրոնում միզապարկի և ուղիղ աղու միջև: Նորմայում արգանդի մարմինը թեքված է առաջ և հնարավոր է արգանդի մարմինը թեքված լինի հետ, աջ կամ ձախ։ Քիչ արտահայտված հետթեքվածությունը կարող է լինել ի ծնե և չզուգորդվել որևէ գանգատներով և խնդիրներով։ Դիրքի փոփոխությունը կարող է լինել հետևանք փոքր կոնքի կպումային կամ բորբոքային  պրոցեսների, էնդոմետրոզի, նախկինում տարած վիրահատությունների։

    31.  Ի՞նչ պատճառներից է առաջանում արգանդի ուռուցքը:

    Առաջացման պատճառները տարբեր են, պարանոցի ուռուցքի պատճառը հիմնականում պապիլոմավիրուսի  օնկոգեն  շտամերով ախտահարումն է, ռիսկի գործոններից է սեռական կյանքի վաղ սկիզբը, սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունները, տարբեր սեռավարակները, ծխելը և այլն։ Արգանդի լորձաթաղանթի ուռուցքների պատճառը  օրգանիզմում հիպերէստրոգենեմիան է /բացարձակ  կամ հարաբերական /։ Ռիսկի գործոններն են՝ լորձաթաղանթի չախտորոշված և չբուժված գերաճները, էնդոկրին խնդիրների առկայությունը, ճարպակալումը և ժառանգական նախատրամադրվածությունը:

    32.  Արգանդի ո՞ր ուռուցքներն են բարորակ:

    Միոմաները, ֆիբրոմաները արգանդի բարորակ ուռուցքներ են:

    33.  Կլինիկորեն ինչպե՞ս են արտահայտվում արգանդի բարորակ ուռուցքները:

    Միոմաների դրսևորումները կախված են չափերից և տեղակայումից, սակայն անգամ  հնարավոր է մեծ հանգույցների  դեպքում որևէ կերպ չդրսևորվեն: Միոմաները առաջացնում են այնպիսի գանգատներ, ինչպիսիք են ցավ, ծանրության զգացում, առատ երակարատև դաշտան, ացիկլիկ արյունահոսություն և այլն։

    34.  Կարո՞ղ են արգանդի բարորակ ուռուցքները վերափոխվել չարորակի:

    Եթե խոսքը արգանդի բարորակ ուռուցքներից միոմաների մասին է՝ ոչ:

    35.  Ո՞ր ախտանիշներն են չարորակ ուռուցքի ահազանգ:

    Շատ անգամ այդ ախտանիշները սպեցիֆիկ չեն: Ախտանիշներից  է՝ առատ երակարատև դաշտանը, ացիկլիկ արյունային արտադրությունը, արյունային արտադրությունը սեռական հարաբերությունից հետո և անգամ քիչ քանակի արյունային արտադրությունը դաշտանադադարում գտնվող կնոջ մոտ։

    36. Որո՞նք են արգանդի չարորակ ուռուցքի ռիսկի գործոնները:

    Ռիսկի գործոններ են սեռական կյանքի վաղ սկիզբը, սեռական զուգընկերների մեծ քանակությունը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների առկայությունը, մարդու պաիլոմավիրուսի օնկոգեն տիպերով վարակվածությունը:

    37. Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան և ինչո՞վ է վտանգավոր:

    Արգանդի պարանոցի դիսպլազիան նախաքաղցկեղային հիվանդություն է, որի առաջացման  գլխավոր պատճառներից է ՝ պապիլոմավիրուսի բարձր օնկոգեն տիպերով վարակվածությունը ։ Չարոչակացման ռիսկը բարձրանում է պապիլոմավիրուսի համակցման դեպքում  այլ ինֆեկցիոն ագենտների, վիրուսների հետ և ժառանգական նախատրամադրվածության դեպքում: Դիսպլազիաներից խոսում ենք հիմնվելով արգանդի պարանոցի բջջաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտությունների արդյունքների վրա։ Պարանոցի դիսպլազիաները պահանջում են ճշգրիտ հսկողություն  և բուժում։


    38.  Ի՞նչ է նախաքաղցկեղային վիճակը, ինչպե՞ս է դրսևորվում և ինչպե՞ս հայտնաբերել:

    Նախաքաղցկեղային վիճակը  այն հիվանդություններն են, որոնց հիման վրա հնարավոր է չարոչակ նորագոյացության առաջացումն ու զարգացումը: Նրանցից են արգանդի պարանոցի դիսպլազիաները, լեյկոպլակիաները, կոնդիլոմաները, պարանոցի և արգանդի լորձաթաղանթի որոշակի տեսակները, լորձաթաղանթի ատիպիկ գերաճները, ձվարանի կիստոմաները։ Ախտանիշներ շատ անգամ չեն լինում, կամ նրանք սպեցիֆիկ չեն։ Հայտնաբերվում են գինեկոլոգիական զննման ժամանակ, ուլտրաձայնային հետազոտությամբ, պարանոցի կամ արագանդի խոռոչից ասպիրատի բջջաբանական, հյուսվածքաբանական քննությամբ։


    39.  Ի՞նչ է կոչվում արգանդի զարկերակի էմբոլիզացիան:

    Դա  արգանդիմիոմայի բուժման  ժամանակակից մեթոդներից է։ Կատարվում է անոթային վիրաբույժների կողմից, որոնք փակում են արյան հոսքը միոմատոզ հանգույցը սնուցող անոթում, ինչն էլ բերում է հանգույցի մեռուկացմանը, չափերով փոքրացմանը։ Այս մեթոդը կարևոր է հատկապես ռեպրոդուկտիվ տարիքում, երբ անհրաժեշտ է պահպանել արգանդը։


    «Իզմիրլյան» ԲԿ գինեկոլոգ՝ Լուսինե Տիտիրյան

     

     

  • Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր

    1.    Ի՞նչ է ալերգիան:

    Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ:

    2.    Որո՞նք են առաջին ախտանիշները, որոնք ապացուցում են ալերգիայի առկայությունը:

    Ալերգիաները կարող են արտահայտվել տարբեր ախտանիշներով՝ մարմնի ցանավորման, այտուցների, քորի, փռշտոցի, քթահոսության, դժվարաշնչության դրսևորումներով: Այտուցը կարող է լինել մարմնի տարբեր հատվածներում՝ դեմքի շրջանում, կոկորդում, վերջույթների վրա, ամենուր:

    3.    Ինչպե՞ս որոշել ալերգիայի պատճառը:

    Ալերգիայի պատճառ կարող են լինել ծաղկափոշին, սնունդը, դեղորայքը, օրգանիզմի հորմոնալ խանգարումները: Ալերգիայի պատճառը փորձ է արվում պարզել անամնեզի և սպեցիֆիկ հետազոտությունների միջոցով: 

    4.    Ե՞րբ դիմել մասնագետի:

    Երբ ալերգիկ երևույթն արտահայտվում է ցանավորման, փռշտոցի, քորի, այտուցի կամ մեկ այլ դրսևորմամբ, անհրաժեշտ է դիմել բժշկի:

    5.    Ինչպե՞ս որոշել. դիմել ալերգոլոգի՞, թե՞ մաշկաբանի:

    Հանկարծակի առաջացած մաշկային ցանի, այտուցի դեպքում առաջին հերթին պետք է դիմել ալերգոլոգի: Իսկ եթե մաշկային ցանավորումը բուժման ֆոնի վրա չի անցնում, երկարատև է և անվերջ անհանգստացնում է հիվանդին, ապա պետք է դիմել նաև մաշկաբանի:

    6.    Ինչպե՞ս է ալերգոլոգը պարզում ալերգիայի պատճառները:

    Եթե հիվանդն արդեն դիմել է բժշկի, առաջին հերթին, ալերգիայի պատճառը պարզելուն օգնում է անամնեզը, զուգահեռ իրականացվում են արյան , մեզի հետազոտություն և սպեցիֆիկ հետազոտություններ ալերգենների նկատմամբ:

    7.    Ո՞ր թեստերն են ամենահավաստին ալերգիայի ախտորոշման համար:

    Ամենահավաստին մաշկային թեստերի միջոցով ալերգենների նկատմամբ հետազոտությունն է լաբորատոր պայմաններում: Կան սննդային, կենցաղային և այլ ալերգենները որոշող թեստեր:

    8.    Ալերգիայի ի՞նչ տեսակներ կան:


    Կան սեզոնային, դեղորայքային, սննդային և այլ չպարզված պատճառներով ալերգիաներ:

    9.    Որո՞նք են սննդային ալերգիայի պատճառները և հիմնական ալերգենները:

    Սննդային ալերգիաները հիմնականում ի հայտ են գալիս սննդակարգի չարաշահումներից, օրինակ, կծու, թթու, գրգռող սնունդ, ցիտրուսներ շատ օգտագործելու դեպքում կարող է առաջանալ ալերգիկ վիճակ՝ ցանավորման, քորի, այտուցի և այլ դրսևորումներով:

    10.    Ի՞նչ ալերգիկ հակազդեցություն ունի օրգանիզմը սննդային հավելումների, կոնսերվանտների, սննդային գունաներկերի նկատմամբ:

    Սննդային ալերգիայի պատճառ կարող են լինել նաև թվարկվածները՝ իրենց մեջ առկա քիմիական բաղադրիչների պատճառով, նաև` արագ սնունդը: Ալերգիայի հատկապես հակված են այն մարդիկ, որոնց մոտ պատճառների զուգակցում կա, օրինակ, սննդային գործոնի համատեղումը որևէ դեղորայքի հետ: Նման համատեղումը կարող է բարդացնել վիճակը և առավել նպաստավոր լինել ալերգիայի առաջացման համար:

    11.    Ի՞նչ սննդակարգը ընդունել սննդային ալերգիայի ժամանակ:

    Նախ պետք է սննդից բացառել այն սննդատեսակները, որոնք ալերգիայի պատճառ են: Պետք է բացառվեն նաև ալերգիկ վիճակներին նպաստող սննդատեսակները, ինչպիսիք են՝ կծու, թթու, գրգռող կերակուրները, ցիտրուսները, ձուն, շոկոլադը, ելակը և այլն: Թույլատրվում է օգտագործել հիմնականում դյուրամարս սնունդ՝ ապուրներ, բանջարեղենից՝ վարունգը, մրգերից թույլատրվում է միայն խնձորը եփած վիճակում և խնձորի հյութը: Մյուս մրգերը սուր վիճակներում պետք է բացառել. Միայն բուժումից հետո ալերգոլոգը խորհուրդ է տալիս թույլատրելի սննդակարգը:

    12.    Որքանո՞վ են վտանգավոր արոմատիզատորները:

    Պետք է կենցաղում քչացնել դրանք, կամ լիովին հրաժարվել:

    13.    Ի՞նչ կապ կա իմունոդեֆիցիտի և ալերգիայի միջև:

    Իմունոդեֆիցիտը օրգանիզմի իմուն համակարգի ընկճումն է, որը հիմնականում ի հայտ է գալիս կրած տարբեր հիվանդությունների արդյունքում, ինչը նպաստող դերակատարում ունի ալերգիաների առաջացման գործընթացում: Որքան արտահայտված է իմունեդեֆիցիտը, այնքան մարդն առավել հակված է ալերգիայի զարգացմանը:

    14.    Ի՞նչ է ինսեկտային ալերգիան, որո՞ն ք են պատճառները և հիմնական ալերգենները:

    Ինսեկտային ալերգիաներն առաջանում են միջատների խայթոցից՝ մեղու, բզեզ և այլ միջատներ: Այս դեպքերում հաճախ է զարգանում ալերգիայի բարդացած դրսևորումներից մեկը՝ անաֆիլակտիկ շոկը, որին բնորոշ է ճնշման կտրուկ անկումը և անհապաղ պետք է շտապ օգնություն կանչել: Անաֆիլակտիկ շոկը, սովորաբար, առաջին խայթոցից չի զարգանում, այլ երկրորդ, երրորդ խայթոցից, ուստի պետք է ապագայում զգուշանալ այդ միջատներից:

    15.    Ի՞նչ  է դեղորայքային ալերգիան, որո՞նք են պատճառները և հիմնական ալերգենները:

    Դեղորայքային ալերգիաներ առաջանում են ցավազրկողներից, ջերմ իջեցնող դեղերից, հակաբիոտիկներից և այլ դեղերից: Ցանկացած դեղ, նույնիսկ հակաալերգիկ դեղերը կարող են ալերգիայի պատճառ դառնալ: Այս դեպքում նույնպես ալերգիայի արտահայտություններն են՝ մարմնի ցանավորումը, այտուցը, քորը, երբեմն՝ անաֆիլակտիկ շոկը:

    16.    Ի՞նչ է կոնտակտային ալերգիան, որո՞նք են պատճառները:

    Կոնտակտային ալերգիաների հիմնական պատճառները քիմիական՝ մաքրող, լվացող նյութերն են, կոսմետիկ միջոցները, դեղորայքային քսուկները: Այս դեպքում հիվանդը չպետք է օգտագործի այն նյութը, որից նրա մոտ ալերգիկ ռեակցիա է ի հայտ գալիս:

    17.    Ո՞ր հիվանդություններն են հուշում օրգանիզմում ալերգիայի առկայության մասին:

    Կան հիվանդություններ, որոնց ժամանակ հաճախ ալերգիկ ֆոն կարող է զարգանալ: Դրանցից են՝ ռևմատիզմը, ռևմատոիդ արթրիտները, մանկական հասակում ի հայտ եկող ալերգիկ վիճակները, ատոպիկ դերմատիտները, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունները, աուտոիմուն թիրեոդիտները, որոնք արդեն համարվում են դարի հիվանդություն և մեր պրակտիկայում շատ հաճախ են հանդիպում: Այս հիվանդություններից է նաև ցելիակիան, որն առաջ է գալիս ցորենի հաց օգտագործելիս, ինչը սննդակարգոից բացառելուց հետո ալերգիկ դրսևորումները վերանում են:

    18.    Ի՞նչ է եղնջացանը:

    Եղնջացանն ի հայտ է գալիս մաշկի վրա: Իր արտահայտությամբ շատ նման է եղնջի խայթոցի ժամանակ մաշկի վրա առաջացած ցանին՝ անհարթ եզրերով, մաշկից մի փոքր բարձր, հիպերեմիկ և սաստիկ քոր առաջացնող: Պատճառները կարող են տարբեր լինել` և՛ սնունդը, և՛ դեղորայքը և՛ այլ ալերգեն հանդիսացող նյութեր:

    19.    Ի՞նչ է Կվինկեի այտուցը:

    Կվինկեի այտուցը տվյալ համախտանիշը նկարագրած հեղինակի անունով է կոչվում: Այն տարբեր պատճառներից ի հայտ եկող ալերգիայի բավականին բարդ արտահայտություններից է, որը դրսևորվում է մարմնի տարբեր  հատվածներում առաջացող այտուցով: Վտանգավոր տարբերակ է կոկորդում առաջացող այտուցը, պացիենտը գանգատվում է ձայնի խռպոտությունից, շնչահեղձությունից, կոպերի, շրթունքների, ականջների, վերջույթների՝ ոտնաթաթերի, դաստակների շրջանում այտուցներից: Նման իրավիճակներում պետք է շտապ օգնություն հրավիրել:

    20.    Ի՞նչ է անաֆիլակտիկ շոկը:

    Անաֆիլակտիկ շոկը ալերգիայի ժամանակ երբեմն արտահայտվող ախտանիշ է՝ զարկերակային ճնշման անկման դրսևորմամբ, որի ժամանակ անմիջապես առաջ է գալիս գիտակցության կորուստ: Անաֆիլակտիկ շոկը լինում է հիմնականում մեղվի խայթոցից, դեղորայքի ընդունումից, սննդից  և այլն:

    21.    Ի՞նչ է ալերգիկ կոնյուկտիվիտը կամ գարնանային կատարը:

    Ալերգիկ կոնյուկտիվիտը աչքի լորձաթաղանթի հիպերեմիան է, այտուցվածությունը, արցունքահոսությունը: Այն հիմնականում ի հայտ է գալիս գարնանն ու ամռանը՝ ծաղիկների ծաղկման ժամանակ: Նման դեպքերում նույնպես անմիջապես անհրաժեշտ է դիմել բժշկի:

    22.    Ի՞նչ է պոլինոզը կամ խոտային տենդը:

    Պոլի ֆրանսերեն նշանակում է փոշի, իսկ պոլինոզը և խոտային տենդը ծաղկափոշիներից առաջացող ալերգիկ վիճակներ են՝ ալերգիկ ռինիտի երևույթներով ընթացող: Ծաղկափոշին տեղակայվում է քթի լորձաթաղանթում, որի հետևանքով սկսվում է փռշտոց, քթահոսություն, աչքերի քոր:

    23.    Որո՞նք են  գարնանային ալերգիայի պատճառները:

    Դրանք ծաղկափոշիներն են. հիմնականում գարնանը ծաղկող ծաղիկների: Կարող են լինել կամ ալերգիկ կոնյուկտիվիտի կամ, ռինիտի դրսևորումով, հաճախ այս երկու ախտանիշը զուգակցվում են:

    24.    Ի՞նչ է ատոպիկ դերմատիտը:

    Ատոպիկ դերմատիտին բնորոշ են լիխենոիդային պապուլաները, լիխենիզացիաները, որոնք երբեմն կրում են քրոնիկ ընթացք: Դրանք հիմնականում հանդիպում են մանկական տարիքում և կարող են ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում: Ատոպիկ դերմատիտի ժամանակ հիվանդը գանգատվում է հիմնականում վերջույթների շրջանում` ցանից և քորից: Եթե հիվանդությունը ժամանակին չկանխարգելվի, կկրի խրոնիկ բնույթ: Պատճառները տարբեր են՝ ցիտրուսները, քաղցրավենիքը և այլն: Խնդրի դեպքում երեխային պետք է զերծ պահել այդ ալերգեններից:

    25.    Ի՞նչ կապ կա ճիճվակրության և ալերգիայի միջև:

    ճիճվակրությունը շատ տարածված է, հանդիպում է տարիքային բոլոր խմբերում, հատկապես` երեխաների մոտ: Այն նպաստում է ալերգիաների առաջացմանը: Մայրերը պետք է ուշադիր լինեն, եթե երեխան դյուրագրգիռ է, նկատում է գիշերային թքահոսություն, ատամների կրճտոց, հետանցքի քոր, պետք է դիմի բժշկի խորհրդատվության և համապատասխան հետազոտություններ անցնի:

    26.    Ալերգիան ժառանգակա՞ն է:

    Այո, ալերգիանները երբեմն փոխանցվում են ժառանգական ճանապարհով:

    27.    Բրոնխիալ ասթման ալերգի՞կ հիվանդություն է:

    Այո, բրոնխիալ ասթման համարվում է ալերգիկ հիվանդություն: Գոյություն ունեն ատոպիկ ասթմաներ, որոնք հիմնականում առաջանում են ծաղկափոշիներից՝ ծառերի ծաղկման շրջանում և ինֆեկցիոն ալերգիկ ասթմաներ, որոնք ռեսպիրատոր վարակների հետևանք են:

    28.    Ի՞նչ կապ կա իմունիտետի և ալերգիայի միջև:

    Իմունիտետի անկումը նպաստում է ո՛չ միայն տարբեր հիվանդությունների, այլ նաև ալերգիայի զարգացմանը:

    29.    Կոսմետիկան և ալերգիան:

    Քանի որ կոսմետիկ միջոցները հիմնականում քիչթեշատ պարունակում են քիմիական նյութեր, կարող են դառնալ կոնտակտային ալերգիայի պատճառ: Չի բացառվում նաև բնական հումքից պատրաստված կոսմետիկ միջոցների հանդեպ ալերգիա առաջանալու հավանականությունը: Դա անհատական բնույթ ունի:

    30.    Ինչպե՞ս ապահովել ինքդ` քեզ, ալերգիայի վտանգավոր դրսևորումներից, եթե այն ախտորոշված է:

    Եթե ալերգիայի պատճառը պարզված է, պետք է զերծ մնալ հիմնական ալերգեններից և միշտ ձեռքի տակ ունենալ հակաալերգիկ դեղորայք, միջոցներ: Սննդային և դեղորայքային ալերգիաների ժամանակ ցանկալի է նաև մաքրող հոգնաներ կատարել:

    31.    Բուժման ի՞նչ ժամանակակից մեթոդներ կան: Կա՞ն ալերգիայի բուժման սպեցիֆիկ մեթոդներ:

    Հիմնական ժամանակակից մեթոդները հակաալերգիկ դեղերն են, դեզինտոքսիկացիոն՝ ներերակային կաթիլային ներարկումները, սպեցիֆիկ հիպոսենսիբիլիզացիաները, որոնք իրականացվում են միայն հիվանդանոցային պայմաններում: Բուժման սպեցիֆիկ մեթոդի ժամանակ ալերգենի հանդեպ թեստերի կամ արյան հետազոտության արդյունքում որոշվում է ալերգենը, և կատարվում տվյալ ալերգենի նկատմամբ պատվաստում:

  • Էնդոսկոպիան գաստրոէտերոլոգիայում. հաճախ տրվող հարցեր

    1.    Ի՞նչ է էնդոսկոպիան:

    Էնդոսկոպիան օպտիկական գործիքի միջոցով ներքին օրգանների պատերի ուսումնասիրությունն է: Դա կարող է լինել տարբեր օրգան համակարգերի շրջաթաղանթի արտաքին մակերես, օրինակ` լորձաթաղանթ:

    2.    Էնդոսկոպիայի մեթոդը ո՞ր դեպքերում է կիրառվում:

    Էնդոսկոպիան գործիքային հետազոտությունների շարքում ամենատեղեկատվական մեթոդն է, որը հնարավորություն է տալիս ցանկացած հիվանդություն բացահայտել ամենավաղ շրջանում: Եթե կա խոռոչային օրգան-համակարգերի հիվանդության կասկած, ցանկալի է բացահայտել էնդոսկոպիկ եղանակով:

    3.    Էնդոսկոպիայի ի՞նչ մեթոդներ կան:

    Ժամանակակից էնդոսկոպիայի մեթոդներից է ֆիբրոէնդոսկոպիան, որով հնարավոր է ստուգել ստամոքսը, կերակրափողը, տասներկումատնյա աղիքը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև բարակ աղիքի միջոցով ավելի խորը հետազոտություն կատարել, ինչպես նաև հետանցքից ուսումնասիրել հաստ աղիքը (ուղիղ, սիգմայաձև, վայրէջ, միջաձև, վերել և կույրաղիքը):

    4.    Ի՞նչ էնդոսկոպիկ միջամտություններ են իրականացվում գաստրոէնտերոլոգիայում:

    Էնդոսկոպիայի օգնությամբ հնարավոր է հետազոտել կերակրափողը, ստամոքսը, տասներկումատնա աղիքը, բարակ աղիքը:  Հետանցքով ուսումնասիրությունը կոչվում է կոլոնոսկոպիա: 

    5.    Ի՞նչ է էնդոսկոպիկ ախտորոշումը:

    Էնդոսկոպը օպտիկական գործիք է, որի ծայրին դրված է տեսախցիկ, ինչը թույլ է տալիս օրգանի ցանկացած հատված բնական պայմաններում ուսումնասիրել խոշոր պլանով: Ուռուցքային հիվանդության կասկածի դեպքում մեթոդը հնարավորություն է տալիս հյուսվածք վերցնել` լաբորատոր հետազոտության համար (բիոփսիա):

    6.    Ո՞ր պացիենտներին են առաջարկում էնդոսկոպիկ հետազոտություն:

    Բոլոր պացիենտներին, ովքեր ունեն աղեստամոքսային համակարգի գանգատներ, կարելի է էնդոսկոպիկ հետազոտություն իրականացնել:

    7.    Ի՞նչ է էնդոսկոպիկ վիրաբուժությունը:

    Էնդոսկոպիան կիրառվում է նաև բուժական նպատակով, օրինակ, արյունահոսությունների դեպքում  կարող ենք հոսանքի բարձր հաճախականությամբ այրել այդ հատվածը: Բուժման նպատակով օգտագործվում է նաև սառեցման եղանակը:

    8.    Ո՞ր պացիենտներին են առաջարկում էնդոսկոպիկ վիրաբուժական մեթոդով բուժում:

    Էնդոսկոպիկ վիրաբուժության միջոցով իրականացվում է պոլիպների, ուռուցքների հեռացում, արյունահոսությունների դադարեցում, կիրառվում է աղիների պատռվածքների դեպքում:   

    9.    Ի՞նչ է տեսապարկուճային էնդոսկոպիան:

    Տեսապարկուճային էնդոսկոպիանտեսապարկուճ է, որը մաքրում է աղիները:

    10.    Ի՞նչ հնարավորություններ ունեն ժամանակակից էնդոսկոպները:

    Ժամանակակից էնդոսկոպներց են տեսաէնդոսկոպները, ֆոտոէնդոսկոպները, օպտիկական հզոր սարքերը: Ուլտրաձայնային տվիչները նույնպես արդիական են, և համարժեք են էխո հետազոտմանը, ինչպես նաև մի օրգանի հետազոտության ընթացքում հնարավոր է հարակից օրգանների մասին նույնպես տեղեկատվություն ստանալ:

    11.    Էնդոսկոպիայի իրականացման ի՞նչ հակացուցումներ կան:

    Հակացուցված է սիրտ-անոթային հիվանդներին, տափածակումների ժամանակ, հոգեկան հիվանդներին և այլ ծանր հիվանդությունների ժամանակ:

    12.    Ինչպե՞ս պատրաստվել էնդոսկոպիայի: 


    ԱՆհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում: Հետազոտությունից մեկ օր առաջ պետք է մաքրել աղիները, որի համար հարկ է երեկոյան գերչակի յուղ խմել և կատարել հոգնա:

    13.    Որքանո՞վ է անվտանգ էնդոսկոպիան:

     

    Էնդոսկոպիայի դեպքում վտանգի ռիսկը նվազագույն է: Շատ կարևոր է որ գործիքները լինեն մանրէազերծ` վարակից խուսափելու համար:

    14.    Ցավո՞տ է էնդոսկոպիկ միջամտությունը:

    Էնդոսկոպիան ցավոտ չէ, սակայն կարող են ցավ առաջացնել  կպումները: Սիգմայաձև աղու հետազոտման ընթացքում հնարավոր է պացիենտը ցավ զգա:

    15.    Որքանո՞վ է անհրաժեշտ անեսթեզիան էնդոսկոպիկ միջամտության ժամանակ և ո՞ր դեպքերում է կատարվում:

    Գաստրասկոպիան, կոլոնոսկոպիան իրականացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ:

    16.    Ի՞նչ արժե էնդոսկոպիան:

    Մարսաղական համակարգի վերին հատվածի Էնդոսկոպիկ հետազոտության արժեքը 15 000 ՀՀ դրամ է, հաստ աղիների էնդոսկապիան` 35 000 ՀՀ դրամ:    

  • Ոտնաթաթի առաջին մատի «կոճ». հալլուքս վալգուս (hallux valgus կամ bunion)

    1.    Ի՞նչ է ոտնաթաթի առաջին մատի «կոճը»:

     

    Ոտնաթաթի առաջին մատի «կոճ» դա լատիներեն` հալլուքս վալգուսն է ( hallux valgus կամ bunion), այսինքն, առաջին մատի շեղում դեպի երկրորդ մատը

     

    2.    Ինչո՞ւ են առաջանում ոտնաթաթի առաջին մատի «կոճեր»:

    Պատճառը մինչև այժմ անհայտ է: Ինչ վերաբերվում է նեղ և բարձրակրունկ կոշիկներին, ապա «կոճերը» մոտավորապես նույն հաճախականությամբ հանդիպում է նաև այն ժողովուրդների կամ ցեղերի մոտ, որոնք ամբողջ կյանքում քայլում են մերկաբոբիկ կամ իրենց մշակույթում ընդունված չէ նեղ և բարձրակրունգ կոշիկները: Սակայն կա, բայց ոչ միշտ, ժառանգական նախատրամադրվածության գործոն:

     

    3.    Ի՞նչպես և են առաջանում ոտնաթաթի առաջին մատի «կոճերը»:

    Առաջին հերթին շեղվում է առաջային  նախագարշապային ոսկրը, հեռանում է երկրոդ նախագարշապարային ոսկրից: Որպես հետևանք, առաջին մատը  սկսում է թեքվել դեպի երկրորդը: Իսկ առաջին նախագարշապարային ոսկրի գլխիկի, առաջին մատի մոտ սկսում գոյանալ ոսկրային գերաճ, այսպես կոչված` «՛կոճը», որը կարող է լինել տարբեր չափերի: Երբեմն գերաճը լինում է շատ փոքր է կամ ընդանրապես չի գոյանում, սակայն տեսանելի է, որ միևնույն է, այդ «կոճն» առկա է: Դա բացատրվում է նրանով, որ առաջին նախագարշապարային ոսկրի շեղվելու  հետևանքով իր գլխիկի մի մասը ցցվում է մաշկի տակ` առաջին մատի մոտ և տեսանելի գնահատվում է որպես «կոճ»:

     

     

    4.    Ցավո՞տ են:

    Հիմնականում ցավոտ են: Ցավ կարող է առաջանալ քայլելիս կամ փակ կոշիկի մեջ: Որոշ դեպքերում`  մատի փոքր ծռվածությունը կամ չարտահայտված «կոճն» անգամ, կարող է լուրջ ցավերի պատճառ լինել: 

     

    5.    Բուժման ի՞նչ մեթոդներ կան:

    Բուժումը միայն վիրահատական է, քանի որ պետք է ուղղվեն խեղված ոսկրերը:

     

    6.    Ինչպե՞ս կանխարգելել «կոճերի» առաջացումը:

    Ցավոք, կանխարգելման մեթոդներ չկան:

  • Ցավ. հաճախ տրվող հարցեր

    Ինչպե՞ս բնութագրել ցավը:
     
    Ցավն օրգանիզմի պաշտպանական հատկությունն է, որով վերջինս պայքարում է վնասակար ազդակի դեմ: Այն մարդկանց կողմից ընկալվում է որպես բացասական հույզ, սակայն իրականում ցավը կարևոր նշանակություն ունի: Երբեմն ցավը մնալով «պահապանի» դերում՝ որոշ ժամանակ հետո կարող է  վերածվել ախտաբանական վիճակի: Սուր վնասման ժամանակ առաջացող  ցավն ունի դրական, մոբիլիզացնող, ֆիզիոլոգիական նշանակություն: Սակայն  կան հիվանդություններ, երբ ցավը հենց վերջիններիս հիմքում է՝ ունենալով խանգարող և ախտաբանական ընթացք:

    Ցավի ի՞նչ տեսակներ կան:

    Ցավը կարելի է տարբերակել ըստ տեղակայման, բնույթի և ժամանակի: Այն կարող է լինել օրգանական, անոթային, վեգետատիվ: Բացի այդ, յուրաքանչյուր նեղ մասնագիտություն ունի ցավի իր դասակարգումը: Հիմնականում առանձնացնում են ցավի հետևյալ տեսակները.


    •    նոցիցեպտիվ ցավ, երբ վնասվում են հյուսվածքները,
    •    նեյրոպատիկ, երբ ցավը հետևանք է նյարդերի վնասման,
    •    կենտրոնական, երբ ցավը ուղեղի ցավային ընկալման կենտրոնների ախտահարման արդյունք է:

    Ի՞նչ է վիսցերալ ցավը:

    Վիսցերալ ցավն օրգանների ախտահարման հետևանքով առաջացած ցավն է: Ներքին օրգաններից շատերը ցավային ռեցեպտորներ չունեն՝ լյարդ, երիկամ, փայծաղ: Դրանց շրջանում ցավային զգացողությունն առաջանում է այդ օրգանների թաղանթի շարակցական հյուսվածքում ախտաբանական գործընթացի, կամ օրգանի մեծացման հետևանքով թաղանթի ձգման արդյունքում:

    Ի՞նչ է նոզիգենիկ ցավը:

    Այն որևէ ներքին հիվանդությանն ուղեկցող ցավն է (նոզիգենիկ ՝ նոզոլոգիա բառից է): Օրինակ, սրտամկանի ինֆարկտի ժամանակ այդ շրջանի ցավը և այլն:

    Ի՞նչ է նեյրոգեն ցավը:

    Նեյրոգեն ցավը նյարդի կամ նյարդային համակարգի որևէ հատվածի վնասման պատճառով առաջացած ցավն է: Այն կարող է լինել ծայրամասային (անմիջապես նյարդի ախտահարման, գրգռման ցավ) և կենտրոնական (նյարդային համակարգի ցավային ընկալման խախտման հետևանքով առաջացած ցավ):

    Ի՞նչ է հոգեծին ցավը:

    Հոգեծին ցավն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից ցավի ընկալման խախտման հետևանքով: Այն կարող է լինել ժառանգական կամ ձեռքբերովի, երբ հոգեախտաբանական վիճակների ժամանակ խախտված են հավասարակշռության ներքին մեխանիզմները: Ընդհանրապես, մարդն իր «ես»-ը  ընկալում է  << գլխացավ>>  և եթե «ես»-ի հետ խորը հոգեբանական հակասություն է առաջանում կարող է արտահայտվել պրոյեկտված գլխացավով:

    Հիվանդը հաճախ նկարագրում է ոչ թե կոնկրետ ցավ, այլ ցավանման ինչ-որ զգացողություն՝ թմրածության, ջերմության հետ համակցված և այլն: Հիմնականում դրանք չեն ենթարկվում դասական հակացավային միջոցների ազդեցությանը, որն էլ հենց շատ կարևոր տարբերակիչ ախտորոշիչ նշանակություն ունի:

    Պատճառները հիմնականում  կարող են մանկությունից կամ հարմարողական համակարգերի թերզարգացման արդյունք են, որոնցում դեր ունի ժառանգականությունը, կյանքի սեփական փորձը կամ դաստիարակությունը: Այդ մարդիկ շատ զգայուն են, նրանց մոտ թույլ է արտահայտված էքսպրեսիան: Սովորաբար, նևրոզով հիվանդները շատ են հուզական, սթրեսային մասնագետների շրջանում:


    Կա՞ն ընդհանրական դեղեր` ցավերի դեմ:

    Այո՛, կան: Դեղերը նույնպես դասակարգվում են վերոնշյալ ձևով: Նոցիցեպտիվ ցավի ժամանակ նշանակվում են մեզ ծանոթ ավանդական  ցավազրկողները՝ իբուպրոֆեն, անալգին և այլն, նեյրոպաթիկ ցավի ժամանակ կիրառվում են  անմիջապես նյարդի ցավային հաղորդչականությունը թուլացնող դեղեր, իսկ կենտրոնական ցավի ժամանակ արդեն հոգեմետ միջոցներ են կիրառվում:

    Կա՞ ցավի դեմ պայքարի անհատական մոտեցում:

    Իհարկե՛, կա: Մեծ նշանակություն ունի անհատական մոտեցումը դեղորայքի տեսակի, դեղաչափի ընտրության հարցում՝ ցավի տեսակից և առաջնային հիվանդությունից կախված:

     

     

  • Գլխացավ. հաճախ տրվող հարցեր

    Գլխացավի ի՞նչ տեսակներ կան:

     

    Դասական նյարդաբանության մեջ տարբերում են գլխացավի երկու տեսակ. առաջնային (միգրեն, կլաստերային գլխացավեր և այլն) և երկրորդային, որոնք առաջանում են գլխի փափուկ հյուսվածքների կամ նյարդերի այլ ծագման վնասման արդյունքում (բորբոքում և այլն):

    Կարո՞ղ է ալերգիան գլխացավ առաջացնել:

    Դժվար է այդ հարցին միանշանակ պատասխանել: Գլխացավի պատճառը կարող է լինել ոչ թե անմիջապես ալերգիան, այլ վերջինիս հետևանքով առաջացած այլ գործոն: Ալերգիան գլխացավի հետ կապելն այնքան էլ ճիշտ չէ: Պետք է քննարկել յուրաքանչյուր կոնկրետ դեպքը, կոնկրետ հիվանդին:

    Գոյություն ունե՞ն գլխացավի սննդային սադրիչներ:

    Այո՛, կան:  Օրինակ, միգրենի, կլաստերային գլխացավի ժամանակ սադրիչ կարող են լինել պոմիդորը, պանիրը, շոկոլադը, կոֆեինը և այլն: Սակայն այլ դեպքերում դրանք կարող են նաև դրական ազդեցություն ունենալ. օրինակ շոկոլադը համարվում է հակադեպրեսանտ:

    Կոֆեինը միջոց է գլխացավի դե՞մ, թե՞ գլխացավի սադրիչ է:

    Դա ևս անհատական է: Կոֆեինը և այդ խմբի դեղերը մի դեպքում կարող են, մյուս դեպքում՝ կանխել գլխացավը:

    Հատկապես ո՞ր հիվանդություններն են առաջացնում գլխացավ:

    Գլխացավ առաջացնող հիվանդությունները շատ են: Կարևոր նշանակություն ունեն ժառանգական պատճառները, որոնք հիմնականում նպաստում են առաջնային գլխացավերի առաջացմանը, ինչպիսին, օրինակ, միգրենն է: Գլխացավ կարող են առաջացնել նաև զարկերակային գերճնշումը, դեմքի, գլխի շրջանի բորբոքային քրոնիկ հիվանդությունները, պարանոցի, ողնաշարի առաջնային կամ երկրորդային ախտաբանությունները, նևրոզը, ուղեղի թաղանթի բորբոքումները և այլն:

    Կարելի՞ է կանխել գլխացավը:

    Գլխացավը կարելի է կանխել՝ բուժելով այն առաջացրած հիմնական հիվանդությունը: Գլխացավն այդ դեպքում համարվում է ախտանիշ կամ համախտանիշ: Շատ քիչ՝ հիմնականում կենտրոնական ծագման խնդիրների դեպքում այն հիմնական հիվանդության արդյունք է:


    Ո՞ր գլխացավերն են կյանքի համար վտանգավոր:

    Կյանքի համար վտանգավոր են առաջին անգամ ծագած, սուր, պրոգրեսիվող և համառ ընթացքով, անհասկանալի գլխացավերը: Այդ գլխացավերը պետք է գերագույն ուշադրության արժանան, քանի որ այդ գլխացավերի հիմքում կարող են լինել լուրջ խանգարումներ. օրիակ գլխուղեղի ուռուցք, սուր բորբոքումներ և այլն:

    Ի՞նչ է լարվածության գլխացավը:

    Լարվածության գլխացավն առաջանում է գանգի մկանների զգայունության փոփոխության, նրանց ցավային ընկալման և տոնուսի բարձրացման արդյունքում: Տարբերակում են լարվածության գլխացավի երկու տեսակ.

     

    • ծայրամասային՝ առաջացած պարանոցային շրջանի խնդիրների արդյունքում,
    • կենտրոնական՝ նևրոզների ժամանակ հանդիպող, որպես տագնապի համարժեք: Վերջինիս դեպքում պետք է բուժել նևրոզը, տագնապը: Դա անձի առանձնահատկությունն է և նա պետք է զերծ մնա որոշակի գործողություններից կամ կոփի իր հարմարողական ունակությունները:


    Ի՞նչ է կլաստերային գլխացավը:

    Այս դեպքում հիմնականում տղամարդկանց մոտ անհասկանալի, սաստիկ ցավեր են առաջանում մի կողմից ՝ առավելապես  աչքի, հոնքի շրջանում և ուղեկցվում են վեգետատիվ նշաններով՝ աչքի կարմրությամբ, արցունքահոսությամբ, քթի այտուցով և քթահոսությամբ: Հնարավոր են գիշերային սաստիկ ցավեր, որոնք տևում են մի քանի ժամ: Լինում են կլաստերային շրջաններ ՝ տարվա մեջ մի քանի ամիս, երբ սաստիկ նոպաներ են առաջանում:

    Կարո՞ղ է լինել գլխացավ` դեղերի ընդունումից:

    Այո՛.  այն , որն առաջանում է երկարատև ցավազրկողների օգտագործման արդյունքում: Եվ ստացվում է փակ շրջան՝ դեղը ընդունում են ցավն անցկացնելու համար, բայց այն իր հերթին գլխացավ է առաջացնում: Նման դեպքում դեղը պետք է ընդհատել՝ սակայն աստիճանաբար և բժշկի հսկողությամբ:

    Բացի դեղերից, գլխացավն անցկացնելու ի՞նչ այլ տարբերակներ կան:

    Դեղորայքային բուժումից զատ օգտագործվում են նաև այլ մեթոդներ՝ ֆիզիոթերապիա, երբ կիրառվում է տրանսկրանեալ էլեկտրաստիմուլյացիա, պարանոցային շրջանի էլեկտրական ազդեցություն, հոգեբանական վարքա-կոգնիտիվ թերապիա, վարքագծային փոփոխություն, ցավային գոտու գրգռում՝ ցավային գրգիռների ընկալման մարման նպատակով, ինքնամերսում և այլն: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է ընտրել առավել նպատակահարմար եղանակ:

    Ի՞նչ է միգրենը:

    Միգրենն առաջանում է սերոտոնինի փոխանակման խանգարման արդյունքում, այն ունի կենտրոնական ծագում և ժառանգական նախատրամադրվածություն:  Սկզբից տեղի է ունենում սերոտոնինի ուժեղ արտամղում, որը բերում է անոթային սպազմի, ինչի հետևանքով մի որոշ ժամանակ արտահայտվում է միգրենոզ աուրա՝ աչքերի առջև փայլփլուն աստղիկների առաջացում և այլն, ապա մի քանի րոպեից սկսվում է հաջորդ փուլը՝ անոթների արտահայտված լայնացումը՝ եղած սերոտոնինի հյուծման արդյունքում: Այդ ամենը բերում է անոթային բնույթի ծանր, երկարատև ցավի, որն ունի իր յուրահատուկ ընթացքը:

    Միգրենը ժառանգակա՞ն հիվանդություն է:

    Այո՛, ժառանգականությունն այստեղ մեծ դեր ունի, և միգրենը հիմնականում ժառանգական առաջնային գլխացավ է: Հնարավոր է նաև երկրորդային միգրեն՝ առաջացած որևէ հիվանդության ընթացքում, դարձյալ սերոտոնինի փոխանակման խանգարման կամ այլ ծագման անոթային կարգավորման արդյունքում:

    Որո՞նք են միգրենի նոպաներ առաջացնող սադրիչները:

    Միգրենի նոպաներին կարող են նպաստել անքնությունը, երկարատև լարված աշխատանքը, դաշտանային ցիկլը, սննդի մեջ որոշ սննդատեսակներ, օրինակ՝ կարմիր գինին:

    Ի՞նչ ախտանիշներով է դրսևորվում միգրենը և ինչպե՞ս ախտորոշել այն:

    Միգրենն ունի իր կլինիկական դասական ընթացքը, կլինիկական պատկերը: Դեմքի և գլխի մի կեսում աուրայից (աուրա կարող է և չլինել) հետո առաջանում է պուլսացող ցավ, որը հետո դառնում է անընդմեջ, անտանելի ցավ, առկա են լինում ուղեղաթաղանթի գրգռման նշաններ՝ սրտխառնոց, փսխում, լուսավախություն: Հիվանդներն ամեն կերպ փորձում են քնել, որովհետև քունը կարող է նոպան դադարեցնող գործոն լինել:


    Միգրենոզ ցավը նոպայաձը ընթացող վիճակ է: Նպաստող գործոններն անհատական են. հիմնական դրդողներից է դաշտանային ցիկլը, երբեմն դրանց անվանում են նաև դաշտանային գլխացավեր:


    Միայն մասնագետը կարող է ախտորոշել միգրենը: Կոնկրետ ախտորոշիչ հետազոտություն չկա: Միգրենն ախտորոշվում է կլինինիկորեն՝ ժխտելով այլ համանման պատճառները:

    Որքա՞ն երկար է տևում միգրենային գլխացավը:

    Դա ևս անհատական է: Գլխացավի տևողությունը կարող է լինել ժամերից մինչև օրեր, մինչև միգրենոզ ստատուս, երբ մի նոպան չավարտված մյուսն է սկսում: Հիվանդները նկատում են իրենց ցավերի կոնկրետ պարբերականությունը և արդեն կարծես որոշ ժամանակ հետո սպասում են նոպային, բայց դա խիստ անհատական է:

    Հնարավո՞ր է բուժել միգրենը:

    Կա միգրենի բուժման երկու եղանակ՝ նոպաների բուժում և կանխարգելիչ բուժում: Կան դեղեր, որոնք կանխարգելում են միգրենի առաջացումը: Կլիմակտերիկ շրջանում նոպաները հակում ունեն առանց բուժման թեթևանալու: Երկրորդային միգրենների դեպքում կարևոր է նաև հիմնական հիվանդության բուժման իրականացումը:

    Ինչպե՞ս կանխարգելել միգրենը:

    Ամեն կոնկրետ դեպքում մոտեցումն առանձնահատուկ է: Առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել նոպաների դեղորայքային կանխարգելում և բուժման ենթարկել միգրենի պատճառ հանդիսացող վիճակը կամ հիմնական հիվանդությունը:

     

     

  • Պսորիազ. հաճախ տրվող հարցեր

    Ի՞նչ է պսորիազը:

    Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ, ինչի կապակցությամբ էլ այն անվանվել է թեփատու որքին: Բացի մաշկից հնարավոր է նաև հոդերի ախտահարում: Այս հիվանդությանը բնորոշ չէ հաստատուն արտահայտությունը. ընթացքը, բուժման ազդեցությունը, արդյունքները կարող են շատ տարբեր լինել:

    Պսորիազը ժառանգաբար փոխանցվո՞ւմ է:

    Այո, ժառանգական նախատրամադրվածությունը նշանակություն ունի:

    Արդյո՞ք վարակիչ է:

    Հիվանդությունը վարակիչ չէ:

    Պսորիազով հիվանդն արդյո՞ք պիտանի է զինվորական ծառայության համար:

    Դա որոշվում է անհատապես՝ բժշկական փորձաքննությամբ: Պսորիազի հասարակ, պապուլյոզ, սահմանափակ ձևը զինվորական ծառայության համար խոչընդոտ չէ: Մինչդեռ մաշկի 50 և ավելի տոկոսով ախտահարման, ինչպես նաև շարժունակության խանգարման բերող մեկ խոշոր օջախի  կամ նույնիսկ փոքր մակերեսի առկայության դեպքում հիվանդը պիտանի չէ զինվորական ծառայության համար:

    Որո՞նք են պսորիազի առաջացման և զարգացման պատճառները:

    Այս հիվանդության պատճառներն ու ընթացքը լիովին բացահայտված չեն: Թեփի առաջացման պատճառը մաշկային շերտերի բնական վիճակի խախտումն է:

    Բնորոշ է պսորիազային տրիադան՝ թեփի առկայություն, սահմանային շերտ և արյան կաթիլ: Քանի որ թեփն իրենից ներկայացնում է հաստացած կեղև, այն հեռացնելիս արյունահոսում է: Իհարկե՛, սպի չի առաջանում, քանի որ գործընթացը տեղի է ունենում վերնամաշկի շրջանում, որտեղ բացակայում են նյարդավորումն ու անոթավորումը, սակայն արյուն է գալիս:

    Արդյո՞ք ծխելը դեր ունի պսորիազի առաջացման և զարգացման գործընթացում:

    Ծխելը հիվանդության առաջացման և ընթացքի համար որևէ դեր չունի:

    Ինչպե՞ս է ախտորոշվում պսորիազը:

    Պսորիազային տրիադայի առկայությունը ախտորոշիչ նշանակություն ունի, որի դեպքում առանձնապես հյուսվածաբանական հետազոտության կարիք չի լինում: Ախտորոշմանն օգնում է նաև պապուլաների առկայությունը:

    Ինչո՞ւ է պսորիազը սրանում գարնանը և աշնանը:

    Սրացման այդպիսի սահմանափակումն այնքան էլ ճիշտ չէ. այն կարող է սրանալ և՛ ամռանը, և ձմռանը: Ախտորոշման մեջ բացի հիմնական ախտորոշումից ( սուր կամ ռեմիսիոն վիճակ) միաժամանակ նշվում է նաև ձևը՝ ամառային  կամ ձմեռային : Ամառային ձևի ժամանակ հիվանդներին ցուցված չէ ծով գնալ, հանգստանալ ծովային կլիմայի պայմաններում, նրանց ավելի զով կլիմա է անհրաժեշտ: Իսկ ձմեռային պսորիազի ժամանակ հիանալի օգնում է ծովային կլիման, հատկապես Սև ծովը, որովհետև ջուրը գերհագեցած է ծծմբաջրածնով, որը դրական ազդեցություն ունի պսորիազի բուժման ընթացքի վրա: Պսորիազի տեսակը /ամառային, ձմեռային/ հիմնականում կյանքի ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվում: Հիվանդներն իրենց սրացման շրջանը նախազգում են երբեմն մի քանի պապուլաների առկայությամբ  կամ այլ կերպ, ու կանխարգելիչ բուժում են ստանում:

    Ազդո՞ւմ է պսորիազը նյարդային համակարգի վրա:

    Պսորիազը, միանշանակ, ազդում է նյարդային համակարգի վրա, որովհետև տուժում է հիվանդի կոսմետիկ տեսքը, և նա ստիպված է լինում հագուստով կամ այլ կերպ քողարկել մաշկի ախտահարված շրջանները, ինչն անհարմարություն է ստեղծում հատկապես ամռանը, ուստի տուժում է նաև կյանքի որակը: Դա, որպես սթրես, բերում է նյարդային հավասարակշռության փոփոխության, որն իր հերթին կարող է բարդացնել հիվանդության վիճակը, քանի որ սթրեսային վիճակները մեծ նշանակություն ունեն պսորիազի դրսևորման ժամանակ. դրանք կարող են ինչպես խորացնել գործընթացն, այնպես էլ հաճախացնել սրացումները:

    Հնարավո՞ր է մազաթափություն պսորիազից:

    Պսորիազի ժամանակ մազաթափություն հնարավոր է, բայց պարտադիր չէ: Այն որոշակի առանձնահատուկ ձև չունի, պարզապես թեփը մազածածկ շրջանում բերում է մազածածկույթի խախտման և ընդհանուր նոսրացման:

    Պսորիազի ժամանակ քոր լինու՞մ է:

    Հնարավոր է քոր լինի. երբեմն այն արտահայտված է, երբեմն ընդհանրապես բացակայում է:

    Կլինիկական արտահայտման ի՞նչ դրսևորումներ կան:

    Կլինիկորեն տարբեր կերպ է  արտահայտվում. պսորիազը կարող է ախտահարել գլխի մազածածկ շրջանից մինչև ներբանները, արտահայտվել պապուլյոզ ձևից սկսած մինչև խոշոր վահանիկային ձև: Գոյություն ունի նաև էրիթրոդերմալ ձևը, որը գրեթե ամբողջ մաշկային ծածկույթն է ընդգրկում: Առանձին ձև է հոդային տարբերակը:

    Կա՞ն պսորիազի զարգազման շրջաններ:

    Իհարկե՛, կան: Պապուլյոզ ձևի դեպքում պապուլաները կարող են միաձուլվելով վերածվել խոշոր վահանիկային ձևի, իսկ վերջինս էլ՝ ախտահարելով հոդերը, կարող է վերափոխվել հոդային ձևի:

    Ի՞նչն է վատթարացնում պսորիազի ընթացքը:

    Պսորիազի վատացմանը նպաստող գործոններն այնքան էլ պարզ չեն: Այս հիվանդությունը կարծես առանց պատճառի կարող է սրանալ կամ վերանալ: Թերևս, նշանակություն ունի, ինչպես արդեն նշվեց, կլիմայի ազդեցությունը, ինչը խիստ անհատական է: Հիվանդության ընթացքի վրա առավել նկատելի ազդեցություն ունենում է սթրեսը՝ սուր կամ քրոնիկ արտահայտությամբ:

    Ո՞ր հիվանդությունների ուղեկցումը կարող է բացասաբար ազդել պսորիազի վրա:

    Նման դիտարկում չկա: Անգամ շաքարախտը չի ազդում հիվանդության ընթացքի վրա:

    Որքանո՞վ է վտանգավոր պսորիազը:

    Պսորիազը վտանգավոր է այնքանով, որքանով կարող է ընդգրկել ամբողջ մաշկային ծածկույթը. դա պսորիազի տարածուն ձևն է, վտանգավոր են նաև հոդային ձևն ու պսորիատիկ էրիթրադերմիան՝ կարմրամաշկությունը: Նման հիվանդները  ստանում են հորմոնային բուժում, ցիտոստատիկներ ամբողջ կյանքի ընթացքում: Ստացվում է արատավոր շրջան՝ այդ դեղերը չնշանակել հնարավոր չէ, իսկ նշանակման դեպքում դեղորայքն ինքը կարող է առաջացնել լուրջ բարդություններ՝ ազդելով լյարդի և ամբողջ օրգանիզմի վրա:

    Ի՞նչ հետևանքներ կարող է թողնել պսորիազը:

    Եթե պսորիազի պապուլյոզ ձևն է, հետևանքներ չեն լինում: Հնարավոր է մեկ ձևից մեկ այլ ձևի վերափոխում և երբեմն դա կարող է շատ արագ տեղի ունենալ: 25-30 տարեկանում արդեն հնարավոր է շատ ծանր ձևի դրսևորում: Երբեք հնարավոր չէ կանխատեսել հիվանդության ընթացքը:

    Հնարավո՞ր է բուժել պսորիազը:

    Բուժումը նույնպես շատ անհատական է. հնարավոր է ռեմիսիայի ինքնուրույն անցում՝ առանց որևէ միջամտության կամ այնպիսի պարզ միջոցներով, որոնք այլ հիվանդներին բոլորովին չեն օգնում, և կարող է որևէ բուժման չենթարկվել, անգամ՝ ամենալուրջ դեղերով:

    Բուժման ի՞նչ մեթոդներ կան:

    Բուժման մեթոդները կախված են հիվանդության տեսակից, ծանրության աստիճանից: Նշանակվում են հակահիստամինային դեղեր, վիտամինոթերապիա, կալցիումի խմբի դեղեր, ֆոլաթթու, ծանր դեպքերում՝ հորմոնային, ցիտոստատիկ միջոցներ: Որոշ դեպքերում նշանակվում է ֆիզիոթերապիա, լազերոթերապիա: Սակայն բուժման արդյունքներն անկանխատեսելի են:

    Ներկայում ո՞րն է ամենաօպտիմալ բուժման մեթոդը:

    Խիստ անհատական է: Անգամ կարելի է ասել, որ որևէ ընդհանուր օպտիմալ միջոց չկա: Հիվանդությունը շատ պարադոքսալ է և որևէ կանոնի չի ենթարկվում:

    Որք՞ան է տևում պսորիազի բուժման գործընթացը:

    Ինչպես նշվեց, այն կարող է անհասկանալիորեն շատ կարճ ժամանակում անցնել և կարող է ամբողջ կյանքում բուժման ենթարկվել առանց շոշափելի արդյունքի:

    Դեր ունի՞ կլիմատոթերապիան:

    Այո, երբեմն հիվանդը՝ փոխելով բնակության վայրը, կարող է լիարժեք բուժման ենթարկվել:

    Ի՞նչ դեր ունեն լրացուցիչ ուլտրամանուշակագույն ճառագայթները բուժման գործընթացում:

    Օգտագործվում են ֆիզիոթերապևտիկ միջոցներ, հատկապես պսորիազի ձմեռային ձևերի ժամանակ շատ լավ օգնում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Բարվոք ազդեցություն են ունենում նաև արևային լոգանքները, ծովային կլիման:

    Հնարավո՞ր է բուժման մեջ ներառել ժողովրդական միջոցներ:

    Այո, որովհետև երբեք հնարավոր չէ որևէ մեթոդի լիարժեք օգտակարությունը կամ ոչ օգտակարությունը հասկանալ: Կարելի է փոքր հատվածի վրա փորձարկել միջոցը և նոր միայն օգտագործել մյուս ախտահարված տեղերում: Երկարատև պսորիազով հիվանդը բժշկից լավ է կողմնորոշվում իր հիվանդության հարցում, նա արդեն փորձով գիտի, թե կոնկրետ իր դեպքում ինչ միջոցներ են օգնում, կամ ինչը բացարձակապես օգուտ չի տալիս:

    Ի՞նչ սնունդ է հակացուցված պսորիազով հիվանդին:

    Սննդային հակացուցումներ չկան: Միայն քորով ընթացող ձևերի ժամանակ սահմանափակվում են ցիտրուսները, գրգռիչ սնունդը և այլն:

    Ինչպե՞ս խնամի մաշկը պսորիազով հիվանդը:

    Քանի որ լինում է թեփ, տհաճ հոտ և մաշկի չորություն, օգտագործվում են տարատեսակ խոնավացնող քսուկներ: Լոգանքն անհատական է՝ որոշ հիվանդների համար այն դրական ազդեցություն ունի, ոմանց էլ` հակառակը, վատացնում է վիճակը:

    Ինչպե՞ս կախարգելել հիվանդությունը:

    Կանխարգելել հնարավոր չէ: Միակ հիվանդությունն է, որի ժամանակ ասվում է՝ հնարավոր է, կարծում եմ, թերևս… Պսորիազը շատ յուրահատուկ, հանելուկային և անհասկանալի հիվանդություն է:

     

     

  • Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը

    Ի՞նչ է Ալցհեյմերի հիվանդությունը:

     

    Ալցհեյմերի հիվանդությունը դասվում է կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների շարքին և բավական հաճախ է հանդիպում: Համարվում է, որ 65 տարեկանից հետո մարդկանց 10-15 տոկոսը, իսկ 80-ից հետո՝ 20 տոկոսն ու ավելին տառապում են Ալցհեյմերի հիվանդությամբ:

     

    Հիվանդության ժամանակ ուղեղում տեղի է ունենում նյարդային բջիջների ատրոֆիա, ինչի արդյունքում փոքրանում են ուղեղի ծավալը, գալարները, լայնանում են գալարների միջև եղած ակոսները և ներուղեղային փորոքային համակարգը: Ատրոֆիան հիմնականում տեղի է ունենում ուղեղի ճակատային, գագաթային, քունքային բլթերում, հիպոկամպի, Մեյներտի բազալ կորիզի, երկնագույն բծի շրջանում՝ բերելով նեյրոտրանսմիտերային փոխանակության (նյարդային իմպուլսների հաղորդականության) խանգարման: Հաստատված է, որ այս հիվանդության ժամանակ հատկապես ացետիլխոլինային կապն է խանգարվում՝ ացետիլխոլինի քանակի պակասի հետևանքով:

     

    Ի՞նչ է հայտնի Ալցհեյմերի հիվանդության ռիսկի գործոնների մասին:


    Քանի որ Ալցհեյմերի հիվանդության պատճառը դեռևս վերջնականապես հայտնի չէ, չկան նաև հստակ ռիսկի գործոններ, որոնք կարող են նպաստել այս հիվանդության զարգացմանը:

    Ո՞րն է հիվանդության զարգացման պատճառը:

     

    Ալցհեյմերի հիվանդության էթիոլոգիային վերաբերող տասնյակ տեսություններ կան, սակայն դեռևս որևէ մեկը վերջնականապես հաստատված չէ:

     

    Արդյո՞ք այն ժառանգական հիվանդություն է:

     

    Ներկայումս շատ աշխատանքներ են կատարվում Ալցհեյմերի հիվանդության գենետիկ ծագումը պարզելու համար: Այս տեսության օգտին խոսում է այն փաստը, որ ժառանգականության մեջ Ալցհեյմերի հիվանդության առկայության դեպքում՝ սերունդների մոտ վերջինիս զարգացման հավանականությունը մի քանի անգամ ավելի շատ է: Այժմ անգամ որոշ գենային մուտացիաներ են հայտնաբերվել այս հիվանդների մոտ:

    Ո՞րն է դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության տարբերությունը:

     

    Եթե 40 տարեկանից հետո մարդու մոտ նկատվում է զարգացող դեմենցիա՝ թուլամտություն, ինտելեկտի իջեցում, հիշողության վատացում, որը 6 ամսից ավել է տևում, ապա կարելի է մտածել Ալցհեյմերի կամ որևէ այլ հիվանդության մասին: Դեմենցիան համախտանիշ է, որը կարող է դրսևորվել տարբեր հիվանդությունների ժամանակ: Դեմենցիա ունեցող հիվանդների 50-60 տոկոսը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, մնացած 40-50 տոկոսը՝ այլ հիվանդություններով: Դեմենցիայով ուղեկցվող հիվանդություններից առաջին տեղում Ալցհեյմերի հիվանդությունն է, երկրորդ տեղում՝ Լևիի մարմնիկների դեմենցիան, երրորդ տեղում՝ անոթային հիվանդությունները, ապա՝ ալկոհոլիզմը, դեղորայքային թունավորումները: Հազվադեպ, սակայն հնարավոր է դեմենցիա զարգանա նաև որոշ վիտամինների (վիտամին PP, B1, B12) երկարատև պակասի ժամանակ, էնդոկրին որոշ հիվանդությունների՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի իջեցման, Կուշինգի հիվանդության, հարվահանաձև գեղձի ախտահարման, երիկամային, լյարդային, թոքային հիվանդությունների, իմունային անբավարարության, քրոնիկական հիվանդությունների, նեյրոսիֆիլիսի, տուբերկուլյոզի, զանազան սնկային, մակաբուծային հիվանդությունների, գանգուղեղային լուրջ վնասվածքների, ուռուցքների, տարբեր թունավոր նյութերի ազդեցության ժամանակ, դիալիզային հիվանդների մոտ, Պարկինսոնի հիվանդության, բազմահամակարգային ատրոֆիայի, ցրված սկլերոզի, պորֆիրիայի, լեյկոդիստրոֆիաների ժամանակ և այլն: Սակայն Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ է ուղեղի ճակատային, գագաթային, քունքային բլթերի, հիպոկամպի, Մեյներտի բազալ կորիզի, երկնագույն բծի շրջանի ատրոֆիան, որն էլ օգնում է տարբերակիչ ախտորոշմանը:

    Կարելի՞ է մոռացկոտությունը համարել նորմալ տարիքային փոփոխություն:


    Եթե դա միայն մոռացկոտություն է և այն էլ մեծ տարիքում, ապա կարելի է համարել տարիքային նորմալ փոփոխություն: Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ են նաև շատ այլ գանգատներ:

     

    Ալցհեյմերի հիվանդության զարգացումն ի՞նչ փուլերից է բաղկացած:

     

    Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է բաժանել երկու խմբի՝ վաղ սկսվող (40-50 տարեկանում) և ուշ սկսվող (65-ից հետո): Որքան հիվանդությունը վաղ է սկսվում, այնքան ընթացքն ագրեսիվ է, նյարդաբանական դեֆիցիտն՝ արտահայտված:


    Փուլերը հարաբերական են և հստակ սահմաններ չունեն: Առաջին փուլում արդեն կան ամնեստիկ, այսինքն հիշողության խանգարումներ: Այն 6 ամսից ավել է տևում, պրոգրեսիվում է և միանում են այլ ախտանիշներ: Երկրորդ շրջանն արդեն տարածված շրջանն է, երբ ինչպես հիվանդը, այնպես էլ հարազատներն արդեն զգում են վիճակի լրջությունը և դիմում են նյարդաբանի: Այս շրջանում հիվանդներն արդեն մասնակի խնամքի կարիք ունեն: Երրորդ շրջանում ախտանիշներն ավելի են խորանում, միանում են նաև հոգեկան խանգարման երևույթներ, հիվանդներն արդեն ունեն մշտական խնամքի կարիք և վտանգավոր կարող են լինել և իրենց, և շրջապատի համար:

    Կլինիկորեն ինչպե՞ս է դրսևորվում Ալցհեյմերի հիվանդությունը: Ի՞նչ նախանշաններով և ախտանիշներով է այն արտահայտվում:

     

    Ինչպես նշեցինք, սկզբնական շրջանում լինում են ամնեստիկ, այսինքն հիշողության խանգարումներ: Սկզբում դրանք այնքան թեթև են լինում, որ բացատրվում են սթրեսներով, ցրվածությամբ և այլն: Ապա հիվանդությունը պրոգրեսիվում է և միանում են այլ ախտանիշներ՝ աշխատունակության իջեցում, հետաքրքրությունների շրջանակի նեղացում, բնավորության անկայունություն, տագնապի զգացում, խոսքի խանգարումներ (հիվանդը միևնույն բանը կարող է մի քանի անգամ ասել, բառերը լավ չարտասանել), ճանաչողական ֆունկցիայի, ինտելեկտի իջեցում, տարածական ապակողմնորոշում: Առաջանում են կենցաղային դժվարություններ, երբ հիվանդն ինքնուրույն չի կարողանում պարզ առօրյա գործողություններ կատարել, անգամ հասարակ թվաբանական հաշվարկ անել, կարդալ, գազօջախը վառել, հագնվել (տաբատը կարող է գլխին հագնել, գուլպան՝ ձեռքին և այլն): Հաջորդ փուլում առաջանում են հոգեկան խանգարումներ՝ տրամադրության փոփոխություն, տագնապային վիճակներ, գրգռվածություն, զայրույթ, զառանցանքներ, խանդի արտահայտություններ, ծանր դեպրեսիա, էպիլեպտիկ ցնցումներ, գիտակցության կորուստ, պարկինսոնանման համախտանիշ: Այս շրջանում արդեն հիվանդներն ունեն մշտական խնամքի կարիք և նրանց վարքը, գործողությունները կարող են վտանգավոր լինել ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի համար:

    Ինչո՞վ է վտանգավոր Ալցհեյմերի հիվանդությունը:


    Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ինտելեկտի իջեցման արդյունքում իրականացված սխալ գործողությունները կարող են վնաս պատճառել ինչպես հիվանդին, այնպես էլ շրջապատին: Օրինակ, գազօջախը վառելիս հիվանդը կարող է հրդեհել տունը, կամ պարզապես պատուհանից ցած նետվել, ինչպես նաև վնասել իրեն կամ շրջապատի մարդկանց:

     

    Ինչպե՞ս ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը:


    Եթե դեմենցիան 6 ամսից երկար է տևում և այլ հիվանդությունները բացառվում են, արդեն պետք է մտածել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մասին, մասնավորապես Ալցհեյմերի հիվանդության մասին, որին բնորոշ է ՄՌՏ հետազոտությամբ ուղեղի կեղևի ատրոֆիայի սպեցիֆիկ տեղակայումները՝ ճակատային, քունքային և գագաթային շրջաններում:

    Որքանո՞վ է բուժումն անհրաժեշտ: Ինչպե՞ս է կազմակերպվում բուժումը:
    Բուժումը միայն դեղորայքային է, որն առանձնապես մեծ արդյունավետություն չունի: Առաջին հերթին նշանակվում են ացետիլխոլինի քանակն ավելացնող դեղամիջոցներ, երկրորդ խումբը նոոտրոպ պրեպարատներն են`ուղեղի բջիջների վիճակը լավացնող ազդեցությամբ, հաջորդը ախտանիշային բուժումն է (հակացավային, հակադեպրեսիվ, հանգստացնող դեղամիջոցներ և այլն):
    12.Ի՞նչ կլինի, եթե բուժում չիրականացվի:


    Հիվանդությունը քրոնիկական, պրոգրեսիվող է նույնիսկ բուժման դեպքում, պարզապես բուժման ժամանակ այդ ընթացքն ավելի դանդաղ է:


    Ե՞րբ է խնամակալ անհրաժեշտ:


    Խնամակալ անհրաժեշտ է, երբ հիվանդն արդեն չի կարողանում հասարակ կենցաղային գործողություններ կատարել ՝ հաց ուտել, հագնվել, սափրվել և այլն, երբ նույնիսկ բնակարանում չի կողմնորոշվում: Երկրորդ փուլում խնամակալը կարող է մշտական չլինել. որոշ գործողություններ իրականացնելուց հետո (հագցնել, կերակրել) հիվանդին կարող է մենակ թողնել, սակայն երրորդ փուլում, երբ հիվանդն արդեն վտանգ է ներկայացնում, նրան մշտական հսկողություն է անհրաժեշտ:


    Կա՞ն խնամքի առանձնահատկություններ այս հիվանդության ժամանակ:


    Խնամքի առանձնահատկությունները պայմանավորված են հիվանդության փուլով, առաջացած բարդություններով:


    Հնարավո՞ր է կանխարգելել հիվանդությունը:


    Ալցհեյմերի հիվանդությունը կանխարգելել հնարավոր չէ:

  • Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցեր

    Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում գլյուկոզայի մակարդակը:

    Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության հետևանքով: Ինսուլինի բացարձակ անբավարարություն լինում է տիպ մեկ շաքարային դիաբետի դեպքում, որը հիմնականում հանդիպում է երեխաների և երիտասարդների մոտ՝ հաճախ վիրուսային հիվանդությունների, աուտոիմուն պրոցեսների հետևանքով: Տեղի է ունենում ենթաստամոքսային գեղձի վնասում, մահանում են ինսուլին արտադրող Լանգերհանսյան կղզյակների բետտա բջիջները:


    Երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ ինսուլինի մակարդակն արյան մեջ նորմալ է, նույնիսկ կարող է նորմայից բարձր լինել, սակայն առկա է կամ ռեցեպտորների դեֆեկտ, կամ ինսուլինի նկատմամբ ռեցեպտորների զգայնության անկում: Այս դեպքում խոսքը ինսուլինի հարաբերական անբավարարության մասին է:


    Քանի որ գլյուկոզան բջիջների կողմից յուրացվում է ինսուլինի օգնությամբ, առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում՝ ինսուլինի պակասի, իսկ երկրորդ տիպի ժամանակ ինսուլինի անգործության պատճառով այն չի կարողանում յուրացվել բջիջների կողմից՝ բերելով արյան մեջ գլյուկոզայի քանակի բարձրացման:

    Ինչո՞ւ է գլյուկոզայի մակարդակն անոթի ավելի բարձր, քան ուտելուց հետո:

    Սա հիմնականում լինում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի նախադիաբետիկ փուլում ճարպակալման ժամանակ: Պատճառն այն է, որ հարաբերական անբավարարության պայմաններում ինսուլինի քանակն արտադրվում է նորմայից ավելի: Երբ արյան մեջ գլյուկոզայի որոշակի քանակ է հայտնվում, դրան համարժեք ինսուլին է արտադրվում՝ այն բջիջների կողմից յուրացնելու համար: Բայց, եթե ինսուլինի նկատմամբ ռեցեպտորների զգայունության խնդիր կա, գլյուկոզայի իջեցում չի լինում, արտադրվում է արդեն ավելորդ քանակի ինսուլին, որի միջոցով արդեն իջնում է գլյուկոզայի մակարդակը: Բայց քանի որ կա գերինսուլինային վիճակ, դա կարող է բերել գլյուկոզայի չափից ավելի իջեցման: Ստացվում է, որ նախնական՝ նախադիաբետի փուլում, ուտելուց հետո կարող է լինել գլյուկոզայի ավելի ցածր մակարդակ, քան անոթի ժամանակ:

    Շաքարային դիաբետը ժառանգաբար փոխանցվո՞ւմ է:

    Երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ ժառանգական գործոնը ավելիմեծ նշանակություն ունի, քան տիպ առաջինի ժամանակ։

    Դիաբետի ի՞նչ տեսակներ կան:

    Տարբերում են տիպ մեկ շաքարային դիաբետ, որը հիմնականում հանդիպում է երեխաների մոտ, և տիպ երկու շաքարային դիաբետ , որը մեծահասակների մոտ է լինում: Չնայած այժմ, երեխաների մոտ ճարպակալման դեպքերի ավելացման պատճառով, երկրորդ տիպը կարող է արդեն 18 տարեկանից սկսած հանդիպել: Տարբերում են նաև հղիների դիաբետ, որն արտահայտվում է միայն հղիների մոտ և ավարտվում է ծննդաբերությունից հետո: Գոյություն ունի ստերոիդային դիաբետ, որը կապված է առկա որևէ այլ հիվանդության ժամանակ ստացած ստերոիդային բուժման հետ: Ստերոիդները կոնտրինսուլյար հորմոններ են, որոնք ընկճելով ինսուլինի արտադրությունը՝ ի վերջո կարող են բերել շաքարային դիաբետի առաջացման: Եվ կարելի է առանձնացնել MODY-դիաբետը, որը երեխաների մոտ մեծահասակների դիաբետի արտահայտման ձև է՝ գենով պայմանավորված:

    Ի՞նչ է տիպ մեկ շաքարային դիաբետը:

    Տիպ մեկ շաքարային դիաբետը երեխաների մոտ է հանդիպում, արագ է զարգանում, պատճառը վիրուսային կամ աուտոիմուն հիվանդություններն են ( կոքսակի վիրուս, պարօտիտ, կարմրուկ և այլն), որոնք կարող են բերել ենթաստամոքսային գեղձի վնասման, ինսուլին արտադրող բջիջները մահվան, արդյունքում ՝ ինսուլինի բացարձակ անբավարարության առաջացման: Այս ձևը հիմնականում հայտնաբերվում է երեխաների արդեն կոմատոզ վիճակների ժամանակ, երբ դեկոմպենսացված շաքարային դիաբետի պայմաններում զարգանում է կետոացիդոզ: Մինչ այդ երեխաները նախ թույլ են լինում, հոգնած, փսխում են, լուծում , ունենում են հաճախամիզություն, սակայն ոչ ոք չի կասկածում, որ դրանք դիաբետի դրսևորումներն են: Ի վերջո, վերակենդանացման բաժնում միայն հայտնաբերվում է դիաբետը:
    Առաջին տիպի շաքարային դիաբետը դրսևորվում է, երբ արդեն ախտահարված է գեղձի 90 տոկոսը: Այս դեպքում հայտնաբերվում են հակամարմիններ Լանգերհանսյան կղզյակների նկատմամբ, ինչն էլ վկայում է գեղձի քայքայման բերող աուտոիմուն պրոցեսի մասին:

    Ի՞նչ է տիպ երկորդ շաքարային դիաբետը:

    Տիպ երկորդ շաքարային դիաբետն ավելի դանդաղ է զարգանում և հիմնականում հանդիպում է մեծահասակների մոտ: Այս դեպքում լինում է ռեցեպտորների դեֆեկտ կամ ճարպակալման հետևանքով ինսուլինի նկատմամբ ռեցեպտորների զգայնության իջեցում, այսինքն ինսուլին կա, սակայն այն իր ֆունկցիան չի կարողանում իրականացնել, այլ կերպ ասած առկա է ինսուլինի հարաբերական անբավարարություն: Գեղձի կողմից արտադրվում է ինսուլինի հավելյալ քանակ, և միայն այդ ժամանակ է գլյուկոզայի քանակը նվազում արյան մեջ: Տարիների ընթացքում նախորդում է նախադիաբետը, երբ գեղձի կողմից արտադրված ինսուլինը դեռևս կարողանում է ապահովել ստացված գլյուկոզայի քանակի իջեցումը: Սակայն 10-15 տարի գեղձի լարված աշխատանքից հետո, այն ի վերջո, հյուծվում է և առաջանում է ինսուլինի բացարձակ անբավարարություն, որն էլ բերում է ինսուլինային բուժման անհրաժեշտության :
    Հիվանդը նախ գանգատվում է ոտքերի ցավից, ծակծկոցից, մրմռոցից: Նման գանգատներով նա կարող է դիմել նյարդաբանին, թերապևտին և միայն այդ ժամանակ է արյան մեջ գլյուկոզայի մեծ քանակ հայտնաբերվում :

    Ո՞վ է հակված երկրորդ տիպի շաքարային դիաբետին:

    Երկրորդ տիպին հակված են մեծահասակները, շատ մեծ նշանակություն ունի նաև ճարպակալումը, ավելորդ քաշը, որը մետաբոլիկ համախտանիշի բաղկացուցիչ մասն է. բջիջները պատվում են ճարպով, և ռեցեպտորները, որոնք պետք է զգան ինսուլինի ազդեցությունը, այլևս բաց չեն: Այդ պատճառով գեղձի կողմից արտադրվում է ևս մեկ բաժին ինսուլին, որն ունի մեծ անաբոլիկ էֆեկտ, բերում է ճարպի առաջացման, գիրացման: Եվ կարծես ախտաբանական օղակ է առաջանում՝ ավելորդ ինսուլինի քանակը բերում է գիրացման, գիրությունը բերում է ինսուլինի նկատմամբ զգայնության իջեցման: Այսպիսով, կանխարգելման համար շատ կարևոր է կարգավորել սննդկարգը, կենսակերպը, քաշը:

    Գլյուկոզայի ո՞ր մակարդակն է արյան մեջ նորմալ համարվում:

    Գլյուկոզան սովորաբար որոշում են ծայրամասային արյան պլազմայում: Նորման համարվում է մինչև 5,6 մմոլ/լ-ը: 5,6-ից մինչև 7մմոլ/լ-ի դեպքում արդեն համարվում է, որ կա գլյուկոզայի քանակի բարձրացում, բայց ոչ շաքարային դիաբետ: 7 մմոլ/լ -ից բարձրի դեպքում արդեն հավանական է համարվում, որ կա շաքարային դիաբետ: Այս դեպքում կատարվում է գլյուկոզայի ծանրաբեռնման փորձ:

    Ինչպե՞ս է շաքարային դիաբետով հիվանդն զգում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը:

    Վատանում է դիաբետով հիվանդի ինքնազգացողությունը. գանգատվում է ընդհանուր թուլությունից, բերանի չորությունից, պոլիդիպսիայից (մեծ քանակությամբ ջուր է խմում), պոլիուրիայից (հաճախամիզություն, հատկապես գիշերային հաճախամիզություն է լինում`մեծ քանակությամբ մեզով), տեսողական խանգարումներից (կայծեր, աստղիկներ, ալիքներ աչքերի առաջ) կամ տեսողության խիստ վատացումից, հնարավոր է թմրածություն, ծակծկոց, մզմզոց վերջույթների շրջանում, գլխացավ, գլխապտույտ:
    Ցավոք, կան հիվանդներ, որոնց մոտ կլինիկան շատ չի արտահայտվում, և նրանք միայն արյան քննությամբ են կարողանում հասկանալ գլյուկոզայի բարձրացումը:

    Ի՞նչ վտանգներով է հղի դիաբետը, եթե չվերահսկվի: Որո՞նք են շաքարային դիաբետի բարդությունները:

    Շաքարային դիաբետը շատ վտանգավոր հիվանդություն է և չվերահսկելու դեպքում կարող է առաջացնել լուրջ բարդություններ: Բարդությունները լինում են սուր և քրոնիկական: Սուր բարդություններից են՝

     

    • բարձր գլյուկոզայի դեպքում հիպերգլիկեմիկ վիճակը՝ կետոզի, կետոացիդոզի, ի վերջո, կետոացիդոտիկ կոմայի զարգացմամբ ,
    • ցածր գլյուկոզայի քանակին բնորոշ հիպոգլիկեմիկ վիճակը, որն էլ ծանր դեպքերում կարող է բերել հիպոգլիկեմիկ կոմայի զարգացման:


    Հիպերգլիկեմիկ կոմայի առաջացման համար հիվանդը պետք է երկար ժամանակ վերահսկված չլինի, այսինքն մի քանի օր շարունակ դեղորայք չընդունելու, ոչ ճիշտ ձևով ընդունելու դեպքում, բարձր գլյուկոզան քիչ-քիչ բերում է նյութափոխանակության խանգարման և հիպերգլիկեմիկ վիճակների առաջացման. կետոզը, կետոացիդոզը զարգանում են մի քանի օրերի, շաբաթների ընթացքում: Իսկ հիպոգլիկեմիկ բարդությունը կարող է տեղի ունենալ րոպեների, մեկ ժամվա ընթացքում. հիվանդը թույլ է, վատ է զգում, կորցնում է գիտակցությունը և անհրաժեշտ է լինում շատ արագ օգնություն ցուցաբերել:


    Քրոնիկական բարդությունները լինում են երկարատև, չվերահսկված դիաբետի դեպքում՝ բարձր գլյուկոզայի պայմաններում: Դա վերաբերվում է բոլոր օրգան համակարգերում առաջացած բարդություններին. որոնցից են՝

     

    • նեյրոպաթիաները, հիվանդները նշում են վերջույթների տարբեր զգացողություններ,
    • պարէսթեզիաները՝ ծակծկոց, մրմռոց, այրոց և այլն,
    • էնցեֆալոպաթիաները (շշմածություն, գլխապտույտ, գլխացավ),
    • սրտի ռիթմի խանգարումները՝ կապված վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարման հետ,
    •  աղեստամոքսային ուղու մոտորիկայի խանգարման արդյունքում առաջացած լուծը, փորկապությունը , վքնածությունը,
    • սիրտ-անոթային բարդությունները, այդ թվում աթերոսկլերոզով պայմանավորված սրտամկանի սնուցման վատացումը, որը կարող է հանգեցնել ոչ ցավային ինֆարկտների զարգացման՝ պայմանավորված նյարդային զգացողության խանգարմամբ,
    • հիպերտոնիկ հիվանդությունը՝ կապված երիկամի, սրտի ախտահարման հետ,
    • միզուղիների և երիկամների ախտահարումները, որոնք զարգանում են ընդհանուր դիմադրողականության անկման պատճառով, ինչպես նաև դրան նպաստում է այս հիվանդների մեզի քաղցրությունը, ինչը լավ միջավայր է տարբեր մանրէների աճի համար: Դիաբետիկ նեֆրոպաթիայի դեպքում ախտահարվում է երիկամների կծիկային համակարգը՝ բերելով քրոնիկական երիկամային անբավարարության առաջացման,
    •  տեսողական համակարգի հետ կապված բարդությունները. երիտասարդների մոտ վաղաժամ կատարակտ է զարգանում, իսկ տեսողական նյարդի, ցանցաթաղանթի ախտահարումը (դիաբետիկ ռետինոպաթիաները) ի վերջո կարող է հանգեցնել կուրության,
    • մաշկի կողմից լինում են զանազան բորբոքային պրոցեսներ. մաշկի դիմադրողականության անկման հետևանքով առաջանում են ֆուրունկուլներ, կարբունկուլներ, մաշկի, եղունգների սնկային ախտահարումներ: Այս հիվանդների քրտինքն էլ է քաղցր լինում, ինչը ևս նպաստում է մանրէների զարգացմանը,
    • ստորին վերջույթների ախտահարումը՝ դիաբետիկ ոտնաթաթի զարգացմամբ, որը համալիր ախտահարման հետևանք է՝ կապված ոչ լիարժեք նյարդավորման, աթերոսկլերոտիկ մակրոանգիոպաթիաների, հյուսվածքների սնուցման խանգարումների հետ: Ցանկացած վերք կարող է խորանալ, բարդանալ երկրորդային վարակով, որն էլ կարող է բերել գանգրենայի զարգացման: Սա ամենալուրջ բարդություններից է, երբ հաճախ անդամահատում կատարելու անհրաժեշտություն է առաջանում: Սկզբնական շրջանում հիվանդներն ունենում են ընդամենը թեթև ցավեր, թեթև վերքեր, ոսկրային համակարգի ձևախախտումներ, եղունգների հաստացում, գույնի փոփոխություն և այլն, իսկ գանգրենայի ախտանիշներն ավելի ուշ են արտահայտվում:


    Ի՞նչ ախտանիշներով է դրսևորվում հիվանդությունը:

    Հիվանդները հիմնականում նշում են թուլություն, քաշի անկում, արտահայտվում է դիաբետին բնորոշ տրիադան՝ պոլիդիպսիա (անհագ ծարավի զգացում), պոլիուրիա (հաճախամիզություն), պոլիֆագիա (քաղցի մշտական զգացում)` ուտում են, սակայն միշտ քաղցած են, որովհետև գլյուկոզան, որը հիմնական էներգետիկ աղբյուրն է, չի յուրացվում և բջիջները քաղցած են մնում :

    Ինչպե՞ս է բացատրվում չափից ավելի ցերեկային քնկոտության կապը շաքարային դիաբետի հետ:

    Քանի որ օրգանիզմը քաղցած է մնում, թույլ է, կարող է քնկոտություն առաջանալ:
    Սակայն դրա հիմնական պատճառն այլ է: Գլխուղեղն ունի հետևյալ առանձնահատկությունը՝ այն համարվում է ինսուլին- ոչ կախյալ հյուսվածք, և ուղեղի բջիջները գլյուկոզան յուրացնում են անկախ ինսուլինի միջնորդության: Նրանք վերցնում են արյունից այնքան գլյուկոզա, որքան կա, սակայն բարձր քանակի գլյուկոզան ունի թունավոր ազդեցություն և ոչնչացնում է նյարդային բջիջը՝բերելով շշմածության, էնցեֆալոպաթիաների, քնկոտության:

    Կարո՞ղ է դիաբետն ինքնուրույն անցնել:

    Ո՛չ, չի կարող: Եթե խոսքը վերաբերվում է նախադիաբետին, երբ կա գիրություն, պասիվ կենսակերպ, նստակյաց կյանք, դրանք շտկելու դեպքում որոշ ժամանակով կարելի է հետաձգել դիաբետի առաջացումը: Սակայն, երբ կա ժառանգական մեծ գործոն, հետագայում աթերոսկլերոզի հետևանքով ախտահարվում են նաև ենթաստամոքսային գեղձը սնուցող անոթները, և դա կարող է բերել գեղձի ախտահարման՝ դիաբետի առաջացման:

    Ինչո՞ւ է գլյուկոզան հայտնվում մեզի մեջ:

    Մեզի առաջացումն տեղի է ունենում երկու փուլով: Պլազմայի մեջ գտնվող ամբողջ գլյուկոզան/180 մգ գլյուկոզայի շեմով/ երիկամներում անցնում է առաջնային մեզի մեջ, հետո խողովակիկներում տեղի է ունենում այդ գլյուկոզայի հետներծծում կրկին արյան մեջ և երկրորդային մեզը, որը վերջնական մեզն է , այլևս իր մեջ չպետք է գլյուկոզա պարունակի: Երբ արյան մեջ լինում է գլյույոզայի նորմայից բարձր մակարդակ՝ 180 մգ-ից բարձր, ապա երիկամները գլյուկոզայի ավելորդ քանակը թողնում են և այն մեզով դուրս է գալիս:

    Ի՞նչ է կետոզը, կետոացիդոզը, կետոնային մարմինը:

    Կետոզը, կետոացիդոզը շաքարային դիաբետի սուր բարդություններից են և առաջանում են հիպերգլիկեմիկ վիճակներում, երբ առկա է գլյուկոզայի բարձր մակարդակ և ինսուլինի ազդեցության դեֆիցիտ: Այդ ժամանակ արդեն էներգիայի այլ աղբյուրի անհրաժեշտություն է լինում: Այդ աղբյուրը դառնում է ճարպը, որի քայքայումը բերում է կետոնային մարմինների առաջացման, վերջիններիս քանակի ավելացման դեպքում դրանք արդեն անցնում են մեզի մեջ, և շատ հաճախ նման հիվանդի մեզում հայտնաբերվում է կետոզ, որն էլ բերում է ինտոքսիկացիայի:
    Եվ քանի որ այս պրոցեսը երկարատև է, և հաճախ հիվանդը ուշ՝ մի քանի օր կամ շաբաթ հետո է դիմում բժշկի, կարող է առաջանալ նաև թթվահիմնային միջավայրի խանգարում՝ ացիդոզ և կետոացիդոզ:

    Ի՞նչ է նշանակում գլյուկոզայի տոլերանտության հետազոտություն:

    Գլյուկոզայի տոլերանտության հետազոտությունն իրականացվում է, երբ հիվանդը գանգատներ չունի, սակայն արյան քննությամբ գլյուկոզայի մակարդակը 6,9 մմոլ/լից բարձր է կամ երբ հիվանդը գեր է, ճարպակալած, գանգատ չունի, մեզի մեջ գլյուկոզա չկա, բայց ինչ-որ բան կասկածվում է:


    Հիվանդին տրվում է գլյուկոզայով ծանրաբեռնում. առաջարկում են 75 գրամ գլյուկոզա՝ խմելու ձևով, և 2 ժամ հետո կատարվում է արյան մեջ գլյուկոզայի քանակի որոշում: Եթե այդ ժամանակ գլյուկոզայի քանակը չի գերազանցում 7,8 մմոլ/լ-ը, համարվում է, որ պացիենտն առողջ է: Եթե այն 7,8 -11մմոլ/լ է, համարվում է, որ կա գլյուկոզայի տոլերանտության խանգարում, այսինքն նախադիաբետիկ փուլն է: Իսկ եթե 11 մմոլ/լ -ից ավելի է, արդեն ախտորոշվում է շաքարային դիաբետ:


    Հղիների մոտ մոտեցումն այլ է. քաղցած վիճակում գլյուկոզան արյան մեջ չպետք է գերազանցի 5,1 մմոլ/լ-ը, և նրանց մոտ ծանրաբեռնվածության փորձի ժամանակ պետք չէ ռիսկի դիմել. հղիներին խմեցնում են 50 գրամ գլյուկոզա և ստուգում են արյունը 1 ժամ հետո: Նորմայում գլյուկոզան չպետք է գերազանցի 10 մմոլ/լ-ը, եթե դրանից ավելի է և եթե 2 ժամից հետո էլ՝ 8,5 մմոլ/լ է կամ ավելի, արդեն շաքարային դիաբետ է ախտորոշվում :

    Հնարավո՞ր է դիաբետը բուժել ոչ թե ինսուլինով, այլ որևէ այլ միջոցով:

    Պարտադիր ինսուլինային բուժում իրականացվում է տիպ մեկ շաքարային դիաբետի ժամանակ երեխաների մոտ, երբ առկա է ինսուլինի բացարձակ անբավարարություն: Տիպ երկրորդ դեպքում սկզբնական փուլերում՝ մոտ 10-12 տարի ինսուլինային բուժման կարիք չի լինում և անց է կացվում պերօրալ բուժում: Կան դեղեր, որոնք շատացնում են ինսուլինի քանակը, կամ նրա զգայնությունն են բարձրացնում, կամ գլյուկոզայի հեռացմանն են նպաստում և այլն:
    Շատ կարևոր է սննդակարգը. և կա դիաբետի դիետիկ սեղան՝ սեղան համար 9-ը:
    Ինսուլինոթերապիայի կարիք լինում է նաև սթրեսային վիճակներում, վիրահատական, նախավիրահատական և հետվիրահատական շրջաններում:

    Ի՞նչ է ռեմիսիան դիաբետի ժամանակ:

    Դիաբետը չունի սրացումներ և ռեմիսիաներ: Այն ունի իր ընթացքն ու բարդությունները: Կարելի է ռեմիսիա համարել թերևս նախադիաբետը, երբ կա մետաբոլիկ համախտանիշ, ճարպակալում, գլյուկոզայի ծանրաբեռնվածության փորձի ժամանակ վերջինիս մակարդակի բարձրացում մինչև 11 մմոլ/լ:

    Հնարավո՞ր է գլյուկոզայի մակարդակն իջեցնող դեղամիջոցներն ավելի վտանգավոր լինեն, քան շաքարային դիաբետը:

    Շաքարային դիաբետի դեպքում կիրառվող դեղերը կլինիկական լուրջ հետազոտություններ են անցնում և բարձր վտանգավորության դեպքում հանվում են կիրառումից: Ամեն դեպքում շատ ավելի վտանգավոր է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը, քան այդ դեղերը:
    Իհարկե, ցանկացած դեղ ունի իր կողմնակի ազդեցությունը, դրա համար ամեն հիվանդի համար ընտրվում է խիստ սպեցիֆիկ, պիտանի, իրեն անհրաժեշտ բուժման սխեման: Հաշվի է առնվում նաև նրա երիկամների, լյարդի ֆունկցիոնալ վիճակը:

    Կարո՞ղ է սննդում քաղցրի շատ կիրառումը շաքարային դիաբետի պատճառ լինել:

    Առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ նախ շատ կարևոր է ժառանգական գործոնը:
    Երկրորդ տիպի ժամանակ, երբ հիվանդը չունի ակտիվ կենսակերպ, սննդով ընդունված գլյուկոզայի ավելցուկային քանակը կուտակվում է ճարպի ձևով, որն էլ ի վերջո բերում է ռեցեպտորների զգայնության իջեցման, տոլերանտության խախտման և շաքարային դիաբետի առաջացման: Մյուս կողմից էլ ենթաստամոքսային գեղձը լարված է աշխատում՝ ընդունելով ավելորդ գլյուկոզա, նրա պաշարները հյուծվում են՝ նպաստելով դիաբետի զարգացմանը:

    Շաքարային դիաբետի ժամանակ կարելի՞ է ալկոհոլ օգտագործել:

    Ոչ, քանի որ այն խթանում է ենթաստամոքսային գեղձի սեկրեցիան, որը բերում է ինսուլինի մեծ քանակի արտադրության: Դա էլ կարող է բերել հիպոգլիկեմիայի՝ իջեցնելով գլյուկոզայի մակարդակը: Եվ քանի որ հաճախ ալկոհոլ օգտագործում են երեկոյան, գիշերը գլյուկոզայի մակարդակն իջնում է, և հիվանդը կարող է վատանալ քնած ժամանակ ու էլ չարթնանալ:


    Բացի այդ, ալկոհոլն արգելակում է լյարդում գլիկոգենից գլյուկոզայի առաջացումը: Փաստորեն, և իջած է գլյուկոզայի քանակը, և լյարդում քիչ է առաջանում:


    Քրոնիկական ալկոհոլիզմն ավելի վտանգավոր է, քանի որ նյարդերը, անոթները վնասվում են ոչ միայն դիաբետի պատճառով, այլ նաև ալկոհոլի ազդեցությամբ: Այս ամենից բացի, ալկոհոլը որպես քիմիական նյութ, կարող է փոխազդել դեղորայքի հետ և բերել ինտոքսիկացիայի:

    Կարելի՞ է, արդյոք, սննդակարգից ամբողջովին բացառել գլյուկոզան, չէ՞ որ այն անհրաժեշտ է ուղեղին:

    Ուղեղին անհրաժեշտ գլյուկոզան օրգանիզմը կարող է հայթայթել անգամ սովորական սննդի միջոցով: Գլյուկոզա առաջանում է նաև պոլիսախարիդների քայքայման հետևանքով, սպիտակուցների օգնությամբ, որոնք դառնում են ամինաթթուներ և գլիկոգենեզի ճանապարհով նորից գլյուկոզա առաջացնում:

    Հնարավո՞ր է ոչ ավանդական բուժման մեթոդի կիրառում:

    Ոչ ավանդական բուժման մեթոդներ կարելի է կիրառել նախադիաբետի փուլում, իսկ հետագայում ՝ որպես օժանդակ բուժում հիմնական բուժմանը: Կարելի է նաև անցկացնել ասեղնաբուժության կուրսեր և այլն: Սակայն դրանք չեն կարող օգտագործվել որպես բուժման միակ մեթոդ:

    Ինչպե՞ս կարելի է կանխարգելել շաքարային դիաբետը:

    Անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս զերծ պահել վարակներից, իսկ աուտոիմուն պրոցեսների դեպքում ոչինչ անել հնարավոր չէ: Մեծահասակները պետք է ապրեն ակտիվ կենսակերպով, ճիշտ սննդակարգ սահմանեն:

    Շաքարային դիաբետի վերահսկման դեպքում որքա՞ն երկար կարող է ապրել հիվանդը:

    Վերահսկման դեպքում կարող է ապրել այնքան երկար, որքան կապրեր, եթե չունենար դիաբետ: Կարևոր է ոչ միայն հիվանդության վերահսկումը, այլ նաև բարդությունների բուժումը և կանխարգելումը:
    Դիաբետը ապրելակերպ համարելը ճիշտ չէ, որովհետև բարդություններ այնուամենայնիվ լինում են, և եթե մարդը բուժում է ստանում, բնականաբար, նրա վիճակը հիվանդություն է, ոչ թե ապրելակերպ:

    Շաքարային դիաբետով հիվանդը կարո՞ղ է հղիանալ:

    Այո, իհարկե, սակայն հղիների մոտ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նկատմամբ վերահսկողությունը պետք է ավելի խիստ լինի, այն 5,2մմոլ/լ-ը չպետք է գերազանցի:


    Հղիության ժամանակ միայն ինսուլինոթերապիա է իրականացվում, որպեսզի դեղորայքի կողմնակի էֆեկտները չազդեն պտղի վրա:
    Այս հղիները պետք է հսկվեն ոչ միայն գինեկոլոգի, այլ նաև էնդոկրինոլոգի կողմից:

    Հարցերին պատասխանեց «Իզմիրլյան» ԲԿ բժիշկ-էնդոկրինոլոգ Սյուզաննա Ղարաքեշիշյանը։

  • Պլաստիկ վիրաբույժին հաճախ տրվող հարցեր

    1.    Ո՞րն  է կոսմետիկ վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության տարբերությունը:

    Կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժությունների մեջև տարբերություն չկա. դրանք նույնն են, բաժանումն արհեստական բնույթ ունի: Կարելի է այս կերպ բնորոշել. պլաստիկ վիրաբուժությանը բաժին են ընկնում ծավալային վիրահատությունները, կոսմետիկ վիրաբուժությունն ընդգրկում է փոքրածավալ միջամտությունները:

    2.    Ինչո՞ւ են այդ երկու ուղղությունները երբեմն համատեղվում, եթե տարբեր մասնագետներ են զբաղվում:

    Կոսմետիկ վիրահատություններով կարող են զբաղվել նաև կոսմետոլոգները, ովքեր մասնագիտությամբ բժիշկ են, կատարել միջամտություններ՝ կոսմետիկ ներարկումներ (օրինակ` բոտոքս): Կոսմետիկ վիրաբույժի մասնագիտացում, որպես այդպիսին, չկա, կա պլաստիկ վիրաբուժություն, մասնագիտացված պլաստիկ վիրաբույժ, ով իրականացնում է ցանկացած միջամտություն այդ ոլորտում:

    3.    Ի՞նչ կրթական տարբերություն կա կոսմետիկ վիրաբույժի և կոսմետիկ վիրաբույժի միջև:

    Մասնագիտական վերապատրաստումը միայն պլաստիկ վիրաբուժությունն է:

    4.    Ինչպե՞ս վստահ լինել, որ պլաստիկ վիրահատությունն անհրաժեշտ է:

    Վստահ լինել հնարավոր չէ: Պլաստիկ վիրահատություն կատարվում է հիմնականում պացիենտի ցանկությամբ: Պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն լինում է արատների ժամանակ, երբ կան ֆունկցիոնալ խանգարումներ: Իսկ ինչ վերաբերում է գեղեցկությանը վերաբերող խնդիրներին, այստեղ ցուցումը միայն ցանկության հարց է: Հաջորդ էտապն այդ ցանկությունն իրականանալու հնարավորությունը պարզելն է:


    Ներկայում մեր երկրում պլաստիկ վիրաբուժությունը բավականին զարգացած է, կիրառվող նյութերը և սարքերը լավագույնն են: Այդ է պատճառը, որ արտերկրից նույնպես գալիս են մեզ մոտ կատարելու պլաստիկ վիրահատություններ: Բժշկական տուրիզմի շրջանակում Հայաստան եկող պացիենտների մոտավորապես 92%-ը պլաստիկ վիրահատության դիմողներն են:


    Հայաստանում պլաստիկ վիրահատությունների շարքում ամենահաճախ իրականացվում է ռինոպլաստիկա (քթի վիրահատություն) և մամոպլաստիկա (կրծքագեղձերի պլաստիկ վիրահատություն):


    Հաջորդն աբդոմինոպլաստիկան է` որովայնի շրջանում իրականացվող պլաստիկ վիրահատությունները, նաև` կոպերի պլաստիկան (կոպերի թուլության կարգավորումը) և այլն:

    5.    Գոյություն ունի՞ «հարմար» տարիք` դիմելու պլաստիկ վիրաբուժության:

    Տարբեր վիրահատություններ ունեն նախընտրելի տարիքային խմբերը: Գոյություն ունի ամենավաղ, նվազագույն տարիք, որից ցածր չի կարելի վիրահատություն կատարել, քանի որ օրգանիզմը դեռևս կազմավորված չէ, և աճառային ու ոսկրային հյուսվածքները դեռևս վերջնական ձևավորված չեն: Օրինակ, քթի կոսմետիկ շտկման վիրահատության դեպքում այդ տարիքը աղջիկների դեպքում 16-17 տարեկանն է, տղաների դեպքում՝ 17-18: Ավելի բարձր տարիքային խմբերում սահմանափակումներ չկան: Շատ կարևոր է մաշկի որակը պլաստիկ կամ կոսմետիկ միձամտության դիմելիս:

    6.    Ո՞ւմ չարժե դիմել պլաստիկ վիրաբուժության:

    Պլաստիկ վիրաբուժության չարժե դիմեն հոգեպես անհավասարակշիռ մարդիկ, վիրահատությունից հնարավորինից ավելի մեծ սպասումներ ունեցողները: Դիմող անձինք երբեմն կարծում են, որ պլաստիկ վիրահատությունն իրենց բոլոր խնդիրները կլուծի, և դա դառնում է հոգեբանական խնդիր, ինչը վիրահատությամբ չի կարող լուծվել: Նման դեպքերում բժիշկն ինքը պետք է հրաժարվի: Կան նաև հիվանդություններ, որոնց առկայությունը կարող է ինքնին հակացուցում լինել: Այդ շարքի հիվանդություններից են շարակցական հյուսվածքի ընդհանուր հիվանդությունները, որոշ մաշկային խնդիրներ և այլն: Շաքարախտի դեպքում նույնպես զգուշություն է պահանջվում, և վիրահատությունը պետք է կատարել բուժման հետ համակցված և շաքարի քանակի վերահսկողության ներքո:

    7.    Լինո՞ւմ են դեպքեր, երբ պլաստիկ վիրաբույժը հրաժարվում է վիրահատություն իրականացնել:

    Այդպիսի դեպքեր, իհարկե՛, լինում են, երբ պացիենտի առողջական կամ հոգեբանական վիճակը չի համապատասխանում վիրահատության չափորոշիչներին: Հաշվի են առնվում նաև հնարավոր բարդությունները:

    8.    Դեռահասները կարո՞ղ են դիմել պլաստիկ վիրաբուժության:

    Իհարկե՛, դեռահասները չեն դիմում, այլ դիմում են նրանց ծնողները, իսկ բժիշկը որոշում է վիրահատության ցուցումը տվյալ տարիքում: Կան խնդիրներ, որոնք կարելի է վիրահատական ճանապարհով լուծել անգամ 6 տարեկանից սկսած: Օրինակ, ականջների տձևությունը՝լոշտակությունը, որի դեպքում վիրահատել խորհուրդ է տրվում հենց 6 տարեկանից:

    9.    Իրավաբանորեն ձևակերպվո՞ւմ է պացիենտ-կլինիկա համագործակցությունը:

    Ցանկացած կլինիկա ունի իր պայմանագիրը, որտեղ իրազեկվում են վիրահատության հնարավոր բարդությունները, սպասվելիք արդյունքը և այլն:

    10.    Որքանո՞վ են հուսալի համակարգչային մոդելավորման արդյունքները:

    Համակարգչային մոդելավորումը ոչ թե օրինակ է այն բանի, թե վերջնական արդյունքն ինչպիսին է լինելու, այլ պացիենտի հետ քննարկման ժամանակ դա օգտագործվում է նրան մոտավոր ցույց տալու համար, թե որ դեպքում ինչ կարող է լինել: Օրինակ, թե ինչպիսի արդյունք կարելի է ստանալ քթի չափերի նեղացնելու կամ կարճացնելու դեպքում և այլն: Պացիենտն ինչ-որ չափով կողմնորոշվում է, թե ինչ փոփոխություններն են իր կողմից ավելի ընդունելի և ինչպիսիները՝ ոչ: Բայց սպասել, որ վիրահատությունից հետո նույն արդյունքն է լինելու, դա սխալ մոտեցում է: Իհարկե՛, հիմնականում վիրահատության արդյունքն ավելի գեղեցիկ է լինում, քան մոդելավորմանը: Բայց երբեք հնարավոր չէ ճիշտ կանխատեսել, թե պացիենտը դրան ինչպես կվերաբերվի: Շատ երկրներում, որտեղ իրավական պահանջներն ավելի խիստ են, համակարգչային մոդելավորում չի իրականացվում, որպեսզի հիվանդը տարբերության դեպքում չմեղադրի բժշկին:

    11.    Որքանո՞վ է անվնաս պլաստիկ վիրաբուժությունը:

    Պետք է այնպես հաշվարկել և իրականացնել վիրահատությունը, որ այն մաքսիմալ անվնաս լինի: Եթե բժիշկը գտնում է, որ վտանգներ կան, նա հրաժարվում է վիրահատելուց: Նախապես հիվանդին բացատրվում է սպասվելիք արդյունքի անհամապատասխանության նաև բարդությունների հավանականությունը:


    Բարդությունները լինում են ընդհանուր վիրաբուժական՝ թարախակալում, արյունահոսություն, հյուսվածքի մեռուկացում, կոպիտ սպիի ձևավորում, որոնք կապ ունեն օրգանիզմի առանձնահատկությունների հետ և անկանխատեսելի են:

    12.    Պլաստիկ վիրաբույժը ի՞նչ պարամետրերի կամ հոգեբանական գործոնների  հիման վրա է պացիենտին «դասակարգում» և ընտրում նրա հետ շփման ճիշտ ճանապարհ:

    Պացիենտի «դասակարգում» ասվածը չկա, սակայն պետք է պարզել հոգեբանական վիճակը: Դա կատարվում է պացիենտի հետ քննարկում-զրույցի ընթացքում: Գործընթացը հետևյալն է՝ պացիենտը հայտնում է իր ցանկությունը, բժիշկը ներկայացնում է դրա իրականացման հնարավորությունները և քննարկման արդյունքում տեղի է ունենում համաձայնությունը կամ՝ հակառակը: Զրույցի ժամանակ պարզվում է նաև պացիենտի հոգեբանական վիճակը:

    13.    Անզգայացման ի՞նչ տարբերակներ են կիրառվում պլաստիկ վիրաբուժությունում:

    Կախված վիրահատությունից, անզգայացման բոլոր տարբերակները կիրառելի են՝ ընդհանուր, տեղային, ողնուղեղային: Եթե դրանք մաշկային, աճառային մակարդակում փոքր միջամտություններ են, հիվանդի հետ քննարկելուց հետո կատարվում է տեղային անզգայացում: Իսկ եթե, օրինակ, ոսկրային հյուսվածքի հետ կապված խնդիր է (քթի պլաստիկա), անզգայացումն ընդհանուր է:

    14.    Ե՞րբ է պլաստիկ վիրահատությունը համարվում արդյունավետ:

    Պլաստիկ վիրահատությունն արդյունավետ է համարվում, երբ արդյունքից գոհ են և՛ պացիենտը, և՛ բժիշկը: Չի բացառվում, որ հետագայում արդյունքի փոփոխություն լինի՝ որևէ հարվածի արդյունքում, կամ պարզապես աճառային հյուսվածքի «հիշողության» (փորձում է իր նախկին տեսքին վերադառնալ) արդյունքում ենթարկվի փոփոխության, ինչը քիչ է հանդիպում:

    15.    Ի՞նչ ռիսկեր և բարդություններ կարող են լինել պլաստիկ վիրահատությունից հետո:

    Դրանք կարող են լինել ընդհանուր վիրաբուժական և տեղային. վերքի թարախակալում, կոպիտ, կելոիդ սպիների առաջացում, աճառային հյուսվածքի փոփոխություն, հյուսվածքի մեռուկացում և այլն:


    Բարդություններից խուսափելու համար կարևոր է հետվիրահատական շրջանում վիրաբույժի ցուցումներին հետևելը, ճիշտ խնամքը: Օրինակ, ռինոպլաստիկայից հետո 6 ամիս պացիենտին արգելվում են ուղիղ արևային ճառագայթները, տաք ջրով գլուխը լվանալը, ակնոցներ կրելը, ֆիզիկական ծանր աշխատանքը և այլն: Ականջների պլաստիկայից հետո զգուշացվում է, որ 6 ամսից մինչև 1 տարի ականջները ձգել չի կարելի, արգելվում են նաև կոնտակտային սպորտաձևերը:

    16.    Հնարավո՞ր է միաժամանակ կատարել մեկից ավելի պլաստիկ վիրահատություն:

    Շատ դեպքերում հենց այդպես էլ կատարվում է՝ համատեղվում են երկու և ավելի պլաստիկ վիրահատություններ. Կրծքագեղձերի վիրահատությունը` որովայնի պլաստիկայի հետ, դեմքինը՝ կրծքգեղձերի հետ, և այլն: Դա կախված է նաև ծավալից, վիրահատության տևողությունից, հիվանդի վիճակից և հետվիրահատական շրջանում սպասվող խնդիրներից:

    17.    Որքանո՞վ է հետվիրահատական ստացիոնար բուժումն անհրաժեշտ և ինչքա՞ն ժամանակ:

    Դա կախված է վիրահատության ծավալից, արյան կորստից և այլ չափանիշներից: Քթի վիրահատության՝ ռինոպլաստիկայի ժամանակ, կլինիկայում մնում են 1 օր, սկզբնական ընդհանուր հսկողության և խնամքի գործընթացը 14 օր է, իսկ մեկ ամիս և մեկ տարի անց ստուգողական այց է կատարվում: Որովայնի ձգման ժամանակ խնամքն ու հսկողությունը 14-20 օր է, կլինիկայում անց են կացնում 2-3 օր:

    18.    Ռինոպլաստիկայի արդյունքները որքա՞ն ժամանակ հետո կարող են նկատելի լինել:

    Քթի վիրահատությունից հետո, նախ, մեկ շաբաթ գիպս է դրվում, իսկ դրանից հետո ևս մեկ շաբաթ գիպսը փոխարինվում է վիրակապով: 14 օր անց վիրակապը հանվում է և հիվանդը կարող է անցնել իր առօրյա կյանքին, աշխատանքին:
    14 օր անց` այտուցները, կապտուկներն անցնելուց հետո, արդեն արդյունքը երևում է, իսկ վերջնական արդյունքը պարզ է դառնում 3 ամիս անց: 

    19.    Ծխելու գործոնը ինչպե՞ս կարող է ազդել պլաստիկ վիրահատության արդյունքներին:

    Ծխելը ցանկացած վիրահատության դեպքում բացասական գործոն է: Յուրաքանչյուր գլանակից հետո կես ժամով օրգանիզմի բոլոր անոթները սեղմվում են և դա բերում է հյուսվածքների, օրգանների արյան շրջանառության և, ուրեմն, սնուցման խանգարման: Այն վիրահատությունները, որոնք առավել շատ են կապված հյուսվածքի վերականգնման հետ, ծխելու դեպքում կարող են խնդիրներով ընթանալ: Անզգայացումով ընթացող վիրահատությունների դեպքում պացիենտը վիրահատության օրը պետք է ծխախոտ չօգտագործի: Վիրահատությունից հետո կարող են ծխել, որովհետև հակառակ դեպքում երկարատև արգելքը կարող է բերել սթրեսի, հազի առաջացման, որոնք կբարդացնեն հետվիրահատական շրջանը:

    20.    Որքանո՞վ է պահպանվում գաղտնիությունը:

    Գաղտնիությունը պահպանվում է պացիենտի ցանկությամբ: Մեծավ մասամբ պացիենտները գաղտնիություն չեն պահանջում և հանմաձայն են լինում վիրահատության արդյունքների հրապարակման հետ:

     

    Հարցերին պատասխանեց «Իզմիրլյան» ԲԿ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Կարապետյանը



  • Նյարդաբանին հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը

    Ո՞վ է նյարդաբանը:


    Նյարդաբանը բժիշկ է, ով զբաղվում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ:

    Ի՞նչ հիվանդություններ է բուժում նյարդաբանը:


    Նյարդաբանը բուժում է նյարդաբանական՝ կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդություններ: Կենտրոնականի մեջ մտնում են գլխուղեղն ու ողնուղեղը, ծայրամասայինի մեջ՝ ծայրամասային նյարդերը և վեգետատիվ նյարդային համակարգը: Նյարդաբանական հիվանդությունների թվին են պատկանում՝ գլխուղեղի և ողնուղեղի անոթային, դեգեներատիվ, ինֆեկցիոն-բորբոքային, ուղեղ-ողնուղեղային հեղուկի շրջանառության խանգարման հիվանդությունները և այլն: 

    Նյարդաբանական ինչպիսի՞ նեղ մասնագիտական ուղղություններ կան:

     

    Ընդհանրապես զարգացած երկրներում ցանկացած մեծ մասնագիտություն բաժանվում է ճյուղերի, և կան բժիշկներ, ովքեր զբաղվում են միայն մեկ հիվանդությամբ: Մեր երկրում դրվածքը փոքր ինչ այլ է. նյարդաբանները հիմնականում զբաղվում են բոլոր նյարդաբանական հիվանդություններով, բայց կան նաև մասնագետներ, ովքեր զբաղվում են որևէ կոնկրետ հիվանդությամբ. օրինակ, կան առանձին էպիլեպտոլոգներ, ցրված սկլերոզով, սուր անոթային կամ նյարդամկանային հիվանդությամբ:

    Որո՞նք են նյարդաբանության ոլորտում ամենահաճախ հանդիպող հիվանդությունները:

     

    Նյարդաբանական հիվանդությունները կարելի է բաժանել երկու խմբի՝ առաջնային, այսինքն, մաքուր նյարդաբանական հիվանդություններ և երկրորդային, երբ այս կամ այն հիվանդության ժամանակ որպես բարդություն առաջանում է նաև նյարդային համակարգի ախտահարում: Այդ հիվանդություններից են՝ վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձի հիվանդությունները, շաքարային դիաբետը, լյարդային, երիկամային անբավարարությունը և այլն: Նյարդային համակարգի վրա ազդող արտաքին գործոններից են՝ ջերմայինը գործոնը, ալկոհոլը, թմրանյութերը, կենցաղային թույները, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները, նիկոտինը և այլն:


    Ամենահաճախ հանդիպող նյարդային հիվանդությունները գլխուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով զարգացած հիվանդություններն են՝ ինսուլտները, գլխացավերը (միգրեն, կլաստերային և այլ գլխացավեր), ողնաշարային հիվանդությունները (նյարդարմատների բորբոքումներ, կոմպրեսիաներ, իշալգիաներ, նեյրոպաթիաներ և այլն): Ինֆեկցիոն, գենետիկ և այլ ծագման մյուս հիվանդություններն ավելի քիչ են հանդիպում:

    Ե՞րբ այցելել նյարդաբանին:

     

    Նյարդաբանին պետք է այցելել գլխի, վերջույթների հետ կապված գանգատների դեպքում, այլ մասնագետների կողմից չհստակեցված ցավային համախտանիշի, դեմքի ցավերի ժամանակ, երբ չկան քիթ-կոկորդ-ականջի, դիմածնոտային և այլ պատճառներ, գլխապտույտի, սրտխառնոցի, փսխման դեպքում, եթե դրանք կապ չունեն մարսողության խանգարման հետ: Այլ մասնագետները պետք է ուղղորդեն նյարդաբանի մոտ, եթե իրենց պաթոլոգիաները ժխտվում են և կասկածվում է նյարդային համակարգի ախտահարում:


    Իսկ նևրոտիկ վիճակների, անքնության, վախերի հարցերով մի քանի մասնագետներ են զբաղվում՝ նյարդաբան, հոգեբան, հոգեթերապևտ, ծանր դեպքերում նաև հոգեբույժ:

    Նյարդաբանական հետազոտման ի՞նչ մեթոդներ կան:

     

    Նյարդաբանական հետազոտման մեթոդները շատ են՝ մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ), համակարգչային շերտագրություն(ՀՇ), ռենտգեն, նեյրոգրաֆիկ հետազոտություններ, գլխուղեղի էլեկտրոէնցեֆալոգրաֆիա, եթե ենթադրվում է գլխուղեղի կամ ողնուղեղի վարակային կամ ուռուցքային բնույթի հիվանդություն, կատարվում է նաև ողնուղեղային պունկցիա և ողնուղեղային հեղուկի, արյան և այլ  հետազոտություններ:

    Ինչպե՞ս է ընթանում խորհրդատվությունը:

     

    Խորհրդատվությունն ունի մի քանի փուլ. նախ հավաքվում է անամնեզ. պարզվում են հիվանդի գանգատները, հիվանդի կարծիքով դրանց առաջացման պատճառները (վնասվածք և այլն), կարևոր են նաև հիվանդի սովորությունները, կենցաղի, աշխատանքի բնույթը, վնասակար գործոնների առկայությունը: Խորհրդատվության երկրորդ մասում կատարվում է հիվանդի արտաքին զննում. ուշադրություն է դարձվում  հիվանդի արտաքին տեսքին, մաշկի վիճակին, գույնին, այտուցների, ցանի առկայությանը: Հաջորդ փուլն արդեն նյարդաբանական վիճակի ստուգումն է: Մյուս փուլն արդեն անհրաժեշտության դեպքում իրականացվող  գործիքային հետազոտությունները և անալիզներն են՝ ՄՌՇ, ՀՇ, ռենտգեն հետազոտություն,ԷԷԳ, ԿՆՀ-ի արյան շրջանառության ստուգում՝ դոպլեր, դուպլեքս և այլն:


    Որո՞նք են նյարդաբանական ամենահնարավոր ռիսկերը և բարդությունները:

     

    Կան նյարդաբանական որոշ հիվանդություններ, որոնց ժամանակ ախտահարվում են օրգանիզմի կենսական ֆունկցիաները՝ կլման ակտը, շնչառությունը, սիրտ-անոթային համակարգի ֆունկցիան, գիտակցությունը: Դա հիմնականում լինում է ուղեղաբնի ախտահարման դեպքում, քանի որ այդտեղ են գտնվում հիմնական կենսական կենտրոնները:


    Բարդությունները շատ են. օրինակ, ԿՆՀ-ի անոթային հիվանդությունների ժամանակ, գենետիկ, պրոգրեսիվող նյարդային պաթոլոգիաների դեպքում, որպես բարդություն և հետևանք կարող է առաջանալ հաշմանդամություն՝ վերջույթների պարալիչի պատճառով շարժունակության սահմանափակում: Լուրջ բարդություն է նաև նյարդաբանական պաթոլոգիայի արդյունքում հոգեկան  խանգարումը՝ դեպրեսիաները, միգրենի, կլաստերային գլխացավերի ժամանակ անգամ սուիցիդալ մտքերը:


    Դեպրեսիա, սթրես, նևրոզ. ի՞նչ դերակատարում ունի նյարդաբանը դարի այս խնդիրների լուծման հարցում:

     

    Դեպրեսիան, սթրեսը, նևրոզները ներկայումս՝ կախված կյանքի ժամանակակից որակներից և խնդիրներից բավականին շատ են: Այս պաթոլոգիաներով զբաղվում են նաև այլ մասնագետներ՝ հոգեբաններ, հոգեթերապևտներ, հոգեբույժներ, սակայն նյարդաբանի դերը ևս շատ մեծ է: Դեպրեսիայի դեպքում հակադեպրեսիվ պրեպարատներ են նշանակվում, սթրեսից առաջացած վիճակների ժամանակ՝ հակասթրեսային պրեպարատներ, նևրոզների դեպքում էլ կան հատուկ հականևրոզային պրեպարատներ:


    Եվ բոլոր դեպքերում էլ կարևոր է առողջ ապրելակերպը:

    Հարցերին պատասխանեց «Իզմիլյան» ԲԿ կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչյանը